Академия<br>телевидения и радио Академия
телевидения и радио
Русский Հայերեն
Об Академии Контакты Главная
МЫ ОБУЧАЕМ ПРОФЕССИИ,
А ТАЛАНТ... ЗА ВАМИ !
   
Вступительные экзамены
Факультеты
У нас преподают
Фотографии
Наши почетные академики
Сотрудничество
Нас поздравляют
Реклама АТР
Право на эфир
Наши дипломные работы

Право на эфир

 
ՀԱՄԼԵՏ  ԱՐԱՄԱՅԻՍԻ  ՂՈՒՇՉՅԱՆ

 


 
ԵԹԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ
 
 
 
 
 
 
 
 
ԵՐԵՎԱՆ 2010

  








                                                                 ՀԵՂԻՆԱԿԻ   ԿՈՂՄԻՑ

Գրելու աստվածատուր շնորհքից զուրկ մարդիկ, որպես կանոն, սկսում են գրել մեծ և երկար ճանապարհ անցնելուց հետո։ Այն էլ՝ քչերը, և այդ քչերից բացառիկներին է հաջողվում  օգտակար գործ ասպարեզ բերել։Մեծ  ճանապարhն,  իմ համոզմամբ, բնորոշում է հասարակության համար նշանակալի իրադարձություններին  որոշիչ մասնակցությունը։ Իսկ երկար ճանապարհն ակնհայտորեն նշանակում է իմաստալից ապրած տարիների առատությունը։
Նշածս երկու հանգամանքներն էլ ինձ համար կարող էին այս գիրքը գրելու խոչընդոտ լինել։ Բանն այն է, որ իմ ապրած ժամանակաշրջանն ու երկիրը (ավելի ճշգրիտ լինելու համար ասենք՝ երկրները) այնքան փոթորկոտ և անիմանալի էին (ու շարունակում են մնալ այդպիսին), իսկ իրադարձություններն ու ասպարեզում գործող, համընդհանուր պատմության առումով բախտորոշ որոշումներ ընդունող անհատականություններն այնքան վառ ու անկրկնելի, որ գլխավորապես Հայաստանում ստեղծագործած 57-ամյա հեռուստալրագրողի ու չկայացած մարզիկի հուշերը թերևս չկարողանան ընթերցող մեծ լսարան գրավել։ Այդուհանդերձ, սիրելի բարեկամ, իմ գիրքը քո ձեռքին է, և դու կարող ես ինձ հետ քայլել մեր ունայն գոյությունը տնօրինող ճակատագրի ուղիներով, ինձ հետ միասին խորհրդածել մեր բարդ ժամանակի, նրա գլխավոր և ոչ այնքան գլխավոր դերակատարների մասին։ Ինձ կանխավ սփոփում է քո ներողամտությունը գիրք գրելու իմ համարձակության համար, քանի որ առաջին իսկ էջերից կհամոզվես, որ ես անընդգրկելին ընդգրկելու և միայն ճշմարտություններ հրամցնելու մարմաջ չունեմ։ Սա մի պարզ զրույց է իմ սերնդակիցների հետ և նրանց մասին։ Եվ գուցե մեր այս զրույցը, սիրելի ընթերցող, հանգեցնի այն բանին, որ դու էլ կամենաս քո խոսքն ասել ինձ։ Չէ՞ որ մտքերի ու սրտերի անավարտ երկխոսության մեջ է մեր մարդկային էության գաղտնիքը, որի բացահայտմանը բոլորս ենք ձգտում։
                                                                                                  Համլետ Ղուշչյան

 
 ԵՍ  ԱՅՆ  ԵՄ  ԵՂԵԼ, ԻՆՉ  ՈՐ  ԵՂԵԼ  ԵՄ...
           Ծննդյանս  առեղծվածը
    Ծնվել եմ Կապանում, 1953 թվականին։ Ծննդյանս վայրը և ճշգրիտ օրը որոշ բացատրության կարիք ունեն։ Ծնողներս ընտանիք ստեղծելուց հետո մշտապես ապրել են Երևանում, սակայն Արարատյան դաշտի ամռան հեղձուցիչ շոգը մորս միշտ տարել է դեպի իր ծննդավայր Կապան, և այդ կարճատև արձակուրդներին իր հայրական տանը մայրս լույս աշխարհ է բերել ինձ ու քրոջս՝ Սիլվային։ Մայրս մինչ օրս վստահաբար պնդում է, որ ծնվել եմ հունիսի 11-ին, մինչդեռ անձնագրումս սևով սպիտակի վրա գրված է՝ մարտի 20։ Այս տարօրինակ վիճակն առաջացել էր իմ ծննդյան փաստը ուշացումով արձանագրելուց. անմեղ մի վրիպում, որի համար մայրս ամեն առիթով կշտամբում էր բոլորիս։ Սկզբում փաստական և փաստաթղթային տվյալների այս շփոթը չէր տեղավորվում իմ մանկական տրամաբանության մեջ, բայց արդեն դպրոցական հասակում շատ արագ հարմարվեցի այդ ալոգիզմին՝ առավելագույն հաճույք ստանալով ծննդյանս տարեդարձը տարին երկու անգամ նշելու բարեբախտությունից։
 
Անվանս  առեղծվածը
     Շատ ավելի խոր ու իմաստալից մտորումների տեղիք էր տալիս անունս. Համլետ, իսկ ինչո՞ւ։ Այդ հարցի պատասխանն ստանալու համար հասուն տարիքում կարդացածս առաջին գրքերից մեկը եղավ Վիլյամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը՝ Հովհաննես Մասեհյանի հայերեն թարգմանությամբ։ Ծանոթանալով դանիացի տարաբախտ իշխանի կյանքի ու վախճանի պատմությանը, խորամուխ լինելով նրա մշուշապատ ու բազմանշանակ խոսքի մեջ՝ հասկացա, որ վրեժն արդարացի սպանություն է։ Հասկացա նաև, որ մեծագույն մեղք է եղբայրասպանությունը։ Ու նաև առաջին անգամ հասկացա, թե որքան անցողիկ է կնոջ սերը։ Բայց չգտա ինձ հետաքրքրող միակ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ Համլետ, նրա ո՞ր հատկանիշն էր գրավել ծնողներիս։ Աշխարհընկալման այս խութն հաղթահարեցի ինքնուրույն՝ տեսնելով, թե շուրջս որքան շատ ոչ հայկական անունով հասակակիցներ կան. ժամանակի հովերն էին այդպիսին։ Անվանս պատճառով ինձ հեգնողներ չեղան, չգտնվեց սրամիտ ու հանդուգն մեկը, որ կարողանար ինձ նեղություն պատճառել օտարածին անվանս համար։ Ընդհակառակը, եղավ մի դեպք, երբ դրա շնորհիվ հայտնվեցի հաճելիորեն արտոնյալ վիճակում։ 1995 թվականին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգրի համար ընտրական մրցախաղ պետք է անցկացներ Դանեմարքայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Խաղի ռեպորտաժը վարելու համար Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեից ինձ գործուղեցին Դանիա։ Այդ օրերին աշխատում էի Մոսկվայում, ու չկարողանալով իմ ժամանակացույցը հարմարեցնել թիմի հետ` երկու օր շուտ ժամանեցի Կոպենհագեն և տեղավորվեցի այն հյուրանոցում, ուր պետք է հանգրվանեին նաև մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստները։ Գրանցման սեղանի մոտ կանգնած օրիորդը շուռումուռ տալով հայաստանյան նմուշի անձնագիրս` տարակուսած հարցրեց. «Ձեր անունը Համլե՞տ է»։ Ես հպարտ պատասխանեցի. «Այո՛, ես Համլետն եմ»։ Օրիորդն անհետացավ գրասենյակին կից միջանցքների ու սենյակների լաբիրինթոսում և որոշ ժամանակ անց ժպտացող աչքերով ինձ ներկայացրեց կոկիկ հագնված մի տղամարդու, ասելով՝ «ահա՛ Համլետըե։ Ակնթարթորեն գլխի ընկա, որ նոր ծանոթս հյուրանոցի տնօրինության պաշտոնյաներից է, և այս ամենից միայն լավ բան է սպասվում։ Այդպես էլ եղավ։ Ինձ ասացին, թե քանի որ կրում եմ իրենց լեգենդար արքայազնի հազվադեպ անունը, իմ նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կցուցաբերվի։ Խոսքից գործի անցան. ինձ տեղավորեցին նախապես պատվիրածից շատ ավելի բարձր կարգի համարներից մեկում՝ շնորհելով նաև ամենօրյա անվճար ճաշի իրավունք։ Եվ այդ ամենի «մեղավորըե, ինչպես կռահեցիք, իմ անունն էր։ Իմ նկատմամբ ցուցաբերած պատվից ու հատուկ վերաբերմունքից երևում էր, որ ես այդ հյուրանոց այցելած առաջին Համլետն էի։ Երկու օրից հյուրանոցի սպասասրահը գրավել էր ֆուտբոլի մեր ազգային հավաքականը՝ ուղեկցող ու սպասարկող մեծաքանակ բազմությամբ։ Սկսվել էր հյուրերի գրանցման` եվրոպական հյուրանոցներում չափազանց արագ կատարվող արարողությունը։ Գրանցողը նույն օրիորդն էր, որ այդ օրերին ինձ մշտապես դիմավորում ու ճանապարհում էր առանձնակի սիրալիրությամբ ու հարգանքով։ Սակայն նրա դեմքի պայծառ արտահայտությունը րոպե առ րոպե փոխվեց տրտմության, երբ միմյանց հերթափոխելով` գրանցման համար իրենց փաստաթղթերն էին ներկայացնում Հայաստանից եկած մեր Համլետները՝ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը, սպորտկոմիտեի ներկայացուցիչ Համլետ Հակոբյանը և ևս երկու երկրպագու` Համլետ անունով։ Դրանից հետո մեր հարաբերությունները վարչակազմի հետ սառեցին այն աստիճան, որ կարելի է խոստովանել՝ հարաբերությունները պարզապես չքացան։ Նրանք նախատինքով լի հայացքով էին նայում նվաստիս. կարծես ես էի մեղավոր, որ հայերիս մեջ այդքան տարածված է Համլետ անունը։ Իմ բացառիկության իրենց իսկ հորինած առասպելը փշրվել էր, և նրանք խորապես զղջում էին իրենց նեղմիտ հայրենասիրության հարուցած ֆինանսական կորստի համար։ Խաղի 3-1 հաշիվը՝ հօգուտ տանտերերի, մեծ ուրախություն պատճառեց դանիացի հազարավոր երկրպագուներին, բայց դժվար թե բավարարեր հյուրանոցային հաշվենկատ կլերկներին։    

Մարդն  առանց  հիշողությունների վերջացած  մարդ  է:
Սալակրու (ֆրանսիացի գրող )
 
Տոհմական արմատներ
       Հնի ու նորի, վաղուց կատարվածի ու ներկայի կապերը գտնվում են միտք կոչված աստվածային առանձնաշնորհման ձեռքում։ Միայն միտքն է, որ ի զորու իր տիրապետության տակ առնել ամենայն խառնակ թե դյուրին ժամանակները, կողք կողքի նստեցնել ողջերին ու մեռածներին, իրար կապել երեկն ու այսօրը, մերձեցնել հեռու ու մոտ անցյալն ու ներկան, հաշտեցնել իրականն ու առերևույթը։ Եվ ուր է տանում ինձ միտքս` դեպի հետ, դեպի արմատներս։
Գուրգեն պապիս հայրը՝ Պողոսը, 1877-78 թվականներին ռուս-թուրքական պատերազմից հետո իր եղբայրների հետ գաղթել է Ռուսաստանին անցած Կարս քաղաքից դեպի Ռուսահայաստանի հյուսիսային մասերը։ Վեց եղբայրների ելքի պատճառներն ինձ անհայտ են, միայն փաստված է, որ հայ գաղթականությանը պարտադրված (կամ ինքնապահպանման բնազդով թելադրված) հանգամանքներում Մամիկոնյան եղբայրները մի տեղ չեն կուտակվել, այլ սփռվել են։ Երկուսը բնավորվել են ներկայիս Նոյեմբերյանի, երկուսը՝ Աշտարակի շրջաններում, երկուսն էլ՝ Իջևանի Գանձաքար (նախկին Վերին Աղդան կամ Աղդան) գյուղում։ Ազգանվան փոփոխության հետ կապված որևէ իրական բացատրություն նույնպես ինձ հայտնի չէ։ Միայն գիտեմ, որ «kusե թուրքերենից թարգմանած նշանակում է թռչուն, հավք, իսկ «kusci» թռչնապահ։ Տարիներ առաջ բազմավաստակ հայագետ Հրաչյա Աճառյանի «Հայերեն անձնանունների բառարանում», ինչպես նաև Թաթիկ Հակոբյանի, Ստեփան Մելիք-Բախշյանի, Հովհաննես Բարսեղյանի հեղինակած «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանե կոթողային աշխատության 3-րդ հատորում գտել ու պարզել եմ, որ Ղուշչին տարածված տեղանուն է եղել Հայաստանում։ Այդ անունով մեկական հայաբնակ գյուղ է եղել Պարսկահայաստանում, Արեւմտյան Հայաստանի Էրզրումի, Խարբերդի, Վանի նահանգներում, երկուսը՝ Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառում (ներկայիս Ծալկայի եւ Մառնեուլի շրջաններում), հինգը՝ Ելիզավետպոլի նահանգում (Սյունիքում, Տավուշում, Քաշաթաղում, Ադրբեջանին անցած Դաշքեսանի և Թովուզի շրջաններում)։ Նախկինում Ղուշչի է կոչվել Վայքի Կեչուտ բնակավայրը, մի Ղուշչի էլ մնացել է Ապարանի ջրամբարի տակ։ Կա՞, արդյոք, որևէ աղերս Ղուշչյան ազգանվան և այս բոլորի միջև, չգիտեմ, բայց նկատի առնելով մեր կարսյան ծագումը՝ կարելի է ենթադրական կապ տեսնել Կարսի նահանգում գտնվող Ղուշչիգյոլ լեռնագագաթի, Ղուշքյոյ գետակի ու նույնանուն գյուղի անվանումների հետ։ Ստուգաբանություններ կատարելը, պատմական առնչակցություններ հայտնաբերելը հետաքրքիր, բայց խորապես մասնագիտական զբաղմունք է, ուստի վաղուց դադարեցրել եմ ազգանվանս արմատների պարապ փնտրտուքները։ Թող լինի մեր գերդաստանի մեծերից Երջանիկ պապի վարկածով՝ «ղուշի պես թռան, գնացինե. քոչող Մամիկոնյան եղբայրների հետևից նետել են կարսեցի բարեկամներն ու հարևանները։ Դրանք կշտամբանքի՞, թե՞ ափսոսանքի խոսքեր են եղել, չգիտեմ։ Թուրքին թողած Կարսի տուֆաքարերը կիմանան։ Բայց նրանց գլխով բազում ու ահավոր այնքան փորձանքներ են անցել ու դարձել, որ այս մի աննշան դիպվածը չհիշելը մեծ վնաս չի։ Խոսուն հիշատակներ չեն պահպանվել նաև Արաքսի ձախ ափին։ Թերևս մի քանի լուսանկար, մի քանի նամակ ու Աղստևի վտակ Աղդանի ափին Գուրգեն պապիս այժմ անգո ջրաղացի մեծ ու անտերունչ ջրաղացքարը։ Եվ գերեզմաններ։ Պողոսը և Գուրգենը հանգչում են մեր գյուղի գերեզմանատանը։ Նրանց հետ է նաև Մարիամ տատս, հայրս՝ Արամայիսը։ 18 տարին լրանալուն պես` 1942 թվականին նա մեկնել է ռազմաճակատ, մարտերով հասել Գերմանիա, որտեղ և վիրավորվել է ու տեղափոխվել Երևանի հոսպիտալ։ Թիկունքում դիրքավորված զինկոմիսարիատի առնետները վառոդի ու արյան հոտն արդեն լիուլի առած քսանամյա զինվորի դեմ պատերազմի ավարտից երկու ամիս անց մի աննշան պատրվակով գործ են սարքել ու հինգ տարի պատժաժամկետով բանտ նետել։ Լավ է, որ այն անհոգի ժամանակներում, երբ մարդու կյանքը գրոշի արժեք չուներ իշխողների համար, գտնվել է սրտացավ մեկը, որ կալանքը փոխարինել է հարկադիր աշխատանքով, ու հայրս իր դատավճռով հայտնվել է Քաջարանի պղնձահանքերում։ Այս կերպ էր մեծանուն Եղիշե Չարենցի բնորոշած «նեղճակատ թիֆլիսցի կինտոնե գնահատում հաղթանակած զինվորներին։ Հորս նման անմեղների ստրկական աշխատանքով էր աշխարհի ճակատագիրը տնօրինող պետությունը ապահովում իր ուժն ու տիրապետությունը երկրի թե՛ ներսում, թե՛ դրսում։ Անազատության վերջին օրերին հայրս ամուսնանում է մորս՝ կապանցի մի պարզ աղջկա հետ։ «Հարազատե կուսակցությունն ու կառավարությունը նախկին ճակատայինին ոչ միայն պատժել էին, այլև մասնագիտություն սովորեցրել։ Նա դարձել էր վարպետ որմնադիր ու քարտաշ։ Նման հունար ունեցող մարդու գյուղ վերադառնալն այլևս անիմաստ էր, և երիտասարդ ընտանիքը հաստատվում է Երևանում։ Մերոնք նախ բնակություն են հաստատում ներկայիս Շենգավիթի ոստիկանության հարևանությամբ (կապված տեղադրության հետ` թաղը կոչվում էր «միլիցեքի փողոցե), ապա պետությունը որոշում է բարելավել մեր բնակարանային պայմանները, և մեզ տեղափոխում են Վերին Շենգավիթ։  
 
                      ՄԵՐ  ԹԱՂԸ
      Ինչպես ասվում է հանրահայտ երգում` այստեղ եմ ծնվել, ես այստեղ մեծացել։ Այստեղ եմ անցել աշխարհընկալման-աշխարհաճանաչման իմ ճանապարհը։ Լավ հիշում եմ մեր բոլոր հարևաններին, ծնողներիս ու նրանց փոխհարաբերութ- յունները։ Մի ջերմ ու անուշ բան կար այդ տարիների մեջ, որ հետո հուշ դարձավ ու մնաց անմոռաց։ Էնքա~ն մտերմություն, էնքա~ն վստահություն կար իրար մեջ, էնպիսի սիրուն հարևանական ավանդույթներ կային մեր թաղում։ Ապրում էին կողք կողքի հայն ու ռուսը, բելառուսը, ուզբեկ ու վրացի էլ կար։ Կյանքը նրանց բերել-մեկտեղել էր մեր թաղում ու կապել իրար մարդկայինի ու սիրո զորությամբ։ Ինտերնացիոնալ մթնոլորտում ընդհանուր հետաքրքրություններ կային, ընդհանուր ուրախություն կար։ Հաճախ էին բոլորով հավաքվում, նարդի, լոտո խաղում։ Մի այլ հաճույք էր հարևաններով ֆիլմ նայելը։ Հեռուստացույց  քչերն ունեին, և այդ քչերից մեկը մեր ընտանիքն էր։ Ու մեր «Ռեկորդը» (փոքրիկ էկրանով սև-սպիտակ այդ հեռուստացույցը շատերը կհիշեն), երեկոյան ժամերին հարևանների բազմություն էր հավաքում մեր տանը։
Այս տարիների իմ հուշերում իրենց անջնջելի հետքն ունեն մանկությանս երկու ընկերները` Արարատ Գրիգորյանը և Վաչագան Պապիկյանը:
Հիշողությանս մեջ անմոռաց է մնացել այսօր էլ ինձ հոգեհարազատ մի զգացողություն։ Հարևանական ջերմ հարաբերությունները «հայացրել» էին մեր օտարազգի հարևաններին։ Ապրում էին նրանք հայավարի, մեր նիստուկացով, մեր սովորություններով։ Իսկ ամենատպավորիչը, որ դաջվել էր իմ ընկալում- ներում, նրանց հայասիրությունն էր։ Որքա՜ն հարգանքով, ինչպիսի գնահատան քով էին նրանք խոսում հայերիս մասին։ Ու դեռ այդ տարիքից ես հասկացա, թե ինչ մեծ հպարտություն է, երբ քո ազգը սիրում ու գնահատում են օտարները։ Եվ ամբողջ կյանքում այդ հպարտության զգացումն ունենալով` ջանացի ապրել ու գործել այնպես, որ օտարը  միշտ  մեծարի հայ ազգը։

Հայրս դառնությամբ ապրեց ու դառնությամբ էլ հեռացավ կյանքից
    Առաջին դասարան եմ մտել մայրաքաղաքի թիվ 46 դպրոցում (լավաշի փռի մոտ), հինգերորդ դասարանում տեղափոխվել եմ թիվ 110 դպրոց, իսկ ավարտել եմ թիվ 137 դպրոցը։ Շենգավիթի ներկայիս թաղապետ Սարգիս Հովհաննիսյանին պատմել եմ իր ղեկավարած համայնքում դեգերումներիս մասին, անկեղծորեն կիսվել նրա հետ ջերմ հիշողություններով տեղի պարզ ու աշխատասեր մարդկանց, իմ ուսուցիչների ու դասընկերների մասին` խոստովանելով, որ մեծ սիրով նորից բնակություն կհաստատեի այս համայնքում։ Ուշիմ թաղապետը մտապահել էր խոսքս ու ամեն անգամ հանդիպելիս լրջորեն հորդորում էր վերադառնալ Շենգավիթ բնակության` փոխարենը ոչինչ չխոստանալով։ Անշուշտ, սա կատակ է և ամենաքիչը կարող է առնչվել բնույթով առատաձեռն ու անշահախնդիր այդ մարդուն։ Տեսնենք, թե ինչպես կընթանան գործերը։ Գուցե իրավ ճիշտ է Երևանի փոշոտ ու աղմկոտ, ուռճացող ու դիմազրկվող կենտրոնից հեռանալը, մանավանդ որ տեսանելի ապագայում Շենգավիթին չեն սպառնում հզոր արտադրություններին անխուսափելիորեն ուղեկցող գործարանային ժխորն ու վտանգավոր արտանետումները։ Իսկ հորս կյանքի պատմությունն ինչպես սկսվել էր տխուր ու ձախորդ, այդպիսի էլ ընթացք ու վերջ ունեցավ։ Ողջ կյանքը մաշեց չարքաշ աշխատանքի մեջ, որմնադիրների իր ղեկավարած բրիգադով սրբատաշ տուֆից տասնյակ շենքեր բարձրացրեց Աջափնյակ ու Նոր Նորք թաղամասերում։ Հիշում եմ` հատուկ պարծանքով էր խոսում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենքի շինարարությանն իր մասնակցության մասին։ Ցավոք, կարճ ապրեց, 51-ը չբոլորած` մահացավ կերակրափողի քաղցկեղից։ Նույն տարիքում էր մինչ այդ մահացել ավագ հորեղբայրս՝ Հովսեփը, նույնպես պատերազմի մասնակից, և հաղթանակից հետո կապիտանի կոչումով ծառայության էր անցել ոստիկանության համակարգում, հասել գնդապետի աստիճանի։ Չնայած համեմատաբար երիտասարդ տարիքին՝ Հովսեփ հորեղբայրս համարվում էր մեր գերդաստանի աքսակալը։ Նա ամենայն լրջությամբ ու հետևողականությամբ էր կատարում տոհմի ավագի իր պարտականությունները՝ բոլորին օգնում թե՛ խորհուրդներով, թե՛ գործով։ Փոքր հորեղբայրս՝ Համայակը, օրինապաշտ մեծի ու աշխատասեր միջնեկի հակապատկերն էր։ Կռվարար ու աչքաբաց տղամարդ էր։ Ինչ-որ մութ մի պատմության պատճառով անցել էր Թիֆլիս ու լոթի թիֆլիսցիների շրջապատում, ինչպես ասում են, «մոր փորն էր ընկելե։ Բայց շվայտ կյանքը Ղուշչյան եղբայրների գլխին կախված պատուհասից խուսափելու երաշխիք չեղավ. Համայակը նույնպես մահացավ 50-ը նոր բոլորած։ Երբ 50-ս լրացավ, մայրս տագնապում էր` կարծելով, թե գուցե ինձ էլ է հետապնդում տոհմի չար ճակատագիրը։ Ինչպես տեսնում եք, նրա անհանգստությունը զուր էր. 50-ի սահմանը վաղուց հատել եմ։
Գանք մայրական կողմի արմատներիս։ Դժվար թե գտնվի մի քաղաքաբնակ, որ մանկության տարիներին գեթ մեկ ամառ անցկացրած չլինի գյուղում՝ տատիկ-պապիկի կամ մոտ ազգականի տանը։ Երևանցիները, ես էլ նրանց թվում, այս անբեկանելի օրինաչափությունից բացառություն չենք։ Այն տարիներին առատացած պիոներական ճամբարներ գնացել եմ բարձր դասարաններում, իբրև փողային նվագախմբի շեփորահար։ Ինձ ժամանակի հայտնի կաղապարի մեջ ձևելու` ջահել պիոներ-ջոկատավարների ու ոչ այնքան ջահել մանկավարժների ամառային կարճատև ջանքերն իզուր անցան։ Խորհրդային մարդու փոխարեն ես դարձա պարզապես մարդ, անհատականություն, և դրա համար, ծնողներիցս զատ, պարտական եմ բոլորովին մի այլ աշխարհի՝ Վարսենիկ տատիս։ Մորս պես նա ինձ գուրգուրել է ջերմ հոգատարությամբ ու անսահման սիրով։ Բայց հոր ու մոր, դպրոցի պարտադրած խստակյաց կյանքից Զանգեզուր հասած իմ միտքն ու հոգին ամեն ինչից առավել պահանջ ունեին ազատության։ Տատիս հովանու ներքո ես ունեցա իմ տենչած ազատությունը, որն արտահայտվում էր «չի կարելի»-ների լիակատար բացակայությամբ։ Ես իրավունք ունեի անարգել վերուվար անել ձորերի մեջ հազիվ տեղավորված Կապանի փողոցներով, ամեն օր նոր ընկերներ գտնել, ուզած ժամին ուտել, քնել, վեր կենալ, կինո ու թատրոն գնալ, աչքով չանցկացնել արձակուրդներին հանձնարարված գրքերի ցանկն անգամ։ Մի խոսքով` գոնե ինձ համար դեռևս ամբողջապես չսահմանված ազատություն կոչված երջանկությունը վայելել։ Ես էլ իմ պարզ գոյությամբ տատիս պարգևել էի իր չապրած կյանքը հետ բերելու խաբկանքը։ Սարգիս պապս մահացել էր երիտասարդ տարիքում՝ երեսուն տարին դեռ չբոլորած։ Հազարավոր զանգեզուրցիների պես նա էլ ոչ թե Երևան, այլ Բաքու էր մեկնել` մասնագիտություն ու աշխատանք որոնելու։ Դարձել էր նավթագործարանի վարպետ։ Սակայն, երբ Ռուսական կայսրության փլուզման, հաճախակի իշխանափոխությունների ու անիշխանության բերած ավերածություններին գումարվեցին հայերի ջարդերն ու հալածանքները, Բաքվում մնալն այլևս անհնար դարձավ, և նա շատերի հետ վերադարձավ հայրենիք, աշխատանքի անցավ Զանգեզուրի հանքերում, ամուսնացավ և շատ կարճ ժամանակ անց ջահել կնոջ ու Աստծու հույսին թողնելով երեք երեխաներին՝ Վլադիմիրին, Սիրանուշին ու Սերգեյին` հավերժ հեռացավ այս աշխարհից։ Կապանի և տատիս մասին առաջին հիշողություններս սկսվում են 1950-ական թվականների վերջից։ Մոտ 15 տարի առաջ ավարտվել էր երկրորդ համաշխարհային պատերազմը, մայրս ու Սերգեյ քեռիս տնավորվել էին, ոտքի կանգնել, սակայն տատս, նրանց գոյությունից շատ ու շատ ավելի իրական, ապրում էր պատերազմում անհայտ կորած իր առաջնեկի՝ Վլադիմիրի հետ։ Մեծ քեռիս ավարտել էր Իրկուտսկի ռազմական ուսումնարանը, մեկնել ճակատ, երրորդ անգամ վիրավորվելուց և հոսպիտալում բուժվելուց հետո նորից վերադարձել կռվի դաշտ։ Որոշ ժամանակ անց Կապան էր հասել «սև թուղթըե՝ անհայտ կորել է։ Միայն տարիներ անց ես հասկացա, որ վերջին մեծ պատերազմում միլիոնավոր անհայտ կորածները անգերեզման մարդիկ են, որ մինչև օրս ճահճուտներում, անտառներում, մեծ ճանապարհներից հեռու անթաղ ընկած են մեր տատիկների ու պապիկների` անհայտ կորած հայտարարված սիրելիները։ Ու մխիթարվում եմ, որ 60 տարի անց էլ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի հազարավոր դպրոցականներ, երիտասարդներ, սովորական մարդիկ գտնում ու մարդավայել հողին են հանձնում զոհված զինվորների աճյունները։ Չգիտեմ` Հայաստանում կա՞ մի կազմակերպություն, որը գոնե տեղեկություններ հավաքի հայտնաբերված հայազգի կորուսյալների մասին։
 
       Ճանաչման առաջին փորձը
    Իսկ այն ժամանակ այլ էր։ Քեռուս գոյությունը վաղուց դադարել էր անհոգի վիճակագրության համար, բայց ոչ տատիս հոգում։ Նա սպասում էր իր որդուն։ Դա շոշափելի, լեցուն սպասում էր, այդ զգացումով էր նա համակել շուրջը եղող բոլորին։ Ես նույնպես սպասում էի քեռուս, մանավանդ որ ինձ ներշնչել էին, թե խիստ նման եմ նրան՝ աշխույժ ու կենսուրախ խառնվածքով, նաև տեսքով։ Տատիս լավատեսության առհավատչյան որդու նամակներն էին, որ խնամքով պահում էր գզրոցում ու ժամանակ առ ժամանակ արցունքն աչքերին վերընթերցում։ Դրանցից մեկում քեռիս երդվել էր անպայման վերադառնալ հայրենիք, գրում էր, որ պատերազմի ճամփաներով շատ վայրերում էր եղել, բայց ոչ մի տեղ Հայաստանի ու Կապանի պես գեղեցիկ անկյուն չէր տեսել։ Որդու նկատմամբ մոր անդավաճան սերը բորբոքել էր պատանեկան երևակայությունս, արմատակալել իմ հոգում։ Ու մի օր դուրս հորդեց։ 1969 թվականն էր, սովորում էի 9-րդ դասարանում։ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի մոտալուտ 25-ամյակի կապակցությամբ անցկացվում էր սիրողական ֆիլմերի հանրապետական մրցույթ։ Եվ ես հանդգնեցի մասնակցել հայտարարված մրցույթին։ Նման քայլի դիմելու ինչ-որ հիմք ունեի, արդեն 2-3 տարի հրապուրված էի կինոյով։ Հաճախում էի դպրոցական կինո-ֆոտո խմբակ, Հայաստանի կինոսիրողների միության անդամ էի, որտեղ ինձ համար հոգ էր տանում երկար տարիների փորձառու կինոսիրող Տիգրան Դավթյանը։ Տեղեկանալով հրապուրանքիս մասին՝ կինոսիրողների միության Կապանի բաժանմունքի ղեկավար Շմավոն Մովսիսյանն էլ իր հերթին էր զբաղվում ինձնով՝ ամառները ներգրավելով իր խմբակի պարապմունքներին։ Ֆիլմ նկարահանելու որոշմանս վրա վճռական եղավ ավագ ընկերոջս՝ Տիգրանի գոտեպնդիչ խոսքը, և նրա աջակցությունն այնքան նշանակալի էր, որ իրավամբ ինքն էլ կարող էր համարվել ֆիլմի համահեղինակ։ Մի անգամ ես նրան ներկայացրել էի ֆիլմի սցենար, որտեղ առանց ստեղծագործական հավելումների պատկերել էի, թե ինչպես որդեկորույս տատս, կանխազգալով իր մոտալուտ վախճանը, անհայտ զինվորի հուշարձանին է հանձնում ռազմաճակատից ստացված նամակները՝ հույսով, որ մի օր որդին կգա ու հուշարձանի մոտից կվերցնի դրանք։ Որոշվեց հենց այդ սցենարով մրցութային ֆիլմ նկարահանել։ Իրականությունից ընդամենը երկու շեղում թույլ տվեցի ֆիլմում։ Տատս խիստ տկարացել էր, դժվարությամբ էր տեղաշարժվում, ուստի նրա դերի համար Երևանում գտանք գրեթե նույն ճակատագրի մի կին, և գործողությունները Կապանից տեղափոխեցինք Երևան, Հաղթանակի զբոսայգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանի մոտ։ Բոլոր սկսնակ ստեղծագործողների պես, նախ որոշեցի վերնագիրը՝ «Նամակներե։ Սցենարն, ասացի, արդեն ունեի, միայն որոշ խմբագրական լրացումներ կատարեցի։ Այդ տարի, չեմ հիշում` 300 թե 350 ռուբլով, ձեռք էի բերել օգտագործված «Կրասնոգորսկե կինոխցիկ, որը նկարում էր 16 մմ ժապավենի վրա։ Հաղորդավարական տեքստը կարդաց Տիգրանի ծանոթներից մեկը։ Ընդամենը 2 դուբլ նկարահանեցի, մոնտաժից հետո մնաց 12 րոպեանոց արտադրանք։ Որպես երաժշտություն օգտագործեցի Ռասուլ Համզատովի խոսքերով Օսկար Ֆելցմանի գրած «Կռունկներե հուզիչ երգը։ Մի խոսքով, իմ առաջին սիրողական ֆիլմը ճանապարհ ընկավ դեպի մրցութային հանձնաժողով: 70 թվականի մայիսի 9-ին` Հաղթանակի օրը հայտարարվեց, որ Երևանի թիվ 137 դպրոցի աշակերտ, փառատոնի ամենակրտսեր մասնակից Համլետ Ղուշչյանի «Նամակներե ֆիլմը հանրապետական մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի, իսկ երաժշտական ձևավորման համար ստացել հատուկ մրցանակ։ Մրցանակն ստանալուց հետո առանց հապաղելու մեկնեցի Կապան` տատիս տեսնելու ու աչքալուսանք տալու։ Ֆիլմի ցուցադրումը տեղի կինոսիրողները կազմակերպեցին մեծ շուքով, և տատս էլ բազմած էր կողքիս, որպես օրվա գլխավոր հերոս։ Կարողացա՞ հասկանալ, թե ինչ էր մտածում նա ֆիլմը դիտելիս, հավանե՞ց, թե՞ կեղծ նոտա զգաց։ Չգիտեմ։ Բայց դա այն փոքրիկ գործն էր, որով անբեղ-անմորուս պատանիս փորձել էր նկարագրել մեծ մոր մեծ վիշտը։
Ֆիլմն ուղարկեցին նույն թեմայով անցկացվող միութենական փառատոն։Այստեղ հաջողություն չունեցա, և դրանով իմ արտահայաստանյան ճանաչման առաջին փորձը ձախողվեց։
Հաղթանակս հավաստող վկայագիրն ինձ հանձնեց անձամբ Հայաստանի կինոսիրողների միության նախագահ Միքայել Չամանյանը։ Այդ երեկո անունս առաջին անգամ հնչեց հայկական հեռուստատեսության ու ռադիոյի եթերով։ Մեկ ակնթարթում ես հայտնի մարդ դարձա։ Վստահ եմ՝ ոչ ոք երբեք չի մոռանում իր կյանքի առաջին և իրապես մեծ հաջողությունն ու տասնամյակներ անց էլ այն հիշելիս վերստին նույն բերկրանքն է ապրում։ Սակայն հաջողությունների մեջ գերադրականն այն մեկն է, որ բերում է ճանաչում ու փառք։ Այդ օրվանից ես դարձա հանրային մարդ։ Հետո իմ լավագույն ընկեր, հայտնի հեռուստալրագրող, հանգուցյալ Ռոբերտ Մավիսակալյանի հետ գտանք «հանրային մարդե հասկացության պարզագույն սահմանումը. հանրային է նա, ում ավելի շատ մարդ է ճանաչում, քան ինքը։ Մինչ օրս ես մտնում եմ այս սահմանման մեջ, իսկ դա մշտական վիճակ է, որը պարտադրում է վարքի որոշակի կանոններ։ Ընդ որում, դրանք սահմանափակող կանոններ են, որոնք հակադրվում են ազատության ըմբռնմանը, ըստ որի, թույլատրվում է անել այն, ինչն օրենքով արգելված չէ։ Իր բարի համբավի մասին հոգ տանող դերասանը, երգիչը, լրագրողը, պատգամավորը կամ նախարարը չի կարող անել այն ամենը, ինչն արգելված չէ, թող ներվի ասել, սովորական մահկանացուին, քանի որ, ի տարբերություն բոլորի, հանրային մարդու ոչ մի քայլ աննկատ չի մնում հանրության ուշադրությունից։ Նրա անձնական կյանքը նույնպես պաշտպանված չէ այն չափով, որքան մյուսներինը։ Այստեղ երկակի կյանքով ապրել անհնար է, վաղ թե ուշ անհայտը դառնում է հայտնի։ Ճիշտ է, թե սխալ՝ սա է իրողությունը, և դու պետք է ապրես այն գիտակցումով, որ մարդկանց հետաքրքրում ես ու նրանք քեզ ընդունում,ճանաչում են ոչ միայն մասնագիտական ունակություններով, այլև բարոյական կերպարիդ ամբողջության մեջ։

Կյանքը  քիչ բան  կարող  է սովորեցնել նրան,
ով չի սովորել  տառապանքներ  տանելը:
 Գրաֆ
      Որոնումների ճանապարհին
     Մեծ հորեղբայրս մեր ազգական Երվանդ Ղուշչյանի հետ (նրա վաղամեռիկ որդին՝ Ֆելիքսը,երկար տարիներ Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցիչն էր ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարությունում) հորս համոզել էին, թե ինձնից լավ իրավաբան դուրս կգա, և հայրս պնդում էր, որ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեմ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Իսկ ես քնում ու արթնանում էի ռեժիսոր դառնալու երազանքով, և ո՛չ հորս նկատմամբ ակնածանքը, ո՛չ մորս աղաչանքները ինձ չկարողացան հետ պահել մեր առաջիկա ծրագրերից ու անելիքներից։ Այն ժամանակ մենք իսկապես շատ ռոմանտիկ պատանիներ էինք անչափ մեծ հավատով լցված դեպի մեր ու մեր երկրի պայծառ ապագան։ Ընկերս` Արարատը, միշտ ասում էր, որ ես կարող եմ ու պարտավոր եմ մեծ ռեժիսոր դառնալ, նա նույնիսկ համոզված էր, որ իմ նկարահանած ֆիլմերը մեծ ճանաչում կբերեն Հայաստանին և առիթը բաց չէր թողնում` ինձ ոգևորելու այդ հեռանկարով։ Սակայն հանգամանքներն, անկախ մեր կամքից, այլ կերպ դասավորվեցին։ Համամիութենական կինոինստիտուտ ընդունվելու համար սահմանված էր նախնական մրցույթ, որ մաղով անցկացնելու նման մի բան էր։ Ըստ սահմանված կարգի, Մոսկվա ուղարկեցի գրավոր մի աշխատանք, որտեղ շարադրել էի կինոյի մասին իմ մտորումները, ինչ-որ մտքեր խորհրդային կինոյի մասին։ Մերժում ստացա. ինձ պատասխանել էին, որ ես ռուսերենից կաղում եմ։ Հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Գերասիմովի արվեստանոց ընկնելու իմ հույսերը փշրվեցին։ Հաջորդ քայլը Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժին դիմելն էր։ Բուն քննություններից առաջ կանչեցին մասնագիտության թեմայով հարցազրույցի, որտեղ տոն տվողը արվեստաբան Լուիզա Սամվելյանն էր։ «Ի՞նչն է բերել քեզ այս բաժին»,- ծանրումեծ հարցրեց նա։ Ես շատ սովորական ու պարզ պատասխան տվեցի. «Ուզում եմ ռեժիսոր դառնալե։ Տիկինն ընդգծված տոնայնությամբ  հակադարձեց. «Իսկ ես չեմ ուզում, որ դու ռեժիսոր դառնասե։ Եվ մինչ ուշքի կգայի այդ հարվածից, հանգիստ հավելեց. «Որովհետև ներքուստ զգում եմ, որ ռեժիսորը քո կոչումը չէ»։ Սրտնեղած ու շփոթված դուրս պրծա այդ ճնշող միջավայրից` չսպասելով հանձնաժողովի որոշմանը։ Ահա այսպես, մի հմայիչ ու տիրական կնոջ ներզգացողության պատճառով մանկավարժականի դռները ևս փակվեցին իմ առջև։ Տանը պատմեցի գլխովս անցածը և մի հարված էլ այստեղ ստացա՝ հայրական ապտակի ձևով։ Միայն չամրապնդված, դեռևս չկայունացած հոգեկան աշխարհ ունեցող պատանին կարող էր անել այն, ինչ արեցի ես։ Տնեցիներից գաղտնի հավաքեցի իրերս և ոչ ոքի չզգուշացնելով՝ ուղիղ դեպի օդանավակայան։ Մի քանի ժամից արդեն Մինսկում էի։ Ապտակի այրոցը դեռ չէր անցել, երբ տեղից շարժվեց Մինսկ-Բարանովիչի գնացքը։ «Ի՞նչ եմ անում, այս օտար վայրերում ո՞վ ինձ կընդունիե,- մտմտում էի ինքս ինձ, և մտմտուքիս մեջ վախ կար, անհանգստություն, կատարյալ անորոշության մեջ էի։ Սակայն... ժողովրդական իմաստությունն այստեղ է ասում. «Էշին նստելը մի այիբ է, իջնելը` երկու»։ Եվ ուրեմն, վիճակը նետված էր ու, չկամենալով էշից իջնողի խարան ստանալ ճակատիս` սլացա ճակատագրին ընդառաջ։ Կա՞ մի պատանի, որ գեթ մեկ անգամ տնից փախած չլինի։ Կա՞ մեկը, որ ձախողումներից թեկուզ ժամանակավորապես ճողոպրած չլինի մի նոր վայր, մի նոր քաղաք կամ երկիր։ Երևի թե չկա։ Հաճախ ընկնում ես պարզ ինքնախաբկանք-ծուղակի մեջ, քեզ թվում է, թե շրջապատը, որին ընտելացել ես, քեզ չի հասկանում, ուրեմն պետք է փոխել այն։ Այնինչ, մեզ հատկացված կենսական ժամանակի ու ռիթմի կորուստները նվազ կլինեին, եթե հատկապես երիտասարդ տարիքում փորձեինք լրացուցիչ ճիգեր գործադրել առաջին դժվարությունները հաղթահարելու համար, պարզապես ձախողումների պատճառը մեր մեջ որոնել։ Բայց 17 տարեկան իմաստուններ չեն լինում, 17 տարեկանում բոլորս խենթ ենք եղել, անզգույշ ու անհոգ։ Ու կորցրել ենք, կորցրել։ Այդ տարիքում, ինչպես նկատել է հին աշխարհի փիլիսոփաներից մեկը, մարդու վրա իշխում է ցանկությունը։ Իսկ բանականությունն ու դատողությունը գալիս են 30-ին և 40-ին մոտ տարիքում։ Որքա՜ն հույզ կա ռուսական մի պարզ ասացվածքում՝ «Երանի երիտասարդությունն իմանա՜ր, երանի ծերությունը կարենա՜ր»։
 
Եվ կրկին «դարձ ի շրջանս յուր» կամ ֆուտբոլային  զեղումներ
        Բարանովիչի քաղաքում անցկացվում էր 1953-54 թթվականներին ծնված պատանի ֆուտբոլիստների «Պատանեկություն» գավաթի համամիութենական խաղարկությունը։ Մեր հավաքականն իր ենթախմբում գրավելով 2-րդ տեղը` դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ մեր ախոյանը մյուս խմբում 1-ինը ճանաչված Վրաստանի հավաքականն էր. ուժեղ մի թիմ, որն իր ենթախմբում հաղթել էր մոսկվացիներին։ Չկաշկանդվելով մեզ համար աննպաստ այս վիճակահանությամբ, կիսաեզրափակիչում ցուցադրելով գեղեցիկ ֆուտբոլ` անզիջում, դրամատիկ, հետաքրքիր ու համառ պայքարում կարողացանք 2։1 հաշվով հաղթել մեր հարևաններին։ Բայց ինչպես պարզվեց, խաղից հետո այնքան ուժասպառ էինք ու թուլացած, որ եզրափակիչում այլևս չկարողացանք դիմակայել Մոսկվայի հավաքականին և, չնայած մեր գործադրած բոլոր ջանքերին` պարտություն կրեցինք նվազագույն 1։0 հաշվով։ Հաղթական գոլի հեղինակը մրցաշարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Վլադիմիր Կոժեմյակինն էր։ Խաղասկզբում երկու խաղացողներով հազիվ կարողանում էինք մի կերպ վնասազերծել նրան։ Բայց այդ բարձրահասակ, ամրակազմ ու տեխնիկապես անթերի հարձակվողը մեկ անգամ, այնուամենայնիվ, կարողացավ ազատվել իր «խնամակալներիցե և հրաշալի խաղ ցույց տալ` մոտ 25 մետր հեռավորությունից հուժկու հարվածով հաղթանակ բերելով իր թիմին։ Կոժեմյակինին փայլուն մարզական ապագա էր սպասվում. շատ չանցած նա հրավիրվեց Մոսկվայի «Դինամո», ապա ԽՍՀՄ հավաքական։ Ցավոք, խորհրդային ֆուտբոլի այդ բարձրացող աստղը, որ դեռ շատ բան կարող էր տալ այս մարզաձևին, 19 տարեկանում վախճանվեց ողբերգական մահով։
Այդ տարիներին հայկական ֆուտբոլը միութենական ասպարեզում սկսել էր հիշեցնել իր մասին։ 1960-63 թվականներին հայկական գլխավոր թիմը՝ «Արարատը»,  խաղացել էր բարձրագույն խմբում, հետո կրկին ընկրկել ստորին խումբ։ 1965 թվականի հոկտեմբերի 8-ին Գրոզնիում կայացած պատմական հանդիպման ժամանակ 2։1 հաշվով հաղթելով Ալմա-Աթայի «Կայրաթին» ` «Արարատը», ավագ մարզիչ Արտյոմ Ֆալյանի գլխավորությամբ, նվաճել էր բարձրագույն խմբի ուղեգիր։ Ընդ որում, հայկական թիվ 1 ակումբն ավելի քան քառորդ դար՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը, մնաց երկրի լավագույնների կոհորտայում և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ունեցավ իր անկրկնելի և մնայուն տեղն ու դերը։ Ինձ համար, ի դեպ, ֆուտբոլում չորս անփոփոխ մեծություններ կան՝ Արկադի Անդրեասյան, Հովհաննես Զանազանյան, Էդուարդ Մարկարով և, իհարկե, Պելե։
 Առաջին տարիներին բարձրագույն խմբի առաջնությունում «Արարատըե կայացման դժվարին շրջան էր ապրում, արդյունքներն էլ ըստ այդմ համեստ էին՝ թիմը հիմնականում տեղ էր զբաղեցնում մրցաշարային աղյուսակի միջին և ստորին հորիզոնականներում։ 1969 թվականին «Արարատը» զբաղեցրեց 8-րդ պատվավոր տեղը, և բոլոր ֆուտբոլիստներն ստացան ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում։ Արտյոմ Ֆալյանի, ապա նրան հաջորդաբար փոխարինած ավագ մարզիչներ Էդուարդ Գրիգորյանի, Ալեքսանդր Պոնոմարյովի, Նիկոլայ Գլեբովի մարզչական հմտության շնորհիվ «Արարատը»  հզորացավ, դարձավ խորհրդային ֆուտբոլի «օրենսդիրներ»  մոսկովյան և ուկրաինական թիմերի սարսափը։ Եթե «Արարատը» ութ տարիների ընթացքում կռեցին ու կոփեցին վերը նշված վաստակաշատ մարզիչները, ապա բոլոր ժամանակների մեր լավագույն ֆուտբոլային մարզիչը՝ Նիկիտա Սիմոնյանը, այն հղկեց, կատարելության հասցրեց և հայ ժողովրդին պարգևեց նրա մարզական պատմության անմոռաց լեգենդներից մեկը՝ «Արարատ-73»-ը։ Այսպիսով, իմ մարզական կարիերայի արշալույսին արդեն առատորեն ցանվում էին ապագա նվաճումների հունձքի սերմերը։ Առաջընթացը նկատելի էր ֆուտբոլի մասսայականացման, խաղադաշտերի կառուցման, մարզչական կադրերի պատրաստման, խաղային որակների կատարելագործման առումով։ Դրական նոր լիցքեր հաղորդեցին «ազգային տրանսֆերտները»։ Երևան էին տեղափոխվում արդեն հանրաճանաչ դարձած բազմաթիվ հայազգի ֆուտբոլիստներ Միության տարբեր քաղաքներից, հատկապես Բաքվից։ Իսկ մեր պատանեկան հավաքականի հաջողությունը գնահատվեց հավուր պատշաճի։ Թեև ԽՍՀՄ փոխչեմպիոնի տիտղոսը հայ պատանեկան ֆուտբոլի այդ կարգի առաջին նվաճումը չէր, սակայն քչերն էին հիշում հեռավոր 1951-ի նույնական հաղթանակը։ Պատանեկան հավաքականից վեց հոգու, որոնց թվում և ինձ, հրավիրեցին ուժերը փորձելու «Արարատի» փոխարինողների կազմում։ 1970 թվականին մեր գլխավոր թիմի փոխարինողների կազմում անցկացրի իմ առաջին միջազգային հանդիպումը։ Դա Երևանում Բեյրութի «Հոմենմենի» հետ խաղն էր, որը շահեցինք 3։1 հաշվով։ Աննկարագրելի են հուզմունքի ու հպարտության միախառնումից առաջացած զգացումները, որ ապրեցի այդ օրը։ Հետո ըմբռնեցի խաղի բուն իմաստը. դա իսկական ընկերական, ավելի ճիշտ՝ եղբայրական հանդիպում էր, քանի որ մրցակիցների խաղային մակարդակները խիստ տարբեր էին, անշուշտ, հօգուտ պրոֆեսիոնալ «Արարատի»։ Առհասարակ, Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Իրաքի, Ֆրանսիայի հայկական ակումբների հետ պարբերաբար անցկացվող նման հանդիպումները մեծապես պետք է դիտարկել Հայրենիք-Սփյուռք կապերը կենդանի պահելու և օտար ափերում հայապահպանության գործին մարզական ոլորտում աջակից լինելու համատեքստում։
 
Սպորտը պետական քաղաքականության  միմասնէր
    Վերադառնալով Բարանովիչիի մրցաշարի թեմային` ասեմ, որ Միության տարբեր ակումբներից ժամանած մարզիչներն ու թիմերի պետերը ձեռքները ծալած-նստած չէին։ Նրանք ուշադիր տնտղում էին հեռանկարային մարզիկներին և իրենց թիմերում խաղալու առաջարկներ անում։ Ինձ նույնպես նկատեցին, և տեղի «Տեքստիլշչիկի» ավագ մարզիչ Վյաչեսլավ Նիկոլայենկոն հրավիրեց խաղալու ԽՍՀՄ Բ խմբում հանդես եկող իր թիմում։ Անշուշտ, շոյվեցի առաջարկից, սակայն խուսափողական պատասխան տվեցի և արագ մոռացա այդ մասին։ Ապա ռեժիսոր դառնալու երկու անհաջող փորձի ու հայրական ապտակի ներգործությամբ հիշողությանս մութ ծալքերից կենդանացավ երկու տարի առաջվա խոսակցության գլխավոր իմաստը՝ աշխարհում կա մի տեղ, որտեղ ինձ սպասում են։ Հեշտությամբ գտա Նիկոլայենկոյին և հիշեցնելով իր առաջարկը` ասացի. «-Եկել եմ խաղալու Ձեր թիմում»։ Նա չթաքցրեց զարմանքը և մինչև իսկ սրամտեց, թե իրենց քաղաքում հայկական դեսանտ է իջել։ Պարզվեց, որ որոշ ժամանակ առաջ «Տեքստիլշչիկե էին տեղափոխվել կիսապաշտպան Սերգեյ Մարտիրոսովը և ձախ պաշտպան Վիտալի Պողոսյանը։ Նրանք երկուսն էլ ծնունդով Բաքվից էին։ Սերգեյը, որ ինձնից երեք տարով մեծ էր, ակնհայտորեն չէր հաշտվել «Արարատի» փոխարինողների կազմում խաղալու հետ։ Իսկ Վիտալին մինչ այդ իր օրերն էր մաշում Բաքվի «Նեֆթչիի»  պահեստայինների նստարանին։ Ինձ տեղավորեցին հայրենակիցներիս հետ նույն ծառայողական բնակարանում։ Հաջորդ օրը մասնակցեցի մարզումներին, առաջիկա իսկ խաղին մտա խաղադաշտ, և երեք հայ ֆուտբոլիստներով զգալիորեն ուժեղացրինք թիմի խաղը։ Մրցաշրջանը «Տեքստիլշչիկն» ավարտեց 6-րդ տեղում, ինչն այս թիմի համար մեծ առաջընթաց էր, և այդ գործում իր համեստ լուման ներդրեց Բարանովիչիի նուրբ բրդյա գործվածքների ֆաբրիկայի էլեկտրական կառի վարորդ Համլետ Ղուշչյանը՝ 210 ռուբլի աշխատավարձով։ Երիտասարդ սերնդից քչերը գիտեն, որ ԽՍՀՄ-ում սպորտը պետական քաղաքականության մի մասն էր և սպասարկում էր տիրող գաղափարախոսությունը՝ ի ցույց դնելու համար, թե ինչպիսի գերազանց պայմաններ են ստեղծված խորհրդային մարդու համակողմանի զարգացման համար։ Այդ գաղափարախոսության համաձայն, քանի որ սպորտով մարդիկ զբաղվում են ուսումից կամ աշխատանքից ազատ ժամերին՝ ըստ իրենց նախասիրության ու անձնական հաճույքի համար, ուրեմն այն չի կարող եկամուտ բերել։ Ըստ այդմ, սպորտը մեր երկրում ամբողջովին սիրողական էր հռչակված։ Սակայն մարզիկները վարպետության մի որոշակի աստիճանի հասնելուց հետո վերածվում էին իրական պրոֆեսիոնալների, նրանց համար սպորտը դառնում էր վաստակելու միակ աղբյուրը։ Շահույթ բերող տնտեսական գործունեության բոլոր ճյուղերը պետության մենիշխան սեփականությունն էին, ոչ եկամտաբեր կոլտնտեսություններից ու մանր արհեստավորների չնչին սեկտորից զատ մասնավոր տնտեսական գործունեությունը դրված էր օրենքից դուրս։ Մարզական ակումբները ևս հանդիսանում էին պետության (կամ նրա լիակատար վերահսկողության տակ գտնվող արհմիությունների կամ նրա մասը կազմող բանակի, խոշոր արտադրական միավորումների) սեփականությունը։ Երբ գրում էի այս տողերը, հետաքրքիր զուգադիպությամբ Շվեյցարիայում և Ավստրիայում ընթանում էր Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը։ Ֆուտբոլի և դրա շուրջը պտտվող լրահոսում տեղեկություններ էին տարածվում նաև առաջնության մրցանակային հիմնադրամի մասին, որը կազմում է 184 մլն եվրո։ Ամեն ինչ շատ կոկիկ որոշված էր. թիմերը յուրաքանչյուր հաղթանակի համար ստանում են 1 մլն եվրո, ոչ ոքիի համար՝ կես միլիոն, մեկ քառորդ եզրափակիչ դուրս եկողները՝ 2 մլն, կիսաեզրափակիչ դուրս եկողները՝ 3 մլն, եզրափակիչում պարտված թիմին բաժին է հասնում 4,5 մլն, իսկ հաղթողին՝ ևս 7,5 մլն եվրո։ Փաստորեն, Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն թիմը կարող է ստանալ ընդհանուր առմամբ 23 միլիոն եվրո։ Իսկ ինչպես մի առիթով լրագրողներին պատմել է խորհրդային հանրահայտ ֆուտբոլիստ Վալենտին Իվանովը, 1960 թվականին, երբ ԽՍՀՄ հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն, ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին, իբրև պարգև, պետությունը տվել էր 100 ԱՄՆ դոլար։ Ի դեպ, Եվրոպայի առաջնության եզրափակիչ Իսպանիա-Գերմանիա խաղից առաջ մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանն ինձ հրավիրեց Հ2 հեռուստաընկերություն՝ ամփոփելու ավարտվող առաջնությունը և կանխատեսումներ անելու եզրափակիչ խաղի ելքի մասին։ Վարդանը մի քանի անգամ հարցրեց, թե ինչպե՞ս կավարտվի խաղը, ո՞վ կդառնա չեմպիոն, և ես միշտ նույն պատասխանը տվեցի՝ վաղը Իսպանիայի հավաքականը կհաղթի գերմանական ֆուտբոլային «մեքենային»։ Կանխատեսումս ճիշտ դուրս եկավ. խաղն ավարտվեց 1։0՝ հօգուտ իսպանացիների։ Խոսեցինք նաև ֆուտբոլիստների հոնորարների մասին։ Դրանք, անշուշտ, շատ բարձր են, սակայն փողն ամեն ինչ չի որոշում։ Ռուսների օրինակն այս առումով ցայտուն է. քառորդ եզրափակիչում Նիդերլանդների ուժեղ հավաքականի նկատմամբ հաղթանակ տանելու համար հայտնի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը Ռուսաստանի հավաքականի յուրաքանչյուր անդամի պարգևատրեց 350 հազար եվրոյով։ Պետք է ենթադրել, որ ոչ պակաս մեծության պարգև նա նախատեսել էր նաև կիսաեզրափակիչի համար, սակայն ռուսներն արդեն գերազանցել էին իրենց հնարավորությունների սահմանը, և աստղաբաշխական մեծության որևէ պարգև չէր կարող անհնարինն իրականության վերածել։ Թեկուզ կապված այն հանգամանքի հետ, թե իրենց խաղային մակարդակներով որքան տարբեր են իսպանական և ռուսական ակումբները, և թե որքան շատ իսպանացի ֆուտբոլիստներ են խաղում այլ երկրների բարձրակարգ ակումբներում, մինչդեռ ռուս «լեգեոներներին» կարելի է մատների վրա հաշվել։ Այսօր կյանքի նորմ դարձած մասնավոր ակումբները, իբրև մրցանակ տրվող հոնորարները, պարգևավճարները, հովանավորչական գումարները և, առհասարակ, բիզնես ընկերակցության կողմից սպորտում ներդրվող հսկայական միջոցներն անհաս երազանք էին խորհրդային մարզիկների համար։ Ավելին, արտասահմանյան երկրներում անցկացվող մրցաշարերին մասնակցելու համար մարզիկները ոչ միշտ էին ընտրվում տվյալ պահի իրենց մարզավիճակին համապատասխան։ Հաճախ որոշիչ դեր էր կատարում նրանց քաղաքական բարեհուսությունը կամ էլ՝ կամայականորեն մեկնաբանված վարքագիծը։ Ինչպես աշխատանքային մյուս բոլոր բնագավառներում, մարզաշխարհում նույնպես, որպես միակ գործատու, հանդես էր գալիս պետությունը, որի անունից վճիռներ էր կայացնում կուսակցական-պետական բյուրոկրատիան։ Պետությունն էր վճարում տասնյակ հազարավոր պրոֆեսիոնալ մարզիկներին՝ պետական ձեռնարկություններում նրանց հրամանագրելով բանվորական կամ ինժեներատեխնիկական աշխատողների հաստիքներում։ Իրենց «աշխատանքի վայրին» պրոֆեսիոնալները ծանոթ էին լինում այնքանով, որքանով դա անհրաժեշտ էր ավանսի ու ռոճիկի օրերին ձեռնարկության դրամարկղ հասնելու համար։ Սակայն ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի, օլիմպիական խաղերի մեր չեմպիոնները զարգացած երկրների իրենց գործընկերների համեմատ ստանում էին չնչին գումարներ։ Կեղծիքի վրա հիմնված այս համընդհանուր համակարգը վերացավ կայսրության հետ մեկտեղ՝ մինչ այդ հասցնելով խաթարել տաղանդավոր մարզիկների մի քանի սերունդների կյանք` անդարձ զրկելով նրանց իրենց մարզավիճակին ու տքնանքին համաչափ ու պարզերես վաստակելու, միջազգային ասպարեզում ազատորեն հանդես գալու հնարավորություններից։ Ահա այսպիսին էր միջավայրն ու իրավիճակը, երբ ես հայտնվեցի այդ ասպարեզում։ Այլ ճանապարհ չկար, և ես նույնպես դարձա ինքնախաբեության այդ հսկայական մեքենայի մի պտուտակը։
 
Բարանովիչիից  «ձայն  մը  հնչեց»
      Հոգնության ու ոգևորության երկու շաբաթ անցկացնելուց հետո միայն սթափվեցի այն սարսափելի մտքից, որ ծնողներս իմ գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունեն։ Զանգահարեցի տուն և հայտնեցի ողջ եղելությունը։ Ծնողներս այնպիսի ուրախություն ապրեցին իմ հայտնվելու ավետիսից, որ մոռացան անորոշության ու տագնապի օրերին ապրած բոլոր տառապանքները։ Նաև ներեցին ինքնագլխությունս, կուլ տվեցին իմ կողմից անտեսված լինելու վիրավորանքը։ Պարզվեց, որ նման դեպքերից լավատեղյակ Հովսեփ հորեղբայրս էր հորդորել` չշտապել ոստիկանություն դիմելու և հետախուզում հայտարարելու գործում։ «Մի տեղից ձայնը կլսվի»,- վստահեցրել էր նա։ Եվ ձայնս լսվեց հեռավոր Բելոռուսիայի Բարանովիչի քաղաքից։ Հայրս ինձ ներեց, և քանի որ մեր միջև հաշտությունը հեռակա կարգով կնքված էր, 1970 թվականի դեկտեմբերին, մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո, մի կլոր գումար խնայած, եկա տուն։ Ծնողներիս, ընկերներիս,Երևանին շա~տ էի կարոտել։
 
Կառիվարորդ, բարձրկարգիջուլհակ, «Տեքստիլշչիկի»   ֆուտբոլիստ
    Մի քանի օրից մեկնեցի Սոչի, որտեղ անցկացվելիք տեքստիլագործների վարպետ թիմերի համամիութենական մրցաշարին մասնակցելու համար հրավեր էր ստացել նաև մեր ակումբը։ Այստեղ ինձ նկատեց ավելի բարձր՝ Ա խմբում հանդես եկող Իվանովոյի «Տեքստիլշչիկի» գլխավոր մարզիչ Յուրի Զաբրոդինը և առաջարկեց տեղափոխվել Իվանովո։ Նա բազմափորձ ու ճանաչված ֆուտբոլային դաստիարակ էր, ՌՍՖՍՀ վաստակավոր մարզիչ։ Խոստումներն այնքան առատ էին ու գայթակղիչ, որ առանց վարանելու համաձայնեցի։ Հանաք բան չէր՝ առանձին ծառայողական բնակարան, աշխատավարձի երկակի բարձրացում (հավելավճարները չհաշված), արտահերթ ավտոմեքենա, զինվորական ծառայության անցկացում ներքին զորքերի սպորտային վաշտում։ Նաև օգնելու էին ընդունվել տեղի մանկավարժական ինստիտուտ և ստանալ կոմունիստական կուսակցության անդամատոմս։ Այդ բոլոր բարիքներից օգտվելու համար ընդամենը հարկ եղավ ինձ աշխատանքի հրամանագրել Իվանովոյի մի քանի մանածագործական ֆաբրիկաներում։ Այսպիսով, ֆուտբոլի ԽՍՀՄ Ա խմբի առաջնության 1971 և 1972 թվականների մրցաշրջաններում Իվանովոյի «Տեքստիլշչիկի» կազմում հանդես էր գալու բարձր կարգի ջուլհակ և երիտասարդ ջուլհակուհիների սիրելի Համլետ Ղուշչյանը։ Երկու տարին անցավ աննկատ։ Իվանովցիների հաջողություններն այնքան էլ ակնառու չէին. մենք մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականում էինք՝ հնարավոր միավորների 50%-ից քիչ ավելի արդյունքով։
 
    Որտեղից  ուր
     Հավերժական ոչինչ չկա այս երկնքի տակ, փոփոխական է ամեն ինչ, այդ թվում և ֆուտբոլիստի բախտը։ Նորից կարոտել էի ծնողներիս, քրոջս, ընկերներիս, Երևանին։ Տունն ինձ կանչում էր հազարավոր թրթիռներով։ Բայց հենց Զաբրոդինն իմացավ թիմից հեռանալու մտադրությանս մասին, այնքան կտրուկ փոխեց իմ նկատմամբ վերաբերմունքը, որ անմիջապես հայտնվեցի զինվորական իսկական ծառայության մեջ՝ ԽԱՀՄ պաշտպանության մինիստրության ներքին զորքերի կազմում` մի կալանավայրից մյուսը տեղափոխվող հանցագործներին ուղեկցող վերակարգում։ Ծառայությանս ժամկետի ավարտին մնացել էր 2 շաբաթ, և ես անտրտունջ պետք է կրեի իմ խաչը։ Հիշողությանս մեջ այդ օրերից պահպանվել է մի այսպիսի դեպք, որը կարող էր շատ վատ ավարտ ունենալ։ Մի անգամ հինգ կալանավորի ուղեկցում էինք Մոսկվա։ Նրանցից մեկը, որ հայ էր, սրտաբաց խոսակցություն բացեց Հայաստանի, հայոց պատմության, մարդկային փոխհարաբերությունների, հանցավոր աշխարհի բարքերի մասին։ Ես ակնապիշ լսում էի նրան՝ զարմանալով, թե այդքան բանիմաց, գրագետ մարդն ինչու է հայտնվել բանտում։ Առավոտյան, երբ արդեն մոտենում էր Մոսկվա ժամանելու պահը, մի երկտող գրեց ու առանց ծրարում փակելու հանձնեց ինձ՝ ապսպրելով Երևան հասնելուն պես նամակը հասցնել նշված հասցեով։ Պետք է խոստովանեմ, որ այդ մարդու հիպնոսացնող ազդեցությունն այնքան մեծ էր, որ անվարան հանձն առա կատարել նրա խնդրանքը, չնայած լավ գիտեի, որ բացահայտվելու դեպքում ինձ սպասում էր խիստ պատիժ` կալանավորի հետ հանցավոր համաձայնության մեղադրանքով։ 1972 թվականի դեկտեմբերին արդեն տանն էի և առանց հապաղելու գնացի խնամքով պահված նամակի հասցեատիրոջ հետքերով։ Հեշտությամբ գտա Ալավերդյան (այժմ՝ Հանրապետության) փողոցի սկզբնամասում գտնվող շենքի առաջին հարկի բնակարանը։ Դուռը բացեց միջին տարիքի մի կին։ Կարծեմ, կալանավորի քույրն էր։ Մինչ կինը հեռացավ մյուս սենյակ՝ առանձնության մեջ նամակն ընթերցելու, ինձ հետ խոսքուզրույցի բռնվեցին տանը գտնվող երկու տղամարդիկ, որոնք ինձնից կենդանի տպավորություններ էին հարցնում նամակի հեղինակի որպիսության մասին։ Երկար մնալն անիմաստ էր, և ես, հրաժեշտ տալով, արագ հեռացա այդ անծանոթ միջավայրից։ Բավական ճանապարհ անցել էի, երբ նույն այդ երիտասարդները հասան ինձ, կանգնեցրին և գրեթե հրամայական տոնով պահանջեցին լսել իրենց։ Նրանք հայտնեցին, որ գիշերային անհայտ զրուցակիցս օրենքով գող Սվո Ռաֆն է եղել և նամակում նա իրենց պարտավորեցրել է օգնել ինձ։ Երիտասարդները պահանջեցին իմ հեռախոսի համարն ու հասցեն։ Մյուս օրն իրենց նշանակած ժամադրավայրում էի։ Չնայած իմ հուսահատ դիմադրությանը` նրանք գրպանս խոթեցին մի հաստ ծրար։ Կարմրատակած հասա տուն և բացելով ծրարը` այնտեղ գտա այն ժամանակների համար հսկայական մի գումար՝ 3000 ռուբլի։ Ինձ մնում էր միայն ծախսել այն. ինչպես ժողովուրդն է ասում՝ ջրի բերածը ջուրն էլ տարավ։ Համամիութենական ճանաչում ունեցող իմ «բարերարիե հլու հանձնակատարների հետ կապերս խզեցի կտրուկ. այլևս չէի պատասխանում նրանց զանգերին։ Տարիներ անց՝ 1986 թվականին, Մոսկվայի «Տորպեդոյի» հետ «Արարատի» խաղը մեկնաբանելու նպատակով գտնվում էի Մոսկվայում։ Տեղավորվել էի «Ուկրաինա» հյուրանոցում։ Իջա ռեստորան` ճաշելու։ Ինձ ուղղված հայերեն զվարթ բարևից կանգ առա։ Նայում եմ սեղանի շուրջ նստած ներկայանալի տղամարդկանց, և ոչ մեկի դեմքն ինձ ծանոթ չէ։ Շփոթմունքս նկատելով` նրանցից մեկը, առանց տեղից վեր կենալու, թեք նայեց ինձ ու տիրական ձայնով ասաց. «Ես եմ, Սվոն, քո մեծ ախպերը։ Իմացել եմ՝ ժուռնալիստ ես դարձել, մեր ազգի պատիվն ես պահում։ Ցանկացած հարցով միշտ կարող ես դիմել ինձ։ Նստի տեսնեմ` ի՞նչ պրոբլեմ ունեսե։ Նախկին խակ տղան չէի, շատ բան էի լսել հանցագործ աշխարհում ու նրա սահմաններից դուրս Ռաֆիկ Բաղդասարյանի աներևակայելի ազդեցության մասին։ Նախ շնորհակալություն հայտնեցի տարիներ առաջ նրա ցուցաբերած կամավոր օգնության համար, ապա անցանք հայերիս մոտ ընդունված հարցուփորձին` ինչ կա-չկա։ Խոսակցությունը կարճ ստացվեց, ու մենք ջերմ բարեմաղթանքներով բաժանվեցինք։ Իրականում ի՞նչ ընդհանուր բան կարող էր լինել բացարձակապես տարբեր աշխարհներ ներկայացնող երկու մարդու միջև։ Վերջին անգամ այդ «լեգենդար» մարդուն հանդիպեցի, ավելի ճիշտ` պատահաբար նրա հուղարկավորության թափորին դեմ հանդիման դուրս եկա Երևանի հեռուստակենտրոնից տուն գնալու ճանապարհին։ Դա 1993 թվականն էր, հազարավոր մարդիկ նրան տանում էին հողին հանձնելու Թոխմախի գերեզմանատանը։ Ընկերներիցս տեղեկացա, որ նա անաղմուկ մահացել էր Մոսկվայի չարագուշակ Բուտիրյան բանտի հիվանդանոցում, բանտախուց նետված վարձու մարդասպանի դաժան ծեծի հետևանքով՝ իր ընդունած, գուցեև ինչ-որ տեղ նաև իր շնորհիվ ստեղծված դրվածքի համաձայն չհայտնելով իրեն սպանողի անունը։ Այդպես է. տիրողները ստեղծում են կանոններ ուրիշներին պատժելու համար, սակայն գալիս է մի օր, երբ այդ նույն կանոններով ուրիշներն են նրանց հատուցում։
 
    Մնաս բարով, ֆուտբոլ
      Դառնամ ֆուտբոլային կարիերայիս, մանավանդ որ մայրամուտն ուրվագծվում էր։ Տուն վերադառնալու ցանկությունից բացի, կար մի այլ` բավականաչափ լուրջ պատճառ ևս։ Ծնկահոդի վնասվածք էի ստացել և բժշկական զննության նպատակով եղա Մոսկվայի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնական ինստիտուտի հանրաճանաչ վիրաբույժ Զոյա Միրոնովայի մոտ։ Ախտորոշումը վհատեցնող էր։ Առաջարկեցին կամ վիրահատության ենթարկվել՝ առանց խաղադաշտ վերադառնալու հաստատ երաշխիքի, կամ ճառագայթային մշակման եղանակով չորացնել վերքը, և սպորտին հրաժեշտ տալն այս դեպքում ևս պարտադիր պայման էր։ Որոշեցի անիմաստ ռիսկի չդիմել. ընտրեցի երկրորդ տարբերակը։ Այդպես` քսան տարեկանում թողեցի սպորտը և նորավարտ դպրոցականի պես նորից ձեռնամուխ եղա կյանքի ճանապարհի ընտրությանը։ Պահուստում ունեի խորհրդային բանակից զորացրված, երեք տարի վարպետ թիմերում խաղացած ֆուտբոլիստի և կրթություն ու մասնագիտություն չունեցող մարդու թեթև բեռը։ Բարի մարդկանց երաշխավորությամբ 1973 թվականի հունվարյան տոներից հետո ինձ ընդունեցին աշխատանքի, որպես «Հայքիմմեքենաե արտադրական միավորման մշակույթի տան տնօրեն։ Կուսակցության Լենինյան շրջկոմից արագ արձագանքեցին՝ անհանդուրժելի է բարձրագույն կրթություն չունեցող տնօրեն ունենալը և ինձ հավաքագրելով իրենց սահմանած կուսակցական-պետական ակտիվի կամ մտավորականության շարքերում` ուղարկեցին սովորելու մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանում։ Դրանով միակ կուսակցությունը ցանկանում էր բարձրացնել իմ, որպես ակումբի վարիչի, տեսական-քաղաքական մակարդակը։ Չգիտեմ, թե որքանով դա հաջողվեց, բայց երկու տարի բարեխղճորեն հաճախեցի դասերին և գերազանցությամբ ավարտեցի լրագրության բաժինը։ Դասախոսները հրավիրված էին Երևանի տարբեր բուհերից, իսկ դասավանդվող առարկաներն ունեին այդ հաստատության անվանմամբ պարտադրված թեքում։ Այլ պարզաբանումներ տալու պարտավորությունից թող ընթերցողն ինձ մեծահոգաբար ազատի։ Պատճառն այն չէ, որ զլանում եմ, պարզապես չեմ ուզում անընդհատ տրվել հասարակական մի համակարգի քննադատական վերլուծության գայթակղությանը, որին, այնուամենայնիվ, ինչ-որ բանով պարտական եմ իմ մասնագիտական ու քաղաքացիական կայացման համար։ Համակարգն էլ, ինչ խոսք, մեզ՝ հնազանդ ու օրինապահ քաղաքացիներիս է «պարտական»` լռելյայն իրեն հանդուրժելու համար։ Ուղղակի դաժան իրականությունն էր այդպիսին. մեծամասնությունը հանդուրժում էր և միայն ցածրաձայն փնթփնթում խոհանոցներում կամ ընկերական նեղ շրջանակներում։ Սակայն մեր սերնդից եղան հատուկենտ այլախոհներ, ովքեր հերոսաբար ըմբոստացան համակարգի անմարդկային արարքների դեմ և իրենց լավագույն տարիները կամովին անցկացրին բրեժնևյան բանտերում, ենթարկվեցին անլուր չարչարանքների, ոմանք էլ իրենց մահկանացուն կնքեցին անազատության մեջ՝ չտեսնելով նոր կյանքը։ Խորին խոնարհում նրանց անձի և գործի առջև։ Նրանք վեհ և անձնուրաց մարդիկ էին և սերունդների հիշողության մեջ այդպիսին էլ կմնան։ Նրանք ավելին կարող են գրել իրենց թշնամի համակարգի մասին։ Իսկ ես կշարունակեմ միտքս առ այն, որ իմ ղեկավարած ակումբում կային ժամանակի ամենապահանջված նախասիրությունները բավարարող խմբակներ՝ կարուձևի, երգի, պարի, քանոնի, ֆոտո-կինոյի։ Այս վերջինը ղեկավարում էր Յուրի Գզոյանը, որ հայկական հեռուստատեսության հնաբնակներից էր և հետագայում հասավ մինչև երաժշտական հաղորդումների գլխավոր ռեժիսորի պաշտոնին։ Երկար տարիներ մտերիմ հարաբերությունների մեջ էի նրա ընտանիքի հետ, գնահատում եմ նրա տիկնոջ՝ բարձրաճաշակ ստեղծագործող և հրաշալի երգչուհի Մարիետա Բադալյանի քանքարը։ Յուրային եմ պարտական հեռուստալրագրողի մասնագիտությունն ընտրելու համար, այդ նրա խորհրդով սկսեցի նյութեր պատրաստել հեռուստատեսության «Լրաբեր» ծրագրի մարզական բաժնի համար։ Իսկ մի քանի ամիս անց, տեսնելով, որ իմ «տեսական-քաղաքական» մակարդակի պատճառով բախման մեջ եմ հայտնվել ակումբի վարիչից այլ կարգի սպասումներ ունեցող գործարանային տզրուկների հետ, ստիպված էի դուրս գալ այդ տհաճ միջավայրից ու վերջնականապես նախապատվությունը տալ հեռուստատեսությանը։ Իմ գործը հեշտացավ նաև նրանով, որ այդ ժամանակ «Լրաբերի» խմբագրությունում փնտրում էին այնպիսի մարզական մեկնաբան-լրագրող, ով սպորտը ճանաչեր ներսից և, որ ցանկալի էր, պրոֆեսիոնալ մարզիկ լիներ։ Փորձաշրջանն ինձ համար անցավ բարեհաջող, և ինֆորմացիայի գլխավոր խմբագրության գլխավոր խմբագիր Ռադիկ Խալաթյանի օժանդակությամբ ես ստացա հանրապետության Մինիստրների խորհրդին առընթեր հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի ինֆորմացիայի գլխավոր խմբագրության մարզական հաղորդումների բաժնի արտահաստիքային թղթակցի կարմիր վկայական։ Դա 1973 թվականի հունիսն էր։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
     Աշխարհումընտանեկանօջախիցքաղցրոչինչչկա։
                                                         Ցիցերոն
   Ընտանիք
 
    Հայրականը
      Ինչպես շատ ընտանիքներում, մեր ընտանիքում նույնպես մնացել էին ինչ-ինչ հետքեր վաղնջական մայրիշխանությունից, և այդ փոխհարաբերությունների թնջուկում որպես մայրիշխանության կրող հանդես էր գալիս Վարսենիկ տատս՝ մեծ մայրս։ Այս բառի մեջ ինձ համար գնահատելին մայր երևույթն է, իսկ իշխանությունը ածանցյալ է ու անցողիկ։ Եվ հետո` ինչպե՞ս կարելի է իշխանություն անվանել մայրական կողմի բարեկամների կապվածությունը ուրիշի տուն գնացած իրենց դստեր կամ քրոջ երեխաների հետ։ Բոլոր դեպքերում ես պարտական եմ մայրական իշխանությանը, որը ներզգացողության աներևույթ գրգիռներով իմ մեջ զարգացրեց ազատ ապրելու ու ստեղծագործելու բնազդը և այսօր էլ անսահման բավականություն է պատճառում ինձ, թեև հաճախ եմ հարկադրված լինում ազատության իմ բնական իրավունքը նվաճել անբնական դիմադրություններ հաղթահարելու գնով։ Խոստովանությունս թերի կլինի, եթե չասեմ, որ այսօր էլ իմ ընտանիքում փաստական մայրիշխանություն է, նախ այն պարզ պատճառով, որ մի հարկի տակ եմ ապրում 87-ամյա Սիրանուշ մայրիկիս՝ իմ պահապան հրեշտակի, հոգատար ու սիրասուն կնոջս՝ Արմինեի և 8-ամյա աննման դստրիկիս՝ Աննա Մարիայի հետ։ Նրանց  տարիքային, խաղային, որակական (մարզական լրագրությանը բնորոշ ցանկացած եզրույթ կարելի է օգտագործել այս իրադրության առնչությամբ) առավելությունն ակնառու է։ Ես միանգամայն երջանիկ եմ նրանց հետ իմ բարդ փոխհարաբերություններում, թեև ոչ միայն միաժամանակ հանդես եմ գալիս որպես որդի, որպես ամուսին և, վերջապես, որպես հայր, ոչ միայն այդ բոլորից զատ փորձում եմ անառիկ պահել միմիայն իմը հանդիսացող աշխատանքի, զբաղվածության, ժամանցի, հետաքրքրությունների, բարեկամական ու ընկերական կապերի հարթակները, այլև ամենօրյա հոգս եմ դարձրել քաղաքակրթական առումով աներևակայելիորեն միմյանցից տարբերվող երեք սերնդի կանանց համակեցությունը ներդաշնակելու գործը։ Տղամարդիկ կհամաձայնեն ինձ հետ՝ առանց սիրո նման մասշտաբի գործեր չեն արվում։ Հենց սերն է, որ անմնացորդ տալիս եմ մորս, կնոջս ու դստրիկիս՝ նրանցից ստանալով բազմապատիկը։ Թերևս սա է ընտանեկան երջանկության մեխանիկան, որի մեջ թավալգլոր անցնում են մեր օրերը։
 
    Ընտանիքս
       1973 թվականի նոյեմբերին իմ կյանքում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն. ամուսնացա Գրետա Արշակյանի հետ։ Նրա հետ ծանոթացել էի ամուսնությունից երկու ամիս առաջ։ Զղջման համար չեմ հիմքեր ստեղծում՝ շտապողականությունս հատուկ ընդգծելով։ Եվ ինչո՞ւ զղջալ, երբ իմ առաջին ամուսնությունից ծնվեցին այնքան սիրելի դուստրս՝ Քրիստինեն և միակ որդիս՝ Արմենը։ Քրիստինեն կինոգետ է, ավարտել է Մոսկվայի Համառուսական պետական կինոինստիտուտը և, չնայած Ռուսաստանի մայրաքաղաքում աշխատելու գրավիչ առաջարկներին, վերադարձել է հայրենիք ու զբաղված է իր սիրած գործով։ Արմենն ավարտել է Մոսկվայի Միջազգային իրավունքի և տնտեսագիտության պետական ինստիտուտը, հաջողված մենեջեր է, լավ կազմակերպիչ։ Նրանք երկուսն էլ ամուսնացած են, ինձ պարգևել են երեք թոռնիկ։ Աստված պահպանի նրանց։ Զավակներս լավ ընտանիքներ ունեն, և, կարծում եմ, արդեն հաշտվել են վաղուց կատարված այն իրողության հետ, որ իրենց ծնողներն ի զորու չեղան հաղթահարել ամուսնական կյանքի հաճախ անխուսափելի ճգնաժամերից հերթականը։ Մի բանում ես աներկբայորեն վստահ եմ՝ նրանք սիրում և գնահատում են իրենց ծնողներին նաև այն բանի համար, որ մենք չցանկացանք հանուն ցուցադրական բարեպաշտության կեղծել, ուրեմն նաև՝ չարչարել միմյանց և իրենց։
 
     Նոր ընտանիքս
       Նոր ընտանիքում չորսն ենք՝ ես, կինս` Արմինեն ու երկու երեխաներս՝ մեկը 8 տարեկան՝ Աննա  Մարիան, մյուսը... 87։ Շտապեմ պարզաբանել՝ մյուս «երեխաս» Սիրանույշ մայրս է, իմ պահապան հրեշտակը, ֆանտաստիկ բարի կին, երեխայի պես միամիտ ու մաքուր։ Զբոսնելիս Ազատության հրապարակում հանդիպել էր ցուցարարների, իմացել էր, որ մի քանի օր է, ոչինչ չեն կերել, վերցրել բերել էր տուն, տեղը-տեղին կերակրել ու ճամփու դրել, հետն էլ ասել՝ երբ քաղցած լինեք, եկեք մեր տուն։ Ու որքան էլ մանկան պես միամիտ, մյուս կողմից ուղղակի զարմացնում է իր սթափ մտածողությամբ, ամեն մի խոսքում խտացված է կյանքի փորձը, կյանքի փիլիսոփայությունը։ 90-ի շեմին է, ու դուք միայն լսեք նրա դատողությունները, մտքերը, խորհուրդները։ Մորս մեջ տատիս ողջախոհությունն ու խելամտությունն եմ տեսնում. Կարդացած, ուսումնավոր կին էր տատս, Շուշիի գիմնազիայի սանուհի։ Հազար ու մի ցավ ու դժվարություն է տեսել մայրս, բազում փորձություններ անցել, հարազատներ կորցրել, հոգում դեռ չսպիացած վերքեր կան, սակայն տառապանքը նրան չի չարացրել։ Վաղ մանկությունից մինչև օրս էլ նրանից բարության դասեր եմ առնում, բարին գործելու խրատ ու հորդոր եմ լսում։ Հիշում եմ՝ դեռ դպրոցում, տղայական մի կռվից հետո, երբ մայրս ինձ տեսավ ծեծկռտված, պատառոտված հագուստով, վայնասուն չարեց, այլ ընդամենն ասաց. «Ոչինչ, կյանքում չար մարդիկ էլ կան, բարի մարդիկ պիտի կարողանան ներել նրանց։ Ներել կարողացիր, տղա՛ս»։ Ամբողջ կյանքում այդ պատգամով ապրեցի։ Շրջապատում ինձ հաճախ են ասում, թե ես բարի մարդ եմ, ու ես գիտեմ, որ մորս կերտածն եմ, որ նրա բարությունը փոխանցվել է ինձ։
    Ընտանիքիս մյուս հրաշքը դուստրս է՝ Աննա Մարիան։ Ասում են՝ «ուշացած» երեխաները տաղանդավոր են լինում։ Չգիտեմ՝ դա այդպես է, թե չէ, բայց դստերս օրինակն ինձ դրանում համոզում է։ Ֆանտաստիկ ստեղծագործական ներաշխարհ ունի։ Մեր ակադեմիայի հոբելյանական միջոցառմանը հրաշալի երգեց իր գրած երգը՝ նվիրված հայրիկին։ Ջերմ, անկեղծ խոսք էր, նուրբ, հուզական երաժշտություն. «Իմ լավ հայրիկ, ինչ լավ է, որ դու կաս...»։ Հյուրերն անթաքույց հիացմունքով լսեցին մանկական հոգու անկեղծ պոռթկումը։ Հայտնի հեռուստատեսային գործիչ Օլեգ Պոպցովն ապշահար տեղից վեր կացավ, գիրկն առավ Աննային ու զարմանքով բացականչեց. «Օ՜, ի՜նչ հրաշալի երգ, ի՜նչ գեղեցիկ կատարում, և սա այս աղջնա՞կն է գրել»։
Զարմանահրաշ մի բան է մորս և դստերս գոյակցությունը։ Այս երկու մեծ և փոքր երեխաներն առանց իրար կյանք չունեն։ Երբ Աննան նոր էր ծնվել, մայրս նրան դնում էր ծնկանն ու ասում էր՝ դպրոց գնալդ տեսնեմ, նոր մեռնեմ։ Հետո թե՝ դպրոցն ավարտես, ինստիտուտ ընդունվես, էդ էլ տեսնեմ, նոր մեռնեմ։ Աննան երկարացրել է տատի կյանքի ժամկետը՝ մինչև հարսանիքս ապրելու ես և դեռ հարսանիքիս էլ երգելու ես։ Տատի վրա ո՜նց է դողում։ «Բրեմենյան երաժիշտները» կարդացել է ու տագնապած հարցրել մորը. «Ինչո՞ւ են Իշուկին դուրս հանում»։ Մայրն ասել է՝ ծեր է, «ñòàðûé îñåë», էլ բանի պետք չէ։ Ո՜նց է տագնապել, ո՜նց է իրար խառնվել. «Իմ տատիկներն էլ են ծեր, դուրս պիտի հանե՞նք։ Հայրիկը որ ծերանա, դուրս պիտի հանե՞նք»։ Մայրը փորձել է հանգստացնել, բայց Աննան չի խաղաղվել այնքան ժամանակ, մինչև մորից խոստում չի կորզել՝ «դե խոստացի՛ր, որ ո՛չ Սիրան տատիկին, ո՛չ Անյա տատիկին տնից դուրս չենք գցի»։
Դպրոցից գալիս է, գրքերը, տետրերը փռում, տատին նստեցնում է և ստիպում անգլերեն սովորել։ «Ես քո դասատուն եմ,- ասում է,- դու պիտի ինձ լսես։ Ա՛յ տատ,    Անգլիան մեր բարեկամն է, բա անգլերեն չիմանա՞ս»։ Տատն անտրտունջ, սուսուփուս կատարում է իր «ուսուցչի հրահանգները»։
   Կինս՝ Արմինեն, հոգեբան է, և դրանով ամեն ինչ ասված է։ Իր ժամանակի մեծ մասը նա երեխային է նվիրում։ Փորձում է վաղ տարիքից նրան ներշնչել գիտելիք ունենալու, ավելի շատ բան իմանալու ձգտում, տենչանք, աշխատասիրություն։ Արմինեն իր հոգեբանական թեստերը փորձարկում է ընտանիքում՝ իմ, դստերս վրա։ Որքանո՞վ է նա գոհ իր փորձարկումների արդյունքներից, որպես մասնագետ, իր իմանալիքն է։ Կարևորն այն է, որ իմ ընտանեկան հարկի տակ տիրող համերաշխ, խաղաղ ու ջերմ մթնոլորտն ինձ գոհացնում է։
 

Ճշմարտություն  և ազնիվ  կյանք.
Ահա  խորհրդածություններիս  նպատակը։
Հորացիոս
       ՆՈՐ  ՃԱՆԱՊԱՐՀ` ՀԱՍՏԱՏՈՒՆ  ԸՆԹԱՑՔՈՎ
         Հայաստանի պետական հեռուստատեսությունում ընթացավ իմ աշխատանքային գործունեության գրեթե քսանհինգամյա շրջանը։ Դա, իրոք, հրաշալի ժամանակահատված էր` լի բազում հետաքրքիր ու անմոռաց իրադարձություններով, նորանոր ծանոթություններով ու հանդիպումներով, անսպասելի գործուղումներով։ Բավական է ասել, որ այդ տարիներին ինձ բախտ վիճակվեց լինել աշխարհի հիսունից ավելի երկրներում, իսկ դրանցից մի քանիսում (Իտալիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Գերմանիա, Հոլանդիա, Բելգիա, Իսպանիա, Հարավսլավիա, Շվեդիա, Դանիա, Ֆրանսիա, Մեքսիկա, Արգենտինա, Բրազիլիա, Իրան, Սիրիա, Լիբանան, Բուլղարիա, Ռումինիա, Կիպրոս, Կուբա, Արաբական Միացյալ Էմիրություններ) եղել եմ մի քանի տասնյակ անգամ։ Վերոնշյալ երկրներում առիթ եմ ունեցել, որպես մարզական լրագրող և մեկնաբան, լուսաբանել hինգ տասնյակից ավելի միջազգային խոշոր մրցաշարեր, աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, օլիմպիական խաղեր։ Յուրաքանչյուր նման ստուգատես ինձ համար մասնագիտական փորձի ձեռքբերման մեծագույն դպրոց էր։
Եղավ մի շրջան, երբ աշխատավայրում շուրջս շարունակ փնթփնթոց էր, թե մասնագիտական բարձրագույն կրթություն չունի, բայց հաղոդումներ է պատրաստում, ռեպորտաժներ վարում և բոլորից շատ է երևում եթերում։ Կշտամբանքներն այնքան էլ անտեղի չէին, և ես հաղթահարելով իներցիայի ուժը` ընդունվեցի Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին։ Այստեղ էլ ամեն ինչ հարթ էր ընթանում, բացառությամբ անգլերեն լեզվի դասընթացից։ Դպրոցից դպրոց փոխադրվելն իր բացասական հետևանքներն էր թողել հատկապես օտար լեզվի գիտելիքներիս վրա։ Հակառակի պես էլ անգլերենի դասախոս տիկին Թոքմաջյանը չափազանց խստապահանջ էր, նրա մոտ հենց այնպես «բավարար» ստանալն անհնար էր։ Գոնե նրա պահանջկոտությունն ինձ ստիպեր սովորել անգլերենը։ Օտար լեզվի թերի իմացությունն հետագայում ինձ շատ խանգարեց։ Ասեմ այսպես. համոզված եմ, որ հատկապես ԱՄՆ-ում աշխատելու տարիներին հաջողություններս ավելի մեծ կլինեին, եթե անգլերենից չկաղայի։ Սա համարենք իմ բազում թերություններից ամենաաններելին։ Ինչևէ, ֆակուլտետի ամենատարիքով ուսանողն էի, աշխատում էի մասնագիտությամբ, ճանաչված էի, դասախոսների վերաբերմունքը բարյացակամ էր, նույնիսկ՝ ընկերական։ Իսկ համալսարանական մթնոլո~րտը, օ~, այն լցված էր գիտության ժամանակի մեծերի շնչով։ Մեր սերունդը հպարտանալու շատ բան ունի. Մեզ դասախոսում էին անվանի հայագետներ, գրականագետներ. Հովհաննես Բարսեղյան, Խորեն Պալյան, Լևոն Ներսիսյան, Սահակ Բազյան… Դիպլոմային աշխատանքս պաշտպանեցի հաջողությամբ, թեման էր՝ «Ֆիզկուլտուրան և սպորտը հայկական հեռուստատեսությունում»։ Այն պատրաստել էի մամուլի պատմության բնագավառի փայլուն մասնագետ Սմբատ Ավագյանի ղեկավարությամբ։ Ծագումով ղարաբաղցի ճանաչված բանասերն առաջարկեց շարունակել ուսումնասիրությունը և նախապատրաստել այն` ներկայացնելու որպես թեկնածուական թեզ։ Սակայն հանձն չառա, քանի որ ամենօրյա լարված աշխատանքը գիտությամբ լրջորեն զբաղվելու ժամանակ չէր թողնում։ Իսկ ինքնանպատակ գիտական կոչում ստանալն ինձ խորթ էր։
 
      Աշխատանքը թեժանում էր
      Հիմնականում աշխատում էի Երևանում։ 1973 թվականի hունիսից մարզական հաղորդումների բաժնի արտահաստիքային թղթակիցն էի, 1976 թվականին նույն բաժնում անցա մշտական աշխատանքի` մարզական մեկնաբանի հաստիքով։ 1982 թվականին արդեն հիշյալ բաժնի վարիչն էի, իսկ 1987 թվականին բաժինը վերակազմվեց մարզական հաղորդումների գլխավոր խմբագրության, որի առաջին գլխավոր խմբագիրը նշանակվեցի։ Հակիրճ այս տողերում ամբարված է տարիների տքնաջան ստեղծագործական ու կազմակերպական աշխատանք։ Հաճախ թվերն ու փաստերն ավելի պերճախոս են, քան բառերը։ Եվ ուրեմն դիմենք փաստերի խոսուն լեզվին։ Սկզբում մարզական հաղորդումների ամսական ծավալը հայկական հեռուստատեսությունում կազմում էր առավելագույնը 5 ժամ։ Իմ նախորդի՝ շնորհալի հեռուստալրագրող և կազմակերպիչ Օլեգ Աղաջանյանի ջանքերով մեր պատրաստած արտադրանքի ծավալը հասցվել էր մինչեւ 12 ժամի։ Մարզական լուրերը կազմում էին ամենօրյա «Լրաբեր» լրատվական ծրագրի բաղկացուցիչ մասը՝ առավելագույնը 5 րոպե տևողությամբ և, որպես կանոն, եթեր էին հեռարձակվում մշակութային լուրերից հետո՝ եղանակի տեսությունից առաջ (ի դեպ, այս կառուցվածքը մեզանում մինչ օրս ոչ ոք չի վերանայել։ Այդ կերպ են մարզական լուրերը հեռարձակվում նաև CNN-ում, BBC-ում, Euronews-ում, ռուսաստանյան եթերում և բազում այլ հեղինակավոր ծրագրերում)։ Որպես երիտասարդ ու եռանդուն նորեկ՝ ավագ գործընկերներս իմ ուժերը «Լրաբերում» փորձարկեցին ոչ միայն մարզական, այլև մշակութային, առողջապահական, գիտակրթական, անգամ գյուղատնտեսական թեմաներով ռեպորտաժներ և այլ նյութեր պատրաստելու գործում։ Կարծես ամեն ինչ ստացվում էր, գոնե ինձ այդպես էր թվում, և գովասանքներն էլ անպակաս էին։ Բայց ինձ չէր գրավում մակերեսային ունիվերսալի հեռանկարը, ես ձգտում էի խորամուխ լինել իմ սիրած մարզական լրագրության մեջ։ Դրա համար հարկավոր էր ճանապարհ անցնել, ավելի ճիշտ՝ համառ ու անտրտունջ աշխատանքով ճանապարհ հարթել։ Չէի խորշում ոչ մի գործուղումից, որքան էլ Երևանից այն հեռու լիներ, որևէ իրադարձությունից, որքան էլ առաջին հայացքից այն անկարևոր թվար։ Հոգնություն չկար։
Ուշադիր ընթերցողը հիշում է նախորդ գլխում հիշատակված «Կրասնոգորսկ»   կինոխցիկը։ Հիմա դրան գումարվել էր ՎԱԶ 2101, ապա 2106 անձնական օգտագործման ավտոմեքենան։ Ես, կինոխցիկս ու ավտոմեքենաս դարձել էինք աշխատանքային մեկ միասնական օրգանիզմ։ Կարիք չունեի սպասելու, թե երբ ավտոպարկի սուղ միջոցներից ավտոմեքենա կազատվի ինձ սպասարկելու համար կամ երբ ազատ կլինի որևէ օպերատոր։ Ես միաժամանակ և՛ վարորդ էի, և՛ օպերատոր, և՛ խմբագիր, հաղորդավար ու ռեժիսոր։ Իմ աշխատանքը ձեռք էր բերել աննկարագրելի արագություն ու ճկունություն։ Վերջնական նյութը պատրաստ էր լինում ավտոմեքենայում՝ մինչև խմբագրություն հասնելը։ Ինչպես գյումրեցիներն են ասում՝ չգիտեմ լամ, թե խնդամ, բայց գործընկերներս իմ շարժական ինքնատիպ ստուդիան կնքել էին «АСБ (Аппаратно-Студийный Блок) Ղուշ» անունով։ Գործի նկատմամբ ֆորդիստական այս մոտեցումը նկատելիորեն գրգռել էր դանդաղաշարժ ու դանդաղամիտ ոմանց նախանձը, բայց ես երիտասարդ էի, ինքնավստահ, հավակնոտ, և ասեկոսեներն ինձ ծանր տվայտանքներ չէին պատճառում։ Միայն վայրկենական սրտնեղություն, ուրիշ ոչինչ։ Ես սիրում էի իմ աշխատանքը, ամբողջովին կլանված էի դրանով և այն կատարում էի մեծ պատասխանատվությամբ։ Լրջագույն խթան էին ժամանակի համար բավականաչափ բարձր և կայուն հոնորարները (դրանք կազմում էին ամսական 1500-ից 2500 ռուբլի։ Լավ եմ հիշում՝ մի ամիս անգամ 3100 ռուբլի ստացա)։ Երիտասարդ էի, եռանդուն, շփվող, առատաձեռն, ճանաչված, և իմ ներկայությունը բաղձալի էր ամենուր, այդ թվում նաև արվեստագետ ու արվեստամերձ շրջանակներում։
 
  Հիշում եմ, երախտապարտ եմ, խոնարհվում եմ
     Նախնական այս շրջանի իմ հաջողությունների համար առավել երախտապարտ եմ «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ Ռադիկ Խալաթյանին, կուսակցական գծով նրա առաջխաղացումից հետո այդ պաշտոնին կոչված Արշակ Անանյանին, ապա վերջինիս փոխարինած Ֆելիքս Ավագյանին, խմբագրի տեղակալներ Ալբերտ Ղալթաղչյանին, Ռոմիկ Սարդարյանին, Ստեփան Մարությանին, գլխավոր ռեժիսոր Ռոբերտ Հովհաննիսյանին, մարզական հաղորդումների բաժնի երկարամյա վարիչներ Նորայր Մարտիրոսյանին, Դերենիկ Գևորգյանին, Օլեգ Աղաջանյանին, քաղաքական հաղորդումների բաժնի վարիչ Կարլ Յալանուզյանին, սպորտային բաժնի մեկնաբան-խմբագիրներ Ռուդիկ Բարսեղյանին, Արամայիս Ղարիբյանին, Հովհաննես Մարտիրոսյանին, Վարդան Թադևոսյանին, Արա Հակոբյանին, Լևոն Անանիկյանին, ռեժիսորներ Արա Հարությունյանին, Լևոն Ավետիսյանին, Կարինե Գալստյանին, Մելիք Մայիլյանին, օպերատորներ Էդվին Գրիգորյանին, Սուրեն Մուրադյանին։ Լրացնեմ փայլուն գործընկերներիս շարքը, որոնց հետ աշխատել ենք նվիրումով, օգնել միմյանց` մեր փորձով հարստացնելով եթերը։ Կցանկանայի սիրով ու ակնածանքով հիշատակել նաև «Լրաբերե ծրագրի փորձառու աշխատակիցներ Աֆթանդիլ Գրիգորյանին, Սպիրիդոն Համբարձումյանին, Ալիկ Համբարյանին, Գալուստ Հալաջյանին, Ալբերտ Հովսեփյանին, Ռաֆայել Մարգարյանին, Արամ Վարդանյանին, Ռազմիկ Խերանյանին, Ռազմիկ Ավագյանին, Ռուբեն Սիմոնյանին, Հրաչիկ Մկրտչյանին, Հրահատ Գևորգյանին, Անահիտ Գրիգորյանին, Ռայա Բաղդասարյանին, Արփեն Մովսիսյանին, Հայկ Մարգարյանին, Արտյոմ Մխիթարյանին, Ռիմա Պետրոսյանին, Գեորգի Խաչատրյանին, Էդուարդ Բադալյանին, Էդուարդ Տեր-Սահակյանին, Գագիկ Մարգարյանին, Սամվել Սմբատյանին։ Շարունակելով անունների թվարկումը` ցանկանում եմ հատուկ երախտագիտությունս հայտնել հայկական հեռուստատեսության ավագ և միջին սերունդների ներկայացուցիչներ Նառա Շլեպչյանին, Աիդա Ներսիսյանին, Ջոն Հակոբյանին, Ռազմիկ Արզոյանին, Վլադիմիր Խաչատուրովին, Պերճ Ստեփանյանին, Զավեն Կարապետյանին, Արամայիս Տոնոյանին, Սոս Մայիլյանին, Մոնիկա Տեր-Պողոսյանին, Գևորգ Աբաջյանին, Վահագն Ղարիբյանին, Հաղթանակ Պողոսյանին, Հեղուշ Տիտանյանին, Սերգո Երիցյանին, Ռաֆայել Մարտիրոսյանին, Ավիկ Թորոսյանին։ Նրանք բոլորն էլ իմ ուսուչիչներն են եղել, ավելի պարզ ու անկեղծ խոսք չեմ կարող գտնել նրանց վաստակը գնահատելու համար։ Մեծագույն հաճույքով եմ հիշում նաև իմ գործընկերներ Սուսաննա Շահինյանին, Վարուժան Օլքինյանին, Լևոն Պարոնյանին, Վարդգես Ավետիսյանին, Կարինե Սարգսյանին, Կարինե Միրզոյանին, Ալեքսանդր Սայադյանին, Կարեն Քոչարյանին, Ռուզան Մելյանին, Հասմիկ Թումաղյանին, Հասմիկ Պերճյանին, Օֆելյա Խաչատրյանին, Սվետլանա Բարիկյանին,։ Նրանք իրենց խոսքով, իրենց կեցվածքով սերունդ դաստիարակեցին։
 
«Մարդունաստվածանմանենդարձնումերկուբան. Արդարամտութ- յունըևկյանքը հանունհասարակությանբարօրության»։
       Փիլիսոփայական այս իմաստնությունը նրանցից շատերին է վերաբերում: Շատերի խոսքն այսօր էլ նույն հնչեղությունն ունի և նույն առաքելությունն է կատարում։ Նրանցից ոմանք արդեն հրաժեշտ են տվել երկրային կյանքին, սակայն նրանց հետ կապված անջնջելի հիշողությունները միշտ կմնան ինձ հետ, որպես եթերային տարիներիս թանկ ու անմոռաց հուշեր։ Այսօր էլ նրանք մեր կողքին են։ Զուր չի ասված, որ հեռուստաաշխարհի մարդիկ միշտ կենդանի են մնում իրենց երկրպագուների հիշողության մեջ, և որքան երկար են ապրում հեռուստադիտողները, նույնքան երկար գոյատևում են նրանց երբեմնի կուռքերը։
 
 
Անմոռանալի օր. առաջին շփումս լեգենդար «Արարատի» հետ
       Արդեն նշեցի, որ սկսած 1973 թվականից բազմաթիվ նյութեր էի պատրաստում թե՛ «Լրաբերի», թե՛ մարզական տարբեր ծրագրերի համար։ Բայց մարզական շաբաթն ամփոփող առաջին ինքնուրույն հաղորդումը վստահեցին վարել մեկ տարի անց և այն էլ այն պարզ պատճառով, որ ամենօրյա վարողը նախորդ օրվա գինարբուքից դեռ ուշքի չէր եկել, և նրա փոխարեն ուղիղ եթեր ես մտա։ Սկզբի համար կարծես վատ չէր։ Սովորեցրին, սովորեցի ու այդպես դարձա մարզական մեկնաբան։ Շուտով վստահեցին նաև վարել ֆուտբոլային ռեպորտաժներ, իսկ առաջինը Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» հետ «Արարատի»՝ մեզ համար անհաջող ավարտ ունեցած հանդիպումն էր։ Մեր թիմը պարտվեց 1։2 հաշվով, արդեն նշմարվում էին սիրելի թիմի` երբեմնի հզոր «Արարատի» անկման առաջին ախտանշանները։ Երբեք չեմ մոռանա այն անմոռաց պահը, երբ առաջին անգամ ոտք դրեցի այսօր արդեն լեգենդ դարձած «Արարատ-73»-ի ավտոբուսը։ Դա 1973 թվականի սեպտեմբերին էր,երբ ընդամենը երեք շաբաթ անց մեր տղաները պետք է նվաճեին երկրի գավաթը, իսկ այնուհետև Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը։             
Այդ օրը մարզական հաղորդումների բաժնի աշխատակիցների հետ «Արարատի» ավտոբուսով բարձրացանք Ձորաղբյուրի մարզաբազա։ Այդպես առաջին անգամ մոտիկից շփվեցի արարատցիների հետ։ Ի՜նչ հրաշալի տղաներ էին, շատերի հետ մտերիմ ընկերներ դարձանք։ Ովքեր երբևէ խաղացել են վարպետ ակումբներում կամ աշխատել են նման կոլեկտիվների հետ, գիտեն, որ այդ թիմերին սպասարկող ավտոբուսներում յուրաքանչյուրն ունի իր մշտական նստատեղը։ Այդպես էր նաև «Արարատում». սկզբից իրենց տեղերն էին զբաղեցնում հիմնական կազմի ֆուտբոլիստները, և հետո միայն ավտոբուս էին մտնում լրագրողները կամ այլ հյուրեր, և այն էլ միայն այն դեպքում ,եթե թիմի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածություն ունեին։ Այդպես բախտ վիճակվեց առաջին անգամ լրագրողի կարգավիճակով արարատցիների հետ գնալ մարզումների։ Ավտոբուսում տիրող մթնոլորտն ինձ շատ հոգեհարազատ էր, բայց անսովոր էր սոսկ որպես լրագրող ավտոբուս նստելը։ Տեղավորվեցի վերջին շարքերում, Սանասար Գևորգյանի հարևանությամբ։ Սանասարն իր էությամբ բավականին համակրելի անձնավորություն էր, չափից ավելի համեստ և ինքնամփոփ, ու մինչ կհասնեինք Ձորաղբյուր, ընդամենը մի անգամ դիմեց ինձ և այն էլ շատ անսպասելի հարցով. «Ընկեր, կարող ա՞ մոտդ շիտկի լինի»։ Հանկարծակիի գալով նման հարցից` տեղեկացրի, որ ես լրագրող եմ։ Սանասարը ժպտալով ասաց. «Կներես, ընկեր, ինձ էլ թվաց, թե մեր դուբլի տղերքից ես»։ Իսկ ովքեր չգիտեն, թե ինչ է շիտկի կոչվածը, ասեմ, որ ֆուտբոլիստներն այն օգտագործում են ոտքերի սրունքների ոսկորները վնասվածքներից պաշտպանելու համար։ Այդպես սկսվեց առաջին, բայց և շատ մտերմիկ ծանոթությունս «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստների հետ. ամեն մեկն անկրկնելի մի կերպար, մի վառ անհատականություն։ Եվ պատահական չէր, որ հենց ա՛յդ անունները, մեր օրերի մեծագույն մարզիչ Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ, ոսկե տառերով պիտի գրվեին հայկական սպորտի տարեգրության մեջ։
1973 թվականին հաջորդած սերնդում առանձնանում էր մի հրաշալի ֆուտբոլիստ` Խորեն Հովհաննիսյանը: 80-ականների ֆուտբոլային իրականության հենքին Խորիկը նոր էջ բացեց ու շատ արագ էլ ֆուտբոլասերների կուռքը դարձավ: 1975-ին առաջին անգամ փոխարինման դուրս եկավ Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության «Արարատ»-«Բավարիա» հիշարժան հանդիպման ժամանակ, ամրապնդվեց թիմի կազմում` շարունակելով «Արարատ-73-ի» ավանդույթները: Ուրախությամբ փաստենք, որ հոր հետքերով այսօր վստահ ու հաստատուն ընթանում է նրա որդին` Ժորա Հովհաննիսյանը` երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստ, որը, կարծում եմ, շուտով իր մասին հիշեցնել կտա իր փայլուն խաղով: Այսօր նա հանդես է գալիս ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարի մասնակից Մոսկվայի մարզի «Սատուրն» թիմում: Ցավում եմ, որ Ժորայի նման ակնհայտորեն խոստումնալից ֆուտբոլիստը մեր հավաքականի կազմում չէ:
 
Դառնամ փառաբանեմ
       Այդ տարիներին բավական մտերմացա նաև մյուս մարզաձևերի ներկայացուցիչների հետ` աստիճանաբար խորացնելով գիտելիքներս հատկապես օլիմպիական համարվող մարզաձևերում։ Եվ ինչպիսի՜ հզոր մարզիկների հետ առիթ ունեցա մոտիկից շփվելու. Յուրի Վարդանյան, Դավիթ Համբարձումյան, Զինաիդա Սիմոնյան, Վարդան Միլիտոսյան, Գեղամ Վարդանյան, Դավիթ Թորոսյան, Էդուարդ և Ռուդիկ Միքայելյան եղբայրներ, Էլմիրա և Նարինե Անտոնյան քույրեր, Արթուր Հակոբյան, Անիտա Զաքարյան, Բենուր Փաշայան, Գուրգեն Բաղդասարյան, Ռիտա Պողոսյան, Սերժ Քոչարյան, Վասիլի Կուվշինկին, Էդուարդ Բարոյան, Արսեն Կոթիկյան, Սուրեն Ղազարյան, Ռաֆայել Վահանյան, Արշակ Պետրոսյան, Սմբատ Լպուտյան, Խորեն Ինջեյան, Կամո Սարոյան, Հրաչյա Շահազիզյան, Սոբերտ Մանուկյան, Բագրատ Բուռնազյան և մեծաթիվ այլ աշխարհահռչակ մարզիկներ, որոնցից շատերի հետ այսօր էլ մտերիմ բարեկամներ ենք։ Երբեք չեմ մոռանա նաև հայկական սպորտի այնպիսի երախտավորների, ինչպիսիք են սպորտի վաստակավոր վարպետներ Հրանտ Շահինյանը, Սերգո Համբարձումյանը, Ալբերտ Ազարյանը, Իգոր Նովիկովը, Նիկիտա Սիմոնյանը, Վլադիմիր Ենգիբարյանը, Նորայր Մուշեղյանը, վաստակավոր մարզիչներ Էդուարդ Արիստակեսյանը, Մամիկոն Համբարձումյանը, Ռաֆայել Մեհրաբյանը, Ռաֆայել Չոլախյանը, Ստեփան Ղազարյանը, Ռոբերտ Տիգրանյանը, Ռուբեն Վարդանյանը, Հարություն Խաչատրյանը, Էդուարդ Գրիգորյանը, Հարություն Քեհեյանը, Վահրամ Առաքելյանը։ Նրանք մարզաշխարհի իմ լավագույն ուսուցիչներն են, որոնցից նույնպես շատ բան սովորեցի։ Պատշաճը մատուցեմ նաև տարբեր տարիների հանրապետական սպորտկոմիտեն գլխավորած Գեորգի Ասատրյանին, Ռոլանդ Ասատրյանին, Մարատ Նուրիջանյանին, Միքայել Իսպիրյանին, Ռաֆայել Թորոյանին, Ալիկ Ավետիսյանին, Ռուբեն Հակոբյանին, ։ Բնական է, որ գտնվելով նման հանրաճանաչ մարդկանց շրջապատում` ես պիտի ջանայի հնարավորինս շատ հաղորդումներ պատրաստել մեր մարզաշխարհի հերոսների մասին։
 
 
 
 
 Ոմանցհամարանծանոթէփոթորիկիօգուտը, բայց չգիտեն, որկայծակներըմիշտմաքրումենմեր   օդը։
 
Լրատվամիջոցները քաղաքական  ալեկոծումներիհայելի
Ազատությունը  մտել  էր  եթեր
        1985 թվականի մարտից, երբ իշխանության եկավ Միխայիլ Գորբաչովը, ժամանակի չափումները կտրուկ փոխվեցին։ Նախկին կիսափակ երկիրը սրընթաց բացվում էր աշխարհի առջև։ Չտեսնված ու չլսված գաղափարների, ապրանքների, տեխնիկայի, ծառայությունների հետ մեկտեղ հորդում էր տեղեկատվության հեղեղը։ Ազատության կարոտ մեր սրտերում ու մտքերում բնականորեն արձագանքեցին վերակառուցման գաղափարները։ Վերափոխումների շրջան էր, և մենք ևս սկսեցինք կիրառել նոր, տպավորիչ հնարներ. լայնորեն օգտագործում էինք որակյալ ու թարմ տեսանյութեր՝ դրանք ուղեկցելով բարձրաճաշակ երաժշտությամբ ու գրավիչ տեքստով։ Գորբաչովի նախաձեռնած վերակառուցման ուղեգիծը զանգվածային լրատվամիջոցներում ու հատկապես հեռուստատեսությունում ընկալվեց և կյանքի կոչվեց որպես բազմակարծության խրախուսում։ Ըստ այդմ, ոչ միայն լուսաբանվում և գովաբանվում էին խորհրդային մարզիկների ու թիմերի հաջողությունները, այլև քննադատվում էին թերությունները։ Անաչառորեն ներկայացվում էին համաշխարհային պրոֆեսիոնալ սպորտը, հռչակավոր աստղերը, մարզական գործի կազմակերպման նրանց փորձը։ Փաստորեն վերացված էր գրաքննությունը, մենք ձերբազատվել էինք խորհրդային կյանքի առավելությունները մերկապարանոց քարոզելու պարտադրանք-պարտավորությունից, սպորտը քաղաքական, գաղափարական աշխատանքին ծառայեցնելու նեղմիտ մոտեցումներից, ազգային սնապարծության աստիճանի բարձրացված ինքնագովությունից։ Նոր, թարմ հովերը նորովի աշխատելու էին մղում։ Իմ ղեկավարած մարզական հաղորդումների գլխավոր խմբագրության կազմի մեջ ստեղծեցի երկու ստեղծագործական բաժին՝ մասսայական սպորտի և մեծ (ներկա պատկերացմամբ՝ պրոֆեսիոնալ) սպորտի։ Արտադրանքի ծավալը հասցվեց 50 ժամի։ Նորարարություն էին նաև հեղինակային հաղորդումները։ Ինքս վարում էի հեղինակային չորս ծրագիր՝ «Սպորտ գումարած արվեստ», «Համաշխարհային սպորտի աստղերը», «Սպորտ պլյուս» և «Ֆուտբոլային համայնապատկեր», և դրանք բոլորն էլ հեռուստադիտողների մեծ լսարան էին հավաքում։
Այս ամենում գնահատելի էր մեր ստեղծագործական կոլեկտիվի աշխատանքը. Կոլեկտիվ, ուր ընդգրկված էին փորձառու և բանիմաց մարդիկ։ Մեր խմբագիրները` Լևոն Անանիկյանը, Ռուդիկ Բարսեղյանը, Վաղինակ Գրիգորյանը, Վարդան Թադևոսյանը, Արա Հակոբյանը, Հովհաննես Մարտիրոսյանը, մեկնաբաններ Արամայիս Ղարիբյանը, Սուրեն Բաղդասարյանը, Սերգեյ Խաչատրյանը, Սլավա Սարգսյանը, գլխավոր ռեժիսոր Արա Հարությունյանը, ռեժիսորներ Կարինե Գալստյանը, Մելիք Մայիլյանը, գլխավոր օպերատոր Էդվին Գրիգորյանը, օպերատորներ Աշոտ Գևորգյանը, Ալբերտ Հովսեփյանը, Սուրեն Մուրադյանը, Արամ Վարդանյանը իրենց գործի գիտակներն ու նվիրյալներն էին։
Ազատությունը, բազմակարծությունը լայնորեն հորդում էր եթեր։ Գորբաչովը մեր լեզվի կապանքները բացել էր, մեր աչքի շղարշը վանել։ 70 տարվա մեր փակ լեզուն բացվել էր։ Մենք գիտեինք, որ ցույցերը, երթերը, խնդրագրերը, լրատվության տարածումը, քաղաքական բազմապիսի խաղաղ ակցիաները օրինական ճանապարհով ճնշում բանեցնելու միջոցներ են։ Այդ օրերին անցկացվող հանրահավաքների հարթակից բազմիցս էր կոչ արվում բոլոր հաստատությունների աշխատակիցներին նամակներ հղել Միության մյուս հանրապետությունների և Մոսկվայի գործընկերներին, բացատրել Ղարաբաղի հայերի պահանջների էությունը, բարոյական ու քաղաքական աջակցություն խնդրել նրանցից։ Մինչ օրս էլ շատ տարածված արտահայտություն կա՝ «Մենք բոլորս էլ Շարժման մասնակից ենք եղել»։ Սա ըստ էության է ճիշտ, որովհետև բոլորս դարձել էինք ոչ միայն Ղարաբաղի պատմության մասնագետներ, այլև քարոզիչներ։ Նույնիսկ նրանք, ովքեր խուսափում էին հանրահավաքներին մասնակցել կամ բարձրաձայն իրենց կարծիքն արտահայտել ներսում, Հայաստանից դուրս չափազանց մեծ եռանդ էին գործադրում` ռուս, ուկրաինացի ու այլազգի գործընկերներին, ծանոթներին, պատահական հանդիպած մարդկանց ժամերով բացատրելու, թե իրականում ինչ է տեղի ունենում և որ հայ ժողովուրդն իր պահանջներում իրավացի է։ Իրենց հերթին օտարազգիներն էին հետաքրքրություն ցուցաբերում, զանգահարում, խնդրում տեղեկացնել` ի՞նչ է ձեզ մոտ կատարվում, «Վրեմյային» չենք հավատում, դուք պատմեք։
 
Շարժումը թեժանում էր, լրատվամիջոցներն ակտիվանում
      Քաղաքական հարթությունում արծարծված հարցը թեև ուշացած, բայց օրինաչափորեն փոթորկվեց զանգվածային լրատվամիջոցներում՝ թերթերի էջերում, հեռուստատեսության ու ռադիոյի եթերում։ Հեռուստատեսության կոլեկտիվում գրեթե բոլորն էին ոտքի կանգնել, սակայն կարող եմ թվարկել նրանց, որոնց ակտիվությանը ինքս եմ ականատես եղել. ինֆորմացիայի գլխավոր խմբագրության թղթակցական բաժնի վարիչ Սամվել Գևորգյան, տնտեսական հաղորդումների բաժնի վարիչ Հայկ Մարգարյան, խմբագիրներ Բակուր Կարապետյան, Վահագն Մարտիրոսյան, Արփեն Մովսիսյան, Աֆթանդիլ Գրիգորյան, Լյուսյա Մեհրաբյան, Պերճուհի Տատուրյան։
Շարժման առաջին իսկ օրերից սկիզբ էր առել իսկական պատերազմ, մի կողմից՝ պաշտոնական Մոսկվայի ու Բաքվի, մյուս կողմից՝ հայ ժողովրդի ու նրա նորաթուխ, ոչ ֆորմալ առաջնորդների միջև։ Հայաստանի կուսակցական-պետական ղեկավարությունը վարանեց, սպասողական դիրք բռնեց։ Որքան էլ 88-ի հանրահավաքներում ժողովրդի վրդովմունքն անկեղծ էր, սակայն ճշմարտություն, դառը ճշմարտություն կար Կարեն Դեմիրճյանի նետած շիտակ խոսքում՝ Ղարաբաղը գրպանումս չէ, որ հանեմ տամ։ Այսօր, այդ իրադարձություններից 22 տարի անց, պարտավոր ենք խոստովանել, որ միայն հատուկենտ խորաթափանց մարդիկ էին կռահում, թե որքան տառապանքներ ու զոհեր էր պահանջելու սկսված առճակատումը։ Ընդ որում, այդ ամենի դիմաց հայերիս դեռ չի հաջողվել լուծել ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու հիմնախնդիրը, սակայն գոնե հաջողվեց կանխել օրհասը՝ փրկել ղարաբաղցիներին նախ` խորհրդային, ապա` ադրբեջանական զորքի ու խուժանի ռազմական ագրեսիայից։ Գրեթե երկուսուկես տարի տևած պատերազմի հաղթանակի արդյունքը մեր հայրենակիցների ֆիզիկական բնաջնջման ու բռնի գաղթեցման սպառնալիքը չեզոքացնելը եղավ։ Ղարաբաղյան պատերազմը չբերեց պատմական արդարության վերականգնման։ ԽՍՀՄ կործանումից հետո հարցը միջազգայնացվեց, նրա լուծումը փոխադրվեց մեծ պետությունների, հարևանների, միջազգային իրավունքի ու էներգետիկ շահերի ոլորտ, և հանգուցալուծումն առայժմ չի երևում։ Հզոր պետությունների ու հեղինակավոր միջազգային կազմակերպությունների միջամտությունն այսօր կարծես անհավանական է դարձրել պատերազմի կրկնությունը, սակայն վերջնական խաղաղությունից հավանաբար դեռ շատ ենք հեռու։
 
 
   Արցախինվիրյալբարերարները
        Ղարաբաղյան շարժումը մի հրաշալի հանդիպման և ծանոթության առիթ դարձավ: Անգլիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քոքս (բարձրաստիճան այս տիկնոջը ճանաչել եմ Զորի Բալայանի միջոցով). հրաշալի տեղյակ հայ ժողովրդի պատմությանը, արցախյան իրողություններով, մեր գոյամարտով հետաքրքրված ու դրանցով հպարտ (գուցե ավելի, քան հայերիցս շատերը) մարդ: Բարոնուհուն և Արցախում նրա բարեգործությանը նվիրված երեք հաղորդում եմ պատրաստել, և ինձ, հիացմունքից բացի, ուղղակի ապշեցրել է ազնվահոգի այս տիկնոջ այդօրինակ հայանվիրումը: Նա եղել է Արցախում ավելի քան 40 անգամ, այն էլ ամենաթեժ շրջանում (92-95 թվականներ) երբ միակ փոխադրամիջոցը ուղղաթիռն էր և մշտապես կրակի տակ էր, Սակայն նա դա էլ էր անտեսում և կյանքը վտանգելով շարունակում իր բարեգործական այցելությունները` ամեն անգամ փաստացի պատերազմի մեջ գտնվող Արցախ բերելով նոր օգնություն: Այս ամենը միջազգային մեծ հեղինակություն ունեցող քաղաքական գործչի համար այնքան էլ հեշտ չէր. չէ՞ որ Մեծ Բրիտանիան իր հետաքրքրություններն ուներ Ադրբեջանում, և չի բացառվում, որ այս երկրի հատուկ ծառայությունները մինչև իսկ ցուցում են տվել` չխառնվել հայ-ադրբեջանական հակամարտությանը: Սակայն բարոնուհին իրեն պարտավորված էր զգում պաշտպանել պատմական արդարությունը, բարձրաձայնել այդ մասին, պահանջում էր, որ միջազգային հանրությունը ճիշտ կողմնորոշվի Արցախի հարցում: Վստահ էր, որ հայերի պահանջն արդար է և որպես աստվածահավատ մարդ համոզված էր, որ Աստված կօգնի հայերին իրենց արդարացի պայքարում, և հայերն անպայման կհաղթեն: Հիացած էր ղարաբաղցիների հերոսական, անպարտելի ոգով, հայերիս համարում էր ամենահյուրասեր ժողովուրդը:
Այսօր էլ բարոնուհի Քոքսը, ինչպես ասում են, ոտքը Արցախից չի կտրում: Շարունակում է բարեգործություն անել, դարձյալ ու դարձյալ Արցախ է գալիս օգնություններով` մշտապես ուշադրության տակ պահելով դրանց շնորհիվ ստեղծված բժշկական, կրթական և այլ կառույցներ և հոգալով դրանց կարիքները:
Մենք իրավացիորեն հպարտանում ենք բարոնուհի Քոքսի նման բարեկամ ու բարերար ունենալու համար: Հայ ժողովուրդը, մանավանդ արցախցին, նրան տուրք ունի տալու` երախտագիտության տուրք, քանզի այսօրինակ նվիրումը հավերժ երախտագիտության ու մեծ գնահատանքի է արժանի: Այսպիսի անհատներին մենք մոռանալու իրավունք չունենք: Կարծում եմ` ճիշտ կլիներ Արցախում բարոնուհու անձն ու գործը հավերժացնելու համար Ստեփանակերտում նրա անունով որևէ փողոց, որևէ հաստատություն անվանակոչել:
Ուզում եմ ավելացնել նաև, որ բարոնուհի Քոքսի արցախյան ողջ  գործունեության մեջ շատ մեծ է գրող, հրապարակախոս Զորի Բալայանի գործոնը: Արցախի ճակատագրով մտահոգ երկու նվիրյալ անհատներն այս ճակատում գործել են միասին: Բոլոր այցելությունների ժամանակ Զորի Բալայանը եղել է բարոնուհու կողքին, որպես կազմակերպիչ, ընկեր ու զինակից: Գրեթե բոլոր ծրագրերը ծնվել ու իրագործվել են երկուսի նախաձեռնությամբ ու համատեղ ուժերով: «Ես քո հայ քույրն եմ, դու իմ հայ եղբայրը»,- ասում էր բարոնուհին Զորի Բալայանին:
Խոսել Արցախում բարեգործական ծրագրերի մասին և չանդրադառնալ մոսկվաբնակ գործարար Լևոն Հայրապետյանի բարեգործությունը, հնարավոր չէ: Փայտամշակման արտադրություն, 90-ականներից սկսած` Լաչինի վերաբնակեցում և մի շարք բարեգործական ծրագրեր այսօր  էլ ֆինանսավորում են նրա կողմից: Լևոն Հայրապետյանի միջոցներով Ղարաբաղում կազմակերպված 700 նորապսակ զույգերի միաժամանակյա հարսանիքը հայրենասիրական հրաշալի նախաձեռնություն էր: 700 օջախ ստեղծվեց այդ օրը, 700 նոր ընտանիք նրանից ֆինանսական աջակցություն ստացավ:
Դե իսկ Արա Աբրահամյանի բարեգործությունն Արցախում սահմաններ չի ճանաչում: Ավելի քան 3 մլն դոլար. ահա այսպիսի ծավալի ներդրում է այստեղ կատարել Հայերի համաշխարհային միության նախագահը: Այժմ էլ նրա ֆինանսավորմամբ (1.5 մլն դոլար) Ստեփանակերտում կառուցվում է հանրակրթական դպրոց` 700 աշակերտի համար, հագեցած ամենանորագույն ուսումնական միջոցներով:
 
 
 Հարյուրն աջակցեց, մեկը ոչնչացրեց
       Ղարաբաղյան շարժման առաջին իսկ ալիքը սրբեց-տարավ Հայաստանի այն օրերի բոլոր ղեկավարներին, նրանց թվում նաև Հեռուստառադիոպետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանին։ Անվանի պատմաբանը 18 տարի՝ 1970-88 թվականներին, գլխավորել է մեր համակարգը, նրա ղեկավարությամբ է ընդլայնվել ու որակական նոր մակարդակի հասել հայկական հեռուստատեսությունը։ Նրա կազմակերպական ունակություններն ու քաղաքական հեռատեսությունը հետագայում օգտակար եղան «Արմենպրեսի», ապա մամուլի և հրատարակչությունների պետկոմի ղեկավարների պաշտոնում։ Նա այսօր էլ շարքում է, Հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների կարգավորման հանրային խորհրդի անդամ է, շարունակում է իր արգասաբեր գիտական հետազոտությունները հայկական հարցի, ցեղասպանության, ազգային-ազատագրական պայքարի պատմության ասպարեզում, ինքնատիպ մի գիրք է հեղինակել իր հայրենակից սասունցիների մասին։ Իրեն բնորոշ արդարամտությամբ նա մշտապես թիկունք էր կանգնում բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատողներին, պաշտպանում նրանց հանիրավի հարձակումներից։ Գործի նկատմամբ պահանջկոտ էր, ընդգծված խրախուսական վերաբերմունք էր ցուցաբերում այն բոլոր նախաձեռնությունների նկատմամբ, որոնց միջոցով կարելի էր բորբոքել հայրենասիրական զգացումներ, թափանցել ազգային ինքնագիտակցության խորքերը, առողջ սնունդ տալ հայկական ինքնության բացահայտմանն ու բյուրեղացմանը։ Այդ նրա անվերապահ աջակցության շնորհիվ ես ձեռնամուխ եղա հայկական սպորտի պատմությանն առնչվող փաստավավերագրական ֆիլմերի, ռեպորտաժների, առհասարակ ժապավենի վրա արձանագրված նյութերի որոնման ու Երևան փոխադրելու գործին։ Թող ինձ ներեն ընթերցողները, ինչ-որ տեղ գուցեև որոշ չափով անհամեստ երևալու համար, բայց այդ ժամանակահատվածում, իրոք, բացառապես առանց կողմնակի օգնության, մեծածավալ աշխատանք կատարեցի` Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության տեսադարանից ու Կրասնոգորսկի (Մոսկվայի մարզ) կինոարխիվից երկու-երեք տարվա ընթացքում պատճենահանելով ու Երևան տեղափոխելով հայազգի մեծանուն մարզիկների մասին պատմող բազում տեսանյութեր։ Պաշտոնական խողովակներով նույն գործի իրագործման համար կպահանջվեր շատ ավելի ժամանակ, գերատեսչությունների ղեկավարների միջև բարդագույն փոխհամաձայնեցումներ, բյուրոկրատական աներևակայելի արգելքների հաղթահարում և, վերջապես, ծախսեր։ Իսկ ես այդ ամենին հասա իմ մոսկովյան հովանավորների ու գործընկերների օգնությամբ։ Անվրեպ էր գործում խորհրդային պաշտոնեության մեջ շատ հարգի «հեռախոսային զանգի իրավունքը», իսկ միջնորդողները հայտնի մարդիկ էին՝ ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության մարզական հաղորդումների գլխավոր խմբագիր Ալեքսանդր Իվանիցկին, բաժնի վարիչ Սերգեյ Պոկրովսկին, մարզական մեկնաբաններ Նիկոլայ Օզերովը, Վլադիմիր Պերետուրինը, Եվգենի Մայորովը, Նաում Դեմարսկին և, իհարկե, մեր հայրենակիցներ Վլադիմիր Ռաշմաջյանը և Գեորգի Սարկիսյանցը։
Բոլորովին դատարկ տեղում ստեղծված մարզական հարուստ տեսանյութերի արխիվը մեր հեռուստադիտողին հետագայում պարգևեց տասնամյակներով մոռացված կամ անհայտ կադրեր հայկական սպորտի լեգենդների՝ սպորտի վաստակակավոր վարպետներ, ծանրամարտիկներ Սերգո Համբարձումյանի, Ռաֆայել Չմշկյանի, մարմնամարզիկներ Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի, Ալբերտ Ազնավուրյանի, հնգամարտիկ Իգոր Նովիկովի, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի, ըմբշամարտիկ Նորիկ Մուղեշյանի և շատ ու շատ ուրիշների մասին։ Մասնավորապես, Սերգո Համբարձումյանի մասին պատմող նյութերը վերաբերում էին 1920-ական թվականների վերջին, Վլադիմիր Ենգիբարյանի և Հրանտ Շահինյանի մասին ամենահին ժապավենները՝ 1950-ականների առաջին կեսին։ Հավաքել էի նաև համաշխարհային սպորտին առնչվող ժապավեններ՝ բոլոր օլիմպիական խաղերի (սկսած 1896 թվականից), ֆուտբոլի աշխարհի բոլոր առաջնությունների (սկսած 1932 թվականից) մասին։ Եվ էլի շատ ու շատ արժեքավոր տեսանյութեր կային, որոնք հիմք կհանդիսանային հարյուրավոր հաղորդումների համար և, ինչու ոչ, կարող էին դառնալ նաև պետության կողմից պահպանվող արխիվների սեփականությունը։ Բայց որքան ցավ ու զայրույթ համակեց ինձ, երբ 1998 թվականին ԱՄՆ-ից վերադառնալուց հետո տեղեկացա, որ հայկական պետական հեռուստատեսության նոր, երիտասարդ ղեկավարը անփութորեն թույլ էր տվել ոչնչացնել այս ամենը՝ ավելի քան 40 տեսահոլովակ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ, որ պահվում էր հեռուստատեսության արխիվում, 22-62 համարների տակ։ Այսօր ինչ-որ փշրանքներ մնացել են իմ անձնական արխիվում, գուցե որոշ բան էլ փրկված լինի գործընկերներիցս ոմանց շնորհիվ։ Չգիտեմ։ Իսկ այդ վանդալիզմն իր անհիմն դրդապատճառներով առողջ բանականության մեջ պարզապես անհնար է տեղավորել։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
      ՈՒՂԻՂ  ԵԹԵՐԻ  ԱՆՈՒՂՂԱԿԻ  ԵՎ  ՈՒՂՂԱԿԻ  ՎՆԱՍՆԵՐԸ
Ազատ մի հարց, և հաղորդումը փակվեց
          Չնայած այդ տարիների իմ շարունակական առաջխաղացմանը, հեռուստատեսությունում եղան նաև խնդիրներ, որոնցից երկուսը կարող էին ավարտվել համակարգից իմ հեռացմամբ։ Առաջինը 1982 թվականին էր։ Ռեժիսոր Սուրեն Ռշտունու հետ նախաձեռնել էինք «Ալո, հեռուստատեսություն» առաջին հեղինակային հաղորդումը, որի ձևաչափն այժմ բոլորին է հայտնի, և բազմաթիվ ընկերություններ տարբեր անվանումների ներքո ու տարբեր հեղինակների կատարմամբ իրականացնում են ըստ էության գրեթե նույն նախագիծը. նախապես հայտնի հեռախոսահամարով մարդիկ զանգահարում են տաղավար և ուղիղ եթերում արծարծում իրենց անհանգստացնող հարցերը։ Առաջին երկու հաղորդումներն անցան հարթ ու խաղաղ, սակայն երրորդ հաղորդման ժամանակ զանգահարեց մի հեռուստադիտող ու եթերում բավականաչափ համարձակ ու անսովոր արտահայտություններ թույլ տվեց այն ժամանակվա երկրի ղեկավարության հասցեին` մոտավորապես այս իմաստով. ո՞ւր է նայում կուսակցությունը, երբ Կենտկոմի քարտուղար Հրանտ Ոսկանյանը չարաշահումներ է կատարում։ Մինչ կհասցնեի հասկանալ ասվածի ողջ լրջությունը և ընդհատել հեռուստադիտողին` հիշեցնելով, թե հարկավոր է փաստերով խոսել, և չի կարելի անվանարկել հանրապետության ճանաչված ղեկավարներից մեկին, արատավորել մարդու բարի համբավն ու նման բաներ, արդեն ուշ էր։ Եղածը եղած էր։ Իրական իշխանությամբ օժտված կուսկոմիտեն ինձ հայտարարեց խիստ նկատողություն՝ վերջին նախազգուշացումով,իսկ հաղորդումը փակվեց։
 
 
             Լավ պրծա` ընդամենը զգուշացում
       1987 թվականին առաջին անգամ Հայաստան էր եկել լիբանանահայ մարզիկ Կարո Քեբաբջյանը: Արևելյան մարտարվեստի հմուտ գիտակ է նա, մարզական հարուստ կենսագրություն ունի, պատրաստել է Միջին Արևելքի մի շարք երկրների  նախագահների թիկնապահներին, մարզել նրանց որդիներին: Հայաստանի կարատեի ֆեդերացիայից ինձ առաջարկեցին  նրան հաղորդման հյուր կանչել: Հրավիրեցի: Եթերն ուղիղ էր: Հաղորդման մի հատվածում Կարոն տրվեց հայրենասիրական էմոցիաների. «Երևանը շատ գեղեցկացել է: Համոզված եմ, որ շատ շուտով մենք ավելի գեղեցիկ Երևան և Հայաստան ենք ունենալու: Ես արդեն տեսնում եմ նորացվող քաղաքների պատկերը` բարձրահարկ շենքերով, սիրուն կառույցներով»: Այսքանը, ոչինչ, նորմալ էր: Մեկ էլ Կարոն թե` «Հայաստանը շուտով կանկախանա, մենք կապրենք անկախ երկրում»: Արագ փոխեցի թեման, Կարոյին իր ասելիքից շեղեցի, բայց խոսքն արդեն հնչել էր: Հաջորդ օրն ինձ հրավիրեցին պետական անվտանգության կոմիտե (ԿԳԲ, այժմ` ազգային անվտանգության ծառայություն): «Էդ տեռորիստին ինչու՞ ես բերել եթեր»,- հանդիմանեցին ինձ: Անզգուշությանս համար բանավոր զգուշացվեցի:
Կարոն, ինչպես հետո` ընդամենը մեկ տարի անց պարզվեց, մարգարեացել էր: 88-ին սկիզբ առած հայոց համազգային շարժմանն ի մասնակցություն, առաջիններից մեկը եկավ Հայաստան, մասնակցեց առաջին կամավորական ջոկատների ձևավորմանը, մարզում էր կամավորականներին, հետագայում նաև բանակին իր փորձը տվեց:
Կարո Քեբաբջյանն այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանն է Միջին Արևելքի երկրներում: Իսկ մեր երկուսի ընկերությունը մինչ օրս էլ շարունակվում է:
 
    Քիչ մնաց` եթերի  իրավունքից  զրկեին                                                                                                                                                        
 
    Մյուս դեպքը 1988 թվականի ապրիլի վերջին էր. Ղարաբաղյան շարժումն օր առ օր թափ էր հավաքում, Սումգայիթում տեղի էին ունեցել հայերի սահմռկեցուցիչ ջարդերը։ Մոսկվան, առանց խորանալու Շարժման հետապնդած իրավական-քաղաքական նպատակների ու հիմքերի մեջ, հապշտապ որոշում էր կայացրել պաշտպանել ադրբեջանական կողմին և մեր խաղաղ հանրահավաքները որակել էր որպես մի խումբ ծայրահեղականների ու ազգայնականների սադրանք։ Ահա այդ մթնոլորտում Երևանում անցկացվում էր ընկերական ֆուտբոլային խաղ Երևանի «Արարատի» և Ստեփանակերտի «Արցախի» միջև։ Անհնար ու անթույլատրելի էր շրջանցել օրվա գլխավոր թեման՝ ովքե՞ր են ղարաբաղցիները, ինչի՞ են նրանք ձգտում, և ես հեռուստատեսությամբ հեռարձակվող ռեպորտաժի հենց սկզբում ջերմ խոսքեր ասացի արցախցի մեր հայրենակիցների հասցեին, իսկ ընկերական հանդիպումը պատկերավոր կերպով բնորոշեցի որպես միասնության ձգտող հայ ժողովրդի երկու հատվածների երազանքի մասնակի իրականացման առհավատչյա։ Մյուս օրն ինձ մեղադրեցին սպորտն անհարկի քաղաքականացնելու, ազգայնական տրամադրություններ բորբոքելու մեջ։ Առաջարկվեց վեց ամսով ինձ զրկել եթերի իրավունքից։ Բարեբախտաբար, օրեր անց սույն որոշումն անտեսվեց, և ես կրկին եթերում էի։ Ակնհայտ էր, որ համակարգը ճաք էր տալիս բոլոր ուղղություններով։ Հեռուստալրագրության մեջ դա ավելի ու ավելի ակնառու էր դառնում։
 
    Եթերավթար. զոհը դարձյալ ես էի
        1990 թվականի սեպտեմբերին ՀՀ վարչապետ Վազգեն Մանուկյանի հրամանով ՀՀ հեռուստառադիոպետկոմի նախագահ նշանակվեց արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը։ Ամենուր բուռն վերափոփումներ էին կատարվում՝ փոխվում էին ոչ միայն մոտեցումներն ու սկզբունքները, այլև մարդիկ։ Կարճ ժամանակում փոխվեցին նաև Հեռուստառադիոպետկոմի գլխավոր խմբագրությունների ղեկավարները, բացառությամբ ինձ և Ռոբերտ Մավիսակալյանի, որն այդ ժամանակ ուսումնական և գիտահանրամատչելի հաղորդումների գլխավոր խմբագիրն էր։ Ուշագրավ, իրոք, նոր կերտվածքի ղեկավար էր Հովհաննիսյանը։ Նա ինձ առաջարկեց ստեղծել նոր հաղորդում՝ «Առողջական քայլքի և վազքի հեռուստադպրոց» և ցանկություն հայտնեց անձամբ վարել այդ նոր հաղորդաշարը, քանի որ երկար ժամանակ է, ինչ լրջորեն զբաղվում էր առողջական քայլքով։ Տարօրինակը, սակայն, ոչ այնքան այն էր, որ Կառավարության անդամն էր վարելու հաղորդումը, որքան այն, որ նա բարեխղճորեն նախապես կազմում էր հաղորդման սցենարը և ներկայացնում ինձ՝ որպես մարզական հաղորդումների գլխավոր խմբագրի։ Իմ բոլոր առարկությունները, թե անհարմար է, ինչպես կարող եմ ես ստուգել կամ չհամաձայնել իմ ղեկավարի գրածին, նա անվրդով պատասխանում էր. «Տվյալ դեպքում ես հանդես եմ գալիս որպես քո խմբագրության հեղինակ, և դու պարտավոր ես, ինչպես հարկն է, կատարել պաշտոնեական պարտականություններդե։ Այսպես ճիշտ ու համերաշխ սկսեցի աշխատել հույժ մտավորական այդ մարդու հետ։ Եվ հենց այդ բարեկրթությունն էր պատճառը, որ մի օր երկուսս հայտնվեցինք չափազանց տհաճ իրադրության մեջ և որն էապես փոխեց իմ (կարծում եմ, նաև Հենրիկ Հովհաննիսյանի) հետագա աշխատանքային ու կենսական ուղին։ 1991 թվականի հոկտեմբերի սկիզբն էր։ Մի քանի օրից անցկացվելու էին ՀՀ Նախագահի առաջին ընտրությունները։ Ակնհայտ ֆավորիտը Գերագույն խորհրդի նախագահ, ՀՀՇ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Այս ամենի հետ որևէ անմիջական կապ չունեցող մի մարզական իրադարձություն էր տեղի ունեցել։ Եվրոպայի եռակի, ԽՍՀՄ վեցակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբքյոխյանը, իր քաշային կարգում դարձել էր աշխարհի չեմպիոն։ Բացի այդ, հայտնի էր դարձել, որ մի երիտասարդ քանդակագործ՝ Համբարձում Սայադյանը, ստեղծել է անվանի բռնցքամարտիկի դիմաքանդակը և այդ գործը ցանկանում է նվիրել իր հերոսին։ Այդ ամենը նկատի առնելով` «Ալլո, սպորտ»-ի հերթական հաղորդումը նվիրեցի Հակոբքյոխյանին։ Նախ եթեր արձակեցի հաղորդման առաջին մասը, որտեղ զրույցին մասնակցում էին բռնցքամարտիկն ու քանդակագործը։ Անշուշտ, Իսրայելը հայտնի էր իր որոշ տարօրինակություններով, բայց համոզված էի, որ դա կարող է լինել հաղորդման աղը։ «Թո՛ղ մարդիկ տեսնեն իրենց սիրած մարզիկին առանց գունազարդումների, բնական վիճակում»,- մտածեցի ես և, բացի տեխնիկական թերություններ պարունակող փոքրիկ կտորներից, տեսագրությունն ամբողջությամբ ներկայացրի հեռուստադիտողի դատին։ Ի՞նչ կա որ, թո՛ղ մարդիկ իր շուրթերից լսեն, որ ինքը մարտերը վարում է իր ուղեղի շնորհիվ։ Թո՛ղ մարդկանց հայտնի իր լեզվաբանական գիտելիքներն առ այն, որ ինքը թագավորի ծաղրածուի նման «ԳԻԺ» է, իր հեղինակած ստուգաբանությամբ՝ գիտուն, իմաստուն, ժիր։ Թո՛ղ իր ցասումը հայտնի հարազատ Գետաշենի անկման համար։ Թո՛ղ սրտի ուզածն ասի։ Փույթ չէ՛, նա կարող է և սխալվել, հո քաղաքական գործիչ չէ, մանկության երազանքը կրկեսի ծաղրածու դառնալն է եղել։ Մարզիկն այդպես էլ խոսեց` ազատ, անկաշկանդ։ Նրա խոսքում տխրություն էլ կար։ Ասաց, թե այլևս չի ուզում բռնցքամարտով զբաղվել, որովհետև դաստակները թուլացել են, հաճախ կոտրվում են։ Ասաց, թե վախենում է ամուսնանալ, երեխա ունենալ, որովհետև ինքն անշնորհք է, ոչ գործունյա, չի կարողանա ընտանիք պահել։ Գովազդային կարճատև ընդմիջումից հետո ես և նա ուղիղ եթերում էինք, և նա պետք է պատասխաներ հեռուստադիտողների հարցերին։ Հենրիկ Հովհաննիսյանին զգուշացրել էի զրուցակցիս անկանխատեսելի վարքագծի մասին, առաջարկել հաղորդման այդ հատվածը նույնպես նախապես տեսագրել։ Նա էլ բարեսրտորեն ասաց. «Տղան աշխարհի չեմպիոն է դարձել, լավ կլինի, որ ժողովուրդը տեսնի իր հերոսին, լսի նրա կենդանի խոսքը՝ թեկուզ կոպիտ հայերենով»։Մեր այս խոսակցությանը մասնակցում էր նաև նրա տեղակալը՝ շնորհալի գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը։ Նա նույնպես այն կարծիքին էր, որ ճիշտը տեսագրելն է, սակայն կոմիտեի նախագահը մնաց իր կարծիքին։ Իսկ հետո պատահեց այն, ինչ պատահեց։ Ուղիղ եթերում Հակոբքյոխյանը տրտնջաց տնտեսական դժվարություններից, իր դժգոհությունը հայտնեց Երևանի փոխքաղաքապետ, ՀՀՇ-ական Ալբերտ Բաղդասարյանից, ով նրան կահույք չէր հատկացրել ու վիրավորական խոսքեր ասաց ՀՀՇ կուսակցության հասցեին. խոսքեր, որ գուցե կարող են ասվել փողոցում, բայց ոչ երբեք` եթերից։ Ես նրան մի քանի անգամ սաստեցի, բայց խոսքը թռչունի պես թռել-դուրս էր եկել վանդակից։ Առավոտյան ինձ կանչեցին Հովհաննիսյանի մոտ։ Հենց քննարկման ընթացքում զանգահարեցին վարչապետի ընդունարանից և պահանջեցին՝                                -Ղուշչյանը հեռուստատեսությունում չպետք է աշխատի։ Հովհաննիսյանն ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելով` ասաց, որ Ղուշչյանն առաջարկել էր հաղորդումը նախապես տեսագրել, սակայն ինքն առարկել էր։ Ծանր ու լարված օրեր էին։ Երկու անգամ փորձ արվեց ինձ ահաբեկել։ Առաջին անգամ մի քանի զինված մարդիկ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում օրը ցերեկով կանգնեցրին մեքենաս ու սպառնացին հաշվեհարդար տեսնել։ Երկրորդ անգամ նույնը կրկնվեց Հրազդանի ձորի ռեստորաններից մեկում ճաշելիս։ Երրորդը կարող էր ինձ համար վերջինը լինել ու ճակատագրական։ Դիմեցի Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի օգնությանը։ Հարգարժան տիկինն իմ վաղեմի գործընկերն էր և հրաշալի մարդ։ Նա ինձ լավ էր ճանաչում, երկար տարիներ ղեկավարել էր հեռուստառադիոպետկոմի ռուսական ռադիոհաղորդումների բաժինը։ Այս խմբագրության պատվերով տարիներ շարունակ «Մայակե ռադիոկայանի համար բազում մարզական ռեպորտաժներ եմ պատրաստել։ Որպես փորձված լրագրող և ընդգծված մարդկային էության տեր անձնավորություն, նա արագ ըմբռնեց տվյալ միջադեպում իմ անձնական պատասխանատվության աստիճանը և օրգանապես ատելով գռեհկությունն ու բռնությունը` խոստացավ անձամբ խոսել ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուչարյանի հետ, որպեսզի վերջինս անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկի։ Ես չգիտեմ, թե ի՞նչ էր խոսել տիկին Լյուդմիլան ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, կարևորն այն է, որ հետևանքն ինձ համար բարենպաստ եղավ՝ սպառնալիքներն անմիջապես դադարեցին։ Սակայն հեռուստատեսությունում իմ հետագա աշխատանքն այդ շրջանում օր օրի դառնում էր անհնար։ Էությամբ լինելով ազատ, ազատությունը գնահատող մարդ` ես հասկանում էի, որ այսպես այլևս հնարավոր չէ շարունակել` հատկապես հոգեբանական-բարոյական առումով։ Խմբագրի պաշտոնում մնալս դիտվեց այլևս ոչ նպատակահարմար։ Այդ իսկ հանգամանքի բերումով ստիպված եղա տեղափոխվել Մոսկվա՝ որպես Հայաստանի Հանրապետության հեռուստա- ռադիոպետկոմի թղթակցվական կետի ղեկավար և հատուկ թղթակից Ռուսաստանի Դաշնությունում։
     Անչափ կարևոր էր նաև մի կարևոր մի հաճելի իրողություն,խորհրդային ճանաչված ու փորձառու մեկնաբանների մոտ հատուկ դասընթացներ անցնելու և վերապատրաստման նպատակով ամեն տարի երիտասարդ մեկնաբաններիս երկու-երեք շաբաթով գործուղում էին Մոսկվա։ Կարող եմ ասել, որ այստեղ նույնպես իմ բախտը բերեց, ընդգրկվեցի հանրահռչակ Նիկոլսյ Օզեռովի խմբում ու տարիների ընթացքում շատ բան սովորեցի այդ,հիրավի, պրոֆեսիոնալ մեկնաբանից ու լեգեն- դար մարդուց։
 
 
 
 
 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ,  ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,  ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լրագրողի նյութը մարդն  է
   Յուրաքանչյուր մարդու կյանքի պատմությունը հիշարժան իրադարձությունների անվերջ շարան է, որտեղ ժամանակ առ ժամանակ առկայծում են խոշոր անհատականությունները։ Լրագրողի նյութը մարդն է, որպես կանոն՝ մեծ ու նշանավոր կենդանի մարդը։ Նա գործի բերումով այսպիսի մարդկանց մասին իմանում է ավելին, քան գրում է, հրապարակում։ Ուրեմն, որպես «իշխանություն», նա նաև պատասխանատվություն է կրում իր տեսածն ու լսածը համարժեք մատուցելու համար։ Աշխատանքի բերումով լրագրողին այդպիսիք, բարեբախտաբար, շատ են հանդիպում։ Եվ միայն այսրոպեական ներկայացման համար չէ, որ նա պետք է արձանագրի այդ ամենը։ Բարեխիղճ, իր գործը սիրող, իր հերոսներին գնահատող լրագրողը պարտավոր է սերունդների համար պահպանել բոլոր տեսակի այդ բացառիկ հանդիպումները հավերժացնող նյութերը, որովհետև դա պատմության սեփականությունն է, իսկ պատմության նկատմամբ ամբարտավան վերաբերմունքը անմարդկային արարք է, ուրեմն և` աններելի արարք։
 
    Նախանամությունն ինձ բարեբախտություն է տվել շփվել շատ եզակի մարդկանց հետ, ովքեր հասարակության մեջ հեղինակություն են, հարգանք ու հետաքրքրություն են վայելում, ովքեր իրենց ապրած կյանքով ու գործով արժեք են ստեղծում։ Իմ կյանքում եղել են նաև պարզ, հասարակ մարդիկ։ Նրանք մնացել են ու կմնան  հիշելի հենց դրանով՝ իրենց մաքուր ու պարզ հոգով, արժանապատիվ պահվածքով։ Նրանցից շատերը, ավաղ, այսօր մեզ հետ չեն, ժամանակին կամ անժամանակ հրաժեշտ են տվել կյանքին և մեզ՝ ապրողներիս ջերմ ու բարի հուշեր թողել։ Նրանց բոլորի հետ իմ ունեցած առնչությունների համար այսօր հպարտանալ կարող եմ։ Դա ինձ համար մեծ դպրոց էր։
 
  Մարզական տոնը, այնուամենայնիվ, կայացավ
       Հայկական սպորտը, մասնավորապես ծանրամարտը, դեռ խորհրդային տարիներին այնպիսի թռիչք կատարեց, որ այս մարզաձևի հեղինակությունը ստիպեց ծանրամարտի միջազգային ֆեդերացիային` աշխարհի հերթական՝ 1983 թվականի առաջնությունը Երևանում անցկացնելու վճիռ կայացնել։ Նման մասշտաբի ու մակարդակի առաջնություն մեզանում պետք է կայանար առաջին անգամ։ Երևանը տենդորեն պատրաստվում էր հավուր պատշաճի ընդունելու երկաթախաղի աշխարհի ուժեղագույններին։ Ավարտվել էր մարզահամերգային համալիրի շինարարությունը։ Սակայն սփյուռքի մեր հայրենակիցները բողոքի ալիք բարձրացրին, թե անթույլատրելի է Հայոց ցեղասպանությունը ծրագրած ու իրականացրած երկրի՝ Թուրքիայի պետական դրոշը Երևանում բարձրացնելը, մանավանդ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հարևանությամբ։ Լուռ խմորումներ սկսվեցին նաև Հայաստանում։ Ակնհայտ էր, որ մարզական տոնը կարող էր վերածվել քաղաքական սկանդալի։ Ուստի խորհրդային կուսակցական-պետական ղեկավարությունը հապշտապ որոշում կայացրեց առաջնությունը Երևանից Մոսկվա տեղափոխելու մասին։ Այն տեղի ունեցավ ԽՍՀՄ մայրաքաղաքի «Իզմայլովո» օլիմպիական մարզահամալիրում։ Օգսեն Միրզոյանը, Յուրիկ Սարգսյանը, Յուրի Վարդանյանը նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսները։ Երեք օր շարունակ բարձրացվեց ԽՍՀՄ պետական դրոշը և հնչեց երկրի պետական հիմնը` ի նշանավորումն հայ ծանրամարտիկների փառահեղ հաղթանակի։ Մարզական լրագրողների շրջանում այդ երևույթը ստացավ «հայ ծանրորդների դյուցազնական սիմֆոնիա» պատվանունը։ Կենտրոնական հեռուստատեսության համար ռեպորտաժը կրկին վարում էր Յան Սպպարեն, Հայաստանի համար՝ ես։ Դրանք իմ կյանքի երջանիկ օրերից էին։ Ամեն օր Մոսկվա-Երևան վերջին չվերթով Հայաստան էինք հասցնում նկարահանված տեսանյութերը, և հայ մարզասերը թարմ տեղեկատվություն էր ստանում աշխարհի առաջնությունից։ Մեր մարզիկների լավագույն բարեկամ ու հովանավոր, Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ, այնուամենայնիվ, մարզահամերգայինում, նույն տարվա աշնանը, անցկացրինք աշխարհի մեր ուրույն «առաջնությունըե, այն էլ մի քանի մարզաձևերից։ Իսկական տոնական հանդիսություն կազմակերպվեց` ի պատիվ աշխարհի նորընծա չեմպիոններ Օգսեն Միրզոյանի, Յուրիկ Սարգսյանի և, իհարկե, աշխարհահռչակ Յուրի Վարդանյանի։ Մարզահանդեսի բեմադրությունն իրականացրեց հանրաճանաչ ռեժիսոր Հրաչյա Աշուղյանը, իսկ ինքնատիպ այդ շքահանդեսը վարեցին սիրված հաղորդավարուհի Սուսաննա Շահինյանը և ձեր խոնարհ ծառան։ Այդ երեկո մեծարվեցին նաև հայկական սպորտի այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Հրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը, Վլադիմիր Ենգիբարյանը, Իգոր Նովիկովը, Զինաիդա Սիմոնյանը, Էդուարդ Ազարյանը, Դավիթ Համբարձումյանը, Նորայր Մուշեղյանը, Բենուր Փաշայանը, Արթուր Հակոբյանը, Սիլվա Էմիրզյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Դավիթ Թորոսյանը, Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը, Խորեն Հովհաննիսյանը և ուրիշներ։ Այդպես փոքրիկ Հայաստանը կարողացավ բավարարում տալ մի կողմից` դժգոհության, մյուս կողմից` հպարտության իր բուռն զգացումներին։ Անշուշտ, մեր հայրենակիցները փայլուն հանդես եկան Մոսկվայում, սակայն ծանրամարտի առաջնությունը Երևանում անցկացնելու որոշումն իսկ մեծ իրադարձություն էր և գալիս էր կրկին հաստատելու, որ ծանրամարտի հայկական դպրոցը, իրոք, հիանալի ավանդույթներ ունի։
  Կուզենայի առանձնացնել այդ հրաշք երեկոյի «մեղավորին,, Կարեն         Դեմիրճյանին։
     Հատկապես իմ սերնդակիցները լավ գիտեն, թե ինչպիսի մեծ ջանքերի գնով Կարեն Սերոբովիչին հաջողվեց Երևանում կառուցել Մարզահամերգային համալիրը։ Մեզնից շատերի պես նա ևս երազում էր այդ նորակառույց մարզապալատում ականատես լինել հայազգի ծանրորդների դյուցազնական սիմֆոնիային։ Ավա՜ղ, վերջին պահին, նշածս հանգամանքների բերումով, որոշվեց հողագնդի ուժեղագույն ծանրորդների առաջնությունը Երևանից Մոսկվա տեղափոխել։ Շատ քչերը գիտեն, թե որքան ծանր տարավ այդ հարկադրական վճիռը Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը։ Իսկ երբ հայ ծանրորդները Յուրի Վարդանյանի գլխավորությամբ Մոսկվայի «Իզմայլովո» օլիմպիական մարզապալատում իսկական մարզական սխրանք գործեցին, հենց Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ անմիջապես որոշվեց նորակառույց մարզահամալիրում կազմակերպել մեր փառահեղ մարզիկների մեծարման երեկոն։
 
ԿարենԴեմիրճյան
 Այսպիսին էր նա՝ ազգանվեր ղեկավարը,
եդվյալ հայն ու հայրենասերը
         Օ՜, ժամանակներ... Ո՞ւմ մտքով կանցներ,ուր Կարեն Դեմիրճյանի կառավար- ման պանծալի ժամանակներին, նրա հայրենանվեր գործերին, հպարտություն ու բերկրանք առաջացնող հիշողություններին պիտի խառնվի նրա կորստյան ցավը։ Որ ամեն անգամ Մարզահամերգային համալիրում այս կամ այն միջոցառումը կազմակերպելիս մեր ժողովրդի փառապանծ զավակներին մեծարելու ուրախութ- յունը պիտի մթագնվի ամեն մի հայի հոգում ծվարած ցավի ու ափսոսանքի զգացմամբ, որ առաջացնում է նրա ֆիզիկական բացակայությունը։
     ...Կարո՞ղ  էինք պատկերացնել, թե դեռ ինչ՜եր պիտի տեղի ունենան, երջանիկ ու դժբախտ ինչպիսի՜ անսպասելի իրադարձություններ։ Որ անսասան թվացող Խորհր- դային Միությունը շուտով պիտի կործանվի, որ Հայաստանը պիտի դառնա անկախ պետություն։ Առավել ևս՝ ո՞վ կպատկերացներ, թե կարող է տեղի ոնենալ 1999 թվա- կանի հոկտեմբերի 27-ը, դաժան, վայրենաբարո մի իրողություն, որի հետևանքով, րոպեների ընթացքում ստոր վիժվածքների ձեռքով պիտի գլխատվի Հայոց խորհրդարանը, հայի ձեռքով հայի արյուն պիտի հեղվի...Ի թիվս հայտնի քաղաքա- կան գործիչների, դաժանորեն սպանվեց նաև Կարեն Դեմիրճյանը։ Երախտապարտ հայ ժողովուրդը ի հիշատակ իր պանծալի զավակի, Երևանի Մարզահամերգային համալիրը կոչեց նրա անունով։
       Պատշաճը մատուցելով հոկտեմբերի 27-ի բոլոր զոհերի հիշատակին՝ կուզենայի առանձնացնել և իր պաշտոնավարման, և դրան հաջորդած տարիներին և թե հեռանալուց հետո ժողովրդի կողմից ընդունված ու սիրված ղեկավարին՝ Կարեն Դեմիրճյանին։
    «Սպորտը մերձեցնում է ժողովուրդներին։ Դա սպորտի համամարդկային գլխավոր առաքելությունն է»- ամեն առիթով շեշտում էր Կարեն Դեմիրճյանը։ Նա գտնում էր, որ երբեք չպետք է տրվել անմիտ քարոզչությանն ու քաղաքականացնել սպորտը։ Ընդհակառակը, սպորտը պետք է օգնի քաղաքական գործիչներին ու ժողովուրդներին` ավելի լավ ճանաչել միմյանց։ Յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին հանրապետության ղեկավարն ավանդաբար հանդիպում էր երկրի տարվա լավագույն մարզիկներին ու մարզիչներին, կիսվում նրանց հետ, փորձում օգտակար լինել, դրական լուծում տալ այն բոլոր հարցերին, որոնք խոչընդոտում էին նրանց գործի առաջընթացը։ Մարզիկների ու մարզիչների համար սիրված ղեկավարի հետ հանդիպումը տոն էր։ Որպես կանոն` Կարեն Սերոբիչից բաժանվում էին բարձր տրամադրությամբ, համոզված լինելով, որ իրենց կողմից առաջ քաշված որևէ հարց անուշադրության չի մատնվի։ Միշտ հպարտ էր ժողովրդի հաջողությամբ, նրա նվաճումներով, մեր մարզական հաղթանակների և դրանք կրող մեր մարզիկների համար։
  Չափազանց նրբազգաց էր, շատ արագ զգում էր մարդու տրամադրությունը։ Բառեր էր գտնում, որ այդ րոպեին դժվար էր գտնելը։ Նրա համար մանրուք չկար,ինչպես էր ամեն ինչ նկատում, անմիջական, ուղիղ, բայցև տակտով էր խոսում բացթողման, թերության մասին։ Դրանք շտկել-ուղղելու առաջարկներն ավելի շատ հարցը լուխել- կարգավորելու միջոց էին, քան հրաման կամ հրահանգ։
  Ֆանտաստիկ երաժշտական լսողություն ուներ։ Հիշում եմ՝ 1983-ին, Մարզահամեր- գային համալիրի բացմանը նվիրված ճոխ համերգից հետո մոտեցավ հանդիսության ռեժիսոր Հրաչյա Աշուղյանին ու ասաց. ,, Հրաճիկ,ամեն ինչ շատ լավ էր, իսկ Կարոն /հայտնի ջութակահար Կարապետ Հայրապետյանը/ ինչո՞ւ էր ֆոնոգրամայի տակ նվագում,,։Մինչ Հրաչյան կփորձեր բացատրել, թե որովհետև այսպես,թե այնպես, նա  ինքը կարճեց. ,, Լավ, լավ, չերկարացնենք,ֆոնոգրամայի տակ նվագելուն վռրջ տվեք։ Ես կենդանի կատարման կողմնակից եմ,,։
  Միայն Կենտկոմի քարտուղար չէր, լայն դիապազոնի,լայն ընդգրկումների մարդ էր՝ ամեն ինչից տեղյակ։ Մարդ-օրկեստոր։Իմ լրագրության տարիների ընթացքում մոտ երկու տասնյակ նախագահների,մի չորս-հինգ տասնյակ էլ պրեմիերների հետ եմ հադիպել, հարցազրույցներ վարել, սակայն Կարեն Սերոբիչի նման չեմ տեսել։
    Համալիրի կառուցման տարիներին շաբաթը մեկ-երկու անգամ գալիս էր,հետևում,հետաքրքրվում  շինարարության ընթացքով։Մի անգամ հարցազրույց խնդրեցի, ասաց՝ շինարարներին հկարեք, նրանք են հերոսները։   
     Հատկապես  իմ սերնդակիցները լավ գիտեն, թե ինչպիսի մեծ ջանքերի գնով Կարեն Սերոբովիչին հաջողվեց Երևանում կառուցել Մարզահամերգային համալիրը։ Մեզնից շատերի պես նա ևս երազում էր այդ նորակառույց մարզապալատում ականատես լինել հայազգի ծանրորդների դյուցազնական սիմֆոնիային։ Ավա՜ղ, վերջին պահին, նշածս հանգամանքների բերումով, որոշվեց հողագնդի ուժեղագույն ծանրորդների առաջնությունը Երևանից Մոսկվա տեղափոխել։ Շատ քչերը գիտեն, թե որքան ծանր տարավ այդ հարկադրական վճիռը Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը։ Իսկ երբ հայ ծանրորդները Յուրի Վարդանյանի գլխավորությամբ Մոսկվայի «Իզմայլովո» օլիմպիական մարզապալատում իսկական մարզական սխրանք գործեցին, հենց Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ անմիջապես որոշվեց նորակառույց մարզահամալիրում կազմակերպել մեր փառահեղ մարզիկների մեծարման երեկոն։
     Երբ Մարզահամերգային համալիրը հրդեհվեց, այդ հզոր մարդն արտասվեց երեխայի նման։նւա բուռն հուզմունքը լիովին հասկանալի էր, այս կառույցն իր երազած, իր փայփայած սիրասուն զավակն էր,որ կարող էր դառնալ երկրի այցեքարտը։ Իսկ այն ինչ երկրի ու ժողովրդի համար էր, նրա համար վեր էր ու թանկ ամեն ինչից։ Եվ հենց դա էր,որ պաշտոնանկությունից տաս տարի անց նրան նորից գործնեության դաշտ բերեց՝ քաղաքական-հասարակականգործնեության դաշտ, որտեղ Դեմիրճյանի տրամաչափի  ղեկավարն ու  անհատը շատ բան կարող էր փոխել՝ ի շահ երկրի ու ժողովրդի։Ավա՜ղ, արժեքի դեմ ծառս եղավ անարժեքը, տմարդին,բիրտը, և ողջ  ազգի մեջքը թեքվեց,կորացավ նրա կորուստով։
       Իր ժամանակից առաջ անցած մարդ էր։ Ազգային էր իր ողջ նկարագրով։ Թեև ազգայինի համար դժվար ժամանակներ էին, բայց շատ բանի վրա աչք էր փակում, թույլ էր տալիս եթերից ասել ,,անթուլատրելին,,։ Ամեն ինչին փիլիսիփայորեն էր նա-յում։ Իր մեջ խորը փիլիսոփայություն ուներ։
       Բա նուրբ հումո՞րը։ Մի անգամ նրան մի եղելություն պատմեցի, որ լսել էի իր նախորդից՝ Անտոն Քոչինյանից։ Նա նեղվել էր, թե պաշտոնանկությունից հետո շրջապատում խուսափում են իրենից և նույնիսկ խաշի էլ չեն կանչում։ Խոսքը դեռ բերանումս ՝ իրեն հատուկ հումորով վրա բերեց. ,,Հիմա ի՞նչ ոս ուզում ասել, որ ինձ էլ չեն կանչելու։ Տես,առաջին խաշին որ գնաս, ինձ հետդ կտանես,,։
  Իր հայրենանվեր գործնեությամբ, իր յուրահատուկ ազգասիրությամբ և այդպիսի մղումներով ծավալած գործունությամբ Կարեն Դեմիրճյանի անունը միահյուսվեց հայ ժողովրդի պատմությանը՝երբեք ու երբեք չմոռացվելու,հավերժ հիշվելու անհեր- քելի հայտով։Ժողովրդի համար նա լեգենդ էր դեռևս իր կենդանության օրոք և այդպիսին էլ մնաց երկրային կյանքին հրաժեշտ տալուց հետո։ Կարեն Դեմիրճյանի ողջ կյանքը հայրենասիրության ու ազգանվիրումի վառ օրինակ է, և որքան խորն է այդ գիտակցությունը, այնքան մեծ է նմանօրինակ հայ մարդու ու ղեկավարի կորստյան ցավը։
 
 Հոր նվիրական հետքերով
       Արդեն մոտ երկու տասնամյակ է, ինչ շարունակվում է մեր մտերմությունն Ստեփան Դեմիրճյանի հետ։ Իր հորից ժառանգելով բնավորության հիանալի հատկանիշներ` նա այսօր էլ փորձում է շարունակել Հայաստանի ժողովրդական կուսակցության այն լավագույն ավանդույթները, որոնց հիմքերը դրվեցին դեռևս լուսահոգի Կարեն Դեմիրճյանի օրոք։ Ստեփանը, իրոք, իր հանճարեղ հոր արժանի զավակն է, չափից ավելի մարդամոտ, բարեհաբույր մարդ և իր ժողովրդի ապագայով մտահոգ քաղաքական գործիչ։ Համոզված եմ, որ Կարեն Սերոբիչի պես նա ևս դեռ երկար կծառայի մեր ժողովրդին։ Ինձ միշտ ուրախացնում է Ստեփանի լավատեսությունն ու անսահման պարկեշտությունը, մեծահոգությունը և հավատը վաղվա օրվա հանդեպ։
           Վերջերս ավտովթարի ենթարկվեց Դեմերճիանների ընտանիքի վաղեմի բարեկամը՝ Յուրի Վարդանյանը։ Եվ Ստեփան Դեմիրճյանն իրեն հատուկ նրբանկատությամբ և անհանգստացած կատարվածով,անմիջապես զանգահարեց ինձ, հետաքրքրվեց Յուրիի առողջական վիճակով՝ իր և իր ըտանիքի կողմից նրան շուտափույթ ապաքինում մաղթելով։ 
 
 
 
 
 
 Աշխարհահռչակ մարզուհու վերջին հարցազրույցը
        Ինչպե՞ս կարող եմ այսօր պատկերացնել իմ ամբողջական գործունեությունն հեռուստատեսությունում` առանց գեղասահքի աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Լյուդմիլա Պոխոմովայի հետ ունեցած մի բացառիկ հարցազրույցի։ Եվ այսօր էլ, վերադիտելիս այդ մասին պատմող` 1986-ով թվագրված ժապավենը, որ մասունքի պես պահում եմ իմ անձնական տեսադարանում, հուզվում եմ, և միաժամանակ վեհանում է հոգիս։ Համաշխարհային փառքից կուշտ այդ փխրուն էակը, չնայած վատառողջ վիճակին, գերմարդկային ինչպիսի՜ ճիգերի գնով անսաց խնդրանքիս, եկավ սահադաշտ, կանգնեց տեսախցիկի առջև ու ջերմ խոսքեր ուղղեց մարդկությանը։ Ցավոք, ինչպես պարզվեց հետո, դա աշխարհի ու Եվրոպայի վեցակի չեմպիոնուհու, 1976 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակրի վերջին հարցազրույցն էր։
Իսկ եթե ավելի մանրամասն, ապա մարզուհին սկզբից հրաժարվեց. «Ցավում եմ, որ Հայաստանից եկած լրագրողին պիտի մերժեմ»։ Փորձեցի համառել. «Ձեզ հետ զրույցը «Սպորտ+արվեստ» հաղորդաշարի առաջին հաղորդումն է լինելու, հաղորդաշարն ուզում եմ Ձեզնով բացել, որպես պարային զուգասահքում Խորհրդային Միության օլիմպիական առաջին չեմպիոն»։ Կարծես ավելի կենտրոնացավ ու ծոր տվեց. ««Սպորտ+արվե՜ստ». ի՜նչ լավ հաղորդում է»։ Նկատեցի, որ աչքերը լցվեցին. «Գիտե՞ք, ես մտադիր էի նման հաղորդում սկսել...»։ Մի քանի վայրկյան մտախոհ լռեց, ապա շարունակեց. «Եթե նկարահանման հրապարակում վատանամ էլ, պիտի գամ այդ հաղորդմանը։ Ուզում եմ, որ աղջիկս՝ Յուլյան էլ (նա այդ ժամանակ 5-6 տարեկան էր), ներկա լինի, իմ գործը ինքն է շարունակելու»։ Ես խոստացա, որ նկարահանումները կկազմակերպեմ իր բնակարանում։ Չհասցրեցի։ Անսպասելի մահացավ։ Պոխոմովային նվիրված հաղորդումը պատրաստեցի 2 տարի անց։ Դուստրը թեև մեծ չէր՝ 8-9 տարեկան, բայց շատ գեղեցիկ հավաքել ու դասավորել էր մորը պատկանող իրերը՝ մրցանակները` պարգևները, տիկնիկները։ Ողջ բնակարանը նրանով էր լցված։
Պոխոմովայի հայրը գեներալ էր և հայ ընկեր ուներ, նրանից էլ մարզուհին հետաքրքրվել էր մեր ժողովրդի մասին։ «Ես գիտեմ, որ դուք առաջին քրիստոնյա ժողովուրդն եք։ Ձեր պատմությունն ինձ շատ հուզել է, մանավանդ Հայոց եղեռնը»,- մեր զրույցի ժամանակ հասցրեց իր խոհերը կիսել ինձ հետ։ Ասաց նաև, որ ժամանակ է գտնելու Հայաստան այցելելու համար։ Ավա~ղ, չհասցրեց։
 
Վեհափառն էլ  էր ֆուտբոլ խաղացել
         1986 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, իմ լավ բարեկամ Հակոբ Տոնոյանի անձնական հրավերով Երևան  էր ժամանել  ՖԻՖԱ-ի նախագահ Ժոաո Ավելանժը։ Հակոբ Տոնոյանը կազմակերպել էր նրա այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ին հանդիպելու նպատակով։ Ավելանժին ուղեկցողների խմբում էի նաև ես։ Խոստովանեմ, որ միչև օրս էլ տպավորված եմ այդ հանդիպմամբ։ Բարեկիրթ, լայնախոհ, շատերիս համար երկնային էակ թվացող Վեհափառ հայրապետի խոսքը լսելը ինքնին երջանկություն էր, և ես կլանում էի նրա ամեն մի բառը։ Ու մեկ էլ ի~նչ եմ լսում. «Ես ֆուտբոլ շատ եմ սիրում։ Երիտասարդ տարիներիս Ռումինիայում հրապուրված էի ֆուտբոլով, խաղում էի կիսապաշտպանական գծում»,- պատմում էր նա Ժոաո Ավելանժին։ Ապա դարձավ ինձ. «Համլետ, հայտնեք մեր տղաներին, որ մեծ ցավ եմ ապրում «Արարատի» ամեն մի անհաջողության համար»։
 
 
  «Իմ սիրտն այստեղ է` Հայաստանի լեռներում»
        Հուշս մեր մեծերից մեկի` Վիլյամ Սարոյանի մասին է։  Հայաստան կատարած նրա վերջին այցելության ժամանակ՝ 1978 թվականին, ինձ բախտ վիճակվեց լինել ամերիկահայ մեծանուն գրողին ուղեկցողների թվում։ Գրողների միության Սևանի հանգստյան տանը գտնվելու օրերին այդ մշտապես կենսուրախ մարդու տրամադրությունը սովորականից բարձր էր։ Իրեն շրջապատած հայ անվանի գրողներից, մտավորականներից զատ, նա հարմար գտավ նաև ինձ՝ երիտասարդ լրագրողիս հետ զրուցելու համար մի քանի րոպե տրամադրել։ Դրության տերն իհարկե, ինքն էր. կատակելու բուռն ցանկություն ունեցավ, երբ իմացավ անունս։ «Ինչո՞ւ քո անունը Վարդան կամ Գագիկ չէ։ Հային այդ անունները կսազեն»,- հանդիմանեց։ Գիտակցելով, որ հրաշալի հնարավորություն ունեմ Սարոյանի նման մեծությունից մի կարծիք, մի խոսք «կորզել»` համարձակություն առա, ու հարցրի. «Իսկ ինչո՞ւ եք Ձեր անմահ գործը վերնագրել «Իմ սիրտը լեռներում է»։ Նա լրջացավ, հայացքը հառեց Սևանի ջրերին և դրանից էլ անդին՝ լիճը պարուրող լեռներին ու ժպտադեմ ասաց. «Դու ուշադիր կարդա իմ պիեսը և կգտնես քո հարցի պատասխանը։ Իմ սիրտն այստեղ է՝ հայկական լեռներում։ Իսկ եթե Ջոնիի պես միամտաբար հարցնես, թե ինչ է անում իմ սիրտը լեռներում, ես քեզ Մեք-Գրեգորի խոսքերով, կպատասխանեմ. իմ սիրտը թախծում է այնտեղ»։ Ապա մի բաժակ պաղ ջուր խնդրեց, իսկ քիչ անց ինձ մի կողմ կանչեց ու շատ խորհրդավոր տոնով ասաց. «Հիմա քեզ կասեմ, թե ինչո՞ւ եմ իմ ստեղծագործությունն այդպես անվանել, միայն թե խոստացիր, որ իմ ասածը մինչև իմ մահը ոչ ոքի չես պատմի։ Խոստանո՞ւմ ես»։ Պատասխանեցի, թե այդպես էլ կվարվեմ։ Վարպետը կարճատև դադարից հետո նույն խորհրդավոր տոնով շարունակեց. «Ինչո՞ւ եմ այդպես կոչել։ Ինձ համար, սիրելի բարեկամ, ամեն մի կին մի լեռ է։ Հիմա հասկացա՞ր, թե ինչու է իմ սիրտը լեռներում»։ Անկեղծ ասած, այս ամենն այնքան անսպասելի էր, այնքան արտասովոր, ու մի պահ ինձ թվաց, թե մեծ գրողը պարզապես որոշեց կատակել երիտասարդ լրագրողիս հետ։ Իսկ Երևան վերադառնալուց հետո, երբ հրաժեշտ տվեցի Վիլյամ Սարոյանին, նա ժպտադեմ նայեց ինձ ու ասաց. «Չմոռանաս խոստումդ կատարել։ Հա˜, մի բան էլ. ես մնում եմ այն կարծիքին, որ քեզ, այնուամենայնիվ, ավելի շատ կսազեր Գագիկ անունը»։ Այդպես բաժանվեցի գրչի մեծ վարպետից, և, ցավոք, կենդանության օրոք այլևս չհանդիպեցի։ Որպես այս ամենի շարունակություն, կա մի հետաքրքիր պատմություն ևս, որի մասին կարծում եմ արժե հիշատակել։ Տարօրինակ զուգադիպությամբ, Վիլյամ Սարոյանի մահվանից մոտ երկու ամիս անց, Արամ Խաչատրյան համերգասրահի մի անկյունում կանգնած` զրուցում էինք պարի պետական անսամբլի տղաներից Սուրեն Չանչուրյանի և Սերժ Պոտոյանի հետ, երբ մեզ մոտեցավ հանրապետության ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանն ու ասաց. «Յա, Գագիկ ջան, ինչ լավ է` քեզ տեսա, երեկ ռեպորտաժդ էի լսում, ո՞նց ես, այ ախպեր ջանե։ Մի պահ հանկարծակիի եկա, ապա վրա բերեցի. «Ես Գագիկը չեմ, ես Համլետն եմ»։ Վանուշ Խանամիրյանն էլ թե` յա,Ղուշչյան ջան, խի ես չգիտե՞մ, որ քո անունը Համլետ է, պրոստը Գագիկ անունը քեզ ավելի շատ է սազում»։ Այդ պահին նորից Սարոյանին հիշեցի, նրան տված խոստումս, որը, ինչպես և պայմանավորվել էինք, խախտեցի միայն նրա մահվանից հետո։
       Սարոյանի հետ հաջորդ «առնչությունս» հեռակա էր
    Մոսկվայում աշխատելու առաջին իսկ օրերին տեղեկացա, որ «Մետրոպոլիտեն» փորձարարական թատրոնում բեմադրության է պատրաստվում Սարոյանի «Քարանձավի մարդիկ» պիեսը։ Մշտական կապի մեջ էի բեմադրող ռեժիսոր Օլեգ Ֆոմինի հետ, և նա ինձ հրավիրեց ներկայացման պրեմիերային։ Ստեղագործության բովանդակությունը չափազանց համահունչ էր այդ դժվարին ժամանակներին. թեև դերասանները գիտեն, որ թատրոնի շենքը քանդվելու է, սակայն մինչև վերջին վայրկյանը շարունակում են խաղալ, կատարել իրենց կյանքի գործը։ Ընդ որում, Ֆոմինը ոչ միայն քաջ ծանոթ էր Սարոյանի ստեղծագործություններին և մինչ այդ արդեն նկարահանել էր նրա «Քո կյանքի ժամերը» պիեսը, այլև ինձ հետ հարցազրույցում նշեց, որ Սարոյանին խորապես հասկանալու հարցում իրեն մեծապես օգնել է Արմեն Ջիգարխանյանը՝ ժամեր շարունակ պատմելով Սարոյանի հետ իր հանդիպումների մասին և կենդանի գույներով ներկայացնելով անկրկնելի, առեղծվածային մեծ հայի նկարագիրը։
 
 
Կարճ ու համառոտ ՝ իմ  երկար  ու  ընդարձակ                                                                                  բարեկամական  կապերի  մասին
     Շատերի հըետ իմ մտերմությունն ինձ առանձնապես հոգեհարազատ է։Սիլվա Կապուտիկյանի հետ մեր շփումները վերածվել էին մոր և զավակի հարաբերու- թյան։Նա ինձ,իրոք,ծնողի պես էր սիրում։ Հաճախ էինք զրուցում, երբեմն նաև լրագրությունից դուրս թեմաներով։Մտերմացել էր մորս հետ,հաճախ զանգահա-րում և երկար զրուցում էր։ Իմ լավ ու բարի խորհրդատուն էր։Ինձ համար նման   բարեկամ է սիրված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը, լուսավոր պայծառ  մարդ, շիտակ էություն։ Հետևում էր իմ հաղորդումներին,կիսվում ինձ հետ իր նկա-տառումներով։ Երբ արդեն եթերում չէի,մի օր զանգահարեց ու ասաց.,,Տեղդ երևում    է, Համլետ, դու պակասում ես էկրանին,,։Երկար ու ջերմ են եղել իմ կապերը Յուրի  Ամիրյան-Ժենյա Ավետիսյան դերասանական ամուսնական զույգի հետ։Հիանալի արվեստագետներ լինելուց բացի, հիանալի մարդիկ ու անփոխարինելի ընկերներ էին։ Նույնպիսի շփումներ եմ ունեցել և շարունակում եմ ունենալ էլի շատերի՝ Օֆելյա  Համբարձումյանի, Ռուբեն Մաթևոսյանի,Արթուր ՈՒթմազյանի և այլոց                          հետ։     
                                 
 
 
 
 
 
 
 
 
 
     Իսկականհայրենասիրություննայնչէ,որ
 հանդիսավորրոպեներինիրարանցնեսու
պարծենաս,այլայն,որամենօր ուանդադրում   հոգաս  ընդհանուրբարիքիմասինուդրանովչճամարտակես։
Գրաֆ
Արա Աբրահամյանի ֆենոմենը կամ դարձյալ Մոսկվան էր կանչում
    Նոր հազարամյակի երկրորդ տարին դիմավորեցի Մոսկվայում, ուր մեկնել էի Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով (նրա հետ վաղեմի բարեկամներ ենք)։ Իսկ առաջին անգամ Արա Աբրահամյանի հետ հանդիպել էինք դեռևս 1992 թվականին, երբ պատրաստվում էի ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի սեփական թղթակցի կարգավիճակով մեկնել Մոսկվա: Մեզ միմյանց ծանոթացրեր Արայի ավագ եղբայրը` Գագիկ  Աբրահամյանը, որի հետ մեր անշահախնդիր ընկերությունը երկար տարիների պատմություն ունի և շարունակվում է մինչև օրս: Ժամանակին ինձ օգտակար լինելու խնդրանքով Գագիկին դիմել էր այդ տարիներին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը: Առիթը բաց չթողնեմ ասելու, որ  Բաբկեն Արարքցյանի հետ շփվելը նույնպես ինձ համար միշտ հետաքրքիր ու հաճելի է:
Շարունակեմ բուն ասելիքս: Ընդունելով իմ լավ ընկերոջ առաջարկը` աշխատանքի անցա համառուսաստանյան հասարակական այդ հզոր կազմակերպությունում։ Հաշված ամիսներ անց ստեղծեցինք «ՍԱՐ» հեռուստատեսությունը, որն ինքնատիպ մի կամուրջ պիտի դառնար Ռուսաստանի հայկական համայնքների և Հայաստանի միջև։ Նշանակվեցի «ՍԱՐ»-ի գլխավոր տնօրեն։ Իր էությամբ լինելով առատաձեռն մարդ` Աբրահամյանը մեծ ցանկություն ուներ ստեղծել ժամանակակից, գերհզոր հեռուստաալիք։ Եվ ամենևին էլ պատահական չէր, որ միայն տեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու համար նա տրամադրեց 3,5 միլիոն դոլար, ինչն այն ժամանակների համար ֆանտաստիկ մեծ գումար էր։ Ցավոք, առայժմ այդ կարևոր հայապահպան ծրագիրը դեռ չի իրականացվել, չնայած ինքը՝ Աբրահամյանը, շարունակում է վստահ լինել, որ ուշ թե շուտ իր այդ մտահղացումը նույնպես կդառնա իրողություն։ Երկար տարիներ աշխատելով նման հրաշալի անձնավորության հետ` միշտ զարմացել, ապշել եմ ցանկացած գործ սկսելու և այն միշտ հաղթական ավարտին հասցնելու նրա բնածին տաղանդի, անսովոր ունակությունների վրա։ Որքա՜ն անսպառ էներգիա, աննկարագրելի լավատեսություն կա այդ հավերժ կենսախինդ, պայծառ ու երբեք չհուսահատվող մարդու մեջ։ Քաջատեղյակ լինելով Արայի բոլոր ծրագրերին` կարող եմ հաստատել, թե իրականում որքան ընդգրկուն և բազմազան են նրա աներևակայելի, ահռելի չափերի հասնող գործունեության ոլորտները։ Հավատացեք, այս խոսքերն ասում եմ ամենայն պատասխանատվությամբ և ականատեսի աչքերով։ Նման երկրորդ հայը, ում այդչափ ջերմությամբ ու մեծագույն հարգանքով ընդունել են Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի, Ռուսաստանի Դաշնության, Բուլղարիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Սիրիայի, Լիբանանի, Գերմանիայի, Լիվիայի, Իսրայելի, Իտալիայի, Խորվաթիայի, Բելառուսի նախագահներն ու վարչապետները, պարզապես չկա և չի եղել։ Հինգ տարի լինելով նրա կողքին` ինքս եմ ականատես եղել նման հանդիպումներից շատերին։ Միայն Աբրահամյանի նման վառ անհատականությունը, մեծ ազգասերը, երդվյալ հայն ու հզոր քաղաքացին կարող էր ստեղծել, իսկ այնուհետև մեծ շուքով նշել Ռուսաստանի Հայերի Միության տասը տարին, կյանքի կոչել Համաշխարհային Հայկական Կոնգրեսը։ Եվ ամենևին պատահական չէր, որ Ռուսաստանի իշխանությունները հենց նրան` ՅՈՒՆԵՍԿՕ-յի Բարի Կամքի դեսպանին վստահեցին կազմակերպել ու անցկացնել Ռուսաստան-Արգենտինա, Ռուսաստան-Բրազիլիա, Ռուսաստան-Կորեա, Ռուսաստան-Կուբա, Ռուսաստան-Ֆրանսիա գործարար ֆորումները, որոնց համանախագահների պարտականությունները նա մինչ օրս շարունակում է հաջողությամբ կատարել։ Լինելով Ռուսաստանի Հայերի Միության նախագահ` նա ամեն ինչ անում էր, որպեսզի այդ համաժողովներին մշտապես մասնակցեին նաև Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայ գործարարները։ Այսօր երևի շատերն են հիշում, թե ինչպես Արա Աբրահամյանին հաջողվեց աֆրիկյան գերությունից ազատել հայ օդաչուներին և ռուս նավաստիներին։ Դա, իրոք, յուրատեսակ, անհավանական սխրանք էր, մե՜ծ սխրանք։ Աբրահամյանի մեծաթիվ կառավարական մեդալների հարուստ հավաքածուի մեջ առանձնանում են Արգենտինայի, Հարավային Կորեայի, Իտալիայի, ինչպես նաև Ֆրանսիայի բարձրագույն՝ Պատվո Լեգիոնի շքանշանները։ Դրանց կողքին իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում ռուսական, հայկական եկեղեցիների ու Վատիկանի բարձրագույն հոգևոր պարգևները։ Անշուշտ, այսօր շատերն են հիշում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում նրա կողմից իրականացրած միլիոնավոր դոլարների հասնող ներդրումային հսկայածավալ ծրագրերը։ Իսկ ինչպիսի՜ աննախադեպ ակցիա էր Հայաստանում և Արցախում անցկացված համակարգչային ծրագիրը. փառահեղ մի ծրագիր, որի արդյունքում ավելի քան տասը հազար համակարգիչ տրամադրվեց հայկական երկու պետությունների դպրոցներին, մանկատներին, բուհերին, պետական, հասարակական կառույցներին։ Արա Աբրահամյանի ուշադրությունից դուրս չմնացին նաև փախստականները։ Իր անձնական միջոցներով նա 135 բնակարան գնեց անօթևան մնացած հարյուրավոր ընտանիքների համար։ Կարելի է երկար խոսել ու թվարկել այդ ինքնատիպ անհատի թե՛ աննախադեպ բարեգործությունները, թե՛ աշխատանքային հաջողությունները, և թե՛ բոլոր տեսակի ձեռքբերումները, բայց անգամ դա էլ չի կարող ամբողջական պատկերացում տալ մեր ժողովրդի արժանի զավակներից մեկի՝ Արա Աբրահամյանի մասին։ Կուզենայի հատկապես ճիշտ հասկացվել իմ այն ընկերների կողմից, ովքեր մեղմ ասած, միանշանակ կարծիք չունեն նրա մասին, ինչի համար շատ եմ ափսոսում։ Համոզված եմ, որ կգա օրը և նրանցից շատերը նույնպես իրենց համար նորովի կբացահայտեն Աբրահամյան անհատին։ Շատ հնարավոր է, որ այդ ամենում մեղքի իր որոշակի բաժինն է ունեցել նաև ինքը՝ Աբրահամյանը։
Արան կարողանում է արագ ու թեթև լուծում տալ անգամ այնպիսի հարցերի, որոնք շատերին պարզապես անլուծելի կթվային։ Այդպիսի բազմաթիվ օրինակներ գիտեմ, իսկ մի դեպքի ինքս եմ ականատես եղել։ 98-ի աշնանն էր։ Մոսկվայի «Կինոե հայտնի ակումբ-ռեստորանում հանդիպեցի իմ վաղեմի բարեկամ Դմիտրի Խառատյանին։ Անհնար էր չնկատել, որ արտիստը խիստ անտրամադիր է։ Հաջողվեց Դիմայից «կորզելե պատճառը։ Այդ օրն առավոտյան եղել էր Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի մոտ՝ իրեն բնակարան հատկացնելու խնդրանքով և մերժվել էր։ Ավելի ճիշտ, ինչպես Դմիտրին ասաց, քաղաքապետը դա հնարավոր էր համարել միայն հինգ տարուց։ Պիտի խոստովանեմ, որ մեր հանրաճանաչ հայրենակցին այդքան հուսահատված երբեք չէի տեսել։ Տագնապը դաջված էր դեմքին։ Փորձեցի հուսադրել, սիրտ տալ ընկերոջս՝ ամեն ինչ կորած չէ, ինչ-որ ելք, լուծում անպայման կգտնվի։ Հուսահատ ժպտաց. «Ի՞նչ ելքի մասին է խոսքը, երբ նույնիսկ Կինեմատոգրաֆիստների միության միջնորդությունը չի օգնելե։ Մեկ-երկու րոպե լուռ կանգնելուց հետո Դիման պատրաստվում էր հրաժեշտ տալ ինձ։ Ես նրան առաջարկեցի՝ դիմել դեռ այն ժամանակ  հայտնի գործարար Արա Աբրահամյանին։ Կես ժամ անց մենք նրա առանձնասենյակում էինք։ Հարգալից ուշադրությամբ մեզ լսելուց հետո նա Դմիտրիին խորհուրդ տվեց դիմում գրել իր մտերիմ բարեկամին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի վարչակազմի ղեկավար Պավել Բորոդինին։ Պայմանավորվեցինք հաջորդ օրը հանդիպել (նույնիսկ ժամն եմ հիշում՝ 14-ը) Պավել Պավլովիչի ընդունարանում։ Խառատյանի համար այս բոլորն այնքան անսպասելի էր, երազի նման... Ու թերահավատորեն ասում էր. «Համլետ« մի՞թե ինչ-որ բան կստացվի։ Մի՞թե այստեղ էլ ինձ չեն մերժիե։ Ես գլխով արեցի՝ «Կստացվի»։ Պատկերացրեք՝ գրեթե համոզված էի հարցի դրական լուծման մեջ. չէ՞ որ դրանով զբաղվում էր Արա Աբրահամյանը։ Իսկ այն, ինչ հաջորդ օրը տեղի ունեցավ Պավել Բորոդինի աշխատասենյակում, պարզապես հրաշք էր։ Խառատյանին լսելուց հետո Բորոդինը վերցրեց նրա դիմումը և կարդալով այն` ժպտալով ասաց. «Տղաներ, Ձեր ընկերը շատ համեստ մարդ է, գիտե՞ք, նա խնդրում է ընդամենը մեկ սենյականոց կացարան և դա այն դեպքում, երբ նման վաստակ ունեցող արվեստագետին հասնում է առնվազն երեք սենյականոց բնակարանե։ Այս խոսքերից հետո Բորոդինը դիմումի վրա կատարեց հետևյալ մակագրությունը. «Ապահովել երեք սենյականոց բնակարանով առաջիկա տասը օրերի ընթացքումե։ Դիմայի աչքերին անմիջապես երևացին երջանկության առաջին արցունքները, հասկանալ կարելի էր նրա հուզմունքը, այդ պահին նա երևի աշխարհի ամենաերջանիկ մարդն էր։  Ակամայից գրկախառնվելով Արա Աբրահամյանի, ապա նաև ինձ հետ, Դիման ջերմորեն սեղմելով Պավել Բորոդինի ձեռքը, ասաց, որ երբեք չի մոռանա նրա այդ ասպետական քայլը։ Ի դեպ, նման ձևով երկու տարի անց Արայի օգնությամբ լուծվեց նաև ՌԴ ներքին գործերի նախարարության գնդապետ Յուրի Մանուկյանի մոսկովյան բնակարանի հարցը։ Ահա Ձեզ մի քանի օրինակ Արա Աբրահամյան անհատի, եթե կարելի է այդպես ասել, պետական այրերի օգնությամբ իրականացրած բարեգործություններից։  
Առանձնակի սիրով եմ ուզում խոսել Արա Աբրահամյանի մեկ այլ հատկանիշի մասին։ Որ հայերս ծնողասեր ազգ ենք, հայտնի բան է։ Արա Աբրահամյանի ծնողասիրությունը շատ ուրիշ դրսևորում ունի։ Ծնողների նկատմամբ նրա տածած սերը սահման չունի։ Մտերիմների շրջապատում գտնվելիս ինչ թեմայով էլ զրույցներ լինեին, նա անպայման խոսում էր իր ծնողների մասին և պետք էր միայն տեսնել, թե ինչպիսի՜ բավականությամբ, ինչպիսի՜ սիրով ու խանդաղատանքով։ Մանավանդ՝ երբ մորը` տիկին Պայծառին էր հիշում` դեմքը, խոսքը սեր ու երջանկություն էր ճառագում։ Ասում էր. «Իմաստուն, բարի ու աստվածավախ կին էր մայրս ու մեզ միշտ հիշեցնում էր՝ հավատքով ապրեք։ Մորս աշխատասիրությո՜ւնը. դա նկարագրելու բան չէ։ Նա ոչ թե շատ էր աշխատում, այլ` օրնիբուն։ Նրա օրինակը կենդանի դաս էր մեզ համար։ Ուզում էր, որ հասկանանք կյանքի ճշմարտությունը,որ նաև ի՛ր ճշմարտությունն էր. արդար, ազնիվ աշխատանքով է հնարավոր հասնել հաջողության։ Այդպիսի մտածողությամբ էլ նա կարողացավ հորս մահից հետո ոտքի կանգնեցնել ու կյանք ճանապարհել իր վեց անչափահաս երեխաներին։ Անկոտրում կամք ուներ, հանուն ընտանիքի զոհողության պատրաստ։ Փափագում էր, որ երեխաները պիտանի մարդիկ դառնան ընտանիքի, շրջապատի, ժողովրդի ու հայրենիքի համար»։
Էությամբ ազատ մարդ է Արա Աբրահամյանը և կարող է այս կամ այն խնդրի, անձի (նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյայի) մասին ազատ արտահայտել իր կարծիքը։ Այսպիսի անհատներից սովորաբար ավելի զգույշ են լինում իշխանության վերին էշելոններում։ Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանի ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ նախագահները պատշաճորեն չգնահատեցին-չարժևորեցին բացառիկ հայի և հայրենասերի մեծ հնարավորությունները, չկարևորեցին սեփական ժողովրդին նվիրվելու նրա մշտական պատրաստակամությունը՝ այդ ամենը երկրի շահերին ծառայեցնելու առումով։ Սակայն ես ավելի քան համոզված եմ, որ վաղ թե ուշ Արա Աբրահամյան երևույթը, նրա ազգանվիրումը, երկրաշահ ու հայապահպան ողջ գործունեությունը իր արժանի գնահատականը կստանա։ Թեև նա երբեք վերաբերմունքի չի սպասում, նրա համար որևէ գնահատական երբևէ նշանակություն չի ունեցել։ Օգնելը, մարդասիրաբար, հայրենասիրաբար օժանդակելը հային, մարդուն Արա Աբրահամյանի ապրելու կերպն է, մարդու իր տեսակի ինքնադրսևորման ձևը։ Նա արել և անում է այն, ինչ թելադրում է իր խիղճը, իր ներքին ձայնը։ Կյանքը մեր հայրենակցին չի փոխել, նյութական պատկառելի կարողությունը չի շլացրել նրան։ «Ես միշտ եղել և մնում եմ Մալիշկա գյուղի այն պարզ պատանին, որ մի օր դուրս գալով հայրենի բնօրրանից՝ մորը խոստացավ նեցուկ լինել դժվարության մեջ հայտնված մարդկանց»։ Տասնամյակներ առաջ մորը տված այս խոստումը թերևս Արա Աբրահամյանի մարդկային նկարագրի կարևոր շտրիխ է։
Խորապես համոզված եմ, որ վաղ թե ուշ Արա Աբրահամյանի` իր երկրին անկեղծ նվիրումը և ընդհանրապես նրա ողջ գործունեությունը` ուղղված Հայաստանի բարգավաճմանն ու բարօրությանը, կգնահատվի ըստ արժանվույն։
 
Այսպիսի  մի  հետաքրքիր  հայ
       Մոսկվայում աշխատելու տարիներին բավականին մտերմացա նաև իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի հետ։ Անչափ հետաքրքիր մի անձնավորություն, որի հատկապես քաղաքական ու տնտեսական ոլորտներին առնչվող կանխատեսումները տարիներ անց շատ անսպասելիորեն դարձան իրողություն։ Դեռ 2003 թվականին գտնվելով բանտում` նա կանխատեսեց, թե 2006-2010 թվականներին ինչպիսի զարգացումներ են սպասվում Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ղրղզստանում, Մոլդավայում և ԱՊՀ մյուս երկրներում։ Նրա կարծիքով` հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանում ստեղծվեց այնպիսի ծանր իրավիճակ, որի պայմաններում այլևս հնարավոր չէր այդպես շարունակել գոյատևել։ Արբակը գտնում էր, որ Հայաստանում անհրաժեշտ էր արագացնելմ, ավելին` շտապ իրականացնել իշխանափոխության գործընթացը։ Շատերի համար անսպասելի, Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը՝ Արբակ Խաչատրյանը, 2002 թվականին որոշեց աջակցել ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Արտաշես Գեղամյանին։ Հասկանալով, որ դա մեծ օժանդակություն է` Հայաստանի այն տարիների շխանությունները Ռուսաստանի հատուկ ծառայությունների օգնությամբ շինծու գործ պատվիրեցին, որից հետո կեղծ մեղադրանքների հիման վրա Արբակ Խաչատրյանը դատապարտվեց ութ տարվա ազատազրկման։ Դեռ դատարանում Խաչատրյանը հայտարարեց, թե իրե՛ն մեղավոր չի ճանաչում և որ այս պատվերն իրականացրած բոլոր անձինք շուտով իրենք կկանգնեն դատարանի առջև։ Հետագայում այդպես էլ եղավ։ 3,5 տարի անց Արբակ Խաչատրյանը ամբողջովին արդարացվեց ու վերականգնվեց նախկին աշխատանքում, իսկ նրա դատավարությունն իրականացրած անձանց դեմ քրեական գործ հարուցվեց։
Արբակ Խաչատրյանին առանձնացնող հատկություններից մեկն էլ նրա հրապարակային համարձակ ելույթներն ու հարցազրույցներն են՝ վաղվա օրվա հետ կապված նոր, խորհրդավոր ու աննախադեպ կանխատեսումներով։ Բայց ամենակարևորը Արբակի անսահման հավատն ու լավատեսությունն է` կապված Հայաստանի մոտ ապագայի հետ։ Անկեղծ ասած, չգիտեմ, թե որտեղի՞ց է գալիս նրա այդ լավատեսությունը, բայց ուրախ եմ, որ չնայած ճակատագրի կողմից իրեն հասցված բոլոր տեսակի դաժան հարվածներին, Արբակը միշտ մնացել է անչափ բարյացակամ ու բարեհամբույր մարդ, որն այսօր էլ ամեն ինչով պատրաստ է օգտակար լինել թե՛ իր ընկերներին, և թե՛ իր հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը։ Մեր արտասովոր հայրենակիցը այժմ էլ փորձում է ամերիկյան «Անտիջենիք» հանրահայտ ընկերությունը ներկայացնող իր ամերիկահայ գործընկերոջ՝ Կարո Արմենի հետ իրականացնել բավականին հետաքրքիր մի նախագիծ, ինչը կապված է քաղցկեղի բուժման հետ։ Դատելով ռուս և հատկապես արտերկրի հանրաճանաչ բժիշկների կողմից մեր հայրենակցի գործունեության վերաբերյալ արտահայտած կարծիքներից` կարող եմ ասել, որ դարի չարիքի՝ քաղցկեղի բուժման գործընթացում շատ շուտով մենք հավանաբար ականատես կլինենք անհավանական արդյունքների։ Արբակի կողմից այս ոլորտում տարվող աշխատանքներով հաճելիորեն զարմացած-տպավորված է Ռուսաստանի Դաշնության գլխավոր ուռուցքաբանը՝ Դմիտրի Պուշկարը, որի կարծիքով իր հայազգի բարեկամը, իրոք, փորձում է յուրօրինակ հեղաշրջում իրականացնել քաղցկեղի բուժման բնագավառում։ Իսկ թե իրականում որքանով դա նրան կհաջողվի, ցույց կտա ապագան։ Ինչպես ասում են` կապրենք, կտեսնենք։
 
 
  Ո՞վ  է  այդ անկիրթը
     Պատիվ եմ ունեցել լուսաբանել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Յուրի Մկրտումյանի օրոք Օրենբուրգի մարզի հայկական համայնքի ղեկավար Սամվել Հովհաննիսյանի և դեսպանատան նախաձեռնությամբ 1996 թվականի գարնանը Ուրալում անցկացվեցին հայ մշակույթի օրեր։ Տեղի հայկական համայնքի, ինչպես նաև մարզի ազգաբնակչության համար դրանք, հիրավի, անմոռաց օրեր էին։ Մկրտումյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում Օրենբուրգ էին ժամանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, ՌԴ ժողովրդական արտիստներ Արտյոմ Կարապետյանը, Դմիտրի Խառատյանը, Ռոքսաննա Բաբայանը, Գեորգի Մովսիսյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Ռոբերտ Ամիրխանյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Ներսես Հովհաննիսյանը, վաստակավոր արտիստներ Սոֆի Դևոյանն իր պարի և հոգու թատրոնով, Նադեժդա Սարգսյանը, ջութակահարներ Ճենթերեճյան եղբայրները, «Հայեր» համույթը, Երևանի Վահան Տերյանի անվան միջնակարգ դպրոցի երկու տասնյակից ավելի սաներ։ Երեք օր տևած համերգային ու մշակութային միջոցառումների ընթացքում մարզի բնակիչներն առիթ ունեցան մոտիկից ծանոթանալու հայ ժողովրդի բազմադարյան պատմությանն ու հինավուրց մշակութային արժեքներին։ Հայկական պատվիրակության անդամներին ընդունեցին մարզի նահանգապետը, Օրենբուրգի քաղաքապետը։ Երբեք չեմ մոռանա հայ մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Արմեն Ջիգարխանյանի կարճ ու բովանդակալից ելույթը. «Ես չգիտեմ, թե ռուս չինովնիկներից ով է մեզ առաջինը տվել «կովկասցի ազգության անձ» մականունը, բայց շատ կուզենայի, որ այդ անկիրթ մարդն այսօր ներկա գտնվեր այս դահլիճում և տեսներ, թե նման «մականունով» որքան հրաշալի անհատներ են կանգնած այս բեմահարթակին։ Այո, ես հպարտ եմ, որ ինքս էլ կովկասցի ազգության անձ եմ և դրա համար ոչ միայն երբեք չեմ ամաչել, այլև հպարտ եմ»։ Արմեն Ջիգարխայանի խոսքը նույն օրը եթեր գնաց ռուսական տարբեր հեռուստաալիքներով, իսկ հաջորդ օրն արդեն թևավոր դարձած այս խոսքերը տպագրեցին շատ թերթեր։
 
         «Հայաստանըսրտիսմիկտորնէ» 
                 Ինչպես արդեն նշեցի, օրենբուրգյան հայկական մշակույթի օրերի մասնակիցների մեջ էր նաև սիրված երգչուհի Ռոքսաննա Բաբայանը։ Չնայած ծնվել է Տաշքենդում, բայց հաճախ հիացմունքով ասում էր. «Հայաստանն իմ սրտի մի կտորն է, հուսով եմ, որ այն կվերածնվի, դա հեքիաթային, բիբլիական երկիր է, զարմանահրաշ մարդկանցով»։ Մոտ երկու ժամ տևած մեր զրույցի ընթացքում նա պատմեց, թե ինչպես մի մեծ խումբ երգիչների հետ երկրաշարժից հետո եկել է աղետի գոտի։ Ռոքսանան, ով, ի դեպ, չափազանց հարուստ ու գեղեցիկ խոսք ունի, հաճույքով պատմեց, թե ինչպես կոմպոզիտոր Վլադիմիր Մատիցկու հետ ստեղծել են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված «Ցավդ տանեմե հայտնի երգը։ Այդ երեկո նա բավականին հետաքրքիր դեպքեր հիշեց նաև ամուսնու՝ Միխայիլ Դերժավինի և իրենց համատեղ կյանքից, հետո խելամիտ կնոջը բնորոշ հանգստությամբ ավելացրեց. «Ես արևելքցի կին եմ, գիտեմ իմ տեղն ու չափը։ Կարծիք կա, թե հայկական սփյուռքն ինձ աջակցում է, բայց դա այդպես չէ։ Մենք, ցավոք, պառակտված ենք, բաժանված։ Սակայն ես անուղղելի լավատես եմ ու համոզված, որ Հայաստանում ամեն ինչ կկարգավորվի»։
 

 
 ՀԻՇԱՐԺԱՆ  ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  «Պրոստը Մարիային» Երևան բերեցինք երկու շիշ կոնյակով
      Նոր էր լրացել Մոսկվայի թղթակցական կետի մեկ տարին, երբ մի օր, վաղ առավոտյան, ինչպես սովորաբար շատ քիչ էր պատահում, Երևանից զանգահարեց Հեռուստապետկոմի նախագահ Տիգրան Հակոբյանը։ «Հո քնած չե՞ս»,- բարևելով հարցրեց նա։ Ասացի, որ նոր եմ արթնացել ու պատրաստվում եմ գնալ աշխատանքի։ Տիգրանը, որ չգիտես ինչու ինձ միշտ դիմում էր «շեֆ»-ով, շարունակեց. «Երեկ ուշ երեկոյան Վանոյի մոտ էի, դե հասկացար, շեֆ, խոսքս նախարարի՝ Վանո Սիրադեղյանի մասին է։ Ասաց, որ քեզ հետ խոսեմ ու ճշտեմ, թե կարո՞ղ ես արդյոք Երևան բերել «Պռոստո Մարիային»։ Ես էլ քո փոխարեն գլուխ գովեցի, թե Ղուշչյանն ամեն ինչ կարող է։ Այս բոլորն այնքան անհասկանալի ու անսպասելի էր, որ չըմբռնելով խոսակցության իմաստը` հարցրի, թե ով է «Պռոստո Մարիան» և ինչու պետք է հենց նրան տանեմ Երևան։ Մի տեսակ զարմացած իմ պատասխանից` Հակոբյանը շարունակեց. «Դու, ի՞նչ է, շեֆ, կյանքից հե՞տ ես մնացել, ОРТ-ով «Պռոստո Մարիա» մեքսիկական սերիալը չե՞ս նայում»։ Կարծես հասկանալով, թե ինչի մասին է խոսքը` պատասխանեցի, թե Մոսկվա չեմ եկել սերիալներ նայելու։ Տիգրան Հակոբյանից տեղեկացա, որ այդ օրերին «Պարզապես Մարիայի» դերակատարը` Վիկտորյա Ռուֆոն, Մոսկվայում է և խոստացա անել ամեն ինչ, որպեսզի մեքսիկական սերիալի գլխավոր հերոսուհուն բերեմ Երևան։ Նույն օրը երեկոյան վերջապես դիտեցի «Պարզապես Մարիայի» սերիաներից մեկը և արդեն որոշակի պատկերացում կազմեցի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք ժամանած Վիկտորյա Ռուֆոյի մասին։ Ի դեպ, նույն օրը, երեկոյան «Ժամանակ» տեղեկատվական ծրագրով Վիկտորյայի մասին պատմող երկարաշունչ տեսանյութ ցուցադրվեց, ինչը ևս ինձ համար բավականաչափ օգտակար տեղեկատվություն էր։ Հաջորդ օրը, երբ արդեն ճշտել էի, թե որ հյուրանոցում է տեղավորվել մեքսիկացի դերասանուհին, առանց նախնական պայմանավորվածության գնացի նրա հետ հանդիպման։ Երբ մտա «Ռոսիա» հյուրանոց` ճշտելու, թե որ համարում է տեղավորվել հանրահայտ դերասանուհին, ինձ շատ քաղաքավարի հասկացրին, որ նա հյուրերի չի սպասում և առհասարակ ոչ ոքի չի ընդունում։ Հասկացա, որ անիմաստ է այդ թեմայով խոսակցությունը շարունակել, բայց հիշելով «լրագրողի համար փակ դռներ չկան» հայտնի կարգախոսը` փորձեցի նպատակիս հասնելու այլ միջոցներ գտնել։ Հյուրանոցի մուտքը հսկող աշխատակիցներից տեղեկացա, թե ովքեր են ապահովում Վիկտորյա Ռուֆոյի անվտանգությունը, և որ համարում է հանգրվանել նրա անվտանգության ծառայության պատասխանատուն։ Ստանալով անհրաժեշտ ինֆորմացիա` անմիջապես գործի անցա։ Շատ արագ ծանոթացա Ռուֆոյի անվտանգության ծառայության ղեկավարի հետ, որը, ի դեպ, Ռուսաստանի անվտանգության ֆեդերալ ծառայության նախկին գնդապետ էր։ Ընդամենը մեկ շիշ հայկական կոնյակի շնորհիվ րոպեներ անց մենք դարձանք «ախպերներե։ Իսկ երբ իմ նոր բարեկամին նվիրեցի կոնյակի երկրորդ շիշը, նրա տրամադրությունը կտրուկ բարձրացավ. «Ուզո՞ւմ ես հենց հիմա գնանք Վիկայի սենյակը»։ Ականջներիս չհավատացի ու անմիջապես վրա բերեցի. «Իհարկե, ուզում եմ»։ Եվ դարձյալ հաշված րոպեներ անց մենք Ռուֆոյի սենյակում էինք։ Մեզ տեսնելով` Վիկտորյան տեղից վեր կացավ ու ժպտադեմ հարցրեց. «Սաշա, տեսնում եմ` դեռ օրը չսկսված` շատ լավ տրամադրություն ունես, բարեկամիդ հե՞տ ես։ «Այո, շատ լավ բարեկամիս, շուտով դու էլ դրանում կհամոզվես»։ Անկեղծ ասած, չէի կարող ենթադրել անգամ, թե ամեն ինչ այդքան բարեհաջող կստացվի։ Ես անմիջապես ներկայացա և ասացի, թե ինչ առիթով եմ եկել հանդիպման։ Ռուֆոյից բացի, սենյակում ներկա էին թարգմանչուհին՝ Յուլյան և դերասանուհու ամուսինը՝ Էվգենիո Դերբեսը։ Իմ այցը, առավել ևս` առաջարկությունս, բոլորին հանկարծակիի էր բերել, և նրանք չգիտեին ինչ պատասխանել «անկոչ ու անծանոթ» հյուրին։ Մեր զրույցն այնուհետև շարունակվեց թեյի սեղանի շուրջը։ Երբ խոսք գնաց Երևան գալու ժամկետների ու հատկապես ֆինանսական հարցերի մասին, բանակցությունները գրեթե ձախողվեցին։ Վիկտորյայի պահանջած գումարը հինգ անգամ գերազանցում էր մեր կողմից առաջարկածին։ Ես փորձում էի համոզել, որ երկրաշարժից դեռ չապաքինված ու տնտեսապես լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանն այսօր ի վիճակի չէ այդքան մեծ գումար վճարել, եթե անգամ խոսքը հայերիս համար շատ սիրելի դերասանուհու մասին է։ Իրավիճակից դուրս գալու ելք առաջարկեց Էվգենիո Դերբեսը։ Ի վերջո կարողացանք գալ ընդհանուր հայտարարի և պայմանավորվեցինք չորս ամիս անց` օգոստոսին Երևանում կազմակերպել Ռուֆոյի հանդիպումները նրա հայ երկրպագուների հետ։ Նույն օրը երեկոյան Տիգրան Հակոբյանին հայտնեցի, որ մեր պայմանավորվածության համաձայն օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում Վիկտորյան կժամանի Հայաստան։ Տիգրանի տրամադրությունը միանգամից բարձրացավ, մինչև իսկ գովեստի խոսքեր շռայլեց իմ հասցեին։ Այդ չորս ամիսներն անցան արագ ու աննկատ։ Նախնական պայմանավորվածության համաձայն, օգոստոսին Մոսկվայում դիմավորեցի Վիկտորյային և նրա հոր ու քրոջ ուղեկցությամբ ժամանեցինք Երևան։ Ընդունելությունը, որ Հայաստանում կազմակերպվել էր հեռավոր Մեքսիկայից ժամանած հյուրերի համար, ակնհայտորեն ցնցել էր ամեն ինչ տեսած աշխարհահռչակ դերասանուհուն։ Ժամանակ անց, երբ հյուրերը պատրաստվում էին հրաժեշտ տալ Հայաստանին, որտեղ, իրենց իսկ խոսքերով, անց էին կացրել հինգ անմոռաց օրեր, Վիկտորյան անկեղծ հուզմունքով լրագրողներին ասաց. «Երբեք հայրենիքից հեռու ինձ այսքան երջանիկ չէի զգացել։ Հայաստանն ինձ համար իսկապես հայտնություն էր, և առիթի դեպքում մեծ սիրով, մեծ հաճույքով կրկին կայցելեմ Նոյ Նահապետի բիբլիական երկիրըե։ Երևանից Մոսկվա վերադառնալիս ինքնաթիռում երկար զրուցեցինք Վիկտորյայի հետ։ Նա նորից ու նորից կրկնում էր, թե Հայաստանից անմոռաց տպավորություններ ու անջնջելի հուշեր է իր հետ տանում Մեքսիկա։ Ռուֆոյին զարմանք ու հիացմունք էր պատճառել հատկապես հայ հանդիսատեսի ջերմ ու անկեղծ վերաբերմունքը։ Հրաժեշտից առաջ դերասանուհին հիշեցրեց, որ շուտով կավարտվեն իր մասնակցությամբ նոր սերիալի նկարահանման աշխատանքները, և հաճույքով կուզենար անվճար այն տրամադրել հայկական հեռուստատեսությանը։    
 
         Հերթը Պուգաչովայինն ու Կիրկորովինն էր
        Մեքսիկացի հանրաճանաչ կինոաստղի` Երևան կատարած հաջողված այցից հետո Հայաստանի տարբեր համերգային կազմակերպությունների կողմից ստացա մի շարք առաջարկներ` Երևանում կազմակերպելու ռուսական էստրադայի աստղերի համերգները։ Աշխատանքում ծանրաբեռնված լինելու պատճառով հիմնականում հրաժարվում էի նման համագործակցությունից։ Սակայն եղավ մեկ առաջարկ, որից չկարողացա հրաժարվել, քանի որ այն իրականացնելու խնդրանքով ինձ դիմել էր մեր առաջին հովանավորը՝ Լևոն Հովհաննիսյանը։ Մոսկվա եկած նրա բարեկամները մեծ ցանկություն ունեին Երևանում կազմակերպել Ալլա Պուգաչովայի և Ֆիլիպ Կիրկորովի ելույթները «Հրազդան» մարզահամալիրում։ Խոստացա, որ կփորձեմ օգտակար լինել։ Հաջորդ օրը զանգահարեցի հանրահռչակ ամուսնական զույգին։ Նախ խոսեցի Ալլա Բորիսովնայի հետ (նրան ես վաղուց էի ճանաչում), ապա նույն խնդրանքով դիմեցի Ֆիլիպին։ Մեծ դժվարությամբ հաջողվեց համոզել աստղերին` ընդունել Երևանից եկած նոր ծանոթներիս առաջարկը։ Պուգաչովան մի պայման առաջարկեց. ինքը Երևան չի մեկնի, եթե ես նույնպես իրենց հետ չթռչեմ Հայաստան, որպես այդ երկու համերգների երաշխավոր։ Ստիպված էի համաձայնել, այլապես ամեն ինչ կարող էր ձախողվել։ Համերգի կազմակերպիչները, աստղերի համաձայնությունն ստանալուց երջանկացած, ոսկե սարեր խոստացան, բայց, ինչպես հաճախ է պատահում, դրանք խոստում էլ մնացին։ Իսկ ինձ համար կարևորը նորից Երևան մեկնելն էր, ուր թողել էի սիրելի մորս, մեծաթիվ ընկերներիս, որոնց տեսնելու ցանկությունը միշտ էլ մեծ է։ Իսկ աստղային ամուսնական զույգի երկրպագուների համար այս համերգները երկար սպասված անակնկալ էին, բացառիկ հնարավորություն` ունկնդրելու նրանց կենդանի կատարումները։
Հայ մարզիկների պահապան հրեշտակը
      Դա Հակոբ Տոնոյանն էր` 80-ականների կեսերից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը և անկախ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահը։ Սպորտի բացառիկ նվիրյալ, բացառիկ հատկությունների, անսովոր որակների տեր անձնավորություն։ Թեև խորհրդային տարիների համար «բարերար» հասկացությունը խորթ էր, սակայն ամբողջովին բնորոշում է նրան։ Նա հայ մարզիկների յուրատեսակ պահապան հրեշտակն էր, և այս գնահատականն ամենևին էլ չափազանցություն չէ։ Մոտ լինելով հանրապետության կուսակցական ու պետական վերանախավին և ամուր կապեր ունենալով Մոսկվայում` դրա շնորհիվ նա կարողանում էր Հայաստան բերել հսկայական քանակության դեֆիցիտային ապրանքներ՝ հիմնականում մարզահագուստ և մարզական գույք։ Դրանից ստացվող հասույթի մասշտաբների մասին կարելի է միայն ենթադրություններ անել։ Սակայն Տոնոյանի համար սպորտը բոլոր շահերից վեր էր, այն միակը, որին տրվել ու ծառայում էր բոլորանվեր` իրեն պատկանող միջոցները առատորեն ընծայելով մեր հանրապետության փառքն աշխարհում պանծացնող մարզիկներին ու մարզիչներին։
Դեռևս 1999 թվականին, երբ «Արմենիա» հեռուստատեսությունում սկսել էի եթեր դուրս գալ իմ հեղինակային «Օրը» հաղորդաշարը, հերթական հաղորդման հյուրս ՀԽՍՀ սպորտկոմիտեի նախկին նախագահ Գեորգի Ասատուրյանն էր։ Հյուրս հրաշալի ճանաչում էր սպորտում մեծ ներդրում ունեցող իր ժամանակակիցներին և իր համով-հոտով խոսքով հիշելով նրանց ու արժևորելով յուրաքանչյուրի գործը` հիանալի բնորոշեց Հակոբ Տոնոյանին։ Նա խոսեց որպես անկախ Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահ և՛ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս Հակոբ Աղաջանիչի զարմանալիորեն բարձր հեղինակության մասին, մանրամասնորեն ներկայացրել նրա մարդկային բարեմասնություններն ու մասնագիտական արժանիքները։ Ինձ մնում է ավելացնել, որ, բարեբախտաբար, Հակոբ Աղաջանիչի պես հրաշալի անհատ բարերարներ հայկական սպորտում քիչ չեն եղել, և հենց նման անհատների շնորհիվ էր, որ անկախության առաջին ամենադժվարին տարիներին մեզ հաջողվեց հաղթահարել բոլոր տեսակի դժվարությունները և Հայաստանի լավագույն մարզիկների համար ճանապարհ հարթել դեպի միջազգային ամենահեղինակավոր ստուգատեսները։ Կարծում եմ` այս առումով հատկապես անուրանալի են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական մեծածավալ ներդրումները։ Անկախության վերջին տարիների աշխարհի, Եվրոպայի մեր չեմպիոններից շատերը հենց նրան են պարտական իրենց փայլուն հաղթանակների համար։ Այսօր էլ պարոն Ծառուկյանը նույնպիսի պատրաստակամությամբ շարունակում է ամեն ինչով աջակցել առաջատար հայ մարզիկներին` վստահ լինելով, որ նրանց գլխավոր ու հատկապես օլիմպիական հաղթանակները դեռ առջևում են։
 
Մարզական  մեկնաբանի  գործը  նա  վերածեց թատերական  արվեստի
       Կարո՞ղ եմ երբևէ մոռանալ պապա Կոլյային, որ բոլորի կողմից էր սիրված։ Այդպես էինք մենք՝ երիտասարդ մարզական լրագրողներս ու մեկնաբաններս, կոչում Նիկոլայ Օզերովին։ Ինչպես բազմիցս նշել եմ, նա եղել և մնում է իմ լավագույն ուսուցիչը։ Իսկական «գուրու» էր նա՝ լայնախոհ, ծանրակշիռ, հոգատար։ Օզերովի շնորհիվ խորհրդային մարդկանց մի քանի սերունդ ոչ միայն սիրեց լսել ու դիտել ֆուտբոլի և տափօղակով հոկեյի խաղերը, այլև հասկացավ այդ խաղերի նրբությունները, խորամուխ եղավ դրանց էության մեջ։ Իր առաջին ռադիոռեպորտաժը Նիկոլայ Նիկոլաևիչը վարել է դեռևս 1950-ից։ Մարզական մեկնաբանի գործը նա վերածեց թատերական արվեստի։ Այդ ասպարեզ նրա մուտքից հետո այլևս անհնար էր անկիրք ռեպորտաժներ վարել. դա ցանկացած մեկի համար, որպես մասնագետի, կործանման էր համազոր։ Այնքան հյութեղ, լեզվական բարձր զգացողությամբ, տվյալ մարզաձևի խոր իմացությամբ էր մատուցում յուրաքանչյուր մարզական իրադարձություն, որ անհնար էր չհրապուրվել սպորտով առհասարակ։ Նիկոլայ Օզերովը հորդորում էր մեկնաբաններին լինել կրքոտ, բայց երբեք դա չվերածել աղմկարարության, չգոռգոռալ։ Խաղային դադարները, ասում էր նա, հարկավոր է լցնել նախապես պատրաստած ասելիքով, որտեղ նա կարևորում էր թիմերին, խաղացողներին վերաբերող հետաքրքիր իրադարձությունների հիշատակումը կամ մարզաձևի մասին տեղեկատվության մատուցումը, պատմության մոռացված էջերի վերհանումը։ Այսպիսի անհրաժեշտ շեղումները, նրա համոզմամբ, հատկապես պետք են ռադիոռեպորտաժների ժամանակ, որտեղ բացակայում է կադրը, և ռադիոլսողը գտնվում է գերլարված վիճակում։ Նա իր մասնագիտական հավատամքը մեկ նախադասությամբ ձևակերպել էր այսպես. «Մարզական մեկնաբանն իր ունկնդիրներին խնդություն պիտի պարգևի»։ Պահանջում էր ԽՍՀՄ առաջնությունների խաղերը մեկնաբանելիս լինել առավելագույնս անաչառ, իսկ միջազգային խաղերում, ընդհակառակը, չթաքցնել համակրանքը մերոնց հանդեպ։ Խորհուրդ էր տալիս հանիրավի չկշտամբել մարզիկներին,  մարզիչներին, երբեք չվիրավորել նրանց, նրբանկատ լինել։ Օրինակ` նախընտրելի է ասել՝ հարձակվողը լավ խաղաց և գոլ խփեց, և ոչ թե՝ դարպասապահը վատ խաղաց և գնդակ բաց թողեց։ Չափազանց բորբոքված էր խոսում «պայմանավորված» խաղերի մասին ու, չնայած Կիևի «Դինամոյի» միջազգային հռչակին, բարձրաձայն ասում էր, որ խորհրդային ֆուտբոլում այդ արատավոր ընթացքի սկիզբը դրեցին հենց Ուկրաինայի մայրաքաղաքի խաղացողներն ու մարզիչները։ Մի անգամ հրապարակավ ասաց. «Մարզիկը պետք է ասպարեզ դուրս գա հաղթելու համար և ոչ թե փողի»։ Մեծ եղավ զարմանքս, երբ իմացա, որ Օզերովը երբեք կոմունիստական կուսակցության անդամ չի եղել։ Ինչպես ռուսական «Սոբեսեդնիկ» շաբաթաթերթն էր գրել, «այդ անկուսակցականն ավելի հանրահայտ էր, քան բոլոր կոմունիստները միասին վերցրած»։ Միության ցանկացած մարզադաշտում հոտնկայս երկարատև ծափողջույնները չէին դադարում, երբ մեկնաբանի խցիկում Նիկոլայ Նիկոլաևիչն էր։
Օզերովի հետ մեր անձնական մտերմությունը տևեց գրեթե 25 տարի` 1977 թվականից ի վեր, երբ ես գործուղվեցի Մոսկվա և դարձա մարզական մեկնաբանների վերապատրաստման` նրա ղեկավարած խմբի ունկնդիրներից մեկը։ Դասընթացները կազմակերպվում էին ամեն տարի։ Մեր մասնագիտության այբուբենին ծանոթանալու համար, անշուշտ, որոշակի տեսական ու գործնական պարապմունքների կարիք կա։ Բայց ինչպես զավակներին դաստիարակելու գործում, այստեղ էլ գլխավորը անձնական օրինակն է։ Այսինքն՝ ի՞նչ է խոսում քո ուսուցիչը և ինչպե՞ս է խոսում։ Տեղեկանալով իմ ֆուտբոլային անցյալին՝ Օզերովի առաջին գոտեպնդիչ խոսքն այս եղավ. «Քո մարզական կենսագրությամբ դու արդեն նվաճել ես եթերի իրավունքդ, քանի որ սպորտը գիտես ներսից»։ Միայն իրեն հայտնի պատճառներով նա հենց ինձ վստահեց կենտրոնական հեռուստատեսության «Ֆուտբոլային տեսություն» հաղորդման ամենշաբաթյա թողարկման համար Հայաստանից նյութեր պատրաստելու գործը, և դրա շնորհիվ տասը տարուց ավելի՝ մինչև 1990 թվականի մրցաշրջանի ավարտը, համամիութենական եթերում ամեն կիրակի հնչում էր հատուկ թղթակից Համլետ Ղուշչյանի խոսքը։
Նիկոլայ Նիկոլաևիչը հիանալի գիտեր հայ մարզիկներին։ Հրճվանքով էր պատմում, թե ինչպես Մոսկվայի «Սպարտակի» խաղացող Վլադիմիր Սալնիկովը գնդակն ստանալուն պես դաշտով մեկ կանչում էր. «Սարգիս, որտե՜ղ ես, ու գտնելով՝ ճշգրիտ հասցեագրում Սարգիս Հովիվյանին»։ Նաև հիշում էր Երևանի «Սևան» հյուրանոցի առջև հայ մարզասերների բողոքի ցույցը` կապված Բանակի կենտրոնական մարզական ակումբ Հովիվյանի հարկադիր փոխադրման հետ։ Նիկիտա Սիմոնյանին համարում էր աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը։ Ամեն անգամ առանձնակի հաճույքով ու հիացմունքով էր պատմում, թե այդ, հիրավի, խիզախ մարզիկն ինչպես է կարողացել «ոչ» ասել ժամանակի սարսափ մարդու որդուն` Ստալինին, նրան մերժելու համարձակություն է ունեցել մեր հայրենակիցը։ Ի դեպ, դա մի անսովոր պատմություն է, որ տեղի է ունեցել 1950 թվականին, երբ տասնութամյա Նիկիտա Սիմոնյանը Սուխումիից տեղափոխվում է Մոսկվայի «Սպարտակ» և իր վարպետ խաղով հաստատվում թիմի հիմնական կազմում։ Մեկ տարի անց, նոր խաղաշրջանի շեմին, իր համար շատ անսպասելի, հրավեր է ստանում ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի նորաստեղծ «ВВС» ակումբից, որը կազմավորվել էր Վասիլի Ստալինի անմիջական նախաձեռնությամբ։ Շնորհակալություն հայտնելով Ստալինի համհարզին նման վստահության և հրավերի համար` պատասխանում է, թե գերադասում է մնալ «Սպարտակում» և իր թիմակիցների հետ մեկնում սևծովյան ուսումնամարզական հավաքի։ Երբ այս ամենի մասին զեկուցում են Վասիլի Ստալինին, վերջինս սաստիկ զայրացած բղավում է իր օգնականի վրա և հրամայում անմիջապես զինվորական ինքնաթիռ ուղարկել Սիմոնյանի հետևից ու շտապ նրան հասցնել Մոսկվա։ Հաշված ժամեր անց 19 ամյա ֆուտբոլիստը բերվում է մայրաքաղաք և Ստալինի հրամանով հայտնվում բանտախցում։ Մի քանի օր ճաղերի հետևում պահելուց հետո Սիմոնյանին տանում են Ստալինի ընդունարան։ Դժվար չէ պատկերացնել, թե այդ պահին, շոկային նման իրավիճակում հայտնված երիտասարդն ինչ ապրումներ կարող էր ունենալ։ Փաստորեն նա համարձակվել էր ոչ ասել անձամբ Ստալինին, իսկ նման արարքը սովորաբար չէր ներվում, այլ խստորեն պատժվում էր։ Բանտախցում անցկացրած մի քանի օրը Սիմոնյանի վրա բավականին ծանր ու ճնշող ազդեցություն էր թողել, նա չէր հասկանում, թե որ մեղքի համար են իր հետ այդքան դաժան վարվել։ Եվ ահա մի օր էլ քար լռության մեջ բացվում է բանտախցի դուռը, և ներս է մտնում երկրի ամենակարող մարդու որդին՝ Վասիլի Ստալինը. «Նիկիտա, դու ինչո՞ւ չես ուզում խաղալ մեր թիմի կազմում, ի՞նչն է պատճառը»։ Շփոթված ու այլայլված երիտասարդն անգամ այդ պահին չի կարողանում կեղծել ու պատասխանում է. «Ընկեր Ստալին, ես մանկուց երազել եմ խաղալ «Սպարտակում» և, եթե չեք առարկում, կուզենայի մնալ այդ ակումբում»։ Սենյակում կրկին քար լռություն է տիրում, և կրկին այն խախտում է Ստալինի դժգոհ բարիտոնը. «Եվ այս ամենից հետո դու նորից ուզում ես խաղալ «Սպարտակո՞ւմ»։ «Այո»,- հակիրճ պատասխանում է երիտասարդ ֆուտբոլիստը։ Նիկիտայի անկեղծությունը մեղմում է Ստալինի զայրույթն ու բարկությունը, և նա, ի վերջո, սառը ժպիտը դեմքին` ձեռքը դնում է իր առաջարկը մերժած մարզիկի ուսին և ասում. «Լավ, եթե դու այդքան ազնիվ ես և այդքան շատ ես ուզում խաղալ «Սպարտակում», թող այդպես լինի։ Գնա, Նիկիտա, դու, իսկապես, շատ պարկեշտ մարդ ես»։ Օզերովը պատմում էր, որ Նիկիտա Սիմոնյանի այդ խիզախ արարքը պարզապես ցնցել է ողջ խորհրդային մարզաշխարհը։ Հատկապես սպարտակցիների համար նա մինչև օրս էլ մնացել է որպես խիզախության, նվիրվածության և հավատարմության խորհրդանիշ, լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ։
Մեր զրույցի ընթացքում նա հիշեց, թե ինքը ժամանակին շատ էր սրտնեղել հայերիս այն կարծիք-մեղադրանքի կապակցությամբ, թե իբր 1973 թվականի ֆուտբոլի ԽՍՀՄ գավաթի հիշարժան եզրափակիչ խաղը մեկնաբանելիս անթաքույց համակրել է կիևցիներին։
Ծանր վերջաբան ունեցավ Օզերովի բուռն ու արգասաբեր գործունեությունը։ 1990-ին նրան հարկադրեցին ազատման դիմում գրել։ Անցնելով թոշակի՝ Նիկոլայ Նիկոլաևիչը բոլորիս համար դժվարին ժամանակաշրջանում ղեկավարեց իր սիրելի «Սպարտակ» մարզական ընկերությունը։ Իսկ այդ օրերին խղճուկ վիճակում էին հայտնվել մարզադաշտերը, դրանցից շատերը վերածվել էին շուկաների, հանգստյան բազաները՝ հյուրանոցների։ Նա պայքարեց և հասավ այն բանին, որ «Սպարտակի» ունեցվածքը ամբողջովին չսեփականացվի նորահարուստների կողմից և ծառայի իր բուն նպատակին։ Գովեստի խոսքեր չէր խնայում շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի հասցեին, որը հսկայական միջոցներ էր տրամադրում «Սպարտակ» ընկերությանը։ Նա ողջ կյանքն ապրեց «Սպարտակով» և հաճախ էր ասում՝ «Սպարտակն» իմ ամբողջ կյանքն է եղել, «Սպարտակը» մոգական բառ է, դրա համար կարելի է հոգի տալ։ Ի դեպ, երբ մի անգամ նրան բարեկամաբար մեղադրեցին հայերիս նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մեջ, նա ասաց. «Ես ինչպե՞ս կարող եմ հայերին այլ կերպ նայել, երբ հայերը իմ սիրելի «Սպարտակին» տվել են Տիգրան Պետրոսյան, Նիկիտա Սիմոնյան և Գարրի Կասպարով»։ Էությամբ միշտ օգնելու պատրաստ մարդ էր, գնահատում էր տղամարդկային անկաշառ ընկերությունը։ Նրա կերպարի անբաժանելի մասն էր դարձել մարզահագուստը, որով նա մշտապես ներկայանում էր մարզական հասարակությանը։ Տառապում էր շաքարախտով, կյանքի վերջին շրջանում անդամահատել էին աջ ոտքի մի զգալի մասը, և ճակատագրի հեգնանքով նա տեղաշարժվում էր Լև Յաշինի հենակների օգնությամբ, որ նրան էր նվիրել հանրահայտ դարպասապահի այրին։
Մոսկվայում գտնվելուս օրերին մշտապես այցելում էի ինձ համար շատ սիրելի այս մարդուն։ Ուշ էր ամուսնացել, զույգ երեխաները՝ Նադեժդան և Նիկոլայը, ծնվել էին, երբ ինքն արդեն 47 տարեկան էր։ Կինը՝ Մարգարիտա Պետրովնան, առանձնակի գորովանքով էր վերաբերվում ինձ։ Հայկական կոնյակից, խաղողից, լավաշից ու բաստուրմայից առավել այդ հարկի տակ ինձնից սպասում էին Հայաստանի պատմության ու մշակույթի մասին գրքերի։ Նկատի առնելով Հայաստանի և հայերիս հանդեպ նրա անկեղծ վերաբերմունքը՝ մի անգամ հարմար գտա դիմել նրա օգնությանը՝ մոսկովյան ծանոթիս բարեկամին անօրինությունից փրկելու խնդրանքով։ Մեր հայրենակիցն ավտովթարի մասնակից էր դարձել, բայց ինչ-որ մեկը որոշել էր ողջ մեղքը բարդել նրա վրա։ Ուշադիր լսեց, որսաց խնդրի էությունը և մարդկայնորեն այնքան հուզվեց օտարի դժբախտության համար, որ անմիջապես զանգեց ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի օգնականին։ Իրեն հատուկ զգացականությամբ դժգոհեց իշխանավորների կամայականությունից։ Մտքովս անգամ չէր անցնում, թե վերևներում այդ կարգի հեղինակություն ունի։ Մյուս օրն այդ հայ մարդն անմեղ ճանաչվեց ու բանտից ազատ արձակվեց, իսկ «շնորհակալություն հայտնելու» նրա ակնարկն Օզերովը բնում այնպես խեղդեց, որ մարդը չհասցրեց անգամ ավարտել խոսքը։ Անծանոթ հայրենակիցներս գոնե հիշո՞ւմ են Օզերովի այս վեհանձն քայլը, թե՞ երախտապարտության բարի զգացումը սահուն փոխակերպվեց երախտամոռության։
Որքա՜ն էր կապված Նիկոլայ Նիկոլաևիչն իր հայրենի Մերձմոսկովյան Զագորյանսկ գյուղի հետ։ Այնտեղ նրա հոգին խաղաղվում էր ու լցվում խոհականությամբ։ Հայացքն անծայրածիր հեռուներին հառած` բարձրաձայնում էր խոհերը. «Մեր ողջ կյանքում ցանկանում ենք տիրել կապույտ թռչունին, մեզ թվում է` արդեն հասել ենք, բայց հենց ուզում ենք որսալ, թռչում հեռանում է։ Այսպես՝ միշտ ու ապարդյուն»։ Եվ մեզ՝ իր աշակերտներին, հորդորում էր երբեք չվհատվել ու չդադարեցնել կապույտ թռչունին հասնելու ու տիրանալու ջանքերը։

                        Ընդհատված սլացք
      Միտքս եկան աշխարհահռչակ ջրացատկորդ, ԽՍՀՄ, Եվրոպայի բազմակի չեմպիոն, 1980 թվականի Մոսկվայի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, սպորտի վաստակավոր վարպետ Դավիթ Համբարձումյանի խոսքերը։ Հարցազրույցներից մեկի ժամանակ պատասխանելով իմ հարցին`ինչու ընտրեցիր ջրացատկը, երբ ֆուտբոլիստ հայրդ (ժողովրդի մեջ «Գելո» մականունով հայտնի Գրիգորի Համբարձումյանը՝ 1950-60-ականների Երևանի «Սպարտակի» աջ պաշտպանը) իր ճանապարհով էր փորձում քեզ տանել, իսկ մարմնամարզուհի մայրդ՝ իր, մեզ բոլորիս շատ սիրելի Դավիթը բացահայտեց իր հոգու պարզ ու գեղեցիկ գաղտնիքը. «Ինձ գերագույն հաճույք է պատճառում օդում մի քանի վայրկյան ազատ ճախրելը»։ Այսպես, նա էլ, մեզնից յուրաքանչյուրի պես, իր կապույտ թռչնի հետևից էր սլանում։ Ավա~ղ, այսօր Դավիթն էլ մեզ հետ չէ...
 
    «Որտե՞ղ է Սարկիսյանցը, ձայնն ինչո՞ւ չի լսվում»
         Խորհրդային Միության մարզական լրագրողների հետպատերազմյան սերնդի վառ ներկայացուցիչներից է մեր հայրենակից Գեորգի Սարկիսյանցը։ Նա ևս բավականին հետաքրքիր ստեղծագործական ուղի է անցել։ Հեռուստատեսություն է եկել բոլորովին պատահական։ Մասնագիտությամբ ժուռնալիստ (լրագրող տերմինը այն ժամանակ դեռ «կյանքի ուղեգիր» չէր ստացել) շնորհալի երիտասարդն առավել աչքի է ընկել արվեստի նկատմամբ հակումներով, թղթակցել է մոսկովյան «Տեատր» («Թատրոն») ամսագրին, օժտված է եղել լավ ձայնով՝ երգել է գեղեցիկ երգեցողության բելկանտո ոճով։ Ապա աշխատանքի է անցել «Ֆիզկուլտուրա ի սպորտ» («Ֆիզկուլտուրա և սպորտ») ամսագրում։ Երբ նրան առաջարկել են տեղափոխվել ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսություն, առաջին անկեղծ արձագանքը եղել է` իսկ ի՞նչ է հեռուստատեսությունը։ Այդուհանդերձ, մասնակցել է մրցույթի, և լրագրողական բարձր հմտությունների ու մշակված ձայնի շնորհիվ նրան վերցրել են աշխատանքի։ Դրանից հետո 37 տարի իր կյանքը կապել է հեռուստատեսության հետ։ 1960 թվականից սկսած տարբեր մարզաձևերի գծով լուսաբանել է աշխարհի ու Եվրոպայի հիսունից ավելի առաջնություն, ութ օլիմպիական խաղ։ Խորհրդային մարզական լրագրողների մեջ այս ցուցանիշներով նա զիջում է միայն Նիկոլայ Օզերովին։ Ինձ պես նա էլ է մեկնաբանի խցիկ մտել պատահաբար` փոխարինելով այդ օրը ընտանեկան դժբախտության պատճառով աշխատանքից բացակայող Յան Սպպարեին։ Գեորգի Գեորգիևիչը հատկապես աչքի է ընկել որպես ֆուտբոլի, բռնցքամարտի և գեղասահքի լավագույն մեկնաբան։ Նրա լրագրողական գործունեությունը զերծ չի եղել արկածներից։ Մի քանի անգամ նույնիսկ հայտնվել է կատարյալ ձախողման եզրին։ Առաջին անգամ նրան փրկել է Անաստաս Միկոյանը։ Դա պատահել է 1968 թվականին։ Ժնևում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունը մեկնաբանելիս եթերից անհարկի հաճոյախոսություններ է արել` ելույթ ունեցող մարզուհիների հասցեին հնչեցնելով, խորհրդային կեղծ պուրիտանիզմի ընկալմամբ, հրեշավոր խոսքեր. «Ինչպիսի՜ ոտքեր, ինչպիսի՜ մարմին»։ Հարցի քննության ժամանակ խոստովանել է,  որ այդ օրը վատառողջ է եղել, դիմել է մամուլի կենտրոնում գործող բուժկետ, որտեղ իրեն ինչ-որ դեղամիջոց են տվել։ Ըստ ամենայնի` այն ունեցել է որոշակի գրգռիչ ազդեցություն։ Այդ դեպքից տարիներ անց էլ ինձ հետ ունեցած հարցազրույցում Սարկիսյանցը կրկին պնդեց, որ իր ռեակցիան համարժեք չէր իրադրությանը, որ բառերը ֆիքսել չէր կարողանում։ Այնուամենայնիվ, նրան զրկում են եթեր դուրս գալու իրավունքից՝ կուսակցական քարտում խիստ նկատողություն արձանագրելով։ Շատ չանցած Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային թիմի խաղը դիտելու համար մարզադաշտ եկած Անաստաս Միկոյանը «միամտաբար» հարցնում է ԽՍՀՄ հեռուստառադիոպետկոմի նախագահ Լապինին. «Դուք մի լավ մեկնաբան ունեք` Գեորգի Սարկիսյանցը։ Որտե՞ղ է նա, վերջերս նրա ձայնը կարծես չի լսվում»։ Տհաճ, թերևս նաև վտանգավոր պատմություններից խուսափելու նպատակով ԽՍՀՄ Կառավարության անդամը խորամանկում է. «Անաստաս Իվանովիչ, նա ակտիվ աշխատում է և այս խաղի երկրորդ կեսը հենց ինքն է վարելու»։ Եվ շտապ տնից բերում ու մեկնաբանի խցիկ են մտցնում ամեն ինչից անտեղյակ Սարկիսյանցին։ Այսպես, Միկոյանի դիվանագիտական միջամտությամբ վեցամսյա ընդմիջումից հետո վերսկսվում է մեր հայրենակցի լրագրողական կարիերան։ Կատակ բան չէ, նրանով հետաքրքրվել էր գրեթե քսան տարի ԽՍՀՄ Կառավարության նախագահի տեղակալի, ապա մեկ տարի Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի պաշտոնը զբաղեցնող ամենազոր ու անխորտակելի Անաստաս Միկոյանը։ Ոչ պակաս ծանր վիճակում է հայտնվում Սարկիսյանցը` ԽՍՀՄ ժողովուրդների 1979 թվականի սպարտակիադայի բռնցքամարտի եզրափակիչ մարտերի ռեպորտաժը վարելիս։ Այդ օրը հայ բռնցքամարտիկների կատարյալ հաղթարշավ էր։ Իսրայել Հակոբկոխյանը, Ալբերտ Նիկոլյանը, Խորեն Ինջեյանը նվաճում են երեք ոսկե մեդալ։ Հայ մարզիկների այս աննախադեպ հաջողությունը մեկնաբանելու համար Սարկիսյանցը խոսափողի մոտ է հրավիրում դահլիճում գտնվող Վլադիմիր Ենգիբարյանին, որն ամենայն անկեղծությամբ խոստովանում է. «Երբեք, նույնիսկ Մելբուռնի օլիմպիադայում հաղթողի պատվանդանին բարձրանալիս այնքան երջանիկ չեմ եղել, որքան հիմա։ Երջանիկ եմ, որ իմ գործը շարունակողներ կան, և նրանք իմ աշակերտներն ենե։ Մյուս օրը ԽՍՀՄ հեռուստառադիոպետկոմի փոխնախագահ Մամեդովն իր մոտ անցկացվող խորհրդակցության ժամանակ զայրացած նետում է. «Տարօրինակ ռեպորտաժ էր երեկ. հաղթում էին հայ բռնցքամարտիկները, ռեպորտաժը վարում էր հայ Սարկիսյանցը, հարցազրույց էր տալիս հայ Ենգիբարյանը»։ Սարկիսյանցին կրկին խիստ նկատողություն են հայտարարում և երկար ժամանակով զրկում եթերից։
Սարկիսյանցին միայն մոտիկից ճանաչողները գիտեն, թե որքան հպարտ էր իր հայկական ծագմամբ ու որքան ջերմորեն էր խոսում Հայաստանի ու հայերի մասին։ Նա ցավ էր ապրում, որ լինելով «մոսկովյան կերտվածքի հայ»` ոմանց նման ինքն էլ հայերեն չի խոսում։ Հայրը՝ Գեորգի Հայրապետովիչը, ծնվել է Շուշիում, շատ բարձր պաշտոններ է վարել ԽՍՀՄ ծանր արդյունաբերության նախարարության համակարգում։ Մի անգամ սրտնեղած հորն ասել է, որ ամաչում է հայերեն չիմանալու համար, իսկ հայրը սփոփել է նրան իմաստուն խոսքերով. «Լեզուն կարևոր է, սակայն ամենից կարևորն այն է, որ դու քեզ հայ ես զգում»։ Ու երբ Սարկիսյանցի դուստրը առաջին անգամ անձնագիր ստանալու կապակցությամբ հարցրել է հորը, թե ի՞նչ գրառում պետք է լինի իր ազգային պատկանելության վերաբերյալ, Գեորգի Գեորգիևիչը պատասխանել է. «Քո հայրը հայ է, մայրդ՝ ռուս, ազգանունդ՝ հայկական։ Ինքդ որոշիր, բայց տե՛ս, ծիծաղելի վիճակի մեջ չդնես ինքդ քեզ այն մարդկանց նման, որոնց ազգանունը Ռաբինովիչ է, իսկ ազգության դիմաց անձնագրում գրված է՝ ռուս»։ Երբ հաջորդ օրը 16-ամյա դուստրը տուն է բերել անձնագիրը, «ազգությունը՝ հայ» գրառումով, հայրը հուզմունքից կարողացել է ասել բոլոր հայերիս համար շատ հոգեհարազատ ընդամենը երկու բառ. «ցավդ տանեմ»։
Ինչպես ավագ սերնդի ճանաչված շատ մարզական մեկնաբանների, այնպես էլ Սարկիսյանցի նկատմամբ անհարգալից վարվեցին նորանկախ Ռուսաստանի երիտասարդ հեռուստաբոսերը։ 1993 թվականին նա արդեն թոշակի էր անցել և խիստ քննադատաբար էր խոսում հեռուստատեսության նոր ղեկավարության, այնտեղ հաստատված դժվարընկալ բարքերի, ոչ պրոֆեսիոնալիզմի մասին։ «Հեռուստատեսությունը դեգրադացվել է»,- մի առիթով ասաց նա, և դժվար էր նրա հետ չհամաձայնելը։ 
 
«Հիշե՛ք, «Արարատը» կդառնա՛ չեմպիոն»
      Ես դեռ մարզական մեկնաբան չէի, այլ երիտասարդ ֆուտբոլիստ, երբ ծանոթացա հայ ֆուտբոլասերների կուռքի՝ Լևոն Դանիելյանի հետ։ Դա 1972 թվականին էր։ Լևոն Դանիելյանն արդեն ծանր հիվանդ էր, նրան «Հրազդան» մարզադաշտ բերեցին պատգարակով։ Մեծ արտիստականությամբ օժտված մեկնաբան էր նա, իսկական ֆուտբոլային ֆանատ՝ հյութեղ լեզվով, կախարդական ձայնով, պատկերավոր մտածողությամբ։ Այդ օրը Լևոն Դանիելյանն անցկացրեց իր վերջին ֆուտբոլային ռեպորտաժը։ Խաղի ավարտին մարգարեաբար ասաց. «Տղաներ, ես չեմ տեսնի, դուք կտեսնեք ու կհիշեք ինձ. «Արարատը» դեռ կդառնա ԽՍՀՄ չեմպիոն»։ 1976 թվականից սկսած Լևոն Դանիելյանի պատվին նրա հայրենի Աշտարակում անցկացվում էին ֆուտբոլային հուշամրցաշարեր, որոնց մշտապես մասնակցել եմ և լուսաբանել՝ այդ կերպ իմ ակնածանքն արտահայտելով մեր անմոռաց գործընկերոջ անձի և վաստակի հանդեպ։
 
Տոգո. հարուստ հիշողություններ աղքատ երկրից
         Տարաշխարհիկ բնության ու մարդկանց հանդիպեցի «Արարատի»՝ ֆուտբոլիստների հետ Աֆրիկայի հասարակածին գտնվող Տոգոյի հանրապետություն կատարած շրջագայության օրերին։ Դա ճիշտ քսաներեք տարի առաջ էր՝ 1987-ին։ Շատ աղքատ և անչափ շոգ երկիր էր Տոգոն։ Տարբեր ակումբների հետ իր բոլոր երեք հանդիպումներն էլ «Արարատն» ավարտեց հաղթանակով, բայց ոչ այնպիսի ակնհայտ առավելությամբ, ինչպիսին լինում էր Սիրիայում, Մարոկկոյում կամ Լաոսում։ Տոգո կատարած այցելության օրերին ավելի մտերմացանք «Արարատիե այն տարիների լավագույն հարձակվող Համլետ Մխիթարյանի հետ։ Նա իսկապես հրաշալի ֆուտբոլիստ էր, օժտված հարձակվողի բնածին տաղանդով, իսկ ամենակարևորը` շատ կարգին մարդ. անկեղծ, ազնիվ ու բարի։ Երազում էր հանդես գալ արտասահմանյան առաջնակարգ որևէ ակումբում, և, փաստորեն, անժամանակ մահվանից մի քանի տարի առաջ, նրան հաջողվեց մասամբ իրականացնել իր երազանքը։ Համլետի կարգի ֆուտբոլիստը հայկական ֆուտբոլին դեռ շատ բան կարող էր տալ, բայց ավա՜ղ, դաժան հիվանդության պատճառով կյանքից վաղ հեռացավ։ Այսօր Համլետի անավարտ թողած գործը հրաշալի շարունակում է որդին՝ Հենրիխ Մխիթարյանը` մեր ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ներկայիս լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ասվածի վառ ապացույցն է Հայաստանի ազգային հավաքականի կազմում նրա ցուցադրած փայլուն խաղը Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում Սլովենիայի, Անդորրայի, Մակեդոնիայի ազգային ընտրանիների հետ տեղի ունեցած հանդիպումներում:  Համոզված եմ, որ շատ մոտ ապագայում  նրան  ֆուտբոլային փայլուն հաջողություններ են սպասվում։
Բազմիցս լինելով տարբեր աշխարհամասերում` կարող եմ ասել, որ ի տարբերություն աֆրիկյան ու ասիական երկրների սակավաթիվ մարզական բազաների, ավելի գերադասելի և հզոր էին արևմտաեվրոպական ու հատկապես ամերիկյան մարզակառույցները։ Այդ ամենում անձամբ համոզվել եմ դեռ 1981 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի օրերին։ Լատինաամերիկյան երկրները թեև չունեն ԱՄՆ-ի ֆինանսական հզորությունը, սակայն նկատելի է, թե որքան մեծ ուշադրություն է դարձվում սպորտի զարգացմանն այդ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների կառավարությունների կողմից։ Առաջատարներն այստեղ Բրազիլիան և Արգենտինան են։ Անհամեմատ վատ է վիճակը Մերձավոր Արևելքում, իսկ մարզական Աֆրիկան իր վերջնական խոսքը դեռ չի ասել։ Նկատելի է, սակայն, որ 21-րդ դարում «սև մայրցամաքի» ժողովուրդներն իրենց բնատուր հատկանիշների և երիտասարդ ազգերին բնորոշ հատուկ եռանդի շնորհիվ հզոր թռիչքի են պատրաստվում հատկապես սպորտի ոլորտում։
 
Հովհաննես  Զանազանյան. Լեգենդար  թիմի   լեգենդարավագը
    Հովհաննես Զանազանյանն իմ կյանքում հանդիպած այն մարդկանցից է, որոնց ճանաչելը, որոնց հետ ճանապարհ անցնելը միայն հպարտություն ու բավականություն կարող է պատճառել։ Ինձ համար նա թիմի ավագի հավաքական կերպար է։
75 թվականին Հովհաննես Զանազանյանը վնասվածք ստացավ և մի քանի ամիս խաղադաշտ դուրս չեկավ։ Գիտեի, որ անհանգստացած է, մտահոգ է, որ տեղը չի գտնում, առանց ֆուտբոլի, առանց «Արարատի» կյանք չունի։ Գնացի իրենց տուն, զրուցեցինք, ուզում էի հանգստացնել նրան, ուզում էի, որ փոքր-ինչ խաղաղվեր հոգին, բայց... Ինքն արդեն գիտեր, որ որոշել էին իրեն հանել թիմից և շատ ծանր էր տանում դա։ Տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ»։ 6-7 ամիս էնտեղ էր, երբ նորից հանդիպեցինք։ Էլի խաղաղ չէր, էլի ալեկոծված էր. «Էս իմը չէ, Համլետ, Մոսկվան իմը չէ։ Շատ լավ պայմաններ են, տղաներն ինձ շատ լավ են վերաբերվում, բայց առանց Հայաստանի, առանց «Արարատի» ես չեմ կարող։ Ավելի լավ է՝ թողնեմ ֆուտբոլը»։
Այսպես, ներքին խնդիրների պատճառով ստիպված էր հրաժեշտ տալ ֆուտբոլին, բայց այնքան մեծ էր, որ մնաց ֆուտբոլում ու կմնա։ Մնաց կապված «Արարատին» և մինչև օր էլ ազնվորեն ու նվիրումով ծառայում է հայկական ֆուտբոլին։
Այսօր էլ ես մնում եմ այն հաստատ համոզմանը, որ Հովհաննես Զանազանյանի նման ֆուտբոլիստի հետ ժամանակին լավ չվարվեցին։ Նա արժանի չէր այդպիսի անտարբերության ու անտեսումի։

Առաջին գոտեպնդող խոսքերը . նա  զգում ուկարդումէրինձ։
                Ֆուտբոլի  Հայաստանի պատանեկան  հավաքականում  խաղալուս տարիներին մարզիչս Հարություն Քեհեյանն էր։ Այս ինքնատիպ ֆուտբոլիստն ու ինքնատիպ անձն ինձ կրթել է ոչ միայն որպես մարզիկ, այլ նաև որպես մարդ։ Թե որքան մեծ ու դրական է եղել նրա ներգործությունը այդ տարիքում իմ ձևավորման վրա, տարիների հետ ես ավելի ու ավելի խորն եմ հասկանում։ Ամեն մի ֆուտբոլիստ, մարզիկ՝ ընդհանրապես, լավ գիտի, թե որքան կարևոր է սիրված մարզիչ ունենալ ու առավել ևս՝ նրա կողմից սիրված լինել։ Քեհեյանն ինձ զգում էր, կարդում էր ինձ այնքա՜ն ճիշտ ու հարազատորեն։ Հաճախ ասում էր. «Համլե՛տ, խոսք չունեմ, դու լավ ես խաղում, շատ լավ ես խաղում։ Բայց ես քո մեջ մի ուրիշ բան եմ տեսնում, էնպիսի մի բան, որը ֆուտբոլից դուրս է և կարևոր բան է»։ Եվ երբ որոշ ժամանակ անց ես սկսեցի վարել իմ առաջին մարզական հաղորդումները, Քեհեյանը մի օր զանգահարեց ինձ. «Համլե՛տ, ա՛յ, ես հենց դա էի ասում։ Մեր բախտը բերեց, հայկական ֆուտբոլի բախտը բերեց, որովհետև դու ներսից ես, մեր միջից, դու մեզնից մեկն ես, ամեն նրբություն գիտես, ամեն դժվարություն քո մաշկի վրա ես զգացել։ Ուրախ եմ, շատ ուրախ եմ մեզ և քեզ համարե։ Ու մինչ ես հաճելիորեն կշոյվեի մարզչիս անկեղծ ու ջերմ խոսքերից, նա է՛լ ավելի ջերմորեն շարունակեց. «Ես քեզնով շատ եմ հպարտանում, քո ռեպորտաժները շատ եմ հավանում, դրանք օբյեկտիվ են, անկողմնակալ։ Քեզ համար լավը լավ է, վատը՝ վատ։ Շարունակիր այդպեսե։ Սիրելի մարզչիս այդ պարզ ու անկեղծ խոսքը հետագայում է՛լ ավելի մերձեցրեց մեզ` միաժամանակ մեծ ոգևորություն հաղորդելով իմ աշխատանքին։ Իմ հանդեպ նման վերաբերմունք ուներ նաև առաջին մարզիչս՝ Կոնստանտին Բեգլարյանը, որի ձեռքի տակ իմ առաջին քայլերն եմ արել ֆուտբոլում։ Ցավոք, հիվանդության պատճառով շատ վաղ հրաժեշտ տվեց երկրային կյանքին։
 
ՍերգոՀամբարձումյան. այդ հսկա ու բարի մարդը
     Չեմ կարող մոռանալ նրա չափազանց մարդկային, դիմացինի նկատմամբ միշտ ընդգծված ուշադրություն ու հարգալից վերաբերմունք ունեցող, մանկան պես զուլալ ու ճշմարիտ կերպարը։ Երևանում հաճախ էի հյուրընկալում նրան։ Տանտիրուհին գիտեր, որ «խոլոդեցի» սիրահար եմ, ինքն էլ դա պատրաստելու վարպետ էր, ու երբ էլ հյուր գնայի, իմ սիրած ուտելիքը սեղանին էր։ Ինձ հաճելի էր գտնվել նրանց հարկի տակ, այնտեղ մի առանձնահատուկ ջերմություն կար։ Ինչպիսի՜ սիրալիրությամբ էր հյուր ընդունում, ինչպե՜ս էր պատվում իր հյուրերին։ Պատմությունը վերհիշելու և պատմելու ի՜նչ կուլտուրա ուներ, որքա՜ն հետաքրքիր էր հրամցնում ասելիքը։ Հիշում եմ՝ աշխարհի չեմպիոն էր դարձել, մի պարկ այլուր ու մի հեծանիվ նվիրեցին (աշխա՜րհ, աշխա՜րհ)։ Այն տարիների սպորտսմենի համար դա երազանք էր, երջանկություն։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԵՐԿՐԵԵՐԿԻՐ
 Գործուղումների պերճանքն ու թշվառությունը
      Մարզական լրագրողի կյանքը, մարզիկների նման, շատ ժամանակ անցնում է տնից հեռու՝ գործուղումների մեջ, որոնց շարքում առանձնակի տպավորվում են արտասահմանյան գործուղումները։ Խորհրդային փակ երկրում արտասահման մեկնելը կապված էր մեծ դժվարությունների հետ։ Դրանք մասնագիտական դժվարություններ չէին, այլ արհեստական, հաճախ՝ քաղաքական։ Այդպես էր դրվածքը երկրում. Միայն գործը չէր կարևորը, այլ նաև քաղաքական նկատառումները։ Որոշումներն ընդունվում էին փակ դռների հետևում, իսկ մերժման կամ թույլտվության պատճառաբանությունները գաղտնի էին պահվում։ Չեմ թաքցնի, ԽՍՀՄ տարիներին (գուցե այժմ ոմանց համար նույնպես) արտասահման մեկնելը շաղկապվում էր ոչ միայն գործնական նպատակահարմարության, աշխարհաճանաչման անհրաժեշտության հետ, այլև ուներ խրախուսման նշանակություն, հաստատում էր որոշակի շրջանակներում տվյալ անձի մասնագիտական հեղինակությանը։ Մեկ-մեկ էլ դրամական հասույթ էր բերում՝ բարձր հոնորարների կամ գործուղման ծախսերի խնայված մասի տեսքով։ Առաջին գործուղումս արտասահման 1974-ին էր՝ Բուլղարիայի Պլևեն քաղաք։ Երազի պես մի ակնթարթ թվաց։ Խորհրդային պատվիրակության կազմում մասնակցեցի մարզական հեռուստաֆիլմերի միջազգային կինոփառատոնի։ Երիտասարդներիս հետ էր նաև հանրահայտ կինոօպերատոր Ռոման Կարմենը։ Դրանից հետո արտասահմանյան գործուղումները հաջորդում էին մեկը մյուսին։ Այդ տարիների ընթացքում եղել եմ աշխարհի ավելի քան 50 երկրում։ Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին, գորբաչովյան մեղմացումների շնորհիվ ինձ համար նախընտրելի միջազգային մրցաշարերին մեկնում էի իմ միջոցների հաշվին։ Այդ շրջանում վերացել էր քվոտավորման նվաստացուցիչ համակարգը, երբ պատվիրակության կազմում Հայաստանին տրվում էր առավելագույնը 2 տեղ, իսկ Ռուսաստանին, Ուկրաինային, Մոսկվային, Լենինգրադին՝ մինչև 10-ական տեղ։ Չարաբաստիկ քվոտավորումն օրերից մի օր քիչ էր մնում հիասթափության հասցներ, սակայն, բարեբախտաբար, ինձ համար այն բարեհաջող ավարտ ունեցավ։ 1990 թվականի մարտին Մոսկվայից զանգահարեց Կենտրոնական հեռուստատեսության մարզական հաղորդումների գլխավոր խմբագիր Ալեքսանդր Իվանիցկին և խնդրեց հայկական հատուկ ջերմ ընդունելություն կազմակերպել CNN հեռուստաընկերության հինգ հոգուց բաղկացած նկարահանող խմբին, քանի որ ամերիկացի մեր գործընկերները մինչ այդ ԽՍՀՄ տարբեր քաղաքներում բավական սառն ընդունելության էին արժանացել։ Ավագ գործընկերոջս խնդրանքն իրականացրի, ինչպես ասում են, լրիվ ծրագրով։ Ամերիկացիներին հետաքրքրում էր, թե ինչպես են Հայաստանի մարզիկները պատրաստվում «Բարի կամքիե առաջին խաղերին։ Բանն այն է, որ Աֆղանստան խորհրդային ռազմական ներխուժման պատճառով ԱՄՆ-ը և նրա դաշնակից բազմաթիվ երկրներ բոյկոտել էին Մոսկվայի օլիմպիադան։ Ի պատասխան՝ ԽՍՀՄ-ը, սոցիալիստական ճամբարի և երրորդ աշխարհի մի շարք երկրներ բոյկոտեցին հաջորդ՝ Լոս Անջելեսի օլիմպիադան։ Ճիշտ է, 1988 թվականի Սեուլի օլիմպիադային երկու երկրներն էլ մասնակցեցին, սակայն նրանց միջև առաջացած սառնությունը պահպանվում էր։ Այդ սառույցը կոտրելու մտադրությամբ ամերիկացի միլիարդատեր Թեդ Թեռները առաջ քաշեց ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև մարզական մեծ մրցաշար անցկացնելու գաղափարը՝ «Բարի կամքի խաղերե անվանմամբ։ Բարենպաստ էր նաև միջագային մթնոլորտը. երկու գերտերությունները հարաբերությունների բոլոր մակարդակներում իրականացնում էին մերձեցման բաց քաղաքականություն։ Թեռները, որ նաև CNN-ի սեփականատերն էր, դարձավ իր իսկ գաղափարի իրականացնողը։ Ի դեպ, ԽՍՀՄ փլուզումից հետո Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցան «Բարի կամքի» երկրորդ և վերջին խաղերը, և ԽՍՀՄ թիմը հանդես եկավ ԱՊՀ անդամ պետությունների հավաքականի տեսքով։ Եվ ահա, 1990 թվականի սեպտեմբերին ամերիկյան Սիեթլ քաղաքում անցկացվելիք «Բարի կամքի խաղերիե նախապատրաստական աշխատանքները լուսաբանելու առաքելությամբ էր Հայաստան ժամանել մեր կողմից պատվիրված ամերիկյան խումբը։ Չափազանց տպավորիչ էին հանդիպումները հատկապես Գյումրիում. ռեպորտաժներ պատրաստվեցին հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանի մարզումների մասին։ Ի դեպ, այս երկու տաղանդավոր մարզիկները, ինչպես նաև բռնցքամարտիկ Իսրայել Հակոբքյոխյանը, մի քանի ամիս անց չեմպիոն դարձան։ Ցավոք, մեր մի շարք տաղանդաշատ մարզիկներ, որ 80-ականների կեսին հասել էին իրենց մարզավիճակի կատարելության գագաթնակետին, այդպես էլ չստացան աներկբայորեն իրենց արժանի օլիմպիական չեմպիոնի՝ հավերժ հիշվող տիտղոսները։ Նրանց մարզական թերի կենսագրության պատճառը աշխարհի ճակատագիրը տնօրինող երկու գերտերությունների անողոք առճակատումն էր։
CNN-ի խմբի ղեկավար Դենը, հիացած իմ ամենահասությամբ, անունս կնքեց «Mister no problem» և հրաժեշտին ցանկություն հայտնեց հանդիպել Սիեթլում։ Սակայն դարձյալ  չարաբաստիկ քվոտայի պատճառով խորհրդային պատվիրակության կազմում ինձ համար տեղ չգտնվեց։ Այդ մասին մեր հերթական հեռախոսազրույցի ժամանակ հայտնեցի Դենին և զգուշացրի ինձ զուր չսպասել։ Մեկ օր անց հեռախոսազանգ ստացա։ Զանգահարողը ԽՍՀՄ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետկոմի նախագահ Նիկոլայ Ռուսակի օգնականն էր։ Նա առանց երկար-բարակ բացատրությունների ասաց, որ ես երկու օրից պետք է լինեմ Մոսկվայում՝ Ռուսակի գլխավորած պատվիրակության կազմում Սիեթլ մեկնելու համար։ Ամեն ինչ պարզ էր. Դենի համառության շնորհիվ ես բարեբախտություն ունեցա լուսաբանել այդ խաղերը։ Օդանավակայանում մեզ դիմավորեցին Թեդը, Դենը և հոլիվուդյան հայտնի աստղ Ջեյն Ֆոնդան։ Երախտագետ Դենն ինձ նվիրեց բանկային ոսկե քարտ, սակայն իմ անտեղյակության պատճառով խաղերի ավարտից միայն մեկ օր առաջ իմացա, որ իմ անձնական ծախսերի համար նա վճարային քարտի վրա հաշվանցել էր 5.000 ԱՄՆ դոլար։ Այդ գումարով գնումներ կատարեցի ոչ միայն ես, այլև պատվիրակության մյուս անդամները։ Կազմակերպիչները մեզնից յուրաքանչյուրին նաև ավտոմեքենա տրամադրեցին, սակայն մեծ եղավ նրանց զարմանքը, երբ պարզվեց, որ վարորդական իրավունք ունենք ընդամենը ես ու ևս երկու հոգի։ Մեզ տեղավորեցին ամերիկյան ընտանիքներում։ Ինձ հյուրընկալող ընտանիքը կարծես ամերիկյան հասարակության կազմավորման հայելին լիներ. ամուսինը շվեդի և իռլանդացու խառնուրդ էր, իսկ կնոջ ծնողներից մեկը հնդկացի էր։ Համերաշխ ու սրտաբաց մարդիկ էին։ Արագ մտերմացանք, իսկ հրաժեշտի օրն իմ ձեռքով հայկական խորոված պատրաստեցի, որը նրանք վայելեցին ոսկորները փայլեցնելու աստիճան։ Իսկ Սիեթլը ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին մոտ գտնվող քաղաք է, որտեղ գերիշխում են մեկ կամ երկհարկանի շքեղ առանձնատները։ Իր այս յուրահատկության շնորհիվ ընդամենը 350 հազար բնակչություն ունեցող քաղաքը զբաղեցնում է միլիոնանոց Երևանից 2-3 անգամ մեծ տարածք։ Սա իմ առաջին ու վերջին այցելությունն էր ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտք, որն աչքի էր ընկնում խաղաղօվկիանոսյան քամիների ծնած բարեբերությամբ և մի քանի սերունդների տքնաջան աշխատանքով կուտակված հարստությամբ։
 
Մոսկովյան  օլիմպիադայի  ամոթն  ու խայտառակությունը
       Առաջին օլիմպիադան, որի ընթացքն ամբողջությամբ լուսաբանելու երջանկությունն ու պատիվն եմ ունեցել, 1980 թվականի Մոսկվայի օլիմպիադան էր։ Հայաստանից Միության մայրաքաղաք մեկնեց լրագրողների մի ամբողջ խումբ հեռուստատեսությունից և մամուլից։ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի ստեղծագործական խումբը ղեկավարում էր Օլեգ Աղաջանյանը։ Խմբի կազմում էին նաև օպերատորներ Էդվին Գրիգորյանն ու Ռոմիկ Կարիկյանը։
Օլիմպիադայի օրերին մենք ապրում էինք հատուկ ավանում, որտեղ մեզ համար չտեսնված ու չլսված ապրանքների առատություն էր ապահովված։ Իրենց արտադրանքը գովազդելու նպատակով մամուլի կենտրոնում անվճար դրված էին այն ժամանակ դեֆիցիտային համարվող կոկա-կոլա ու ֆանտա զովացուցիչ ըմպելիքները։ Անսահմանափակ հնարավորություն ունեինք օգտվելու բրիտանական ու շվեդական արտադրության թխվածքներից, ֆրանսիական, բելգիական և ֆիննական շոկոլադից, խմում էինք չեխական ու գերմանական գարեջուր։ Մեզ համար «ատելի» կապիտալիստները այդ բարիքներն առատորեն բաժանում էին նաև մարզասերներին։ Այս ամենի տպավորությամբ կատակասերները տարածեցին մի անեկդոտ, որը լիովին արտահայտում էր առատության եղջյուրից թափվող արտասահմանյան բարիքների հարուցած շոկը։ Հայկական ռադիոյին հարցնում են. «Ճի՞շտ է, որ Նիկիտա Խրուշչովը խոստացել էր 1980 թվականին Խորհրդային Միությունում կոմունիզմ հաստատել»։ «Այո,- պատասխանել է առասպելական հայկական ռադիոն,- բայց այդ հիմարը չգիտեր, որ իր պատկերացրած կոմունիզմը կոչվելու է օլիմպիական խաղեր»։ Խորհրդային ղեկավարությունն ամեն ճիգ գործադրում էր` թաքցնելու Մոսկվայի օղակաձև մայրուղուց դուրս տիրող աղքատությունն ու ապրանքների պակասը, նաև քողարկելու որոշ ամոթալի բարքեր։ Բարեկեցության շղարշ ստեղծելու նպատակով քաղաքից ժամանակավորապես արտաքսել կամ հատուկ հաստատություններում թաքցրել էին հարբեցողներին, պոռնիկներին, մուրացիկներին, թափառաշրջիկներին։ Կենդանություն պարգևող դեղանյութեր ներարկելուց հետո միայն  օլիմպիական գլխավոր հանդիսության մասնակիցներին ողջունելու համար մարզադաշտ բերվեց կիսամեռ Լեոնիդ Բրեժնևը։ Մեզ համար նվաստացուցիչ էր այդ ամենը տեսնելը։ Իրական կյանքը ապաշնորհ ձևով քողարկված էր վառվռուն դեկորացիաների հետևում։ Մոսկովյան օլիմպիադայի օրերին՝ հուլիսի 25-ին, մահացավ հայտնի երգիչ ու դերասան Վլադիմիր Վիսոցկին, և, չնայած պաշտոնական Մոսկվայի անամոթ լռությանը, նրա հազարավոր երկրպագուներ եկել էին սգալու սիրելի արվեստագետի կորուստը և մեծ շուքով ու անկեղծ տխրությամբ հուղարկավորեցին իրենց սիրելի կուռքին։
Առասպելական ուժի տեր  դյուցազնը
        Ինչպես արդեն ասվեց, Հայաստանից 20-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն դարձան ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը և մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը։ Ավելին, Յուրի Վարդանյանը, ըստ մարզական լրագրողների ու մասնագետների շրջանում անցկացված հարցման արդյունքների, լավագույն օլիմպիական եռյակի մեջ էր` խորհրդային լողորդ Վլադիմիր Սալնիկովի և կուբացի բռնցքամարտիկ Թեոֆիլո Սթիվենսոնի հետ մեկտեղ։ Մեր դյուցազնն իր պատմական ելույթի օրը ընդհանուր առմամբ աշխարհի ու օլիմպիական խաղերի հինգ ռեկորդ սահմանեց՝ հրում, պոկում վարժություններում և երկամարտում։ Նրա ցույց տված 400 կիլոգրամ ֆանտաստիկ արդյունքը ստացավ դարերի ռեկորդ անունը և մինչ օրս մնացել է անգերազանցելի։ Մեր հայրենակիցներից ծանրամարտիկ Յուրի Սարգսյանը և ջրացատկորդ Սիլվարդ Էմիրզյանը արծաթե մեդալ նվաճեցին, իսկ մականորդ Սոս Հայրապետյանը, ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանը և ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը տուն վերադարձան բրոնզե մեդալներով։ Առաջին անգամ այստեղ կիրառեցինք նկարահանած ժապավենը վերջին չվերթով Երևան առաքելու տեխնոլոգիան։ Մեր նյութերի հիման վրա հայկական հեռուստատեսությամբ ամեն օր օլիմպիադայի մասին պատմող տասնհինգ րոպեանոց օրագիր էր եթեր տրվում։ Շատ ջանք գործադրեցինք, որպեսզի գոնե ծանրամարտի մրցումների ժամանակ մեզ արբանյակային կապ տրամադրվի՝ տեսանյութերն ուղիղ Երևան հաղորդելու նպատակով, սակայն կազմակերպիչները կտրականապես մերժեցին։ Մինչդեռ կենտրոնական հեռուստատեսությունն ուներ այդ մենաշնորհը և լիուլի օգտվում էր այդ հատուկ տեխնիկայից, իսկ արտասահմանյան հեռուստաընկերությունները որևէ արգելքի չէին հանդիպում այն հասկանալի պատճառով, որ ուղիղ հեռարձակման համար վճարում էին կայուն տարադրամով։ Իր բոլոր հետաքրքրություններից զատ Մոսկովյան օլիմպիադան հիշողությանս մեջ կմնա իմ լավ բարեկամի ու ընկերոջ, բոլոր ժամանակների հայկական և համաշխարհային սպորտի մեծագույն աստղերից մեկի` Յուրի Վարդանյանի ապշեցուցիչ, անհավանական թվացող` աշխարհի նոր ռեկորդների առատությամբ։ Եվ ամենևին պատահական չէր, որ երբ մոսկովյան օլիմպիադայից 30 տարի հետո անցկացված համաժողովրդական հարցման արդյունքներով որոշվում էր վերջին հարյուրամյակի Հայաստանի լավագույն մարզիկը, ձայների բացարձակ առավելությամբ առաջինը ճանաչվեց գյումրեցի դյուցազնը։ Հետաքրքիր մի փաստ ևս. ըստ այդ հարցման, առաջին տասնյակում տեղ գտած մյուս 9 մարզիկները միասին հավաքեցին գրեթե նույնքան ձայն, որքան առաջինը ճանաչված 43 համաշխարհային ռեկորդների հեղինակը։ Այսօր էլ հպարտությամբ եմ հիշում մոսկովյան օլիմպիադայում նրա բոլոր հաղթական մոտեցումները։ Երբեք չեմ մոռանա  կենտրոնական հեռուստատեսության մարզական մեկնաբան Յան Սպպարեի` եթերից արտասանած խոսքերն այն պահին, երբ «Իզմայլևո» մարզապալատում հրում վարժության երրորդ մոտեցման ժամանակ Յուրի Վարդանյանը պատրաստվում էր սահմանել հերթական համաշխարհային ռեկորդը։ Դահլիճում քար լռություն էր, բոլորս շունչներս պահած հետևում էինք ծանրաձողին մոտեցող հայ դյուցազնի հերթական փորձին, և համատարած լռության մեջ հանկարծ լսվեց Սպպարեի հուզիչ ու խորհրդավոր ձայնը. «Մի՞թե Յուրան կկարողանա բարձրացնել այս ահռելի քաշը, մի՞թե դա հնարավոր է»։ Եվ երբ Յուրի Վարդանյանը, ինչպես իր բոլոր մրցելույթների ժամանակ, իրեն բնորոշ ժպիտը դեմքին, նորից վստահորեն գլխավերևում պահեց ռեկորդային քաշ ունեցող ծանրաձողը, դահլիճը պայթեց ծափողջույններից։ Ուրախությունից իրեն կորցրած Յան Սպպարեն է′լ ավելի ոգևորված շարունակեց. «Այո, սա իսկապես ֆանտաստիկ արդյունք է, այսպիսի ռեկորդներ ծնվում են միայն հարյուր տարին մեկ։ Յուրի Վարդանյանը երկամարտի իր 400 կգ անհավանական, առասպելական արդյունքով այսօր նոր էջ բացեց համաշխարհային սպորտի տարեգրությու- նումե։ Այդ ամենը տեսնել, այս խոսքերը լսել առանց հոգեպարար հպարտության, առանց սրտի տրոփյունի, պարզապես հնարավոր չէր։
 

Սերը  դեպի  հայրենիքը
Քաղաքակիրթ  մարդու առաջին  արժանիքնէ։
 
Յուրին  կրկին  Հայաստանում  է
     Եվ այժմ, երեսուն տարի անց, երբ թղթին եմ հանձնում այս տողերը, ակամայից նորից վերապրում եմ մոսկովյան օլիմպիադայի այն անմոռաց ակնթարթները, որոնց հենց միայն ականատեսը լինելու համար ինձ իսկապես կարող եմ երջանիկ մարդ համարել։ Հավանաբար շատերն են հիշում, որ Խորհրդային Միության փլուզումից հետո, անկախության առաջին տարիներին, նոր իշխանություններից վիրավորված ու հիասթափված և իր երկրպագուների համար շատ անսպասելի, Հայաստանից հեռացավ նաև Յուրի Վարդանյանը։ Այն ժամանակ քչերն էին հավատում, որ աշխարհահռչակ մարզիկը ավելի քան 15 տարի կմնար Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Քչերը գիտեին, թե այդ տարիներին իրականում որքան ծանր ու լարված էր նրա հոգեվիճակը։ Չնայած առաջին իսկ ամիսներից ամերիկացի մասնագետները Յուրի Վարդանյանի համար ստեղծեցին ապրելու և աշխատելու գերազանց պայմաններ, բայց հայրենիքի կարոտն ամեն վայրկյան իրեն զգացնել էր տալիս։ Նա այդպես էլ չհաշտվեց այն իրողության հետ, որը կար Հայաստանում առաջին երկու նախագահների օրոք։ Յուրիի պատկերացմամբ, անկախություն ձեռք բերած Հայաստանը Սփյուռքի հզոր ներուժով կարող էր դառնալ բարեկեցիկ ու զարգացած երկիր։ Այնինչ, պատկերը ճիշտ հակառակն էր։ Բնականաբար, Յուրիի պես հայրենասեր մեկի համար, որ պատրաստ էր ուժերի ներածի չափով օգտակար լինել իր երկրին, դժվար էր հաշտվել նման մտքի հետ, և ընդդիմության շարքերում նրա հայտնվելը ամենևին էլ պատահական չէր։ Տարիներ շարունակ իր մեծաթիվ հայրենակիցների հետ նա պայքարեց իշխանափոխության համար, իսկ 1998, 2003 և 2008 թվականներին ԱՄՆ-ում գլխավորեց նախ Կարեն Դեմիրճյանի, ապա նաև Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբները։ Եվ ահա, դարձյալ շատերի համար անսպասելի, 2009 թվականի աշնանը նա ոչ միայն վերադարձավ հայրենիք, այլև ընդունելով երկրի նորընտիր ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի առաջարկը` ստանձնեց Նախագահի խորհրդականի պաշտոնը։ Իմ վաղեմի բարեկամի այս քայլը շատերի, այդ թվում նաև ինձ համար շատ անսպասելի էր։ Գտնվեցին մարդիկ, ովքեր Վարդանյանի այդ որոշումը որակեցին որպես իր սկզբունքներից հրաժարվող մարդու արարք։ Մինչդեռ լավ ճանաչելով իմ վաղեմի բարեկամին` ես համոզված էի, որ Յուրին հենց այնպես չէր կարող նման անսպասելի որոշում ընդունել։ Եվ երբ պաշտոնին անցնելու երկրորդ օրը հանդիպեցի երկրի Նախագահի նորանշանակ խորհրդականին, ինչպես միշտ, անկեղծ զրույցի անցանք. «Դու լավ գիտես, Համլետ, պաշտոնի համար չէ, որ ընդունել եմ Նախագահի առաջարկը։ Պարզապես մեր երկրորդ հանդիպումից հետո ես համոզվեցի, որ նա, իրոք, այն անձն է, ով կարող է Հայաստանը դուրս բերել այս ծանր վիճակից,- անկեղծացավ բարեկամս։- Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը, ապա կարող ես համոզված լինել, որ նա ոչ մի թիզ հող չի զիջի ադրբեջանցիներին։ Մի խոսքով, տղամարդ Նախագահ ունենք, ես նրան ամբողջովին վստահում եմ, հավատում եմ և միչև վերջ կանգնելու եմ նրա կողքին, նրա հետ եմ լինելու»։ Այդ օրը մենք երկար խոսեցինք Սերժ Սարգսյանի կողմից վարվող ներքին ու արտաքին քաղաքականության մասին, երկրում նրա կողմից նախատեսված լայնածավալ բարեփոխումներ իրագործելու ծրագրերի մասին։ Յուրան չափազանց տպավորված էր Նախագահի հետ ունեցած իր հանդիպումներից և անընդհատ շեշտում էր, թե երկրի նորընտիր ղեկավարը, իսկապես, շատ ինքնատիպ անձնավորություն է։ Բարեկամս նույնիսկ մի քանի հետաքրքիր դրվագներ պատմեց իր և Նախագահի միջև տեղի ունեցած վերջին երկխոսությունից` հաճելիորեն զարմացնելով նաև ինձ։ Ապա ամփոփեց. «Շատ եմ ափսոսում, որ այսօր էլ ընդդիմադիր ընկերներիցս մի քանիսը պարզապես չեն ուզում ընկալել Սերժ Սարգսյան անհատին այնպիսին, ինչպիսին նա կա և ինչպիսին ե՛ս զգացի նրան։ Համլետ, հավատացնում եմ քեզ` կանցնի որոշ ժամանակ, և ինձ պես մտածողների թիվը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում զգալիորեն կմեծանա,,։        
 
«Հաշիվը  Յուրան  է  փակել  դեռ  80  թվականին»
       3ուրի  Վարդանյանի հետ վերջերս, իսկ ավելի ստույգ 2010 թ. հուլիսի  30-ին հանդիպեցինք Մոսկվայում։ Այդ օրը «Լուժնիկի» օլիմպիական մարզադաշտում մեծ շուքով նշվում էր  մոսկովյան  օլիմպիադայի 30 ամյակը։ Պատվավոր հյուրերի մեջ էր նաև 3ուրի Վարդանյանը, ու ինչպես 1980 թվականին էր, երբ հայտարարվեց նրա անունը, մարզադաշտը  նորից պայթեց ծափողջույններից։ Իսկ լուսատախտակին ցուցադրվող նրա սահմանած  ֆանտաստիկ ռեկորդների տեսագրությունը բոլորիս կրկին վերադարձրեց մոսկովյան օլիմպիադայի անմոռաց օրերը։ Այդ պահին երջանկության արցունքներ նկատեցի Յուրիի կողքին տեղ զբաղեցրած մոսկվացի գործարար Սամվել Համբարձումյանի և օլիմպիական չեմպիոնի ամենահավատարիմ   ընկերոջ՝  Ռաֆայել  Հայրապետյանի  աչքերում։ Անչափ հուզված էր և ինքը` լեգենդար մարզիկը, բոլոր ժամանակների հավերժ հերոսը։ Իսկ երբ օլիմպիական չեմպիոնների պատվին կազմակերպված ճոխ ընդունելությանը մասնակցելու նպատակով Կրակովից հատուկ Մոսկվա  ժամանած  Յուրիի մտերիմ բարեկամ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե տեսնես ով է փակելու այս  ճոխ սեղանների հաշիվը, Սամվել  Համբարձումյանն իրեն բնորոշ  հումորով ու արժանապատիվ հպարտությամբ ասաց. «Անդո  ջան, կարող ես հանգիստ ամեն ինչից օգտվել, էս բոլորի հաշիվը 3ուրի Վարդանյանը դեռ 1980 թվականին է փակել»։ Հումորը հումոր, բայց ասվածի մեջ մեր դյուցազնի գործած հրաշքի բազմիմաստ գնահատականը կար։

ՍՊՈՐՏԻ    ԵՐԵԿՆ   ՈՒ    ԱՅՍՕՐԸ
          /Մարզական  լրագրողի հայացք/

Նոր տնտեսակարգը` ի շահ սպորտի
 
       Ինչ վերաբերում է նախկին ԽՍՀՄ տարածքում սպորտի զարգացման հեռանկարներին, ապա հարկ է նշել, որ համակարգային արմատական փոփոխությունների և միասնական տնտեսության փլուզման հետեւանքով պետական ու հասարակական կյանքի բոլոր բնագավառների կաթվածահար անկումը մեծ հարված հասցրեց այդ երկրների սոցիալական ու մշակութային ոլորտներին։ Մեծապես տուժեց նաև սպորտը։ Սակայն ներկայումս արձանագրվում է ազատ, մրցակցային հարաբերություններով պայմանավոր- ված տնտեսական որոշակի աճ, մոդեռնիզացվում են արդյունաբերությունը, տրանսպորտը, կրթության,հաղորդակցության,առողջապահության ոլորտները,  էապես փոխվում է վերաբերմունքը նաև սպորտի նկատմամբ։ Նախկին քաղաքականությունը, որ հասել էր ծայրահեղության ու վերածվել պետական-կուսակցական բյուրոկրատիայի կողմից սպորտի նկատմամբ մանրախնդիր հովանավորության,այսօր կարծես իր տեղն է զիջում առողջ, գաղափարակա- նացված կարծրատիպերից և ինչ-ինչ հաշվարկներից զերծ մոտեցումներին։ Մեզ համար խորթ կոմերցիոնիզացիան սպորտի հեռանկարային զարգացման համար հսկայական միջոցների ներգրավման պայմաններ է ստեղծել` և՛ պետական ու տեղական բյուջեներից, և՛ մասնավոր հատվածից։ Շատ տեղերում հաջողվել է պահպանել եղած բազաները, նաև կարող ու ունակ մարդկանց։ Այսօր այդ հոգատարությունն իր պտուղներն է տալիս, և միջազգային ասպարեզում վերստին ու հաճախակի հնչում են նախկին ԽՍՀՄ հանրապետությունների օրհներգերը՝ ի նշան նրանց հաղթանակների։ Մյուսների համեմատ` անվիճելի են մարզական Ռուսաստանի հաջողությունները։ Չնայած 2010 թվականի Վանկուվերի ձմեռային օլիմպիադայում ռուսների անհաջող ելույթներին (11-րդ տեղը թիմային հաշվարկում), համոզված եմ, որ Սոչիում նրանք անպայման կհասնեն ռևանշի։ Կարծում եմ, ԱՊՀ շրջանակներում հարկավոր է հնարավոր մի շարք մարզաձևերում վերականգնել պարբերական միջպետական մրցաշարերը, որոնք ամենևին չպետք է դիտել իբրև ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների վերակենդանացում՝ գործարաններից, կոլխոզ-սովխոզնե- րից սկսվող ձևական մրցումներով, սպորտի զանգվածային տարածումը «վկայողե հարաճուն կեղծ թվերով։ Թեկուզ հենց շնորհիվ այն բանի, որ ձևաչափը կարելի է ընդլայնել՝ հրավիրելով այլ երկրների առաջնակարգ մարզիկների ու թիմերի։ Հաշվարկից դուրս լուծումներ գուցե միշտ էլ կարելի է գտնել, և լուծումներն էլ կարող են տարբերակված լինել։ Գլխավորը լեզվական, մշակութային, հոգևոր մերձության պաշարների պահպանումն ու բազմապատկումն է. ԱՊՀ երկրներում դեռ ապրում և ակտիվ գործում են տասնյակ հազարավոր մարդիկ՝ մարզիկներ, մարզիչներ, մարզական լրագրողներ ու մենեջերներ, ովքեր լավ են ճանաչում միմյանց։ Դա չափազանց կարևոր է տարածաշրջային ու միջազգային մրցաշարերի կազմակերպումը դյուրացնելու, դրանց հեղինակությունն ապահովելու առումով։ Սա ասում եմ իբրև ֆուտբոլիստ, որ վեց տարի խաղացել է Հայաստանի հավաքականում, բելառուսական և ռուսական վարպետ թիմերում և իբրև լրագրող, որ լուսաբանել է 1975, 1979, 1983, 1987 թվականներին հաջորդաբար անցկացված ԽՍՀՄ ժողովուրդների չորս սպարտակիադաներ, տարբեր մարզաձևերի գծով ԽՍՀՄ հիսունից ավելի առաջնություններ, մի քանի տասնյակ միջազգային խոշոր ստուգատեսներ, աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, երեք օլիմպիական խաղեր։ Հայկական սպորտի ապագան, իմ համոզմամբ, սերտորեն շաղկապված է Հայաստանի անվտանգության ու համակողմանի զարգացման հետ։Թուրքալեզու երկու հարևաններից Ադրբեջանի հետ սառեցված հակամարտությունը և Թուրքիայի հետ գրեթե բոլոր տեսակի անմիջական հարաբերությունների, տարբեր ոլորտներում ուղիղ շփումների բացակայությունը իրենց կնիքն են թողել նաև հայկական սպորտի զարգացման վրա։ Տարածաշրջանային ու միջազգային մասշտաբի մրցաշարերը մեզանում անցկացվում են սպասվածից քիչ։ Պետական բյուջեի սղությունը հնարավորություն չի տալիս մշակել և իրականացնել երկարաժամկետ ու համակարգված քաղաքականություն սպորտի բնագավառում, ուստի մասնավոր հատվածի ներդրումներն անհրաժեշտ պետական աջակցություն չեն ստանում և մնում են հատվածական ու շատ անգամ` անձնական նախապատվություններից կախված։ Մինչդեռ շախմատի նկատմամբ տարիներ շարունակ ցուցաբերվող հետևողական աջակցությունը Հայաստանը դարձրել է շախմատի աշխարհի առաջնակարգ գերտերություններից մեկը։ Դա արտահայտվում է ոչ միայն միջազգային գրոսմայստերի կոչում ունեցողների թվաքանակի աճով, անձնական ցուցանիշով բարձր տեղեր գրավելով, համաշխարհային օլիմպիադաներում հաղթող թիմի կոչմանն արժանանալով և այլ անվիճելի նվաճումներով, այլև Հայաստանում բարձր կարգի մրցաշարերի հաճախակի անցկացման փաստով։ Անշուշտ, որևէ այլ մարզաձև այսօր այնքան շահեկան վիճակում չէ, որքան շախմատը։ Հենց միայն նրանով, որ շախմատի ֆեդերացիայի նախագահը երկրի Նախագահն է, իսկ փոխնախագահը՝ Վարչապետը։ Պետք է գտնել նոր լուծումներ` մեզ համար ավանդական մարզաձևերը՝ ըմբշամարտը, ծանրամարտը, բռնցքամարտը, ֆուտբոլը, բասկետբոլը նույնպես համազոր հովանավորությամբ խրախուսելու և զարգացնելու համար։ Սպորտի այս ուղղություններում մեզանում նկատելի է  որոշակի անկում (կամ անկումը հաղթահարելու հապաղում)։ Փաստերը նույնպես դա են վկայում։ 1992 թվականի Բարսելոնի օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկները ԱՊՀ երկրների հավաքականի կազմում նվաճեցին չորս ոսկի՝ Հրաչյա Պետիկյան (հրաձգություն), Իսրայել Միլիտոսյան (ծանրամարտ), Մնացական Իսկանդարյան (ըմբշամարտ), Էլեն Բունիաթյան (բասկետբոլ) և մեկ արծաթ՝ Ռոբերտ Էմմիյան (հեռացատկ)։ Հպարտությամբ պետք է հիշենք, որ Հրաչյա Պետիկյանի, Իսրայել Միլիտոսյանի և Մնացական Իսկանդարյանի շնորհիվ, նրանց հաղթանակի պատվին ժամանակակից օլիմպիական շարժման պատմության մեջ առաջին անգամ Բարսելոնում երիցս բարձրացվել է ՀՀ դրոշը և հնչել ՀՀ օրհներգը։ Չորս տարի անց Ատլանտայում ունեցանք միայն մեկ օլիմպիական չեմպիոն՝ Արմեն Նազարյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 52 կգ քաշային կարգ)։ Ցավոք, դրանից հետո, արդեն 14 տարի, օլիմպիական ոսկիների մեր գանձարանը նոր համալրում չի ստացել։ Պեկինում նույնպես ոսկի չստացանք, սակայն նվաճված վեց բրոնզե մեդալները վերջին օլիմպիադայի 204 մասնակից թիմերի շարքում մարզական Հայաստանի համար ապահովեցին թիմային ոչ պաշտոնական հաշվարկում 79-րդ պատվավոր տեղը։ «Պատվավորե բնորոշումն այնքան էլ չափազանցված չէ, քանի որ մրցանակային տեղ զբաղեցնել հաջողվեց նշված 204 մասնակիցներից միայն 87-ին։
 
        Մարզական լրագրության ոսկե կանոնը
            Իմ կողմից վրիպում կլիներ, եթե ներկայացնեի միայն մարզական լրագրողական գործունեությունս։ Ճիշտ է, ասպարեզ եմ մտել որպես մարզական լրագրող, բայց 90-ականների սկզբից զուգահեռաբար գործել եմ նաև մշակութային, հասարակական-քաղաքական, սոցիալական ուղղություններում։ Այժմ մարզական թեմաներին անդրադառնում եմ հազվադեպ՝ որպես ուղենիշ ունենալով իմ սիրելի ուսուցիչ Նիկոլայ Օզերովի խորհուրդը՝ մարզական լրագրությունը երիտասարդների գործն է։ Անձնական արխիվումս պահպանվում են Հայաստանի և ԽՍՀՄ ժուռնալիստների միության, Մարզական լրագրողների միջազգային ֆեդերացիայի, Լրագրողների միջազգային կոնֆեդերացիայի անդամատոմսերը։ Մեկ ուրիշը, թերևս, դրանով հպարտանար կամ փորձեր նորերը ձեռք բերել։ Մանավանդ մեր ժամանակներում ցանկության դեպքում կարելի է անգամ մեծադղորդ անվանումով ակադեմիայի ակադեմիկոս էլ «դառնալ»։ Բայց ես շատ լավ հասկանում եմ նման կոչումների ու պատվանունների ունայնությունը։ Փոխարենը համոզված եմ, որ մարդն իր գործունեության անխտիր բոլոր բնագավառներում՝ լինի նա հյուսն, դարբին, ինժեներ, գրող, նկարիչ, թե քաղաքական գործիչ, պետք է ունենա իր կնիքը, տարբերանշանը, գերբը, որ հաստատում է միայն իրեն հատուկ գործը, ժառանգությունը, որ իրենն է ու միայն իրենը։ Հատկանշական է, որ գերբ բառը եվրոպական և այլ լեզուներին է անցել գերմաներեն Erbe բառից, որ թարգմանվում է «ժառանգ, ժառանգությունե։ Ես մշտապես հոգ եմ տարել` ստեղծելու իմ ձեռագիրը, ստեղծագործական իմ ժառանգությունը։ Հաջողվել է այն, թե ոչ՝ թող դատի ընթերցողը, հեռուստադիտողը։ Բայց մի բան կարող եմ հաստատ պնդել՝ լրագրության ասպարեզում աշխատանքի ավելի քան երեսունյոթ տարիների ընթացքում ձգտել եմ լինել ազնիվ, տրամադրել հավաստի ու ամբողջական տեղեկատվություն, փաստերը մեկնաբանելիս լինել անկողմնակալ ու անաչառ։ Լրագրողի աշխատանքում այս սկզբունքները պարտադիր են, և դրանց պահպանման ու ներգործության շնորհիվ է, որ զանգվածային լրատվամիջոցներն իրավամբ ստացել են «չորրորդ իշխանություն» պատվանունը։ Վերջին երկու տասնամյակում, հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ (ավելի ճիշտ` մեղքով), մեր աշխատանք է մուտք գործել անընդունելի մի միջոց՝ մարզական մեկնաբանները խոսում են արբանյակային կապով ստացվող տեսանյութի վրա։ Հայցում եմ ընթերցողի ներողամտությունը վերջին նախադասության արհեստականության համար։ Այլ կերպ անհնար է ներկայացնել այն անբնականությունը, որ վարակել է մարզական լրագրության այս ոլորտը։ Այսպիսի մեկնաբանությունը նման է ֆոնոգրամմայի տակ «երգելուն» կամ հեռախոսով սեր բացատրելուն։ Բանն այն է, որ խաղի մեկնաբանությունն ամենևին էլ այն չէ, որ պետք է հայտնել, թե գնդակը որ խաղացողի մոտ էր և ում փոխանցվեց։ Ոչ էլ այն, որ անհամ խոսքդ համեմես ինտերնետ ցանցից հավաքած մի քանի տեղեկություններով։ Յուրաքանչյուր խաղ իր վրա կրում է մարզադաշտում տիրող մթնոլորտի կնիքը, այնտեղ փոթորկվող մարդկային հույզերի էներգիան, ներգործությունը, յուրաքանչյուր խաղ իր մեջ ունի մարզիչների աշխատանքը խաղի ընթացքում, ընդմիջման ժամանակ, խաղացողների եռանդը, ջանքն ու կիրքը։ Իրենց հարգող եվրոպական, այժմ արդեն նաև ռուսական հեռուստաընկերությունները մեկ խաղի ընթացքում ունենում են երեք մեկնաբան, մեկը՝ մեկնաբանի խցիկում, մյուսը՝ մարզասերների շարքերում, երրորդը՝ խաղադաշտի մատույցներում։ Ուղիղ եթերը մարզասերի սիրտ տանող ուղիղ ու ճշմարիտ ճանապարհն է։ Այն երաշխավորում է մարդկանց կողմից գնահատելի անմիջական շփումը, և դա է, որ պետք է կարևորել։ Խոստովանեմ, որ ես էլ եմ այս հարցում ակամա սայթաքել, սակայն, բարեբախտա- բար, միայն մեկ անգամ։ Դա 1998 թվականին էր։ ԱՄՆ-ից արդեն վերադարձել էի Երևան,աշխատանքի անցել նորաստեղծ «Արմենիա» հեռուստաընկերությունում։  Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղ էր անցկացնում Մոլդովայի հավաքականի հետ։ Այնքան ծանրաբեռնված էի նոր աշխատանքում, որ Ֆիզիկապես չկարողացա ներկա գտնվել խաղին։ Բայց կազմակերպիչները հարմար գտան ոչ թե ինձ փոխարինող մեկնաբան գտնել, այլ պարտադրել ինձ խաղի ավարտից հետո այն մեկնաբանել տեսանյութի հիման վրա։ Ավելի տանջալի, շինծու և տհաճ գործ եթերում երբեք չեմ կատարել։ Ինչպես ասում են, դա եղավ առաջինն ու վերջինը։ Իսկ նման գործելաոճը ոչ թե իմ գործընկեր մեկնաբանների, այլ հեռուստաընկերությունների ղեկավարների, սեփականատերերի մեղքն է։ Ընկնելով հեշտ շահույթի հետևից` նրանք խնայում են միջոցները և թե՛ մեկնաբաններին, թե՛ ֆուտբոլասերներին դնում անբնական վիճակի մեջ։ Այդ մասին ես խոսել եմ նաև հեռուստաեթերից՝ Եվրոպայի 2008 թվականի ֆուտբոլի առաջնության օրերին։ Բայց, ինչպես ասում են, ասողին լսող է պետք։ Հայաստանյան հեռուստաբոսերը նույն արատավոր գործելակերպը շարունակեցին նաև Պեկինի օլիմպիական խաղերը մեր հեռուստադիտողին ներկայացնելիս։
 
 
 
 
 
 
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿ
Այդ սքանչելի, այդ անմոռաց հանդիպումները
 
      Շարունակելով թղթին հանձնել առաջին, կարծում եմ` նաև վերջին գրքում զետեղելիք մտքերս` նորից ու նորից համոզվում եմ, թե ինչ հրաշք երևույթ է հեռուստատեսություն կոչվածը, որի օգնությամբ կարողացա ավելի մոտիկից ճանաչել այն զարմանահրաշ աշխարհը, որին տվել ենք մարդկության մոլորակ անվանումը։  
Տասնամյակներ շարունակ աշխատելով հեռուստատեսությունում` ինձ բախտ վիճակվեց մի շարք անմոռաց հարցազրույցներ անցկացնել նաև մեր մշակույթի մեծերի` ճանաչված ու սիրված արվեստագետների հետ. Գոհար Գասպարյան, Շառլ Ազնավուր, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, Հրանտ Մաթևոսյան, Հրաչյա Ղափլանյան, Խորեն Աբրահամյան, Օֆելյա Համբարձումյան, Հովհաննես Բադալյան, Սոս Սարգսյան, Արամայիս Սահակյան, Ալեքսանդր Գրիգորյան, Երվանդ Ղազանչյան, Տիգրան Լևոնյան, Ռուբեն Մաթևոսյան, էդուարդ Միրզոյան, Սերգեյ Համբարձումյան, Ֆադեյ Սարգսյան, Վլադիմիր Մովսիսյան, Ռազմիկ Դավոյան, Բելա Դարբինյան, Ռաիսա Մկրտչյան, Երվանդ և Արման Մանարյաններ, Ժենյա Ավետիսյան, Հրաչուհի Ջինանյան, Գուժ Մանուկյան, Լևոն Թուխիկյան, Վլադիմիր Մսրյան, Արթուր Ութմազյան, Լևոն Շառաֆյան, Ժան Նշանյան, Շաքե Թուխմանյան, Գեղամ Գրիգորյան, Ֆլորա Մարտիրոսյան,Հարություն Խաչատրյան, Վիգեն Չալդրանյան… Եվ յուրաքանչյուր հանդիպում մեծ հպարտություն ու վայելք էր նախ ինձ` հեղինակիս համար։
Հիշողությանս մեջ անմոռաց կմնան հանդիպումները նաև այլազգի հանրահայտ մարդկանց` Էլդար Ռյազանովի, դերասաններ Յուրի Յակովլևի, Վյաչեսլավ Տիխոնովի, Նատալյա Գունդարևայի, Սերգեյ Յուրսկու, Ալիսա Ֆրեյնդլիխի, Միխայիլ Բոյարսկու, Անատոլի Պապանովի, Օլեգ Տաբակովի, Կիրիլ Լավրովի, Ալեքսանդր Աբդուլովի, Եվգենի Ժարիկովի, Նատալյա Բելախվոստիկովայի, գեղասահորդներ Լյուդմիլա Պոխոմովայի, Ալեքսանդր Գորշկովի, Իրինա Ռոդնինայի, Նատալյա Բեստեմյանովայի, Ալեքսանդր Բուկինի, Եկատերինա Գորդեևայի, Սերգեյ Գրինկովի, հոկեյիստներ Վլադիսլավ Տրետյակի, Վլադիմիր Պետրովի, Բորիս Միխայլովի, Վալերի Խառլամովի, Վյաչեսլավ Ստարշինովի, ծանրամարտիկներ Վասիլի Ալեքսեևի, Լեոնիդ Ժաբոդինսկու, Դավիթ Ռիգերտի, ֆուտբոլիստներ Էդուարդ Ստրելցովի, Լև Յաշինի, Վալենտին Իվանովի, Եվգենի Լովչևի և շատ ու շատ այլ աստղերի հետ։
   Հպարտ եմ,որ համաշխարհային աստղերի հուրհրան փայլի մի ցոլք էլ ես եմ նվիրել հեռուստադիտողին՝բացառիկ այս հանդիպումներով ջերմացնելով հազարա- վոր սրտեր։
    Իմ եթերը մշտապես վտանգվել է, երբ իմ հյուրն է եղել Սիլվա Կապուտիկյանը։ Հինգ անգամ ես հյուրընկալել եմ նրան ուղիղ եթերում և ամեն անգամ նկատողութ-յուն  եմ ստացել, իսկ վերջին անգամ  հաղորդումը փակվել է։Եվ դա իմ մեծ հպար- տություն է, իմ եթերում ճշմարիտ խոսք է  հնչել՝ազատախոհ մտավորականի,քաղա- քացու ու սիրված բանաստեղծուհու համարձակ խոսքը։   
 
 
 
 
 
 
 
 
      
 
ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՆՈՐԻՑ
Մոսկվան` ինչպես տեսա
      Ինչպես վերևում նշեցի, Հակոբքոխյանի «վրիպումն» ինձ վրա թանկ նստեց: Իրադրությունը փոխվել էր նաև աշխատանքի ռիթմի իմաստով. ԽՍՀՄ-ն փլուզվել էր, համամիութենական մարզական առաջնություններ այլևս չէին անցկացվում, կտրուկ պակասել էր հաղորդումների քանակը, մարզական հաղորդումների ընդհանուր ծավալը 50 ժամից նվազեց մինչև 22 ժամ։ Աստիճանաբար եթերից դուրս եկան իմ հեղինակային ծրագրերը, մնաց միայն շաբաթական մեկ անգամ հեռարձակվող «Մարզական աշխարհը» և «Լրաբերի» մարզական բլոկը։ Նոր նախարարը՝ Սամվել Գևորգյանը, առանձնապես խանդավառությամբ չէր վերաբերվում մարզական հաղորդումներին։ Ժամանակները փոխվել էին, ես մի տեսակ հայտնվել էի ստվերում։ Ստեղծված անորոշ ու կաշկանդող իրավիճակից ընդունելի ելք գտավ 1992 թվականի օգոստոսին նշանակված հաջորդ նախարարը՝ Տիգրան Հակոբյանը։ Նա ինձ առաջարկեց հեռուստատեսությունում նոր ստեղծված կոմերցիոն-գովազդային գործակալության տնօրենի պաշտոնը։ Գործը եռում էր, գովազդը մեծ փողեր էր բերում, սակայն դա իմ կոչումը չէր։ Մարզական լեզվով ասած՝ ես հայտնվել էի խաղից դուրս վիճակում, և այս պարագայում ուղղակի փրկօղակ էր Տիգրան Հակոբյանի հաջորդ առաջարկը՝ աշխատանքի անցնել որպես Հայաստանի պետական հեռուստատեսության Մոսկվայի թղթակցական կետի ղեկավար և հատուկ թղթակից` Ռուսաստանի Դաշնությունում։ Առանց մի վայրկյան իսկ վարանելու` համաձայնեցի։
Մոսկվան մեծ քաղաք է, այստեղ ամեն օր Ռուսաստանի հեռու ու մոտ մարզերից ելումուտ են անում միլիոնավոր մարդիկ։ Այստեղ գալիս են աշխատելու, իրենց բախտը որոնելու նաև նախկին ԽՍՀՄ կազմի մեջ եղած հանրապետություններից, հատկապես՝ Վրաստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Հայաստանից, որտեղ պատերազմի ու այլազան ցնցումների պատճառով կյանքը ոչ մի կերպ չի բարելավվում։ Սակայն Մոսկվա են գալիս ոչ միայն օրվա հացի կարոտները, այլև գործարարներ` աշխարհի բոլոր ծայրերից։ Այստեղ բազմամիլիարդ ներդրումներ են կատարում, գործարքներ են կնքում, չափազանց թանկ հյուրանոցներում, խաղատներում, փակ ակումբներում իրենց ժամանցն են անցկացնում աշխարհի մեծահարուստներն ու խոշորագույն ընկերությունների թոփ մենեջերները։ Չնայած Ռուսաստանում չհաղթահարված տնտեսական անկմանն ու քաղաքական անկայունությանը՝ դեռ 15 տարի առաջ նկատելի էր, որ Մոսկվան համաշխարհային ֆինանսների, առևտրի, նաև քաղաքականության ու մշակույթի կենտրոն է դառնում։ Մոսկվայում աշխատածս տարիներին շատ եմ հանդիպել Ռուսաստանի իսկական քաղաքացիների, ովքեր ցավով, երբեմն էլ հուսահատությամբ էին խոսում իրենց հայրենիքի ողբալի ներկայի մասին։ Իմ բարեկամ Լեոնիդ Իոֆֆեն, ով, ինչպես ասացի, ռուսական հեռուստաընկերության «Վեստիե տեղեկատվական ծրագրի լավագույն տեսաբաններից էր, մի օր ինձ հրավիրեց մասնակցելու մտավորականների մի կամերային հանդիպման, որտեղ քննարկվում էին երևույթներ, պաշտոնական վիճակագրությունից բերվում թվեր, որոնք ի ցույց էին դնում երկրի կոլապսային վիճակը։ Նոթատետրումս պահպանվել են որոշ նշումներ այդ հանդիպումից. Ռուսաստանից արտասահման տեղափոխված բարձրակարգ գիտնականների թիվն անցել էր 100 հազարի սահմանը, անապաստան երեխաների թիվը հասել էր 4 միլիոնի, միջին հաշվով ամեն օր տնից դուրս էր գալիս ու անհետ կորում էր 100 մարդ։ Արձանագրել եմ նաև այսպիսի վիճակագրություն. նավթի արդյունահանումը կրճատվել է 42, գազինը՝ 7, ածուխինը՝ 40 տոկոսով։ ԽՍՀՄ փլուզմանը նախորդող տարում արտադրվել էր 540 մարտական ինքնաթիռ, իսկ 1995 թվականին նախատեսված էր արտադրել առավելագույնը 20 այդպիսի ինքնաթիռ։ Տնտեսական ու սոցիալական գահավիժման ֆոնին երկրում ծաղկում էր հանցագործությունը, աղմկահարույց սպանությունները հաջորդում էին մեկը մյուսին։ Պետական ունեցվածքի ամենաշահութաբեր կտորների սեփականաշնոր- հումը ընթանում էր մարդկության սկզբնավորման վայրի շրջանին բնորոշ օրենքներով, ավելի ճիշտ՝ որևէ բանական օրենքի կատարյալ ոտնահարմամբ։ Գլուխ էին բարձրացրել մարդկային մութ բնազդները, երբեմն թվում էր, թե կյանքը գրոշի արժեք անգամ չունի։ Այդ տարիներին լրատվամիջոցները չէին համարձակվում հանդես գալ ակտիվ գործող քրեական խմբավորումների մասին կոնկրետ հրապարակումներով, միայն ընդհանուր դատողություններ էին ու մշուշապատ ակնարկներ ու վերացական վերլուծություններ։ Կաթվածահար վիճակում էին ուժային կառույցները` ոստիկանությունը, դատախազությունը, հատուկ ծառայությունները։ Քիչ թե շատ իրազեկ շրջանակներում շատերն էին խոսում մերձմոսկովյան Լյուբերցի և Սոնցևո քաղաքների երիտասարդ մարդասպանների բանդաների, Տոլյատի ավտոմոբիլաշինական քաղաքում փողի և իշխանության համար արյունալի բախումների, Մոսկվայի հյուրանոցներում, շուկաներում ու շուկայի վերածված մարզադաշտերում, երկաթուղային և այլ կարգի կայարաններում տեր ու տնօրինություն անող ռուսական, չեչենական և այլազգի խարդախների, դրամաշորթների մասին։ Այդ տարիներին Մոսկվայում ապրելը, մեղմ ասած, չափազանց վտանգավոր էր, հատկապես ոչ ռուսաստանցիների համար, քանի որ աննկարագրելի մասշտաբների էր հասել հիստերիկ օտարատյացությունը։ Ինչպես հանրաճանաչ կինոռեժիսոր Գովորուխինն էր ասում էկրանից, տեղի էր ունենում քրեական մեծ հեղափոխություն։
Հատկապես 90-ականների առաջին տարիներին Հայաստանից Մոսկվա էին գալիս մեծ թվով երիտասարդներ` փորձելով գտնել այստեղ ապրելու և աշխատելու քիչ թե շատ բարվոք պայմաններ։ Նրանց մեջ քիչ չէին նաև այնպիսիները, ովքեր Մոսկվա էին գալիս` հայկական բանակում ծառայելուց խուսափելու նպատակով։ Որպես կանոն, այդ երիտասարդների ճնշող մեծամասնությունը, չունենալով ապրուստի տարրական պայմաններ, իրենց կամքից անկախ,հայտնվում էին հանցագործ կառույցների ու հեղինակությունների տրամադրության տակ։Արդյունքում նրանցից շատերը զոհ էին դառնում հանցագործ աշխարհի պարագլուխների քմահաճ դաժանություններին կամ էլ, լավագույն դեպքում, հայտնվում անազատության մեջ։ Երբ այս թեմայով մեր պատրաստած հաղորդումները ցուցադրվեցին հայկական հեռուստատեսությամբ, այդ երիտասարդների ծնողներից շատերը հասկացան, թե ինչպիսի ճակատագրական սխալ են գործել՝ թողնելով իրենց զավակներին բախտի քմահաճույքին։
Զարմանում եմ, երբ հիմա ոմանք զարմանում են, որ Մոսկվան դարձել է ամենաթանկ քաղաքներից մեկը կամ ամենաթանկը։ Տարօրինակ ոչինչ չկա այն բանում, որ այդպիսին է Ռուսաստանի մայրաքաղաքը. երկիր, որտեղ կենտրոնացված է մեր մոլորակի էներգետիկական և ռազմավարական պաշարների 50 տոկոսը, մինչդեռ այստեղ ապրում է աշխարհի բնակչության հազիվ 2,5 տոկոսը։ Թերևս բնական պաշարների այս հեքիաթային առատությունն էր պատճառը, որ Մոսկվան ու մոսկվացիները ձգողության մոգական մի ուժով աշխարհի թե՛ հարուստ ու զարգացած, թե՛ հեռավոր ու աղքատ անկյուններից դեպի իրենց են ձգում տաղանդավոր, գործունյա, նախաձեռնող, առաջադեմ մարդկանց։ Այդպիսիներից մեկն էր լոնդոնահայ գործարար Վազգեն Կասեմջյանը։ Ծնունդով Բեյրութից, միջին տարիքի այդ համակրելի տղամարդը ավարտել էր Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Նրան Մոսկվա էր բերել բարձրահարգ սիգարետների բիզնեսը։ Մենք վաղեմի բարեկամներ էինք։ Մի քանի տարի առաջ Երևանում մեզ ծանոթացրել էր Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Իսկ Մոսկվայում հանդիպեցինք, ինչպես հաճախ է պատահում, պատահաբար, մոսկովյան բոմոնդի շրջանակներից մեկում։ Այնքան պարզ ու անմիջական էր հին ընկերների նոր շփումը, որ Վազգենն անմիջապես ըմբռնեց բազմաթիվ հիմնախնդիրների մեջ տապակվող հայրենի պետականության այս փոքրիկ օջախին օժանդակելու կարևորությունը և արդեն հաջորդ օրվանից ինքնակամ առաջարկեց մշտապես ֆինանսավորել մեր ստեղծագործական խմբի գործուղումները։
 
            
          Մոսկվան  Երևան չէր
      Յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ հարկավոր է դադար առնել։ Երևանից Մոսկվա տեղափոխվելը և այնտեղ աշխատանքի անցնելն ինձ համար դարձավ կարևոր թայմ-աուտ՝ եղածը վերաիմաստավորելու, նոր ծրագրեր հղանալու համար։ Ես այն օգտագործեցի լիակատար կերպով։ Թող ներվի ասել, բայց Մոսկվան Երևան չէր, այնտեղ հսկայական ասպարեզ կար` ինքնաարտահայտվելու, նոր ծանոթություններ հաստատելու, աշխատանքից բավականություն ստանալու, երկրիդ օգտակար լինելու համար։ 1993 թվականի Ամանորը դիմավորեցի Երևանում՝ ընտանիքիս հետ և մի քանի օրից կրկին ցրտաշունչ Մոսկվայում էի։ Հավատարմագրվեցի Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունում։ Ռուսաստանում Հայաստանի ապագա դեսպանատանը մեր թղթակցական կենտրոնին երկու սենյակ հատկացվեց, և բոլոր հարցերում մեզ աջակցելու պատրաստակամություն հայտնեց ՌԴ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ֆելիքս Մամիկոնյանը։ Պետական մտածողության տեր գործիչ էր նա, հրաշալի մարդ։ Քաջ գիտակցում էր, թե որքան կարևոր էր այդ տարիներին Մոսկվայում նման թղթակցական կետ ունենալը։ Ցավոք, նա նույնպես երկար չմնաց Մոսկվայում և շուտով որպես դեսպան տեղափոխվեց Գերմանիա, որտեղ էլ տարիներ անց կնքեց իր մահկանացուն։
Ինձնից առաջ, դեռ խորհրդային տարիներին, Մոսկվայում աշխատած թղթակիցը՝ Կարո Աթայանը, ժամանակի հովերին համընթաց, իրեն տվել էր գործարարությանը ու լքել աշխատանքը։ Իսկ ահա օպերատոր Ռոմիկ Կարիկյանը համաձայնեց վերադառնալ ընդհատված աշխատանքին։ Այժմ անհրաժեշտ էր կարճ ժամանակահատվածում վերականգնել նախկին կապերը, հաստատել նոր ծանոթություններ։ Առաջինը, ում զանգահարեցի, ուսուցիչս էր՝ Նիկոլայ Օզերովը։ Երբ նրան ասացի, որ տեղափոխվել եմ Մոսկվա և կատարելու եմ հայկական հեռուստատեսության թղթակցական կետի ղեկավարի ու հատուկ թղթակցի պարտականությունները, շատ ուրախացավ։ Առաջարկեց երեկոյան հանդիպել իրենց տանը և հանգիստ պայմաններում քննարկել առաջիկա ծրագրերը,խոսել հետագա անելիքների մասին։ Հաճույքով ընդունելով իմ մեծ ուսուցչի առաջարկը` պայմանավորված ժամին նրանց տանն էի։ Սովորականի պես ինձ նորից ջերմորեն դիմավորեց տանտիրուհին՝ Մարգարիտա Պետրովնան։ Նրա պատրաստած թեյի սեղանի շուրջ էլ այդ երեկո երկար զրուցեցինք Նիկոլայ Նիկոլաևիչի հետ։ Ավագ գործընկերոջս տեղեկացրի, թե վերջին տարիներին ամբողջ աշխարհում և հատկապես Ռուսաստանում ինչպիսի մասշտաբային հակահայկական քարոզչություն են ծավալել ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները։ Բացատրեցի, թե ինչպես են նրանք ամենուր փորձում նենգափոխել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրներին առնչվող ճշմարտացի տեղեկատվությունը իրենց իսկ կողմից մոգոնած կեղծ ապատեղեկատվությամբ։ Ասացի, որ մեր թղթակցական կենտրոնի կարևոր խնդիրներից մեկն էլ լինելու է հենց այդ կեղծարարությունների դեմ պայքարելը՝ հանրությանը մատուցելով ճշմարտացի լուրեր։ Ուշադիր լսելով, ծանր ու թեթև անելով նշածս բոլոր փաստարկները` ավագ գործընկերս սիրալիր նկատեց, թե փոխվել եմ, հասունացել. «Թանկագին Համլետ, ուրախ եմ քեզ համար, համոզված եմ, որ քեզ կհաջողվի իրագործել այն բոլոր ծրագրերը, որոնց մասին խոսեցիր։ Իհարկե, կփորձեմ օգտակար լինել քեզ, միշտ կարող ես ակնկալել իմ աջակցությունը, ի վերջո, մենք վաղեմի բարեկամներ ենքե։ Բաժանվելուց առաջ պայմանավորվեցինք հանդիպել երեք օրից և խոսել այդ ընթացքում արված գործերի մասին։ Մեր ընդհանուր ջանքերով մշակված ծրագիրը բավական ծավալուն ու աշխատատար գործընթաց էր պահանջում։ Նման արդյունավետ հանդիպումից հետո շատ բարձր տրամադրությամբ վերադարձա տուն։ Հաջորդ օրը Օզերովի օժանդակությամբ պետք է կայանար նախօրեին պլանավորված կարևոր հանդիպումներից առաջինը։ Վերցնելով Երևանից բերված հայկական կոնյակի հերթական շիշը` մեկնեցի հանդիպման։ Իհարկե, լավ է, որ այն տարիներին դեռ հնարավոր էր որոշ հարցեր էլ մեր ավանդական խմիչքի օգնությամբ լուծել, բայց Մոսկվան Երևան չէր։ Այստեղ աշխատելու համար նախ հարկավոր էր փող։ Ամերիկյան 50 դոլարին համարժեք իմ աշխատավարձը, որ նշանակել էր հայրենի Կառավարությունը, հազիվ կբավականացներ մի քանի օրվա սննդի համար։ Մինչդեռ թղթակցական կետին նոր տեսախցիկ, տրասնպորտային միջոց, օժանդակ այլ սարքավորումներ էին հարկավոր։ Ի՞նչ անել, որտեղի՞ց փող ճարել։ Ի վերջո` լինե՞լ, թե՞ չլինել. նորից սա էր խնդիրը։ Բայց ամենահաս Ֆելիքս Մամիկոնյանը դարձյալ թույլ չտվեց երկար մտորել. Նա բացատրեց, որ մեր ներկայացուցչությունը Մոսկվայում ունի բազում բարեկամներ, որոնք միջոցներ են տրամադրում պատերազմող հայրենիքի բանակին, օգնում զոհվածների ընտանիքներին. «Կփորձենք նրանց շահագրգռել նաև քարոզչական ճակատում մեր դիրքերն ամրապնդելու հարցումե,- ասաց նա։ Իսկ առաջին խոշոր գործարարը, որ պարոն Մամիկոնյանի անմիջական օժանդակությամբ համաձայնեց սատար կանգնել մեր թղթակցական կետին, «Սրետինկաե բազմաճյուղ ընկերության նախագահ Լևոն Հովհաննիսյանն էր։ Նրա ֆինանսական աջակցությամբ, որը շարունակվեց ամբողջ երկու տարի, ունեցանք կայուն վաստակ և պարբերաբար Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններ մեկնելու և տեղի հայկական համայնքների վերաբերյալ նյութեր պատրաստելու հնարավորություն։ Նրա աջակցությամբ երկու հոգուց կազմված մեր աշխատանքային խումբը 1995 թվականին մեկնեց Կիպրոս՝ լուսաբանելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումը Հայաստանի և Կիպրոսի հավաքականների միջև։ Մեր նվաղած թիմը 2։0 հաշվով պարտվեց եվրոպական ֆուտբոլի ակնհայտ վերջնապահներից մեկը համարվող կիպրոսցիներին։ Պարտության դառնությունը փարատեցինք այնտեղ գտնվող հայերի հետ նոր ծանոթություններով, որոնցից ամենատպավորիչը Գուրգեն Արսենյանի հետ հանդիպումն էր։ Նա Մոսկվայի մի քանի տասնյակ հայ մարզասերների հետ եկել էր Լարնակա՝ երկրպագելու իր հայրենակիցներին։ Շատ արագ գնահատելով իրավիճակը` Արսենյանն իրեն հատուկ քմծիծաղով սկսեց հետաքրքրվել մեր հնամաշ «Սուպեր Պանասոնիկե նկարահանման խցիկով։ Հետո խոսակցությունը շեղեց դեպի այլ թեմաներ, որոնց մեջ գլխավորը օտարության մեջ հանդիպած բոլոր հայերի համար անվրեպ նույնն է ու անփոփոխ՝ Հայաստան ու հայություն։ Վերջում պայմանավորվեցինք հանդիպել Մոսկվայում։ Մոսկովյան հանդիպմանը նա եկավ իր գործընկեր Արմեն Ալավերդյանի հետ, որն իր խառնվածքով ու ակտիվությամբ էապես տարբերվում էր շարժուն ու նախահարձակ Գուրգենից։ Կարճատև ընթրիքի ժամանակ հաջողակ գործարար երկու ընկերներին հարկավոր եղավ ընդամենը հայացքների պարզ փոխանակություն, և հաջորդ օրը մոսկովյան մեր թղթակցական կետը նրանցից նվեր ստացավ «Սոնիե մակնիշի գերժամանակակից թվային պրոֆեսիոնալ տեսախցիկ։ Գուրգենը և Արմենը ստանձնեցին մեր այլազան ծախսերը փակելու հոգսը նույնպես՝ նախորդ բարերարից ինքնակամ ընդունելով էստաֆետը։ Իսկ այնքան կարևոր մոնտաժային սեղանը ձեռք բերեցինք արդեն Հայաստանի Կառավարության անդամ Վահան Մելքոնյանի շնորհիվ, ով այն տարիներին ղեկավարում էր ՀՀ նյութական ռեսուրսների նախարարությունը։ Մոսկվա կատարած բազմաթիվ այցելություններից մեկի ժամանակ նա մի հայ ձեռներեցի ներկայությամբ հմտորեն զրույց տարավ մեր այդ խնդրի մասին և խոսակցությունն ամփոփեց մտահոգությամբ լի հետևյալ խոսքով. «Մի բան կմտածենքե։ Իսկ ձեռներեցները, ինչպես գիտեք, ուշիմ և խորաթափանց մարդիկ են։ Հաջորդ օրն իսկ բավականին թանկարժեք մոնտաժային սեղանն իր օժանդակ բոլոր սարքավորումներով տեղադրվեց Մոսկվայի թղթակցական կետի մեր փոքրիկ աշխատասենյակում։ Լիակատար երջանկություն վայելելու համար մեզ մնում էր միայն աշխատել ու աշխատել։
Նիկոլայ Օզերովի բարի կամքով ու օգնությամբ վերջին հինգ ամիսների ընթացքում հաջողվել էր զգալիորեն ընդարձակել մեր թղթակցական կետի համագործակցությունը տարբեր հեռուստաընկերությունների,տեղեկատվական  գործակալությունների աշխատակիցների հետ։ Առանձնակի ջերմ էին հարաբերություններս հատկապես РТР համառուսաստանյան հեռուստաըն- կերության նախագահ Օլեգ Պոպցովի և «Վեստի» ծրագրի ղեկավար Ալեքսանդր Նեխորոշևի հետ։ Եվ հենց նրանց աջակցությամբ վերջապես հաջողվեց Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ եթեր տալ Արցախի մասին պատմող մի շարք ճշմարտացի, օբյեկտիվ ռեպորտաժներ։ Այդ տարիներին բավականին մտերմացա նաև «Վեստիի» առաջին հաղորդավարներ Սվետլանա Սորոկինայի, Ալեքսանդր Գուռնովի, Տատյանա Խուդոբինայի հետ։ Ալեքսանդր Նեխորոշևի հետ մեր տևական համագործակցության շնորհիվ նրանք բոլորն էլ քաջատեղյակ էին այն բոլոր կարևոր իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում։ Բայց իմ ռուս գործընկերների մեջ կար մեկը, որի մասին անպայման կցանկանայի պատմել իմ բոլոր հայրենակիցներին։ Խոսքը «Վեստիի» հատուկ թղթակից, քաղաքական տեսաբան Լեոնիդ Իոֆֆեյի մասին է։ 1992 թվականին նա գործուղվել էր Լեռնային Ղարաբաղ, և թեժ կետերից տրված նրա բոլոր ռեպորտաժները փաստորեն դարձան երկար սպասված առաջին օբյեկտիվ, ճշմարտացի, համարձակ հաղորդումներն Արցախից։ Նա ուղղակի սխրանք գործեց` իսկական լրագրողական սխրանք՝ ճեղքելով այն տեղեկատվական շրջափակումը, ինչն ազերիներն իրականացնում էին տնտեսական շրջափակմանը զուգահեռ։ Երբ Մոսկվայում նոր էի անցել աշխատանքի, առաջիններից մեկը, ով ինձ օգնելու պատրաստակամություն և տևական անշահախնդիր համագործակցության ցանկություն հայտնեց, իմ վաղեմի բարեկամ Իոֆֆեն էր։ Լեոնիդի հետ այսօր էլ շարունակվում է գրեթե երկու տասնամյակի հասնող մեր անկեղծ բարեկամությունը։ Անչափ գոհ եմ Աստծուց` ինձ նման ընկեր պարգևելու համար։ Եվ ափսոս, շա˜տ ափսոս, որ մեր ժողովրդին ու պետությանն այդքան նվիրված ռուսաստանցի հեռուստալրագրողի խիզախումն` ի շահ մեր պետության և ժողովրդի, պետական պաշտոնյաների կողմից այդպես էլ չարժանացավ պատշաճ գնահատականի։
 
 
                                                                                                                                                                                       Թիկունքիս   պետությունն  էր                                                                                                                                                              
      Ֆելիքս Մամիկոնյանից հետո մեր թղթակցական կետին շոշափելի օգնություն էր շարունակում ցույց տալ նաև նորանշանակ դեսպան Յուրի Մկրտումյանը։ Սակայն նրա հետ մեր համագործակցությունն սկսվեց, մեղմ ասած, փոքրիկ ընդհարումով։ Առավոտյան, երբ սովորականի պես եկա աշխատանքի, դեսպանատան պարետն ասաց, թե նորանշանակ դեսպանի հրահանգով ես և օպերատոր Ռոմիկ Կարիկյանը պետք է ազատենք դեռ Մամիկոնյանի օրոք մեզ տրամադրված սենյակը և լքենք դեսպանատան շենքը։ Շփոթված ու անհանգստացած` անմիջապես գնացի դեսպանի մոտ։Լուռ լսելով ինձ`պարոն Մկրտումյանն իրեն բնորոշ հանգստութ- յամբ ասաց. «Այ անխիղճ-անաստված, սա դեսպանատուն է, էդպես չի լինի... Ինձ հրահանգված է շենքն ազատել բոլոր տեսակի այլ կազմակերպություններից։ Այնպես որ բարի եղեք այսօրվանից ձեզ նոր կացարան փնտրել։ Դե իսկ այս խոսակցությունը համարենք ավարտված»։ Այս բոլորն այնքան անսպասելի էր, որ շփոթմունքից մի քանի րոպե անելիքս չէի հասկանում։ Այնուամենայնիվ, կարողացա շուտ կողմնորոշվել և զանգահարեցի Երևան` Ազգային ժողովի փոխնախագահ Արա Սահակյանին։ Ընտրությունս ամենևին էլ պատահական չէր։ Համոզված էի, որ պարոն Սահակյանն ինձ ճիշտ կհասկանա, և հարցը շուտափույթ լուծում կստանա։ Ու չսխալվեցի. ընդամենը երկու ժամ անց դեսպանն ինձ նորից իր մոտ հրավիրեց ու դիվանագիտորեն խորամանկելով` ժպտադեմ ասաց, թե սխալմունք է տեղի ունեցել. «Եղբայր, ամեն ինչ պարզվեց, դուք կարող եք մնալ ու աշխատել դեսպանատան շենքում։ Հուսով եմ, որ մենք դեռ երկար կհամագործակցենք»։ Դա ինձ համար շատ կարևոր հաղթանակ էր։ Անմիջապես զանգահարեցի Արա Սահակյանին` շնորհակալություն հայտնելու, իսկ նա, ինչպես վայել է պարկեշտ մարդուն, ասաց, թե շնորհակալություն պետք է հայտնել Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանին, ով այդ մասին իմանալով` անմիջապես զանգահարել էր Յուրի Մկրտումյանին։ Ահա այսպես արագ լուծվեց դեսպանատանը մեր լինել-չլինելու կարևոր հարցը. թիկունքներիս պետություն ունեինք։ Իսկ դեսպանի հետ մենք լավ բարեկամներ դարձանք։
            
                Առաջին լուրջ նկարահանումները
         Մոսկվայի թղթակցական կետի բացման առաջին իսկ օրվանից մեր աշխատանքային գործունեությունը բավականին ակտիվ, օպերատիվ ու արդյունավետ էր։ Դրա վառ ապացույցներից մեկն էլ այն էր, որ ամեն շաբաթ տարբեր բնույթի վեցից-յոթ տեսանյութ` հատուկ ռեպորտաժներ, հարցազրույցներ էինք ուղարկում Երևան՝ «Լրաբեր» ծրագրին, իսկ ընդամենը երկու շաբաթ անց հայկական հեռուստատեսության եթերում մշտական գրանցում ստացավ նաև «Մոսկովյան հանդիպումներե շարքը։ Եվ հենց այդ հեղինակային հաղորդաշարի շնորհիվ էր,որ Մոսկվայում անցկացրած չորս տարիների ընթացքում առիթ ունեցա ծանոթանալ և մոտիկից շփվել այնպիսի մեծությունների ու վառ անհատականությունների հետ, ինչպիսիք են Արմեն Ջիգարխանյանը, Դմիտրի Խառատյանը, Էմանուիլ Վիտորգանը, Մարկ Զախարովը, Օլեգ Տոբակովը, Իրինա Օտևան, Էլդար Ռյազանովը, Յուրի Յակովլևը, Նիկիտա Միխալկովը, Իրինա Ալեգրովան, Կարեն Շահնազարովը, Ալլա Պուգաչովան, Ֆիլիպ Կիրկորովը, Օլեգ Պոպցովը, Իգոր Սարուխանովը, Վախթանգ Կիկաբիձեն, ցավոք այսօր արդեն երկրային կյանքին հրաժեշտ տված Միքայել Թարիվերդիևը, Ալեքսանդր Լեբեդը, Վլադիմիր Լիստևը, Օլեգ Յանկովսկին, Կլարա Լուչկոն, Ալեքսանդր Աբդուլովը, Գալինա Ստարավոյտովան, Վյաչեսլավ Տիխոնովը, Նիկոլայ Օզերովը, Նատալյա Գունդերևան, Յուրի Բարսեղովը։ Նրանցից շատերից բազմաթիվ հիշարժան ու անմոռաց հուշեր են մնացել։
Այդ տարիներին «Մոսկովյան հանդիպումներ» հաղորդաշարին հյուրընկալվեցին նաև պետական-քաղաքական ճանաչված գործիչներ. Վիկտոր Չեռնոմիրդինը, Անատոլի Չուբայսը, Միխայիլ Գորբաչովը, Իվան Ռիբկինը, Վլադիմիր Շումեյկոն,Ալեքսանդր Լեբեդը, Գրիգորի Յավլինսկին, Վլադիմիր Ժիրինովսկին, Իրինա Խակամադան, Արթուր Չիլինգարովը, Նիկոլայ Ռիժկովը, Յուրի Չայկան, Եկատերինա Լախովան, Պավել Բորոդինը։ Նրանցից մեկի՝ Վլադիմիր Ժիրինովսկու հետ անցկացրած հանդիպումը, կարծում եմ, դեռ երկար կմնա ինչպես մեր հեռուստադիտողների, այնպես էլ թուրք ազգայնականների հիշողության մեջ։ Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին` Վլադիմիր Վոլֆովիչը անսպասելիորեն անդրադարձավ հայերիս համար ցավոտ՝ ցեղասպանության թեմային, ափսոսանք հայտնելով, որ Ռուսաստանը բավականին ուշացումով` միայն 1994 թվականին ճանաչեց հայկական եղեռնը։ Այնուհետև ավելի վճռական տոնով պահանջեց, որպեսզի Թուրքիան նույնպես ընդունի ցեղասպանության անհերքելի փաստը և հետ վերադարձնի հայկական հողերը՝ սրբազան Արարատ լեռան հետ միասին։ Հաղորդման ցուցադրման հաջորդ օրն իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի արտգործնախարարությանը բողոքի նոտա էր հղել։ Ընդհանրապես Ժիրինովսկու հետ մեր բոլոր հանդիպումները միշտ եղել են բավականին սուր, հետաքրքիր և առանձնացել իրենց ինքնատիպությամբ։ Իսկ առաջին ռուս բարձրաստիճան պաշտոնյան, ում հետ հարցազրույց եմ վարել Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Վիկտոր Չեռնոմիրդինն էր։ Ռուսաստանի համար շատ ծանր ժամանակահատվածում Վիկտոր Ստեպանիչը ստանձնեց վարչապետի պաշտոնը։ Նրա հետ շփվելու մի քանի րոպեներն էլ բավարար էին` ճանաչելու բազմափորձ պետական գործչին, առաջին հայացքից խստաբարո, բայց իրականում բարեսիրտ մարդուն,  յուրատեսակ անհատին։ Մեր զրույցի ժամանակ վարչապետը նորից ընդգծեց հայ-ռուսական համագործակցության հեռանկարները` մեծապես կարևորելով երկու պետությունների միջև կնքված ռազմական, տնտեսական միջպետական մեծ պայմանագիրը։ Զրույցի ընթացքում մշտապես զգացվում էր նրա անձնական մտերմությունը Հայաստանի Նախագահի և վարչապետի հետ։ Հատուկ նշեց, թե խորը համակրանք է տածում հայ ժողովրդի հանդեպ, սիրով հիշեց երկար տարիների իր մտերմությունը «Հագազարդի» վարչության պետ Գեորգի Թաթարյանի հետ, չխորշեց ասել, որ ժամանակին շատ բան է սովորել նրանից։ Հետագայում ևս Վիկտոր Չեռնոմիրդինին հանդիպելու բազմաթիվ առիթներ են եղել ու ամեն անգամ նա բարեկամաբար հետաքրքվում էր իմ լրագրողական գործունեությամբ, հարձուփորձ անում այլ գործերից և, ամենակարևորը` չէր մոռանում հայտնել իր պատրաստակամությունը` հարկ եղած դեպքում հայկական հեռուստատեսությանը օգտակար լինելու գործում։
 
Հանդգնությունս  ներվեց.  ինձ  փրկեց  Լյուդմիլա                                           Տեր-Պետրոսյանը
      Հասկանալի է, որ պետական պաշտոնյաների, հատկապես նրանց կանանց հետ աշխատելը և՛ հետաքրքիր է, և՛ անչափ պատասխանատու։ Բայց միշտ չէ, որ հնարավոր է իրականացնել նրանց մասնակցությամբ նախօրոք պայմանավորված կամ պլանավորած նկարահանումները։ Նման մի հետաքրքիր ու հիշարժան միջադեպ այդ տարիներին պատահեց Տրետյակովյան պատկերասրահում։
Մոսկվայում անցկացվող ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական հավաքին, նախագահներից բացի, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաղաք էին ժամանել նաև նրանց կանայք, որոնց համար հետաքրքիր մշակութային ծրագիր էր կազմել Նաինա Ելցինան։ Թղթակցական կենտրոններին նախագահականից ուղարկված հրավերքի համաձայն, օպերատոր Ռոմիկ Կարիկյանի հետ նշված ժամանակից մեկ ժամ առաջ արդեն Տրետյակովյան պատկերասրահում էինք։ Ու երբ մյուս երկրների մեր գործընկերների հետ կազմ ու պատրաստ սպասում էինք առաջին տիկնանց ժամանելուն, մեզ մոտեցավ Նաինա Ելցինայի ներկայացուցիչը և դեմքի սառը արտահայտությամբ հայտնեց, թե նկարահանումներ չեն լինելու` նշելով, որ դա նախագահների կանանց ցանկությունն է։ Իսկույն բոլորիս մոտ դժգոհության ալիք բարձրացավ։ Բայց ո՞ւմ էր դա հետաքրքրում, ո՞վ էր դա հաշվի առնում։ Թիկնապահներից գաղտնի, օպերատորիս հետ բարձրացանք երկրորդ հարկ և տեսախցիկը թաքցրինք դռներից մեկի հետևում։ Երբ նախագահների կանայք ներս մտան ցուցասրահ, մի կերպ հաջողվեց մոտենալ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին։ Արագ ասացի, թե ուզում եմ մեր հեռուստատեսության համար էքսկլյուզիվ նկարահանումներ կատարել։ Նա շատ կտրուկ տոնով սթափության կոչեց ինձ. «Խելագարվե՞լ ես, ի՞նչ է։ Այսօր դա հնարավոր չէ»։ «Լավ ինքս մի բան կմտածեմ, բայց եթե հանկարծ անվտանգության ծատայության աշխատակիցներն ինձ ձերբակալեն, խնդրում եմ ասեք, որ Դուք ինձ ճանաչում եք»,- ասացի հեռանալով։ Այնուհետև շտապեցի դեպի երկրորդ հարկ, ուր ինձ սպասում էր օպերատոր Ռոմիկ Կարիկյանը։ Նկատելով վերջինիս կաշկանդված վիճակը` փորձեցի հանգստացնել նրան, հընթացս արագ մոգոնելով, որ ամեն ինչ կարգին է։ Առաջին տիկնայք դեռ նոր էին մուտք գործել գլխավոր ցուցասրահ, երբ խոսափողը ձեռքիս աննկատ մոտեցա Նաինա Ելցինային և առանց նախաբանի նրան ուղղեցի առաջին հարցը։ Այս ամենը այնքան արագ կատարվեց, որ տիկին Ելցինան շփոթված հարցրեց. «Դուք ո՞վ եք, ինչպե՞ս եք հայտնվել այստեղ, այն էլ տեսախցիկով, ո՞ւր են անվտանգության ծառայության աղջիկներըե։ Ես անմիջապես պատասխանեցի, որ ներկայացնում եմ հայկական հեռուստատեսությունը, իսկ անունս Համլետ է։ Չէի հասցրել ավարտել խոսքս, երբ անվտանգության ծառայության երկու աշխատակցուհիները ամուր բռնելով ձեռքերս` սառնասրտորեն հետ քաշեցին ինձ։ Բայց Նաինա Իոսիֆովնան միջամտեց. «Սպասեք, աղջիկներ, ես ձեզ հետ դեռ հետո կխոսեմ։ Լյուսինկա, Դուք ճանաչո՞ւմ եք Համլետ անունով այս երիտասարդին»,- դիմեց նա տիկին Տեր-Պետրոսյանին։ Վերջինս լավ գիտակցելով, թե ինչ իրավիճակում եմ հայտնվել, երկրորդ անգամ նորից օգնության ձեռք մեկնեց իր երբեմնի գործընկերոջը. «Իհարկե, շատ լավ եմ ճանաչում, նա մեր հեռուստատեսության հատուկ թղթակիցն է Մոսկվայում։ Դեռ հինգ տարի առաջ միասին աշխատել ենք Հայաստանի հեռուստառադիոպետկոմում»։ Նման պատասխանից հետո անմիջապես փոխվեց Ռուսաստանի Առաջին տիկնոջ թե՛ տոնը, և թե՛ վերաբերմունքը. «Պարոն Համլետ, քանի որ Դուք իմ շատ սիրելի ընկերուհու ծանոթն եք, ես հաճույքով կպատասխանեմ Ձեր հարցերին, բայց եկեք դա անենք մեր էքսկուրսիայի ավարտին։ Հիմա Կիրիլի օգնությամբ նախապատրաստեք նկարահանման տեխնիկան, իսկ քիչ հետո մյուս Առաջին տիկինների հետ մենք կմոտենանք ձեզ». ահա այսպիսի անսպասելի և այսպիսի սիրալիր ներողամտություն։ Ինչպես պարզվեց հետո, Կիրիլը Նաինա Ելցինայի արարողակարգի ղեկավարն էր, և մինչ նրա հետ որոշում էինք, թե հարցազրույցը ցուցասրահի որ հատվածում է ավելի նպատակահարմար նկարահանել, Կիրիլը մի փոքր նեղսրտած ասաց. «Համլետ, հասկանո՞ւմ եք, Ձեր այս արարքով Դուք փաստորեն անաշխատանք թողեցիք մեր անվտանգության ծառայության երկու աշխատակցուհիներին»։ Անկեղծ ասած, ինքս էլ դրանից շատ նեղվեցի։ Մանավանդ երբ այդ բարձրահասակ, սլացիկ կազմվածքով գեղեցկուհիների աչքերում թախիծ նկատեցի, ինձ է՛լ ավելի  վատ զգացի։ Մոտ հիսուն րոպե անց մեզ մոտեցան Նաինա Ելցինան, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը և մյուս Առաջին տիկինները։ Այդ օրը մենք բավականին հաջողված հարցազրույց նկարահանեցինք։ Տիկին Ելցինայի տրամադրությունն է՛լ ավելի էր բարձրացել։ Նա մեզ խնդրեց, որ այդ հարցազրույցի մի օրինակ էլ իրեն տրամադրենք։ Մեկ օր անց իսկապես հաջողված հարցազրույցի տեսագրության կրկնօրինակը փոխանցեցի Կիրիլին։ Բայց մինչ Տրետյակովյան պատկերասրահում հրաժեշտ կտայի Նաինա Ելցինային, համարձակվեցի նրան դիմել ևս մեկ խնդրանքով. «Գիտեք, չէի ուզենա, որ իմ այս անտակտ արարքի պատճառով Ձեր անվտանգության ծառայության աշխատակիցները տուժեին։ Խնդրում եմ, հանուն մեր նորաստեղծ բարեկամության, այս անգամ ներել նրանց։ Հուսով եմ` այս անգամ ևս կընդառաջեք Ձեր խոնարհ ծառային»։ «Այո՜, տեսնում եմ` շատ համառն եք»,- ծոր տվեց տիկին Ելցինան,- ապա Կիրիլին դիմելով ասաց. «Կիրիլ, նորի՞ց ընդառաջենք իշխան Համլետին, թե՞ պատժենք մեղավորներին»։ Եվ ինքն էլ պատասխանեց իր հարցին. «Լավ, հաշվենք, որ այսօր Ձեր օրն է»։ Ահա, ինչպես բարի հեքիաթում, այսպիսի հաջող ավարտ ունեցավ Տրետյակովյան պատկերասրահում տեղի ունեցած այս արտասովոր միջադեպը։  
 
Նաև Կուչմայի հետ
       Այսօր հաճույքով եմ հիշում նաև 1996 թվականի գարնանը Կիևում անցկացրած հարցազրույցը Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի հետ, որն իրոք, անցավ շատ ջերմ ու անկեղծ մթնոլորտում։ Ինձ հաճելիորեն զարմացրեց նաև այն փաստը, որ պարոն Կուչման չափից ավելի քաջատեղյակ էր հազարամյակների հասնող մեր պատմությանը, ազգային առանձնահատկություններին, հին ու նոր ավանդույթներին։ Երբ ավարտվեցին նկարահանումները, Լեոնիդ Դանիլիչը նորից շեշտեց, որ Հայաստանը շատ լավ դեսպան ունի Ուկրաինայում և որ հենց Հրաչյա Սիլվանյանի նման մարդկանց շհորհիվ է, որ օրեցօր է՛լ ավելի են ամրապնդվում հայ-ուկրաինական բարեկամական կապերը։ Ես փոխադարձեցի Նախագահի հաճոյախոսությունը` նշելով, որ Ուկրաինան Հայաստանում հրաշալի դեսպան ունի` Ալեքսանդր Բոժկոն, ում ճանաչում եմ անձամբ և մոտիկից։ Նախագահը գլխի շարժումով համաձայնեց ինձ հետ` ավելացնելով, թե ինքը ամբողջությամբ կիսում է այդ կարծիքը։ Ի դեպ, հետագայում Հրաչյա Սիլվանյանի ստեղծած լավ ավանդույթները, որպես Ուկրաինայի դեսպան, հաջողությամբ շարունակեցին նրա հետնորդները` Արմեն Խաչատրյանն ու Անդրանիկ Մանուկյանը։
 
      Հիշարժան հարցազրույց, հիշարժան զավեշտ
      Մոսկովյան տարիների հիշարժան իրադարձություններից մեկն էլ 1996 թվականի գարնանը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի մշակույթի օրերի բացումն էր։ Այն տեղի ունեցավ Մեծ թատրոնում։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վլադիմիր Շումեյկոն և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը։ Այդ օրը տեղի ունեցավ զավեշտալի մի միջադեպ, որին ներկա գտնվեցի ակամայից։ Մինչ կսկսվեր բացման հանդիսավոր արարողությունը, հարցազրույց նկարահանելու խնդրանքով մոտեցա Վլադիմիր Շումեյկոյին։ Նա առաջարկեց բարձրանալ Մեծ թատրոնի կառավարական օթյակ և այնտեղ էլ նկարահանել հարցազրույցը։ Այդպես էլ վարվեցինք, բայց մինչ կսկսեինք նկարահանումը, կառավարական օթյակ մտան նաև այլ բարձրաստիճան հյուրեր և անմիջապես պաշարեցին Վլադիմիր Ֆիլիպովիչին` ինչպես ինքներդ եք կռահում, այդպես էլ հարցազրույցի ժամանակ չթողնելով։ Նկատելով դեմքիս տագնապը` Շումեյկոն բարեհամբույր ժպտալով հանգստացրեց ինձ, խոստացավ հանդիսավոր արարողակարգի ավարտից հետո անպայման պատասխանել իմ բոլոր հարցերին և առաջարկեց առայժմ տեղ զբաղեցնել նույն օթյակում։ Տեղավորվեցի առաջին շարքում նստած Բաբկեն Արարքցյանի և Վլադիմիր Շումեյկոյի թիկունքում գտնվող ազատ աթոռներից մեկի վրա։ Բացման հանդիսավոր արարողությունից հետո նախ խոսափողին մոտեցավ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Եվգենի Սդորովը։ Նրա փայլուն խոսքից հետո բեմ բարձրացավ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարը։ Կովկասցու ընդգծված առոգանությամբ ռուսերենով նա մի կերպ ընթերցեց իր ողջույնի խոսքը։ Լսելով նրան` այնպիսի տպավորություն էիր ստանում, թե մեր մշակույթի նախարարը կարծես առաջին անգամն էր ձեռքը վերցրել իր համար գրված ողջույնի խոսքը։ Իսկ երբ նա Շումեյկոյին շփոթեց Ռուսաստանի Պետդումայի նախագահի հետ, վերջինս քմծիծաղով Բաբկեն Արարքցյանից հարցրեց, թե ով է այդ կատակասերը։ Հասկանալով ռուսաստանցի բարձրաստիճան հյուրի հարցի իմաստը` Արարքցյանն էլ անցավ իրեն բնորոշ հումորին ու հանգիստ պատասխանեց. «Մեր մշակույթի նախարարը։ Ի՞նչ է, շա՞տ հավանեցիք նրա ռուսերենը»։ «Լսիր, ի՞նչ մշակույթի նախարար, նա ինձ Ռիբկինից չի տարբերում»։ Երբ ավարտվեց հանդիսավոր մասը, շրջվելով դեպի ինձ` Շումեյկոն ասաց. «Հուսով եմ, գոնե Դուք ինձ ճիշտ կներկայացնեք հայ հասարակությանըե։ «Կարող եք չկասկածելե,- ժպտալով պատասխանեցի ես` Շումեյկոյին ուղղելով առաջին հարցը։ Հարցազրույցի ավարտից հետո զրուցակցիցս բաժանվեցի բարձր տրամադրությամբ։ Հետագայում ևս Վլադիմիր Ֆիլիպովիչի հետ հանդիպելու բազմաթիվ առիթներ եղան։ Ժամանակին շատերն էին կիսում այն կարծիքը, թե ամենայն հավանականությամբ ՌԴ նախագահի պաշտոնում հենց Շումեյկոն կփոխարինի Բորիս Ելցինին, բայց այդ ենթադրություններն այդպես էլ չիրականացան: Իսկ մի քանի տարի անց Շումեյկոն ընդհանրապես անհետացավ քաղաքական արենայից։ 
      Այժմ  էլ  Ամերիկայում
       Նույն տարվա աշնանը հանձնարարություն էի ստացել Ամանորի հանդես նկարահանել և՛ Մոսկվայում, և՛ Լոս Անջելեսում։ Սակայն 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո շատ անսպասելի առաջարկություն եղավ աշխատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Որոշեցի ընդունել առաջարկը և արդեն հոկտեմբերին Վաշինգտոնում էի։ Հավատարմագրվելով Պետդեպարտամենտում` մի քանի օրից մեկնեցի Կալիֆոռնիա։ Հանդիպեցի Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանին` հայտնեցի նրան, որ առաջիկա երկու տարիներին ԱՄՆ-ում կատարելու եմ Հայաստանի Պետական հեռուստատեսության հատուկ թղթակցի պարտականությունները։ Փորձառու դիվանագետն անմիջապես առաջարկեց իր աջակցությունը։ Նման մարդու հետ աշխատելը և՛ դյուրին էր, և՛ արդյունավետ։ Հենց գլխավոր հյուպատոսի անմիջական օժանդակությամբ էլ Գլենդելի «Աստղերի թատրոնում» տեղի ունեցավ մեր թղթակցական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Օպերատոր Արտյոմ Ղազանչյանի հետ սկսեցինք առաջին նյութերն ուղարկել Հայաստան։ Շուտով ի հայտ եկավ նաև մեր կենտրոնի անդրանիկ հովանավորը՝ Կալիֆոռնիայում ճանաչված գործարար Խաչիկ Խաչիկյանը։ Այդ նրա օժանդակությամբ մեզ հաջողվեց ձեռք բերել նկարահանման անհրաժեշտ տեխնիկա և այլ սարքավորումներ, ինչը հնարավորություն տվեց շուտով իրականացնել նաև «Ամերիկյան հանդիպումներե շարքի նկարահանումները։ Երկու տարվա ընթացքում Արտյոմ Ղազանչյանի հետ եղանք այդ հզոր երկրի տարբեր նահանգներում և վերոհիշյալ շարքի համար պատրաստեցինք երեք տասնյակից ավելի հաղորդումներ։ Ի դեպ, Խաչիկ Խաչիկյանի ֆինանսական շոշափելի օգնությամբ Լոս Անջելեսում մեծ հաջողությամբ կազմակերպվեցին ջազմեն Գարրի Քեսոյանի հեղինակային, մեծ դերասան Խորեն Աբրահամյանի, բանաստեղծ Վահրամ Հաճյանի ստեղծագործական երեկոները։ Փայլուն անցավ նաև Խաչիկյանի կողմից նախաձեռնած` տաղանդավոր նկարիչ Սամվել Սևադայի յուրատեսակ գործերի անհատական ցուցահանդեսը։ Խաչիկը, որ այդ տարիներին դարձել էր Կալիֆոռնիայում ապրող մշակույթի աշխարհի մեր տաղանդավոր հայրենակիցներից շատերի մեկենասը, միշտ պատրաստ էր օգտակար լինել մեր պետականությանը` ի դեմս Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության։ Հետագայում Խաչիկյանի հետ դարձանք մտերիմ ընկերներ, և այսօր էլ մեր բարեկամությունը շարունակվում է։ Մեր շփումների ընթացքում ինձ միշտ զարմացրել է Խաչիկ Խաչիկյանի անսահման լավատեսությունը։ Ամենադժվարին իրավիճակներում անգամ նա երբեք չի ընկճվել և միշտ հավատով է նայել գալիք օրվան։ Այսօր էլ նա նույն լավատեսն է, նույն ռոմանտիկը, նրանից միշտ կարելի է հաճելի անակնկալներ սպասել։
Հատուկ թղթակցի պարտականությունների կատարումը Միացյալ Նահանգներում ինձ համար փաստորեն սկսվեց 1996 թվականին Ատլանտայում անցկացված օլիմպիական խաղերով։ Օլիմպիադայի մամուլի կենտրոնում ստանալով հավատարմագրմանս փաստը հաստատող վկայական` ակտիվորեն սկսեցի լուսաբանել խաղերի ընթացքը։ Հայաստանի մարզիկներից Ատլանտայում բոլորից հաջող հանդես եկավ ըմբիշ Արմեն Նազարյանը։ Տանելով միայն տպավորիչ ու գեղեցիկ հաղթանակներ` Արմենը կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին և, ինչպես պարզվեց հետո, նրա ոսկեփայլ այդ միակ մեդալը մինչև 2012 թվականը Հայաստանի օլիմպիականների համար մնաց որպես լավագույն ցուցանիշ։ Թերևս կարող եմ ինձ երջանիկ մեկնաբան համարել, քանի որ ոչ միայն ներկա եմ եղել այդ պատմական եզրափակիչ փուլին, այլև վարել եմ այդ վճռորոշ մենամարտի ռեպորտաժը Հայաստանի հեռուստադիտողների համար։
Միացյալ Նահանգներում անցկացրած երկու տարիների ընթացքում նույնպես բազմիցս առիթ ունեցա հադիպելու մեծաթիվ հանրաճանաչ և բավականին հետաքրքիր անհատականությունների. Լերի Քինգին, Դաստինգ Հոֆմանին, Ալիսիա Կիրակոսյանին, Ռոդիոն Նահապետովին, Անդրեյ Աղասուն, Շերին, Լերի Զարյանին, Սամվել Սևադային, Վրեժ Սարյանին, Գարրի Քեսոյանին, Ֆլորա Մարտիրոսյանին, Ռազմիկ Մադոյանին, Վահրամ Հաճյանին, Ալ Մաքինյանին, Արտաշես Դարբինյանին, Էդիկ Ազիզյանին, Արամայիս Ղարիբյանին, Չուկոյին, Բուրչոյին,Էդուարդ Ազիզյանին, Նարինե Շահբազյանին, Էդուարդ Բադունցին, Մայք Ատոմյանին, Գագիկ Խոջասարյանին, Մանուել Մենենկիչյանին, Հարութ Փամբուկչյանին, Էդուարդ Հակոբյանին... Էլի ուրիշների։ Նրանք բոլորը, յուրաքանչյուրն իր չափով, ինձ համար թանկ և հոգեհարազատ մարդիկ են եղել ու մինչև օրս էլ շարունակում են մնալ այդպիսին։
 
     Ամերիկյան շրջանի ամենահիշարժան իրադարձությունը
        Դա թերևս նորանշանակ վարչապետ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցն էր Միացյալ Նահանգներ։ Որպես այդ կարևոր, խոշոր իրադարձությունն ամբողջությամբ լուսաբանող լրագրող, ականատեսի աչքերով կարող եմ հաստատել, որ Հայաստանի վարչապետի ամերիկյան այցը երբևիցե իմ տեսած` բարձր մակարդակի պաշտոնական իրադարձություններից մեկն էր, որով, առանց չափազանցության, ցանկացած հայ մարդ կարող էր հպարտանալ։ Այսպիսի պետական գործչի այցը լուսաբանելը թե՛ պատվաբեր էր, թե՛ պարտավորեցնող։ Արմեն Սարգսյանի հետ աշխատելն, իրոք, շատ հեշտ էր ու հաճելի։ Եթե գործի, առավել ևս պետության շահերը պահանջում էին ինչ-որ տեղ խախտել նույնիսկ պաշտոնական արարողակարգերի կարծրացած նորմերը, ապա այդ մասին կարելի էր տեղյակ պահել վարչապետին և թույլ տալ որոշակի աննշան խախտումներ։ Դրա վառ օրինակներից մեկը Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպն էր։ Առավոտյան Հայաստանի դեսպանատանը մեզ հայտնեցին, որ ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի հանդիպմանը Սպիտակ տուն գնալու են միայն վարչապետն ու դեսպանը. իսկ ահա բոլոր տեսակի նկարահանումներն արգելված են։ Անմիջապես մոտեցա Արմեն Սարգսյանին և խնդրեցի ինձ էլ իրենց հետ տանել Սպիտակ տուն` բացատրելով, որ այդ պատմական պահը չլուսանկարելը աններելի սխալ կլինի։ Դեսպանն անմիջապես հակադարձեց. «Դա դիվանագիտական էթիկայի խախտում է»։ Չսպասելով վարչապետի պատասխանին և առարկելու ժամանակ չտալով` ես շարունակեցի հորդորել նրան` հանուն նման պատմական պահը անմահացնելու, աչք փակել բոլոր տեսակի պրոտոկոլների վրա։ Անմիջապես ընկալելով ասածիս գլխավոր միտքը` վարչապետը խորամանկ ժպտալով ասաց. «Լավ, կնստես մեր մեքենան, հաշվենք, որ քո ավանտյուրային մենք անտեղյակ ենք։ Տեսնենք, թե դրանից ինչ կստացվի»։
Ժամանեցինք Սպիտակ տուն։ Մինչ փոխնախագահի ըհդունարանում պատրաստվում էինք Ալբերտ Գորի հետ հանդիպմանը, սպասասրահ մտավ արարողակարգի աշխատակիցը և հյուրընկալ ժպիտը դեմքին ասաց.
«Մեծարգո պարոն վարչապետ, մեծարգո պարոն դեսպան, պարոն փոխնախագահը սպասում է Ձեզ։ Խնդրեմ, կարող եք ներս մտնել»։ Տագնապը պատեց ինձ. մեր մշակած նախնական տարբերակը իրեն չարդարացրեց։ Թախծոտ հայացքս ուղղեցի Արմեն Սարգսյանին։ Անմիջապես կռահելով հայացքիս մեջ պարունակվող միտքս` նա նույն պահին դիմեց արարողակարգի ներկայացուցչին. «Գիտե՞ք, մենք երեքով ենք»։                                                                                                                                                           Այս ամենն այնքան անսպասելի և այնքան արագ կատարվեց, որ նույնիսկ Սպիտակ տան փորձառու աշխատակիցն անակնկալի եկավ ու մի տեսակ շփոթված շարունակեց.
 «Օ՜, կներեք,  բայց պրոտոկոլով նշված են միայն Ձեր երկուսի անունները»։        «Կարծում եմ` այդ հարցը հնարավոր է կարգավորել»,- ասաց վարչապետը։  «Իհարկե, պարոն վարչապետ»,- շարունակեց անսովոր վիճակում հայտնված ամերիկացի պաշտոնյան` քաղաքավարական ժեստով ինձ ներս հրավիրելով։ Մի քանի ակնթարթից փոխնախագահ Ալբերտ Գորը ժպտադեմ սեղմեց մեր պատվիրակության բոլոր անդամների ձեռքը։ Պարոն Գորի առաջարկով մենք այնուհետև տեղ զբաղեցրինք ԱՄՆ փոխնախագահի հարևանությամբ։ Կողմերի միջև նոր էր սկսվել երկխոսությունը, երբ ներկաների համար շատ անսպասելի, վեր կացա տեղիցս ու գրպանիցս հանելով լուսանկարչական ապարատը` սկսեցի լուսանկարել հանդիպման մասնակիցներին։ Եվ այս ամենը  դարձյալ այնքան անսպասելի ու արագ կատարվեց, որ փորձառու Ալբերտ Գորն անգամ  չհասցրեց հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ, իսկ վարչապետն ու դեսպանը ձևացրին, թե արտառոց ոչինչ տեղի չի ունեցել։ Հասկանալով, որ չափն, իրոք, անցել եմ` անմիջապես ներողություն խնդրեցի` արդարանալով, որ նկարահանվածը պատմության համար է։ Գորին մնում էր ներողամտորեն ժպտալ։ Հանդիպման ավարտից հետո, դեսպանատուն վերադառնալիս, Արմեն Սարգսյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Երբևիցե նման անորոշ վիճակում չէի հայտնվել։ Հիմա էլ աչքերիս առջև Գորի շփոթված հայացքն է։ Բայց Ղուշչյանի ավանտյուրան կարծես ստացվեց»։ Մի լավ ծիծաղեցինք։ Թեկուզ միայն այս դրվագով ընթերցողը կարող է պատկերացում կազմել, թե որքան անմիջական, բարյացակամ ու հաճելի անձնավորություն և երկրի շահը ճանաչող պետական գործիչ էր Հայաստանի Կառավարության երբեմնի ղեկավարը։ Եվ միայն ափսոսալ կարելի է, որ որպես վարչապետ, Արմեն Սարգսյանը շատ կարճ պաշտոնավարեց։ Այսօր էլ շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ մեծ ներուժի տեր այդ գործիչը կարող էր կարևոր և նպաստաբեր գործունեություն ծավալել` ի շահ մեր պետության։
 
  ՆՈՐԻՑ ՆՈՐ ՇՐՋԱՆ
Հանդիպեցինք պատահաբար, համագործակցեցինք անհրաժեշտաբար
1997 թվականի նոյեմբերին մի քանի օրով վերադարձել էի Երևան։ Ամերիկյան ծրագրերիս համար նկարահանումներ և նոր հաղորդումներ պատրաստելու նպատակով մեկնել էի Գյումրի։ Այդ օրերին այստեղ բացվելու էր «Եվրազիա» բանկի Գյումրիի մասնաճյուղը։ Հետդարձին ավտոբուսում ուշադրությունս գրավեց երիտասարդ ու համակրելի մի զույգ։ Աչքիցս չվրիպեց երիտասարդի ձեռքի` այն ժամանակների համար շատ հազվադեպ հանդիպող թվային ֆորմատի տեսախցիկը: Ծանոթացանք։ Պարզվեց, որ երիտասարդ զույգը ներկայացնում էր նորաբաց «Բիզնես-TV» հեռուստաընկերությունը, և, որ ամենակարևորն էր, երիտասարդն իմ վաղեմի ընկերոջ, հայտնի լեզվաբան, հեռուստատեսային գործիչ Արտեմ Սարգսյանի որդին էր՝ Վահագն Սարգսյանը։ Մինչև Երևան հասնելը նրա հետ պայմանավորվեցինք հաջորդ օրը հանդիպել իրենց նորաստեղծ հեռուստաընկերությունում։ Այստեղ ծանոթացա նաև Վահագնի ավագ եղբոր՝ Բագրատ Սարգսյանի հետ։ Մեր եռակողմ հանդիպումր, ինչպես հետո պարզվեց, ճակատագրական եղավ ինձ համար։ Ընդամենը մեկ ժամ տևած զրույցից հետո ընդունեցի նրանց առաջարկը՝ վերադառնալ Հայաստան և միասին ձեռնամուխ լինել նոր` «Արմենիա» հեռուստաընկերության ստեղծմանը։ Հաջորդ օրը նոր հեռուստաալիքի ստեղծման հետ կապված հարցերի քննարկմանը մասնակցեց նաև Արտեմ Սարգսյանը։ Շուտով այդ բանակցություններին միացավ Ռոբերտ Մավիսակալյանը։ Նոր ծրագիրը ֆինանսավորելու համար Բագրատը լուրջ բանակցություններ էր վարում գործարար աշխարհում ճանաչված երկու անձանց՝ Սեդրակ Սեդրակյանի և Հրանտ Վարդանյանի հետ։ Ցավոք, ի տարբերություն ինձ, նրանք չհավատացին Բագրատին և շուտով հետ ստանալով իրենց ներդրած գումարները` դուրս եկան հեռուստաընկերության հիմնադիր խորհրդից։
 
Ոչ պաշտոն էին խոստացել, ոչ էլ խելքս էի թռցրել
         Մի քանի օրից մեկնեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներ` իրերս հավաքելու և Երևան վերադառնալու հաստատ մտադրությամբ։ Վճիռս շատերի համար անսպասելի ու անհասկանալի էր։ Ինչո՞ւ եմ վերադառնում, ի՞նչն է պատճառը, չէ՞ որ նման հետաքրքիր և եկամտաբեր աշխատանքից հրաժարվելն առնվազն հիմարություն է։ Ընկերներս տարակուսած հարցնում էին, թե ո՞րն է նման հապճեպ որոշում ընդունելու պատճառը, ինչո՞ւ եմ հեռանում Ամերիկայից։ Ու ամեն անգամ, երբ ասում էի, թե վերադարձիս միակ պատճառը Երևանում նոր հեռուստաընկերություն ստեղծելու` ինձ արված առաջարկն էր, չգիտես ինչու ոչ ոք դա լուրջ չէր ընդունում։ Ոմանց կարծիքով կամ Հայաստանում ինձ բարձր պաշտոն էին առաջարկել կամ խելքս էի թռցրել։ Նոր տարին դիմավորեցի Լոս-Անջելեսում, իսկ 1998 թվականի հունվարի 10-ին վերադարձա Երևան։ Երկու օր անց հանդիպեցի Սարգսյան եղբայրներին։ Նոր գործընկերներիս ջերմ վերաբերմունքից հասկացա, որ նրանք ինձ իրոք անհամբեր սպասում էին։ Այսօր, երբ այդ հանդիպումից անցել է ավելի քան 22 տարի, նորից փորձում եմ հասկանալ` որքանով էր ճիշտ Միացյալ Նահանգներից Հայաստան վերադառնալս։ Եվ որքան ծանր ու թեթև եմ անում այդ որոշումը, այնքան ավելի եմ համոզվում, որ դա շատ ճիշտ էր։ Ինձ համար ճակատագրական մի որոշում, որի ադյունքում կարողացա մասնակցությունս բերել այնպիսի մի հզոր հեռուստաընկերության ստեղծմանն ու կայացմանը, ինչպիսին այսօր արդեն արբանյակային, միջմայրցամաքային «Արմենիա TVե հեռուստաալիքն է։ Վերջապես այդ որոշման արդյունքում էր նաև, որ վերադարձիցս երկու տարի անց Երևանում հիմնադրեցի Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան։ Հայաստան վերադառնալս բախտորոշ եղավ նաև անձնականիս առումով. 2001 թվականին Արմինեի հետ կազմեցինք նոր ընտանիք, իսկ մեկ տարի անց ծնվեց երկրորդ դուստրս՝ Աննա Մարիան։ Չքնաղ մի էակ, առանց որի կյանքը չէր ունենա այն իմաստը, որ հաղորդեց դստերս ծնունդը։ Այնպես որ վերադարձս միանգամայն ճիշտ էր  ու արդարացված։ Իսկ ինչ վերաբերում է Սարգսյան եղբայրներին, ապա անկախ ամեն ինչից, անկախ նրանց հասցեին հնչած բոլոր տեսակի ասեկոսեներից, նրանք, իսկապես, տաղանդավոր մարդիկ են։ Չէի ասի, թե իրենց հետ աշխատելը հեշտ էր ու դյուրին, սակայն փոխարենը հետաքրքիր էր ու գրավիչ։ Շատերի համար անսպասելի, «Արմենիան» բավական կարճ ժամանակահատվածում դարձավ հանրապետության լավագույն հեռուստաընկերություններից մեկը։ Եվ շուտով մեզ հետ սկսեցին հաշվի նստել թե՛ իշխանությունները, թե՛ հասարակական ու քաղաքական կազմակերպությունները։ Հեռուստաաշխարհի թոհ ու բոհով անցած Արտեմ Սարգսյանի, Ռոբերտ Մավիսակալյանի, Ալինա Խաչատրյանի, Ձեր խոնարհ ծառայի կողքին ի հայտ եկան մեծ թվով երիտասարդ, տաղանդավոր հեռուստալրագրողներ, որոնք շատ կարճ ժամանակահատվածում անչափ սիրվեցին հեռուստադիտողների կողմից, իսկ Աննա Թերջանյանի, Լուսինե Շահբազյանի, Լիլիթ Դավթյանի, Լոլա Թերջանյանի, Դիանա Գրիգորյանի մի շարք հեղինակային ծրագրերը դարձան հեռուստաընկերության ինքնատիպ այցեքարտերը։
Հետագա տարիների ընթացքում «Արմենիան» համալրվեց նոր, ավելի երիտասարդ ու շնորհալի կադրերով։ Սակայն հիշողությանս մեջ ընդմիշտ կմնան բոլոր այն գործընկերներս, որոնց հետ կյանքի կոչեցինք մեր նոր հեռուստաընկերությունը։ Ինձ համար, որպես տասնյակ տարիների փորձ ունեցող հեռուստալրագրողի, սկսվեց բոլորովին նոր, հետաքրքիր շրջան և իմ կենսագրության մեջ մնաց որպես «Օրըե հեղինակային հաղորդաշարի ժամանակաշրջան։ Այն օրերին, իրոք, դա նոր երևույթ էր, նոր խոսք, որի ունկնդիրների թիվն օրավուր ավելանում էր։ Ինքներս էլ չէինք կարող պատկերացնել, թե այն այդպիսի արձագանք կունենար։ Եկավ մի շրջան, երբ «Օրըե դարձավ հարյուր հազարավոր մարդկանց հույսն ու հավատը։ Երեք տարիների ընթացքում մեզ հաջողվեց կազմակերպել 275 անվճար վիրահատություն, հինգ հազարից ավելի նպաստառուների վերականգնել «Փարոս» համակարգում, նյութական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել ծանր վիճակում հայտնված հարյուրավոր մարդկանց։ Դժվար չէր պատկերացնել, թե այս ամենից հետո, հաշված ամիսներ անց, որքան էր բարձրացել «Օրի» վարկանիշը։ Այդպես աստիճանաբար հզորանում էր նաև «Արմենիան»։
 
Պատվեր չէր եղել, խիղճն ու բարոյականությունն էր կորել
         1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչությանը, որի հիմնական կազմակերպիչները մինչև օրս այդպես էլ չեն հայտնաբերվել ու պատժվել, հաջորդեց 2000 թվականի մարտին Ստեփանակերտում Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կազմակերպած մահափորձը։ Այն ժամանակ այդ ամենում Ղարաբաղի իշխանությունները մեղադրեցին Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին։ Դատավարության օրերին հեռուստատեսություն զանգահարեց հեռուստադիտող- ներից մեկն ու խնդրեց ստույգ և ճշմարիտ ինֆորմացիա հաղորդել Ստեփանակերտում տեղի ունեցած ահաբեկչության մասին։ Սովորականի պես անմիջապես պատասխանելով հեռուստադիտողին` խոստացա, որ առաջին իսկ հնարավորության դեպքում մեր նկարահանող խմբով կմեկնենք Ստեփանակերտ և կփորձենք օբյեկտիվ ու ճշմարտացի տեսանյութ պատրաստել այդ ահաբեկչության մասին։ Այդպես էլ վարվեցինք։ Երկու օր մնալով Ղարաբաղում` կարողացանք մի շարք կարևոր նկարահանումներ կատարել։ Բացի դրանից, մեր նկարահանող խմբին ամեն ինչով աջակցեցին տեղի հեռուստատեսության և ուժային կառույցների պատասխանատուները։ Ցավոք, այն ժամանակ մեր հարցերին հրաժարվեցին պատասխանել Սամվել Բաբայանի կողմնակիցները։ Ի վերջո, մեզ հաջողվեց ստեղծել մի տեսաֆիլմ, որն էլ եթեր հեռարձակվեց «Դժոխքի և Դրախտի տիրակալը»   վերնագրով։ Անկեղծ ասած, ներքուստ ինքս էլ այնքան համոզված չէի, որ գեներալն արդարացի էր դատապարտվել, և այդպես մտածողներն այն ժամանակ հավանաբար, քիչ չէին։   
Տարիներ անց, երբ Սամվել Բաբայանը ժամանակից շուտ կալանավայրից ազատ էր արձակվել, հարցազրույցներից մեկում հիշատակել էր, թե իմ նկարահանած տեսաֆիլմը պատվիրված է եղել իշխանությունների կողմից։ Հանուն ճշմարտության որոշեցի հանդիպել գեներալին։ Շատ դժվար էր այդպիսի որոշում կայացնելը, բայց դարձյալ հանուն արդարության պետք էր գնալ նման քայլի։ Ծանր մթնոլորտում անցան մեր զրույցի հատկապես առաջին 10-15 րոպեները։ Ինձ ապշեցրեց գեներալի` իսկական սպային վայել ասպետական պահվածքը։ Այդ օրը երկար զրուցեցինք Սամվել Բաբայանի հետ։ Ի զարմանս ինձ, նա ասաց, թե ֆիլմում տեղ գտած փաստերը չեն համապատասխանում իրականությանը։ Ես վստահ պատասխանեցի, որ բոլոր փաստերն ու տեսագրությունները մեզ տրամադրել էին Արցախի իշխանությունները, անձամբ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը, որի ստորագրությամբ տրված տեղեկանքը մինչ օրս էլ պահում եմ արխիվային փաստաթղթերի թղթապանակում։ Սամվել Բաբայանն իրեն բնորոշ հանգստությամբ լսեց, ապա ասաց. «Ես էլ կարող եմ թեկուզ հենց վաղը նույն Մավրիկ Ղուկասյանի ստորագրությամբ բերել մի տեղեկանք, որտեղ Ձեր նշած փաստերն ամբողջովին կհերքվեն։ Հետաքրքիր է` այդ դեպքում ի՞նչ կանեք Դուքե։ Խոստովանեմ` գեներալի հարցն ինձ համար միանգամայն անսպասելի էր։ Ես նրան ասացի. «Եթե Դուք ինձ ներկայացնեք այդպիսի տեղեկանք, այն էլ Մավրիկ Ղուկասյանի ստորագրությամբ, ապա անելիքս իրեն ուշացնել չի տաե։ Եվ ի՞նչ եք կարծում՝ հաջորդ օրը Բաբայանի կողմից ինձ, իրոք, տրամադրեցին նույն Մավրիկ Ղուկասյանի կողմից ստորագրված և նույն ամսաթվով թվագրված մի տեղեկանք, բայց բոլորովին այլ փաստերով։ Հասկանալով, որ նախկին գլխավոր դատախազը ժամանակին ինձ տրամադրել է, մեղմ ասած,  իրողությանը չհամապատասխանող փաստեր, անմիջապես մամուլի ասուլիս հրավիրեցի և գործընկերներիս ներկայացրի նույն անձի ստորագրությամբ տարբեր փաստերով, բայց նույն համարով և ամսաթվով գրանցված երկու տեղեկանքները։ Շատ եմ ափսոսում, որ այն ժամանակ լրագրողներից ոմանք, իրոք, շատ ծանր իրավիճակում հայտնված իրենց գործընկերոջ այդ ազնիվ քայլը ոչ միայն չգնահատեցին, այլև փորձեցին անգամ հեգնանքով մեկնաբանել լրագրողական այդ համարձակ արարքը։ Մամուլի ասուլիսում, ինչպես պահանջում է լրագրողական էթիկան, ես ներողություն խնդրեցի թե՛ հեռուստադիտողներից, և թե՛ գեներալից։ Չնայած` ավելի ճիշտ կլիներ, եթե իմ փոխարեն ներողություն խնդրեին նախկին գլխավոր դատախազն ու Արցախի այն տարիների որոշ ուժային կառույցների պատասխանատուները։ Կարծում եմ, այս ամենից հետո Սամվել Բաբայանը ևս համոզվեց, որ իրականում նման ֆիլմ նկարելու ոչ մի պատվեր էլ չէր եղել, իսկ ամենակարևորը՝ մեր հարաբերություններում վերացավ այն անիմաստ ու անհիմն լարվածությունն ու թշնամանքը, ինչին ձգտում էին անգամ իմ որոշ խառնակիչ վայ-գործընկերները։ Ի դեպ, ես նրանց խղճին եմ թողնում նաև իրենց հրապարակած, սակայն իրականության հետ ոչ մի կապ չունեցող հերյուրանքները։
 
 
Ոչթեծրագրեր, այլհաջողությամբ  ավարտածգործեր.
ահաթեինչէդրոշմումպատմությունը։
Բիչեր
Ստեղծել մասնագիտական բուհ.                                                                    Նպատակներիս   «գագաթն» էր այն 
      Բագրատ Սարգսյանի հետ այդ տարիներին երազում էինք նաև համահայկական արբանյակային հեռուստաալիք ստեղծելու մասին։ Սակայն հետագայում ինչ-ինչ հանգամանքների բերումով համագործակցությունն ընդհատվեց, և Ռոբերտ Մավիսակալյանի հետ տեղափոխվեցինք նորաստեղծ «Երևան» հեռուստաըն- կերություն։ Այստեղ նոր թիմ հավաքելու ընթացքում մեկ անգամ ևս հանգեցի այն մտքին, որ փաստորեն մեզ մոտ շատ քիչ են մասնագիտական կրթությամբ երիտասարդ պրոֆեսիոնալ կադրերը։ Արդեն երկար ժամանակ էր, ինչ մտորում էի հեռուստառադիոոլորտի բուհ ստեղծելու մասին։ Այդ առիթով խոսեցի նաև Բագրատ Սարգսյանի հետ` առաջարկելով միասին իրականացնել նոր նախագիծս։ Հակառակ սպասածիս, Բագրատն ասաց, թե ինքն առայժմ պատրաստ չէ և խորհուրդ տվեց չուշացնել ու որքան հնարավոր է շուտ իրագործել իր կարևորությամբ հրատապ այդ մտահղացումը։ Կարճ ժամանակ անց գրանցեցի նոր բուհի՝ Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի կանոնադրությունը, իսկ սեպտեմբերին ընդունեցինք առաջին ուսանողներին։ Շատ աննկատ ակադեմիան ինձ այնքան հոգեհարազատ դարձավ, որ անգամ չզգացի, թե ինչպես ամբողջությամբ նվիրվեցի դասավանդման գործընթացին, իսկ անցած տասը տարիները եկան հաստատելու, թե որքան կարևոր ու ճիշտ ժամանակին կայացրած որոշում էր հեռուստաակադեմիայի հիմնադրումը։
 Ստանձնելով ռեկտորի պաշտոնը` առիթ ունեցա նաև մոտիկից շփվելու ոչ միայն մեր հանրապետության, այլև արտասահմանյան տարբեր երկրների մշակութային բուհերի գործընկերներիս հետ։ Հատկապես ակտիվ համագործակցություն ծավալեցինք հանրաճանաչ հեռուստալրագրող, քաղաքական տեսաբան Հենրիխ Բորովիկի գլխավորած Մոսկվայի «Օստանկինո» հեռուստատեսության և ռադիոհաղորդակցության ինստիտուտի մեր գործընկերների հետ։ 2009 թվականի հոկտեմբերի 23-ին կնքած աշխատանքային համաձայնագրով ծրագրել և այսօր հաջողությամբ իրագործում ենք մի շարք հետաքրքիր, երկկողմ փոխշահավետ նախագծեր։ Այդ համագործակցության արդյունքում մեր բուհի ուսանողները հնարավորություն են ստացել ևս մեկ տարի ուսումը շարունակելով Երևանում` ստանալ նաև մոսկովյան այդ հանրահայտ ինստիտուտի Ռուսաստանի Դաշնության պետական նմուշի դիպլոմ։ Անցած տասը տարիների ընթացքում զգալիորեն բարձրացել է նաև մեր Ակադեմիայի վարկանիշը։ Այսօր մեր ուսումնական հաստատության պատվավոր ակադեմիկոսներ են դարձել հեռուստառադիո ոլորտի այնպիսի ճանաչված դեմքեր, ինչպիսիք են Վլադիմիր Պոզները, Հենրիխ Բորովիկը, Օլեգ Պոպցովը, Մարգարիտա Սիմոնյանը, Լեոնիդ Իոֆֆեն, Ալեքսանդր Ֆիլիպովը, Արինա Շարապովան,Գեորգի Սարգսյանցը, Վասիլի Կորելսկին, Արտեմ Սարգսյանը, Նվեր Մնացականյանը, Նառա Շլեպչյանը, Վարուժան Օլքինյանը, Աիդա Ներսիսյանը, Սուսաննա Շահինյանը, Արմեն Ամիրյանը,Ռուդիկ Բարսեղյանը, Ռուբեն Գևորգյանցը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Հարություն Խաչատրյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Գագիկ Մկրտչյանը, Հրաչյա Աշուղյանը, Աշոտ Ջազոյանը, Նիկոլայ Դավթյանը և լուսահոգի Ռոբերտ Մավիսակալյանը, որի հետ 30 տարուց ավելի եղել ենք մտերիմ բարեկամներ։ Նա անվիճելիորեն հայկական հեռուստաեթերի ամենապայծառ այն դեմքերից մեկն էր, որը եթերում ունեցել է սեփական ոճն ու թողել  իր ուրույն ձեռագիրը։
 
 
 
 
                                        Չիկարելիապրելհաճելի՝
Չապրելով  խելացի, բարոյական, արդարամիտ։
Էպիկուր
Ճշմարիտ լրագրությունն ինձ համար բարձր նպատակ է
      Խաղացող մարզչի կարգավիճակում փորձելու եմ մնալ իմ հիմնադրած բուհում։   Սկսածս գործի ընթացքն ինձ հասկանալի դարձրեց, որ ասելիք կա։ Սա իր տեսակով եզակի կրթական հաստատություն է և լավ կազմակերպիչ պիտի ունենա։ Խնդիրը, որ ես դրել եմ իմ առջև, ինձ համար բարձր նպատակ է. պատրաստել ճշմարտությանը ծառայող լրագրող։ «Հեռուստատեսությունը պետք է ծառայի Աստծո ճշմարտությանը, և եթե հեռուստատեսության արածը դա չէ, այն ապագա չունի։ «Եվրասիա» հեռուստաակադեմիայի նախագահ, մեր ակադեմիայի պատվավոր անդամ Օլեգ Պոպցովը հաճախ էր կրկնում այս միտքը։ Այս դրույթի նկատմամբ մեր ուսանողները չափազանց զգայուն վերաբերմունք ունեն։ Նրանք ասում են, թե մեր հեռուստատեսությունից այդպիսի տպավորություն չեն ստանում։ Կարծում եմ` ամեն մի հեռուստաընկերություն իր չափով փորձում է հավատարիմ լինել իր առաքելությանը։ Եվ, այնուամենայնիվ, եթերի վիճակը, ճշմարիտ խոսքի առումով, մեզանում դեռևս գոհացուցիչ չէ։ Լինելով նման սկզբունքի ջատագովը` ես որպես անհատ, նաև որպես մասնագիտական բուհի ղեկավար, ամեն ինչ անելու եմ ռադիոյի և հեռուստատեսության ապագա կադրեր պատրաստելու գործընթացն ազատ լրագրության, ազատ խոսքի կայացմանը ծառայեցնելու համար։ Հետ քաշվել սկսած գործից, նշանակում է դավաճանել այդ սկզբունքին, կասեցնել այն ընթացքը, որի մեկնարկը տրվել է 10 տարի առաջ և որի առաջընթացը երաշխավորված է տասնամյա ակնառու հաջողություննորեվ և ապագայի ծրագրերով։ Համագործակցության բազմապիսի ծրագրերը, ակտիվ փոխառնչությունները նախկին ԽՍՀՄ հեռուստաընկերությունների հետ, հանդիպումները մեծ փորձ ու վաստակ ունեցող հեռուստատեսային գործիչների հետ, Օստանկինոյի բովով անցնելու` մեր ուսանողներին ընձեռված եզակի ու աննախադեպ հնարավորությունը (մենք այդպիսի հատուկ ծրագիր ունենք) այդպիսի երաշխիքներ են։ Այսօր կարող եմ խոսել նաեւ արդյունքների մասին։ Մեր բուհը տարեկան ավարտում է 30-40 հոգի։ Մեր ավելի քան 200 շրջանավարտներ աշխատանքի են անցել ռադիոյում և հեռուստատեսությունում։
Ասեմ ավելին. մի շարք մասնագիտացված ԲՈւՀ-երի շրջանավարտների շրջանում անցկացված հարցման արդյունքներով ամենակայացածը մենք ևս առավել կայացածներից  ենք։
  Երազանքներիցս մեկն էյ մնում է մեր ակադեմիայի բազայի հիման վրա ուսանողական հեռուստաալիք ստեղծել;ը։Համոզված եմ,որ շատ մոտ ապագայում այն,իրոք,կարող է դառնալ թվային ձևաչափի,գերժամանակակից ,բոլորովին նոր որակի հեռուստաընկերություն։Վերջերս այդ մասին խոսեցի նաև ,,Արմենիա-Մարիոթ,,հյուրանոցային համալիրում 2010 թվականի հունիսին կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ,երբ մեծ շուքով նշեցինք մեր ակադեմիայի հիմնադրման տասնամյակը։Ի դեպ մեր բուհի համար անչափ կարևոր ու անմոռաց այդ իրադարձության կապակցությամբ շնորհակալական ուղերձ էին հղել Վլադիմիր Պոզները,Հենրիխ Բորովիկը,Ալեքսանդր Ֆիլիպովը, Մարգարիտա Սիմոնյանը,իսկ նշված տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել ,,ԵՎՐԱՍԻԱ,,հեռուստաակադեմիայի նախագահ Օլեգ Պոպցովը,ՌԴ մայրաքաղաքի ,,ՕՍՏԱՆԿԻՆՈ,, հեռուստատեսության և ռադիոհաղորդակցության ինստիտուտի ռեկտոր Վասիլի Կորելսկին և ռուսական ֆեդերալ ,,TBЦ,, հեռուստաընկերության տեսաբան Լիոնիդ Իոֆֆեն։ Ի պատիվ մեր պետական այրերի՝ նշեմ,որ այդ օրերին նրանց ըդունեց նախ ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ապա՝ ՀՀ Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
  Հոբելյանական երեկոյի ընթացքում ինձ համար մեծ պատիվ էր,որ հենց այդ օրը ,,ՕՍՏԱՆԿԻՆՈ,, ինստիտուտի ռեկտոր Վասիլի Կորելսկին,հրապարակելով իրենց ուսումնական հատատության գիտական խորհուրդի որոշումը,մեծ հանդիսավորու- թյամբ հանձնեց մոսկովյան հանրահայտ բուհի կողմից ինձ շնորհված պատվավոր պրոֆեսորի վկայագիրը։ Այսպիսի բարձր ու հուսադրող տրամադրությամբ և հուսալի,հեռանկարային ծթագրերով Հեռուստառադիոակադեմիան թևակոխեց իր գոյության երկրորդ տասնամյակը։     

 
        ԴԱՐՁ  Ի  ՇՐՋԱՆՍ  ՅՈՒՐ
    Հերթական  նոր առաջարկը 
            2005 թ. գարնանը հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի հրավերով վերադարձա Երևան և ստանձնեցի «Գրանտ Մեդիա» ընկերության տնօրենի պաշտոնը։ Միաժամանակ «ԱՐ» հեռուտաընկերությունում ստեղծեցի «Բաց եթեր» հեղինակային ծրագիրը, ուր մեր ստեղծագործական խմբով հիմնականում անդրադառնում էինք հանրապետությունում գոյություն ունեցող սոցիալական խնդիրներին։ Ավելի քան երեք տարիների ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում պատրաստեցինք յոթանասունից ավելի հաղորդում, որոնց արդյունքում ծանր և անապահով վիճակում հայտնված ազգաբնակչությանը կարողացանք մեր բարեգործների և հատկապես հայր ու որդիներ Վարդանյանների օժանդակությամբ մոտ չորս հարյուր միլիոն դրամի օգնություն ցույց տալ։ Այդ շրջանում էր, որ կարողացա մոտիկից շփվել ու ճանաչել երկու վառ անհատականությունների, հրաշալի մարդկանց` «Արզնի» բազմաճյուղ ընկերության սեփականատեր Մարատ Ջանվելյանին և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Վարդանյանին։ Այս երկու գործարարներն էլ «Բաց եթերի» առաջին իսկ թողարկումներից հետո դարձան ծրագրի մշտական հովանավորները և ամեն ինչով աջակցեցին մեր ստեղծագործական խմբին։ Սակայն եթե Միքայել Վարդանյանը, լինելով «ԱՐ» հեռուստաընկերության համասեփականատեր, ուներ իր անձնական հետաքրքրությունները` մշտապես օգնելու, օժանդակելու «ԱՐ»-ի բոլոր բարեգործական ծրագրերին, ապա Մարատ Ջանվելյանի պարագայում բարեգործությունը այդ, հիրավի, մեծահոգի, չափից ավելի բարեսիրտ մարդու համար վաղուց էր դարձել ապրելու կենսակերպ։ Եվ որքան մոտիկից էի ճանաչում այս հրաշալի անձնավորությանը, այնքան ավելի շատ տեսանելի և գնահատելի էին դառնում նրա, իրոք, չափազանց մարդկային դրական հատկանիշները։ Նան մարդկանց գոյությունը, ներկայությունը ապրելու, ստեղծագործելու ուժ է տալիս, սերունդների ապահով շարունակության հույս է ներշնչում։ Մեր համագործակցության երկու տարիների ընթացքում Մարատ Գեղամիչը ավելի քան 50 միլիոն դրամի օգնություն ցուցաբերեց «Բաց եթերի» այն հեռուստադիտողներին, ովքեր ունեին դրա կարիքը։ Ուշադիր հետևելով մեր հաղորդաշարին` նա շատ հաճախ ինքն էր զանգահարում ինձ և առաջարկում լրացուցիչ ֆինանսական օգնություն ցուցաբերել դժվարին վիճակում հայտնված այն հեռուստադիտողին, ում համար մեզ հաջողվել էր բարեգործ գտնել։ «Դարեր շարունակ մեր ազգն ունեցել է մեծ բարերարներ, կարծում եմ, որ այդ հիանալի ավանդույթը պետք է այսօր էլ շարունակվի։ Չէ՞ որ հիմա էլ քիչ չեն հայազգի մեծահարուստները, և բարեբախտաբար, նրանց մեջ մեծաթիվ բարեգործներ կան։ «Բարեգործությունը մեզ համար պետք է դառնա ապրելու կերպ, կենսական պահանջե,- մեր հանդիպումների ժամանակ մշտապես շեշտում էր պարոն Ջանվելյանը։ Ի դեպ, նա նույն ոգով է դաստիարակել նաև իր երկու ոդիներին՝ Գեղամին ու Արմենին, ինչպես և դստերը՝ Գայանեին, ովքեր ևս հաճույքով էին մասնակցում մեր բոլոր բարեգործական ակցիաներին։ Ամեն անգամ, երբ նրա աշխատավայրում հանդիպում էինք` քննարկելու հերթական բարեգործական ձեռնարկը, միշտ պապի կողքին էր գերդաստանի ութամյա անդամը՝ Գևորգ Ջանվելյանը, որի հետ մեծ հույսեր է կապել նրա Մարատ պապը։ «Գևորգը և մյուս թոռնիկներս իմ մեծագույն հարստությունն են, ինձ միշտ մտահոգում է նրանց ապագան. ի՞նչ երկրում են նրանք ապրելու, ինչպիսի՞ կյանք է նրանց սպասում։ Ես հավատում եմ, որ մեզ կհաջողվի հաղթահարել բոլոր դժվարությունները, և մոտ ապագայում Հայաստանը կդառնա շատ բարեկեցիկ երկիր։ Պարզապես մենք պետք է համախմբվենք ու ավելի միասնական լինենք»։ Տա Աստված, որ կյանքի մեծ փորձություններով անցած այս իմաստուն և անուղղելի լավատես մարդու կանխատեսումները դառնան բոլորիս համար ցանկալի իրականություն։
«Գրանդ Մեդիա»-ում և «ԱՐ»-ում աշխատածս տարիներին շատ բան սովորեցի նաև Հրանտ Վարդանյանից, որին առանց չափազանցության կարելի է համարել ներկա հայ բիզնես աշխարհի լավագույն և հաջողակ ներկայացուցիչներից մեկը։ Բնավորությամբ շատ անհանգիստ ու պրպտուն, ամեն ինչում միշտ նորը փնտրող այդ ինքնատիպ անհատականությունը հատկապես գործարար աշխարհում առաջին լուրջ քայլերը կատարող երիտասարդ- ների համար կարող է կայացած բիզնեսմենի տիպիկ օրինակ ծառայել։ Նա այն եզակի գործարարներից է, ով չի անտեսել խորհրդային տարիների լավագույն ձեռքբերումները և այսօր էլ համոզված է, որ այդ ժամանակաշրջանում ստեղծ- ված աշխատանքային ավանդույթներն անհրաժեշտ է պահպանել նաև մեր օրերում։ Իրենց հոր ստեղծած մնայուն արժեքները հիմա փորձում են պահպանել ու բազմապատկել որդիները, իսկ թե որքանով դա նրանց կհաջողվի, ցույց կտա կյանքը։ Թեև լավ ճանաչելով Հրանտ Վարդանյանին` կարծում եմ, որ թե Կարենը և, թե հատկապես ավագ որդին՝ Միքայելը, իրենց հորից ժառանգել են բիզնեսմենի այնպիսի որակներ, որոնք նրանց ապագա գործունեությունը կդարձնեն ավելի եկամտաբեր ու հեռանկարային։
«ԱՐ» հեռուստաընկերությունում աշխատածս տարիներին, իսկ ավելի ստույգ 2006 թվականի դեկտեմբերին, Գերմանիայի Լայպցիգ քաղաքից վարեցի իմ վերջին սպորտային ռեպորտաժը։ Դա պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչման համար վճռական մրցամարտն էր մեր հայրենակից Արթուր Աբրահամի և կանադացի Իկեկայի միջև։ Հետաքրքիր ու դրամատիկ պահերով հարուստ այդ մարտը նոկաուտով շահեց աշխարհի չեմպիոնը՝ Արթուր Աբրահամը։ Այսպիսով, իմ կենսագրության մեջ փակվեց «ԱՐ»-ի էջը։ Երեք տարի անց առիթ ունեցա մտովի անդրադառնալ իմ վերջին ռեպորտաժին։ Կալիֆոռնիայում ներկա գտնվեցի Վախթանգ Դարչինյանի մրցամարտին, բայց այս անգամ արդեն որպես մարզասեր։ Այդ մցամարտը ևս դարձյալ նոկաուտով շահեց մեր հայրենակիցը։ Այդ օրն առաջին անգամ զգացի, թե որքան անսովոր է մարզական նման խոշոր իրադարձությանը հետևել ոչ մարզական մեկնաբանի կարգավիճակում։ Կարծում եմ` մարզական ռեպորտաժներ և, ինչո՞ւ չէ, նաև տարբեր մարզական հաղորդումներ վարելու առիթներ դեռ կունենամ։   
   Ծրագիրն իրագործվեց, ծրագրեր դեռ կան
      Բոլորովին վերջերս Բագրատ Սարգսյանից ստացա  հետաքրքիր, նոր առաջարկ՝ Միացյալ  Նահանգներում  ղեկավարել  նոր  ստեղծվող «Ռաշն TV» հեռուստաալիքը։ Բագրատն առաջարկեց իր այս նոր նախագիծն իրա-  կանացնել Արա Աբրահամյանի  ակտիվ  մասնակցությամբ։ Այդ մասին տեղյակ պահեցի Արային։ «Հետաքրքիր  մտահաղացում  է»,- ասաց և խորհուրդ տվեց լրջորեն զբաղվել վերոհիշյալ ծրագրով։ Այժմ մտորումների մեջ եմ` համագործակցության և ստեղծագործելու  լայն  հեռանկարներ  խոստացող  այդ  բավականին  ինքնատիպ  նախագծին  առնչվող  հարցերի  բոլոր պատասխանները  ստանալու  շուրջ։ Ահա  այսպես  հերթական  անգամ  դարձյալ  կանգնեցի  նոր, ավելի պատասխանատու վճիռ կայացնելու փաստի առջև։ 2010 թվականի օգոստոսի 1-ին Արա Աբրահամյանի  խորհրդով և ֆինանսական  աջակցությամբ  մեկնեցի  Լոս- Անջելես։  Ինչպես երևում է, Աբրահամյանը որոշել է կրկին վերադառնալ նաև դեռ 2000 թվականից մեր երազած  համահայկական  հեռուստաընկերություն ստեղծելու  գաղափարին։ Այնպես որ մոտ ապագայում մեզ բոլորիս կրկին սպասում են հետաքրքիր եթերային իրադարձություններ։ Անձամբ ես այդ ամենից շատ  գոհ եմ, միշտ էլ  հաճույքով եմ  համագործակցել  Արայի հետ, նա ամեն վայրկյան կարող է   անսպասելի ու հաճելի  անակնկալներ մատուցել։ Մի խոսքով, ամեն  ինչ դեռ  առջևում է, բայց մինչ այդ հարկավոր  է  իրագործել «Ռաշն TV» նախագիծը։ Այսօր, երբ  Լոս Անջելեսում գրում  եմ այս տողերը, 2010 թվականի օգոստոսի 4-ն է։ Քիչ հետո պետք է կայանա մեր հերթական հանդիպումը Բագրատ Սարգսյանի հետ։ Հասկանալի է, որ  խոսակցության   հիմնական  թեման  դարձյալ   նորաստեղծ  ռուսական հեռուստաընկերությունն  է  լինելու։ Բայց վերջին  բոլոր այդ զարգացումների  մասին հնարավոր կլինի խոսել միայն մի քանի շաբաթ անց, երբ մեր աշխատանքներում ի հայտ կգան որոշակի պարզաբանումներ։ Իսկ մինչ այդ,  հարկավոր է շտապ վերադառնալ  Երևան, առջևում նոր` 2010-11 ուսումնական տարին էր։ Օգոստոսի  24-ին Հայաստանում էի։ 
ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ, ՄՏԵՐԻՄՆԵՐԸ  
 
ՆառաՇլեպչյան.  ՀՀ ժողովրդական արտիստուհի
Ինձ հիացնում է Համլետի ջանադրությունը
 
    Համլետ Ղուշչյանի հետ, այո, մենք աշխատել ենք երկար տարիներ, ինչպես ասում են, նույն հարկի տակ։ Առաջին անգամ ես եմ եթերում ներկայացրել նրան, որպես մարզական մեկնաբանի։ Ու թեև  հեռուստատեսությունում մեր շփումներն ուղղակի չեն եղել, սակայն ես մինչև  օրս էլ տպավորված եմ Համլետի բնավորության, նրա լրագրողական կերպարի մի շարք առանձնահատկություններով. չափազանց աշխատասեր, գործով խանդավառվող, անելիքի մեջ արագ կողմնորոշվող, ժամանակին համընթաց։ Հասցնում էր ամեն տեղ լինել, մեծ ու փոքր իրադարձություն վերածել հաղորդման ու հասցնել հեռուստադիտողին։ Մենք հանդիպել ենք նաև  Մոսկվայում, և  այնտեղ էլ ես նրան այդպիսին եմ տեսել։ Ազատ ժամանակ չէր ունենում, աշխատում էր վայրկյանների հաշվարկով, պեղում, գտնում էր հետաքրքիր մարդկանց` մշակութային, քաղաքական հայտնի դեմքերի, հաղորդումներ էր պատրաստում։ Եվ հետաքրքիր էր, որ այդ բոլորը հասցնում էր ժամանակին եթեր հերարձակել։
Ի դեպ, նա համարվում էր ժամանակների ամենաարագ, ամենաարդյունավետ և  օպերատիվ գործող լրագրողը։ Չեմ կարող չհիշատակել այն գնահատելի օգնությունը, որը ցուցաբերեց Ղուշչյանը Հայաստանի հեռուստատեսության 40-ամյա հոբելյանին նվիրված հատուկ հաղորդումը նկարահանելիս։ Թեև  այն պատրաստել-ձևավորել էր իմ ընտանիքը, սակայն Համլետի` ժամանակի նշանավոր ու անվանի մարդկանցից հայթայթած կարճ խոսքերը, գնահատականները, ողջույն-ուղերձները ոչ միայն լրացրին մեր աշխատանքը, այլև  ուրույն ձևով զարդարեցին հոբելյանական հաղորդումը։
Ուրախ եմ, որ Համլետ Ղուշչյանն այսօր էլ շարունակում է գործի մեջ լինել և  նոր ծրագրեր ունի։ Նա նորարարությունների մարդ է: Տեսնում եմ, որ նույն ջանադրությամբ շարունակում է իր փնտրտուքը, անխոնջ աշխատանքը։ Այս ամենն ինձ հիացնում է, այս ամենով ես հրճվում եմ։ Իմ բարեկամը ժամանակ առաջ ինձ ասել է, թե նոր անելիք ունի, և ես դեռ սպասում եմ, որ նա ինձ կպատմի իր ապագա ձեռնարկի մասին (գուցե հենց այս գրքում)։ Ես հավատում եմ նրա հաջողությանը։ Այդպես մտածելու հիմք ինձ տալիս է իր իսկ հավատը։ Հավատն առ այն գործը, որ նա ձեռնարկում է։ Վստահության, համոզվածության պակաս իր ձեռնարկած որևէ գործում հաջողության հասնելու նկատմամբ Ղուշչյանը չունի։ Ահա թե ինչն է ապահովում նրա հաղթարշավը: Հուսով եմ, որ ինչպես միշտ, այսուհետ էլ Հալետը մեզ կզարմացնի նոր ու հետաքրքիր գործերով։ Հաջողություն եմ մաղթում նրա բոլոր գործերին, այդ թվում և  իր հիմնած Հեռուստատեսության և  ռադիոյի ակադեմիային։
 
ՌիմաԴեմիրճյան
1974-1988 թվականներին ՀԽՍՀ Կենտկոմի առաջին քարտուղար,1999թ. ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի կինը։
 
    Առաջին անգամ  Համլետ Ղուշչյանին հանդիպեցի 1988 թվականի դեկտեմբերի 5-ին, Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռում։Մենք Մոսկվայից տուն էինք վերադառնում։ Կարենին մոտեցավ գեղեցկադեմ,ժպտերես մի երիտասարդ։,,Մեր Ղուշչյանն է,-նրան ինձ ներկայացրեց Կարենը,-մեր մարզական մեկնաբանը,,։ Ես նրան անձնապես ծանոթ չէի,սակայն մինչ Կարենը մեզ կծանոթացներ,հասցրեցի մտաբերել նրան հեռուստատեսությունից։Նրանց միջև ջերմ զրույց ծավալվեց։ Կարենի պաշտոնանկությունից անցել էր ութ ամիս,և նրան հետաքրքրում էր Հայաս- տանին վերաբերող ամեն ինչ։ Համլետը սիրով պատասխանում էր՝ իր հերթին հետաքրքրվելով Կարենի մոսկովյան շրջանի կյանքով։
              Բնականաբար, սա նորմալ,մարդկային կեցվածք էր,որ դրսևորեց Համլետը։      
Սակայն դրանում առանձնակին ու տպավորիչն այլ բան էր։Երկրի կառավարման ղեկից հեռանալուց հետո շառտ մարդիկ՝քիչ թե շատ դիրք ունեցող,պաշտոն զբաղեցնող, խուսափում էին Կարենի հետ առնչվելուց։Համլետի մոտ դա չկար։ Ինձ շատ դուր եկավ,որ ողջ թռիչքի ընթացքում նա առանց աչքը այս ու այն կողմ գցելու, առանց զգուշանալու ջերմ զրուցում էր Կարենի հետ։
    Երկրորդ անգամ Համլետին հանդիպեցի 1997-1998թթ. նախագահական ընտրութ-յունների առիթով և շատ կարճատև՝ իր լրագրողական պարտականությունները կատարելիս։ Եվ այդ հանդիպումն առանձնապես նոր բան չավելացրեց իմ տպավո- րություններին։ 
      Համլետ Ղուշչյան մարդուն, լրագրողին ու քաղաքացուն ես խորապես ճանաչեցի 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Ի դեպ /առիթն օգտագործեմ և ասեմ /, հոկ- տեմբերի 27-ը յուրօրինակ լակմուսի դեր ունեցավ հասարակության մեջ բացահայ-տելու մարդկանց՝իրենց դիրքորոշումներով, իրենց էությամբ,օգնեց ճանաչելու շրջա-պատը թե դրական,թե բացասական կողմերով։ Ինր խոսք, ժողովուրդը մեզ հետ էր, ժողովուրդը մեզ հետ սգում էր սիրված ղեկավարի կորուստը։Պարզապես իմ խոսքը վերաբերում է ոչ թե ժողովրդական զանգվածներին,այլ առանձին մարդկանց,որպի- սիք եղան։Եղան այնպիսիք, որոնք հետողբգության շրջանում իրենց ո՜չ այնպես պահեցին։
     Համլետն այն մարդկանցից էր,որ անկեղծորեն կիսեց մեր վիշտը,մեր ընտանիքի համար  ողբերգական օրերին գտվեց մեր կողքին,մտերմացավ որդիներիս հռժետ, հաճախակի այցելություններով, մտերիմ զրույցներով փորձում էր մեղմել մեր հոգու ցավը։ Եվ սա դեռ ամբողջը չէ։ Համլետը մեծ  գործ կատարեց նաև որպես լրագրող։ Առաջին տեսաֆիլմը,որ հայտնվեց էկրանին հոկտեմբերի 27-ից հետո, Համլետի նկարահանած ,,Յեգենդ և եղելություն,,ֆիլմն էր։Անշուշտ դրան հաջորդեցին էլի շատ տեսանյութեր, սակայն այսըեղ էլ մեր լավ բարեկամն առանձնացավ իր պրոֆեսիո- նալիզմով։
               Նկատենք,որ այն ժամանակ պատշաճորեն  ուսումնասիրված չէին Կարեն  Դեմիրճյանի կյանքն ու գործնեությունը, դեռևս ասպարեզ չէին բերվել նրա մասին ժամնակակիցների հիշողությունները, հետևաբար նյութի պակասը զգալի էր և առաջինը խոսք ասելը՝ դժվար։ Այդուհանդերձ, Համլետն այստեղ էլ հաջողել էր՝ ստեղծելով հարուստ ու հագեցած ֆիլմ՝ թե բովանդակությամբ, թե զգացմունքայնությամբ։
       Դրանով, սակայն, չավարտվեց Կարեն Դեմիրճյանի հիշատակի առջև   Համլետ Ղուշչյան լրագրողի ու քաղաքացու պարտավորվածության ու հարգանքի դրսևո –րումը։ Տևական մի շրջան ,,Արմենիա,, հեռուստաընկերության եթերում վարելով ,,Օրը,, հեղինակային  հաղորդաշարը՝ նա եթեր էր հրավիրում ժամանակի հայտնի մտավորականների,քաղաքական-հասարակական գործիչնեչի,ովքեր պատմում էին     իրենց հիշողությունները Կարենի մասին։ Ես շատ կարևորում եմ այդ հաղորդաշարը մի քանի առումով։ Նախ դա շուրջ մեկուկես տասնամյակ երկրի ղեկին գտնվող ղեկավարի կերպարն ամբողջացնելու և հանրությանը մատուցելու առաջին փորձն էր և բնականաբար,սա ինձ համար ամենակարևորն է։ Բացի այդ,հաղորդաշարը հնարավորություն տվեց հասարակությանը՝ ճանաչելու մեր մշակույթի մի շարք վառ ներկայացուցիչների,ծանոթանալու նրանց գործունեությանը,Սիլվա Կապուտիկյան, Վարդուհի Վարդերեսյան,Սերգեյ Իսրայելյան,Վարդուհ Խաչատրյան,Գրիգոր Հարությունյան...Եվ սա դեռ ոչ լրիվ շարքն է այն փայլուն անհատների, որոնց անուններո իսկ կարելի է պատկերացում կազմել ժամանակի մշակույթի ոլորտում տիրող ոլորտի, ընդհանրապես մշակույթի մասին,ժամանակի աշխատաոճի, ընդհանուր ըմբռնումների մասին։ Հաղորդումը դիտարկելով այս տեսանկյունից՝ ես համարում եմ,որ բոլոր այդ էկթանային հանդիպումներն ամփոփոխ ժապավենները պատմական նշանակության ժապավեններ են։Կանցնի ժամանակ ,չենք լինի մենք բոլորս,և այդ տեսանյութերը սերունդներին կհասցնեն ժամանակի իրականության թեկուզ փոքր մասը։
      Որպիսզի իմ բնորոշումների մեջ սուբեկտիվ չընկալվեմ, կցանկանայի նշել,որ Համլետը մարդկային վերաբերմունք է դրսևորել ոչ միայն իմ ընտանիքի նկատմամբ։ Տարիներ շարունակ հետևել եմ նրա հաղորդումներին ու միշտ զարմացել եմ, թե ինչպիսի ջանքեր է գործադրում,որքան աշխատանք է թափում եթերի միջոցով բարե-գործություն անելու համար։Զարմացել եմ նրա հնարամտության վրա,նրա կարողղունակության վրա,թե ամեն անգամ ինչպես էր կարողանում բարերար գտնել կարիքավոր, հիվանդ կամ անօժանդակ մեկի համար, բերել եթեր ու եթերից խոսել այդ մասին։Մարդա-սիրություն,գթասրտություն,բարեհոգություն,դժվար պահին մարդուն հասնելու ունակություն,նարդկային այսպիսի որակներ ունեցող մարդը միայն կարող էր նախաձեռնել նման  գործ ու գտնել այն իրականացնելու հնարը։
Ուզում եմ նշել նաև Համլետ Ղուշչյանի պրոֆեսիոնալ հաղորդումների պատշաճ մակարդակը և ավելացնել, ահա այս ամենն ինձ խորը հարգանք է ներշնչում Համլետի թե անձի և թե մասնագիտական մակարդակի նկատմամբ։ Համոզված եմ,որ նա նույնկերպ աշխատել ու գործել կսովորեցնի իր ղեկավա-րած  բուհի ուսանողներին։              
 
ԱրտեմՍարգսյան, ՀՀԳԱԱթղթակիցանդամ, բանասիրականգիտություններիդոկտոր, պրոֆեսոր
Հրատապէկրանիհանրայինսիրելին
    Հայաստանի Հանրապետության հանրահայտ լրագրողներից է Համլետ Ղուշչյանը: Տակավին խորհրդային տարիներից նա հայտնի և սիրելի հեռուստահաղորդավար էր: Հիշում եմ, թե ինչպիսի ապրումներով, խանդավառությամբ և վարակիչ հուզականությամբ էր վարում ֆուտբոլային հանդիպումները: Մարզաշխարհի լավագույն գիտակներից մեկն էր Համլետը, հեռուստաեթերի կազմակերպիչ։
Համլետ Ղուշչյանին մոտիկից ճանաչեցի և խորապես գնահատեցի, երբ միասին աշխատեցինք «Արմենիա» հեռուստատեսությունում: Նա վարում էր մի հաղորդաշար, որով շատ շուտով դարձավ ամենալայն հեռուստալսարանի կուռքը: Համլետը դրական լուծում էր տալիս կարոտյալ բազում ընտանիքների, ապահովում ձրի վիրահատություն, սատար կանգնում չունևորներին: Նրան եթերում անհամբեր սպասում էին բոլորը: Հրատապ էկրանի հանրային սիրելին էր Համլետը:
Համլետ Ղուշչյանը տասնամյակներ շարունակ իր կյանքն անքակտելիորեն կապված է տեսնում ռադիոհեռուստատեսությանը: Պատահական չէ, որ իր հիմնադրած ակադեմիան, ձեռնհասորեն և նորագույն մեթոդների կիրառմամբ, պատրաստում է լրագրողներ: Ուրախալի է, որ մասնագիտական կայուն գիտելիքներով զինված երիտասարդ լրագրողները որդեգրում են իրենց ղեկավարի ոճը: Ղուշչյանն աչքի է ընկնում անսպառ եռանդով, նախանձելի աշխատասիրությամբ, սկզբունքայնությամբ: Իր այդ և բազում նկատելի այլ դրական հատկանիշների շնորհիվ Համլետ Ղուշչյանն ուղղակի օրինակ է նոր սերնդի լրագրողների համար: Նա ունի մի բացառիկ հատկանիշ ևս. անընդհատ քայլ է պահում կյանքի վերընթաց զարգացման հետ, միշտ թարմ է, ապահովում է սերունդների կապը, պատրաստ է ամեն օր նոր բան սովորելու, յուրացնելու, կիրառելու, փոխանցելու:
Շատ ասելիքներ կան իր մասին, սակայն բավարարվենք ներկայացվածով և ուղղակի ամփոփենք մեր միտքը հետևյալ կերպ. Համլետը Շեքսպիրի հերոսի հանրահայտ տողերի «Լինե՞լ, թե՞ չլինել»-ի հստակ պատասխանն ունի. «Լինել»:
 
ՀրաչյաԱշուղյան, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ
ՀամլետՂուշչյաննօրինակելիհեռուստատեսայինգործիչէ:
 
      Համլետի հետ աշխատել ենք մեր հեռուստատեսության ոսկեդարում, երբ այն ուներ իր նշանակալի դերը, բովանդակությունը՝ արտահայտված բազմաժանր հաղորդումներով։ Ես տեսել եմ Ղուշչյանի աշխատանքը՝ ակտիվ, եռանդուն աշխատանքը։
Եթե հեռուստատեսության մասնագետը չունենա նվիրում, իր գործը պատասխանատվությամբ կատարելու սկզբունք ու ջիղ, դժվար թե նրան հաջողվի կայանալ։ Հեռուստատեսությունը օպերատիվություն է սիրում, պահանջում է կարողությունների անխնա ներդրում, ժամանակի մեջ իրադարձային հաղորդում պատրաստելու և հանրությանը մատուցելու հմտություն։ Երիտասարդ Ղուշչյանն, ահա, այս բոլոր որակներով օժտված հեռուստալրագրող էր։
Մենք միասին բազմաթիվ տոնական միջոցառումներ ենք կազմակերպել։ Ինձ համար դրանք բոլորը անջնջելի հիշողություն են, իսկ դրանցից մեկը՝ է՛լ ավելի։ Մարզահամերգային համալիրի շահագործման հանձնվելուց հետո այնտեղ տեղի ունեցավ աշխարհահռչակ հայ մարզիկների (Ալբերտ Ազարյան, Հրանտ Շահինյան, Վլադիմիր Ենգիբարյան, Ֆաինա Մելնիկ, Իգոր Նովիկով) մեծարման արարողություն։ Դա առաջին զանգվածային մարզական միջոցառումն էր, որը կազմակերպելու և վարելու պատիվն ունեցանք։ Մեզ հանձնարարվել էր կարճ ժամանակամիջոցում նախապատրաստել միջոցառումը։ Մեծ ու պատասխանատու հանձնարարություն էր, և երկուսով գործի անցանք։ Նկատելի էր Համլետի օպերատիվությունը, արագ կողմնորոշվելու և գործելու գերազանց հատկանիշը։ Ու ստացվեց շատ ճոխ, հետաքրքիր թատերականացված ներկայացում։ Դժվար է նկարագրել, թե դահլիճն ինչպիսի խանդավառությամբ ընդունեց երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանին։ Թեև շեղվում եմ բուն ասելիքից, սակայն ուզում եմ հուզիչ մի դրվագ ներկայացնել։ Երբ բուռն ծափերի տարափը դադարեց, մի մարդ՝ պարզ ու հասարակ մի բանվոր մարդ դիմեց Դեմիրճյանին. «Մեր փոքրիկ հողի մեծ թագավոր»։ «Թագավորը շինարարն է, ես չեմ»,- պատասխանեց Կարեն Սերոբիչը։
Ղուշչյանի հետ մենք հետո էլ բազմաթիվ նպատակային զանգվածային միջոցառումներ կազմակերպեցինք։ Տղան ճաշակ ուներ, հիանալի տիրապետում էր ռադիո-հեռուստատեսային արվեստին, շատ հետաքրքիր հաղորդումներ էր պատրաստում։ Որևէ մարզական միջոցառում՝ մեծ թե փոքր, չէր մոռացվում, նրա ուշադրությունից դուրս չէր մնում։ Համլետը հասցնում էր ամեն տեղ լինել ու պարտաճանաչ լուսաբանում էր։ նա օրինակելի հեռուստատեսային գործիչ է։ Վերջին տարիներին նա թողել է գործնական լրագրության  ասպարեզը, սակայն շարունակում է իր լուրջ ներդրումն ունենալ հեռուստատեսության բնագավառում։ Ուրախ եմ, որ այսօր գոյություն ունի նրա հիմնադրած  Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան, ծանոթ եմ այս հաստատությունում տարվող ուսուցման դրվածքին ու որակին, ինչը և ինձ թույլ է տալիս վստահ լինել, որ հեռուստալրագրության ոլորտը, ի դեմս ակադեմիայի կադրերի, համալրվում է որակյալ մասնագետներով։ Այսօր նման կադրերի պակասն ավելի քան զգացվում է։
 
 
Արփեն  Մովսիսյան, հեռուստալրագրող, «Ոսկե  գրիչ» մրցանակակիր
Նա  լավը  նկատել  ու  գնահատել  գիտի
 
     «Լրաբերում» աշխատելուս տարիներին ես լուսաբանում էի մշակութային կյանքը։ Վախճանվել էր Մհեր Մկրտչյանը, և ինձ հանձնարարվեց լրաբերյան մի կարճ հաղորդում պատրաստել։ Արագ գործի անցա, խոսքը գրեցի, լուսանկարները հայթայթեցի, հաղորդումը հանձնեցի ու գնացի տուն։ Այդ տարիներին ապրում էի Աբովյանում։ Հաղորդումը նայել չկարողացա. լույս չկար։ Հաջորդ օրը, վաղ առավոտյան ինձ զանգահարում են հեռուստատեսությունից. «Տիգրան Հակոբյանը քեզ կանչում է»։ Մտահոգվեցի՝ տեսնես ի՞նչ «չեպե» է գնացել եթեր, ի՞նչ եմ վրիպել։ Սրդողած շտապեցի հեռուստատեսություն, մտա նախագահի մոտ։ «Երեկվա հաղորդման մասին եմ ուզում քեզ հետ խոսել,- միանգամից սկսեց պարոն Հակոբյանը։ Շունչս պահած սպասում եմ՝ հետո՞, հետո՞ ինչ պիտի ասի։ «Ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել երեկվա հաղորդման համար»,- ասաց նա։ Սիրտս տեղն ընկավ, ու մինչ հանգիստ շունչ կքաշեի, շարունակեց. «Երկրորդ մարդը, որ ինձնից հետո իմ կաբինետ է մտել, Համլետ Ղուշչյանն է, և գիտե՞ս ինչ ասաց նա։ Նա ասաց. «Ի՜նչ լավ հաղորդում էր պատրաստել Արփենը։ Այդպիսի հաղորդման համար արժե մեռնել»։ Ահա այդքան անկեղծ, այդքան անշահ կարող է լինել Համլետը։ Ինչպես արագ կարող էր հայտնվել կրակի մեջ, եթե այդտեղ ֆուտբոլ կար կամ լուսաբանելու որևէ միջոցառում, այդպես արագ էլ արձագանքել էր իմ հաղորդմանը։ Եվ դա Համլետի՝ գործընկերոջ նկատմամբ նրբանկատության, նրա աշխատանքին արժանի վերաբերմունք ունենալու բազմաթիվ օրինակներից մեկն է։ Շատ անգամ է ռադիոյի միջանցքներում հանդիպելով ինձ՝ իր վերաբերմունքն արտահայտել իմ այս կամ այն հաղորդմանը՝ մի ջերմ նախադասությամբ, պատկերավոր երկու բառով, մտերմիկ ժեստով. Իսկապես բարին կամեցող գործընկերոջ, լավը նկատող ու գնահատող, հոգեշահ մարդու վերաբերմունք։
Խոսքս մեծապես վերաբերեց մարդու նրա տեսակին։ Լրագրողի նրա տեսակը բոլորին է հայտնի։ Հեռուստադիտողը տեսել է նրա աշխատանքը ռադիոյում, բազմաթիվ հեռուստաընկերություններում, ռադիո և հեռուստալրագրության տարբեր ճյուղերում։ Համլետի հաղորդումներին մարդիկ սպասել են, ապավինել, և դրանով ամեն ինչ ասված է։
 
ԱրթուրՈւթմազյան, ՀՀ ժողովրդական արտիստ
Այսպիսիմարդ,այսպիսիընկեր
 
      Համլետ Ղուշչյանին՝ այդ անսովոր մարդուն շատ վաղուց եմ ճանաչում։ Անսովոր ոչ միայն որպես մարդ, այլև որպես ընկեր ու որպես լրագրող։ Ասում են՝ մարդուն լավ ճանաչում ես, երբ նրա հետ ճանապարհ ես գնում։ Համլետի հետ ես երկար ճանապարհ եմ կտրել՝ տարբեր երկրներ համերգային շրջագայությունների մեկնելիս և կասեմ, որ ինձ համար մեծագույն հաճույք է նրա նման ընկեր ունենալը։ Եվ մակդիրներ ու էպիտետներ չեմ խնայի՝ բնորոշելու նրա մարդկային նկարագիրը. շիտակ մարդ, նվիրված ու հավատարիմ ընկեր։ Դիմիր նրան ցանկացած պահին, և Համլետն իր հնարավորությունների սահմաններում և նույնիսկ դրանից դուրս կողքիդ կլինի։ Նա պատրաստ է անելու անհնարը՝ ընկերոջը, բարեկամին, պարզապես մարդուն օգնելու համար։ Բայց խոսքերը չէ, որ պիտի գեղեցկացնեն նրան, այլ այն փայլուն, իմաստավորված ու բովանդակալից կյանքը, որ ապրել է ու շարունակում է ապրել իմ լավ ընկերը՝ պահպանելով իր մարդկային որակը, իր պրպտող, անհանգիստ բնավորությամբ անվերջ խորանալով իր կատարած աշխատանքի, ես կասեի՝ հանրորեն չափազանց օգտակար աշխատանքի մեջ։ Այսօր գործող ավելի քան մեկուկես տասնյակ հեռուստաալիքներից գրեթե յուրաքանչյուրի կայացման մեջ նա իր դերն ու մասն ունի։ Շատերն են հիշում նրա բազմապիսի-բազմաբովանդակ հաղորդումները՝ մարզականից մինչև սոցիալ-մշակութային։ Այսօր նա շարունակում է` իր գործուն մասնակցությունն ունենալ հեռուստալրագրության բարելավման, ազատ խոսքի հաստատման ու կայացման գործում՝ իր հիմնադրած մասնագիտական բուհում պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելով։ Անկեղծ ցանկությունս է միշտ տեսնել իմ լավ բարեկամին նույն երիտասարդական ավյունով լի, ի՛ր դաշտում, ի՛ր սիրած գործի մեջ, առողջ ու երջանիկ։
 
ԱրաԳևորգյան
 երգահան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Ինձ հիացնում է Համլետ Ղուշչյանի նպատակասլացությունը:
     Հոյակապ մարդ, բավական լավ պատրաստված լրագրող և իմ լավ բարեկամ։ Խոսքս այսպես սկսեցի, որովհետև նրան ճանաչելու առաջին օրվանից իսկ այս տպավորությունն եմ ստացել և մինչև օրս էլ նրա մասին շարունակում եմ նույն կարծիքն ունենալ։
Համլետ Ղուշչյանին ես ճանաչում եմ երկար տարիներ և բարձր եմ գնահատում նրա պրոֆեսիոնալիզմը։ Դա մարդու կյանքի թերևս ամենամեծ ձեռքբերումն է, երբ մարդն իր գործի վարպետն է ու նվիրյալը, երբ այդ գործը բավարարում է հանրության հոգևոր պահանջները, և ուրիշները դրանից գոհ են մնում։ Համլետ Ղուշչյանի հետ մոտիկից շփվել եմ համերգային ճանապարհորդությունների ընթացքում ու համոզվել եմ, թե որքան հրաշալի մարդ է ու ճանապարհի հոյակապ ընկեր։ Էլ ավելի լավ Համլետին ճանաչել եմ՝ բազմաթիվ անգամներ հյուրընկալվելով իր հաղորդումներում։ Նրա խորիմաստ հարցադրումները, բարի կամեցող կեցվածքը հյուրի նկատմամբ տարիների ընթացքում իմ մեջ ամբողջացրել են հրաշալի մարդու և պրոֆեսիոնալ լրագրողի նկարագիրը։
Ուզում եմ առանձնացնել Ղուշչյանի հիմնած Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի կարևորությունը մեր ժամանակներում։ Մեր հեռուստատեսությունն այսօր լավ լրագրողների, լավ սցենարիստների, լավ մեկնաբանների և լավ ռեժիսորների կարիք ունի։ Վստահ եմ ու համոզված, որ բուհական նշված հաստատությունում պատրաստվում են այդպիսիք։ Ես եղել եմ ակադեմիայում և զարմացած, նաև հիացած եմ այս բուհում ուսանող ապագա մասնագետների պատրաստվածությամբ։ Հենց միայն այն, որ գործի գլուխ կանգնած է Համլետ Ղուշչյանի նման մասնագետը, իր գործի գիտակն ու հետևողական ղեկավարը, այդպիսի հույս է ներշնչում։ Հավատում եմ, որ այս բուհում կրթություն ստացած երիտասարդները նոր շունչ ու թարմություն կբերեն ռադիո-հեռուստատեսության եթերին։
Ամենայն բարիք ու քաջառողջություն իմ աննկուն, իմ ավյունառատ ընկերոջը, իր համեստ ընտանիքին։ Մե՜ծ-մե՜ծ հաջողություն իր գործերին։
 
 
ԳեորգիԱսատրյան. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Համլետըմիշտբարինէգործել
 
        Տասնյակ տարիներ ի վեր ճանաչում եմ Համլետ Ղուշչյանին։ Ինձ համար գնահատելի են նրա մի շարք անփոխարինելի հատկանիշներ։ Ինձ՝ Համլետի բավական տարիքով ու փորձառու ընկերոջը, միշտ զարմանք ու հիացմունք են պատճառել աշխատանքում նրա օպերատիվությունը, իրադարձություններին արագ արձագանքելու հմտությունը, մտքի ճկունությունը։ Շատերը կնախան- ձեին Ղուշչյանի աշխատասիրությանն ու կազմակերպվածությանը, պահանջ- կոտությանն ու պատասխանատվությանը իր աշխատանքի նկատմամբ։ Վերջապես՝ ճշմարտախոսությանը, օբյեկտիվությանը, որ լրագրողի մասնագի- տության պարագայում անվիճելիորեն առաջին պայմանն է։
Չնայած մեր տարիքային տարբերությանը՝ Համլետի հետ շփվելը, աշխա- տանքում համագործակցելը, ինչպես նաև նրա պատրաստած բազմաթեմա, իրենց ընդգրկունությամբ ու բովանդակությամբ հրապուրող ու տպավորիչ հաղորդումները միայն մեծացնում էին նրա հետ առնչվելու ցանկությունը։
Ես չեմ հիշում մի առիթ, երբ նա անպատասխան է թողել համագործակցության իմ որևէ առաջարկ, ես չեմ հիշում մի դեպք, երբ նա թերացել է իր հանձն առած աշխատանքում։
Համլետ Ղուշչյանը միշտ բարին է գործել։ Իմ աշխատանքի տարիներին ես տեսել եմ նրա բոլորանվեր ազգանվեր գործը, որը նա, կրկնում եմ, կատարում էր մեծ պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով։
Թող շատ լինեն Համլետի նման մարդիկ։ Թող իր հիմնած բուհում ուսում առնող սերունդը հետևի նրա օրինակին։
 
 
Արմեն  Ամիրյան  
Հայաստանի   հանրային  ռադիոյի տնօրեն
Նախանձելի  աշխատասեր մարդ
     Այսօր,արդեն տարիների հեռվից, կարոտով եմ հիշում մեր հեռուստատեսության մարդկանց։Չի կարելի համեմատել 80-ականների հեռուստատեսությունն այսօրվա    հեռուստատեսության հետ։Դրանք տարբեր տնտեսական ու քաղաքական ֆորմացիաների ծնունդ են։
 Համլետ Ղուշչյանին ծանոթ էի հեռուստաէկրանից։1980-ականների սկզբին,երբ եկա հեռուստատեսություն և ներսից ծանոթացա այս ոլորտին ու մարդկանց,հասկացա, որ այստեղ կա անմնացորդ նվիրում,սեր աշխատասիրություն և հեռուստադիտողին միշտ լավագույնը մատուցելու ձգտում։ Համլետ Ղուշչյանին կարելի էր տեսնել ամե- նուր։Կարծես միաժամանակ նա նկարահանվում էր,մոնտաժում,վարում մարզական միջոցառում...
   Զարմանալի և նախանձելի աշխատասիրության տեր մարդ է Համլետը։ Շատ լավ հիշում եմ նրա ,,Սպորտբ գումարած արվեստ,,մարզամշակութային,սոցիալական ուղղվածության հաղորդումները։Ինտերնետի բացակայության,արտաքին աշխար- հից  ինֆորմացիայի բացակայության պայմաններում դրանք որքան հետաքրքիր ու դիտարժան էին...   
           Այսօր,երբ յորաքանչյուրն իր շահն է փնտրում կյանքում, Համլետ Ղուշչյանը շարունակում է անմնացորդ նվիրված մնալ ընկերներին։ Շատ կուզեյի, որ այսօր էլ մեզ էկրանից բարևեր միշտ լուսավոր ու պայծառ ժպիտը դեմքին Համլետ Ղուշչյանը   և հեռուստադիտողին փոխանցեր իր բացառիկ դրական էներգիան։ 
 
 
 
 
Սուսաննա Շահինյան.հեռուստահաղորդավարուհի
Մերհանրահայտգործընկերը
    Համլետ Ղուշչյանին ճանաչում եմ ոչ միայն իբրև հայկական հեռուստատեսության մարզական մեկնաբանի։ Տարիներ առաջ մենք միասին մի քանի մեծ ծրագրեր ենք վարել։ Հիշարժան է Երևանի մարզահամերգային համալիրի բացմանը նվիրված տոնական համերգը։ Այդ միջոցառմանը նախորդող նախապատրաստական օրերին, փորձերի ժամանակ, ինչպես նաև համերգի ընթացքում հնարավորություն ունեցա ավելի մոտիկից շփվելու Համլետի հետ, ավելի լավ ճանաչելու նրա և՛ լրագրողական, և՛ մարդկային հմտություններն ու արժանիքները` ևս մեկ անգամ համոզվելով, որ Համլետ Ղուշչյանն իր մասնագիտությունը սիրող, իր գործին նվիրված, այն մեծ պատասխանատվության զգացումով կատարող լրագրող է։ Ինձ հաճելիորեն զարմացրեց այն, որ բուն մասնագիտությամբ հաղորդավար չլինելով հանդերձ, նա շատ արագ ու հմտորեն էր կողմնորոշվում թե՛ բեմում, թե՛ տաղավարում։ Երկար տարիներ մենք Ղուշչյանին տեսանք էկրանին, հեղինակային տարբեր հաղորդումներ վարելիս, և բոլորում էլ նա հաստատում էր վերը նշվածը` իր վարպետությունը, օժտվածությունը, պրոֆեսիոնալիզմը ընտրյալ ասպարեզում: Եվ ահա թե ինչու, արդեն տարիներ անց, տարիների իսկ հեռվից մեր հանրահայտ գործընկերոջ կատարած գործի դիտարկմամբ պարզվում է, որ մարդը ճանապարհ է անցել, ասելիք է ունեցել, եղել է իր գործի տերը, և ուրեմն մեծ է նրա վաստակը ռադիոհեռուստատեսության ոլորտում:
Եթե Համլետ Ղուշչյանը կարողանա իր ղեկավարած բուհում կրթվող լրագրողների ապագա սերնդին փոխանցել իր լրագրողական-կազմակերպչական հատկանիշների ու որակների մի որոշ մասն անգամ, կարողանա վարակել նրանց իր անսովոր եռանդով, էնտուզիազմով ու խանդավառությամբ, դա կլինի նրա մեծ նպաստը նաև այս ճակատում, անշուշտ, ի շահ հեռուստալրագրության:
Հուրախություն մեզ, Համլետ Ղուշչյանն այսօր դա անում է և անում է մեծ հաջողությամբ: Անհանգիստ, պրպտող, ձեռներեց իմ ընկերոջը մաղթում եմ հաջողություն։ Ուրախ եմ Համլետի համար, նրա կյանքի ու հետաքրքիր, բովանդակալից ստեղծագործական գործունեության մասին պատմող գիրքը սեղանիս ունենալու համար և լիահույս եմ, որ մենք դեռ առիթ կունենանք նրան տեսնել եթերում։
 
Յուրի  Վարդանյան,օլիմպիական  չեմպիոն
Համլետ  Ղուշչյանն  իմ  մարզական  կենսագրության  վավերագիրն  է
       Մարդուն գնահատելու իմ չափանիշների մեջ մի քանի կարևոր որակներ են մտնում։ Մարդու արժեքն ինձ համար նախ և առաջ չափվում է իր կատարած գործով, այնպիսի գործով, որն օգուտ է բերում մարդկանց։ Սա որպես մասնագիտական որակ։ Այժմ դառնամ մարդկայինին։ Ազնվություն՝ շրջապատի հետ փոխհարաբերություններում, հարգանք դիմացինի անձի ու գործի նկատմամբ, ընկերասիրություն, մարդուն թևութիկունք լինելու պատրաստակամություն։ Ահա այսպիսին եմ ես տեսել Համլետ Ղուշչյանին՝ նրան ճանաչելուց ի վեր։ Կամ, ինչպես մենք՝ լենինականցիներս կասենք՝ «ղայդին» մարդ։ Իսկ ամենակարևորը՝ տարիները, գլխով անցած կյանքի լավն ու վատը, փոփոխված ու փոփոխվող բարքերը Համլետին բոլորովին չեն փոխել։ Այսօր էլ ես նրան տեսնում եմ նույնպիսի նկարագրով, որպիսին էր մեր հանդիպման առաջին օրից։ Նա նեղ օրվա ընկեր է, նրան կարող ես վստահել անգամ անձնական գաղտնիքդ։
Նորից դառնամ իմ վաղեմի ընկերոջ ու լավ բարեկամն լրագրողական գործունեությանը։ Հպարտությամբ կարող եմ ասել՝ Համլետի հետ մենք ճանապարհ ենք անցել, նրա հետ ուրախացել, տվայտել ու հուզվել։ Նա, փաստորեն ականատեսն է եղել իմ բոլոր մարզական հաջողություններին։ Ավելին՝ նա իմ հաղթանակների ու դրա հետ կապված բոլոր հետաքրքիր իրադարձությունների վավերագիրն է՝ հմուտ վավերագիրը։ Համլետի պատրաստած հաղորդումների և տեսաֆիլմերի շնորհիվ է, որ իմ գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակներից շատերն այսօր դարձել են մարզական մնայուն արժեքներ։ Նրա ձեռամբ է գրվել իմ մարզական կենսագրությունը եթերում, ու այս ամենի համար ես շնորհակալ եմ նրան։ Իմ սերնդակիցներն այսօր էլ լավ են հիշում նրա վարած հետաքրքիր, իրենց բացառիկ ինքնատիպությամբ հարուստ ու բովանդակությամբ առանձնացող ռեպորտաժները։
Ողջունելի է իր հարուստ ստեղծագործական կյանքի, մարզական լրագրության մեջ անցած ճանապարհի մասին հիշողություններն այս գրքին հանձնալու նրա նախաձեռնությունը։ Այս գիրքը նվեր է նաև մեզ՝ իր ժամանակակիցներին։ Ամեն մեկս այնտեղ գտնելու ենք մեզ հետաքրքրող շատ էջեր, որտեղ Համլետը մեզ վերադարձնում է մեր սերնդակիցների պատանեկությունը, մարզական ուղին, պարգևում հաճելի հուշեր վերապրելու բազում պահեր։
 
ՀովհաննեսԶանազանյան,ֆուտբոլի ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ
Իմլավժամանակներիընկերը
    Դրանք «Արարատ» թիմի կազմում խաղալու տարիներն էին։ Համլետը նոր-նոր էր սկսել իր լրագրողական կարիերան, բայց կարճ ժամանակամիջոցում աճեց ու դարձավ ոչ միայն հայտնի, այլև սիրված լրագրող։ Մեր թիմի կողմից նա ընդունված մարդ էր։ Հիշում եմ, թե ինչպիսի ակտիվությամբ, բուռն ոգևորությամբ ու խանդավառությամբ էր ներկայացնում մարզական կյանքն ընդհանրապես, լայնորեն լուսաբանում ֆուտբոլը։ Նա մարզասեր հասարակությանը տեղեկացնում էր մարզաշխարհի անգամ ամենափոքր նորություններին, նրա հաղորդումների շնորհիվ մարզասերները մոտիկից ճանաչում էին սիրված մարզիկներին, ծանոթանում նրանց կյանքին ու գործունեությանը։
«Արարատի» անցած ողջ ընթացքի մեջ նա մեզ հետ է եղել, եղել է մեր ընկերը։ Իրենից տարիքով եմ, բայց նրա հետ ընկերություն եմ արել սիրով, մեզ կապել է  հարգանքը, անկեղծությունը, մեզ միավորել է մի մեծ սեր՝ ֆուտբոլը։ Մենք հաճախ էինք հանդիպում, զրուցում տարբեր թեմաներով։ Եվ դա ստացվում էր, որովհետև կար մարդկային պահը։ Նա մարդ է, ում հետ կարող ես կիսել հոգսդ, մտածմունքդ, թեթևանալ, խորհուրդ անել։
Լավ է, որ հետ ես նայում ու անցած ճանապարհիդ Ղուշչյանի նման մարդկանց ես տեսնում։
 
Արամայիս Սահակյան. Գլխավոր  ոզնի, Հայաստանի երգիծաբանների  միության  նախագահ
 
   Համլետը նախանձելի նվիրում ունի իր մասնագիտությանը, իր գործին:
       Միշտ աշխույժ, միշտ արագաշարժ, միշտ ժպտադեմ ու գործնական. ահա Համլետը Ղուշչյան: Համլետի համար գոյություն չունի «լինել-չլինել» համլետյան հարցը, նա միշտ պատրաստ է ամեն ինչ անել և այնպես անել, որ միշտ լինել:
Ղուշչյանի հաղորդումները ժամանակին մեծ մասսայականություն էին վայելում, ժողովուրդը նրան դիմում էր` ինչպես փրկչի:
Հիշում եմ, մի անգամ ուղիղ եթերում իմ 60-ամյակին նվիրված հաղորդում էր: Ղուշչյանը գովեց-գովեց իմ պոեզիան, ապա ասաց. «Հիմա լսենք հեռուստադիտողների բանաստեղծական արձագանքը»: Զանգահարեց մի կին ու ասաց. «Պարոն Ղուշչյան, մեր տան կոյուղին փչացել է, կարո՞ղ եք Արամայիս Սահակյանի հետ գաք-սարքեք»: Այժմ էլ Համլետն անցավ հումորի. «Հիմա տեսա՞ր քո պոեզիայի նկատմամբ  հեռուստադիտողի վերաբերմունքը»:
Մի ուրիշ անգամ ինքն էր «Ծիծաղի տուն» իմ հաղորդման հյուրը: Պատմեց, թե ինչպես Մոսկվայում շատ մեծ հմտությամբ և սխրանքի հավասար համարձակությամբ  հարցազրույց է վերցրել ՌԴ այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինի տիկնոջից` Նաինա Ելցինայից: Այնպես որ Համլետ Ղուշչյանը մի ղուշ է, որ ուր ասես կթռնի և ոչ միայն Ելցինային, այլև ուզածդ կնոջը կգերի:
 
 
Վարդան  Թադևոսյան,  մարզական մեկնաբան
Համլետ Ղուշչյանն  ինձ  ստիպեց  սիրել  մարզական  լրագրողի աշխատանքը
 
      Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո շուրջ մեկ տարի աշխատում էի «Նաիրիտում» բոլորովին այլ մասնագիտությամբ: Ծանոթներիցս մեկը մի օր ասաց. «Համլետ Ղուշչյանին ճանաչո՞ւմ ես, կուզե՞ս նրա հետ աշխատել»: Համլետ Ղուշչյանին ո՞վ չէր ճանաչում և ո՞վ կհրաժարվեր նման գայթակղիչ առաջարկից: Ծանոթիս խորհրդով գնացի ռադիո: Համլետն ինձ ընդունեց շատ ջերմ ու հարգալից, ասաց, թե մեկամսյա փորձաշրջան պետք է անցնել և այդ ընթացքում ինձ հանձնարարեց «Նաիրիտի» մարզական առօրյան լուսաբանող ակնարկ պատրաստել: Այդ հաղորդմամբ էլ մուտք գործեցի հեռուստատեսություն: Որպես նորեկի, որպես սկսնակի ինձ շատ սրտացավ վերաբերվեցին: Ղուշչյանը չսովորեցրեց ինձ, նա ինձ ստիպեց ծանոթանալ իր աշխատանքին, չհուսահատվել, ստիպեց միշտ առաջ գնալ, մխրճվել գործի մեջ, ստիպեց սիրել մարզական լրագրողի աշխատանքը: Անվարան ու մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ ես նրա օրինակով, նրա աշխատաոճը տեսնելով, նրա գործելակերպի շնորհիվ հասկացա` ինչ է հեռուստատեսությունը, ինչ պահանջներ ունի եթերը:
Ոգևորել գիտեր, գիտեր գնահատել լավ նյութը, երբեմն իմ հաղորդումներին կարող էր ավելի բարձր հոնորար գրել, քան իրենին: Դա այն նուրբ ու տեղին մոտեցումն էր, որի կարիքը սկսնակը միշտ ունի և որը նրան մղում է ինքնահաստատման, ստիպում տրվել ու տրվել աշխատանքի:
Համլետի մասնագիտական որակները բնորոշող ռուսերեն մի բառ կա «պրաբիվնոյ»: Նրա համար «չկա, չի լինի» բառերը չկային, փակ դռներ չկային: Ասում էր` ներս չթողեցին, պատուհանից մտիր: Չթողնելն էլ է հաղորդման նյութ, դրա մասին հաղորդում պատրաստիր: 
Կարող էր առավոտյան Մոսկվայում լինել, հաղորդում պատրաստել, երեկոյան նրան կտեսնեիր հայաստանյան եթերում: Ու ինչպես իր արածն էր նկատվում` այդ ոնց, երբ, ինչպես, հասցրեց գնալ, հաղորդում պատրաստել ու եթեր տալ, նույն ձևով հիմա ինձ են ասում` էդ ե՞րբ հասցրեցիր: Որովհետև այդպիսի դպրոց եմ անցել,  հեռուստատեսային այդպիսի դաստիարակություն եմ ստացել, ու այդ դաստիարակության հիմքում շատ մեծ է եղել իմ ուսուցչի` Համլետ Ղուշչյանի դերը:
 
   Սերգեյ  Մովսիսյան
Լրագրող-միջազգայնագետ
Ղուշչյանին այդպիսին գիտեմ
    Առանց այնպիսի մարդկանց,ինչպիսին Համլետ Ղուշչյանն է,մարդկությունը  աղքատ կլիներ։ Համլետի  համար ողջ երկիր մոլորակը իր հայրենիքն է,մարդկությունը իր եղբայրությունը,բարեգործությունը՝ իր կյանքը։Նրա տաղանդը  Աստծուց է,հեռուս- տալրագրողի վարպետությունը՝ հոգու խորքից,իսկ անսովոր ջանքերն ու ձգտումներն ուղղված են կատարյալին, նոր գաղափարների  ու նոր ոգեշնչումների որոնմանը։
                                       
 
 
                
 
 
 
 
 
  ՄԻ  ՔԻՉ  ԷԼ  ԺՊՏԱՆՔ,  ԶԱՐՄԱՆԱՆՔ...
     
Հումորըկյանքիանհեթեթությունների
բարեհոգիհայեցողություննու
գեղարվեստականարտացոլումնէ։
 
 
            Հանրաճանաչության օգուտն ու վնասը
           Հեռուստաեթերի բերած հանրաճանաչությունը հիմնականում դրական զգացումներ է պարգևել, սակայն հայտնվել եմ նաև ծիծաղելի իրավիճակներում։ Մի անգամ ավտոմեքենաս փչացել էր, և ես երթուղային տաքսիով գնում էի Ավան՝ այնտեղ գտնվող ավտոպահեստամասերի խանութից հարկավոր գնումներ կատարելու։ Ամառ էր, շոգ։ Երթուղայինում միջին տարիքի մի կին հայացքով ինձ երկար տնտղելուց հետո հարցրեց. «Դուք Համլետ Ղուշչյա՞նն եք»։ Մի տեսակ անհարմար զգալով` կարճ պատասխանեցի. «Ոչ, եղբայրն եմ»։ Արդեն իջնում էի երթուղայինից, երբ թիկունքից լսվեց հետաքրքրասեր տիկնոջ պարսավանքով լի խոսքը.«Չի էլ ամաչում այդ Ղուշչյանը, հայտնի մարդ է, իսկ եղբայրը երթուղայինով է շրջում»։ Թերևս ճշմարտություն կար նրա ասածի մեջ՝ հայտնի մարդիկ սովորաբար հարուստ են լինում։ Ուրեմն, ի՞նչ դժվար բան է հարազատ եղբորը մի ավտոմեքենա նվիրելը։
Լավ բան չես անում, որ ուրիշի անունը չարաշահում ես...
        Երթևեկության կանոնները կոպտորեն խախտելու համար ավտոտեսուչը կանգնեցրեց մեքենաս։ Պարզ էր՝ ինձ սպասվում էր խիստ պատիժ։ Այս անգամ ինքս որոշեցի ներկայանալ.
–       Խնդրում եմ ներեք, շտապում եմ նկարահանման։
–       Իսկ Դուք ո՞վ եք։
–       Համլետ Ղուշչյանը,- հպարտ-հպարտ ներկայացա։
–       Ի՞նչ։ Համլետին ես լավ եմ ճանաչում, մի ամիս առաջ էլ իրար հետ խաշ էինք ուտում, սուտ մի խոսիր,- բորբոքվեց ինձ անծանոթ ավտոտեսուչը։ Ճարահատյալ մեղավոր տոնով ասացի.
–       Ճիշտն ասած, ես նրա հորեղբոր տղան եմ։
- Հա, դե էդպես ասա, թե չէ` Համլե՜տն եմ։ Բայց լավ բան չես անում, որ նրա անունը չարաշահում ես։ Գնա՜, գնա՜, մյուս անգամ խախտում չանես։
 
Դե բարձր հոնորարը հիմի դու տես
     Իմ ակտիվությունն ու ոգևորությունը միշտ չէր, որ դրվատվում էր։ Կարող է տարօրինակ թվալ, սակայն, այն ժամանակ էլ կային մարդիկ, որոնց դա ուղղակի դուր չէր գալիս։ Եղան անգամ այնպիսիները, ովքեր սկսեցին անանուն նամակներ գրել պետական տարբեր կառույցների ղեկավարներին` պահանջելով մանրակրկիտ ստուգել իմ գործունեությունը, քանի որ, ըստ նրանց վարկածի, կասկածելի բարձր են եղել իմ անունով դուրս գրված հոնորարները։ Եվ մի օր էլ ֆինանսների նախարարությունից ռադիոտուն եկավ ստուգողների երեք հոգանոց խումբ, որը պետք է ստուգեր մեկնաբան Համլետ Ղուշչյանի շուրջ չորս տարվա գործունեությունը։ Փորձեք պատկերացնել, թե որքան հուսախաբ եղան անանուն նամակների հեղինակները, երբ հնգօրյա ստուգումների արդյունքում պարզվեց, որ հեռուստառադիոպետկոմն այդ տարիների ընթացքում ինձ պարտք էր մնացել գրեթե չորս հազար ռուբլի, որն էլ հաճույքով ստացա ստուգումների ավարտից հետո։
 
  «Սպիրտային»  հաղորդումների  խմբագրություն
           Այդպես էին կնքել Նորայր Մարտիրոսյանի ղեկավարած սպորտային հաղորդումների բաժինը։ Ալկոհոլի հետ մարդը սեր ուներ, ու ամեն անգամ մի նոր անեկդոտ էր մեջտեղ գալիս։ Տոնում էինք ինֆորմացիայի գլխավոր խմբագրության 10-ամյակը (սպորտային խմբագրությունը դրա մի բաժինն էր)։ Գինովցած՝ գլուխը դրել էր սեղանին, նստել։ Բաժնի աղջիկներից մեկը մոտեցավ, ասաց. «Կարելի՞ է Ձեզ հրավիրել պարելու»։ Գլուխը վեր բարձրացրեց։ «Հը, լավն եմ, չէ՞, չպարե՞նք»,- շարունակեց կատակել մեր աշխատակցուհին։ «Հա՛, շատ լավն ես»,- ասաց Նորիկն ու հետո թե՝ «տղերք, էս ո՞վ ա»։
Մեկ ուրիշ անգամ մեր ունկնդիր-երկրպագուներից մեկը մեզ կերուխումի էր հրավիրել։ «Ուզում եմ խմել ձեր խմբագրության կոլեկտիվի կենացը»«- բաժակ բարձրացրեց մեր Օհան անունով մեր «ցեխավիկը»։ Նորիկը վեր թռավ տեղից. «Ի՞նչ կոլեկտիվի կենաց՝ մի բաժակո՞վ։ 11-ի կենացն էլ պիտի խմենք առանձին, հատ-հատ, դեռ մոտիկներին էլ հետը»։ Դե, քանի որ մենք 11 հոգի էինք, հասկացանք՝ Նորիկի փորացավն ինչ է։ Նորիկը մի բաժակով պրծնողը չէր։
 
   Առաջին հեռուստաեթերս նշանավորվեց տուգանքով
        Առաջին անգամ եթեր պիտի մտնեի: Նառա Շլեպչյանը ներկայացրեց ինձ: «Այժմ մարզական լուրերին ձեզ կծանոթացնի մեր մեկնաբան Համլետ Ղուշչյանը»: Միկրոֆոնին դեռ չմոտեցած` մեկ էլ դըրըմփ... ես ընկա, միկրոֆոնն էլ հետս: Հուզմունքից ու շփոթմունքից չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ: Փորձառու գործընկերներս վայրկյան չկորցնելով կարգավորեցին իրադրությունը, և ես, ինձ հավաքելով, մտա եթեր:
 
Սակայն սա դեռ առաջին եթերիս պատճառած ամբողջ տհաճությունը չէր: Անզգուշությանս արդյունքում առաջացած եթերավթարն ինձ վրա 25 ռուբլի նստեց: Հոնորարիս (10 ռուբլի` մեկ հաղորդման արժեքը) 15 ռուբլի էլ ավելացրի ու 25 ռուբլի տուգանք վճարեցի:
   «Ուրիշները խնդրում են, դու հրաժարվո՞ւմ ես»
         Կարեն Դեմիրճյանը թունդ ֆուտբոլասեր էր։ Ասում էին, թե հավանում է իմ ռեպորտաժները՝ մարզադաշտից։ Մի անգամ էլ «Արարատի» անհաջող մի խաղից հետո ասել էր. «Էդ Ղշիկին ասեք գա տեսնեմ՝ «Արարատն» էս ինչի՞ է վատ խաղում»։ 77-ին էլ ինձ կանչել էր իր մոտ. «Արի քեզ ուղարկենք Կոմսոմոլի Կենտկոմ, սպորտային բաժնի վարիչ»։ Բոլորովին սրտովս չէր այս առաջարկը։ Ես եթերի մարդ էի,իմ աշխատանքում արդեն փորձված և անհարմար զգալով՝ խնդրեցի ինձ, այսպես ասած տեղահան չանել։ Զարմացել էր։ Ասաց. «Առաջին անգամ եմ լսում, որ մեկը խնդրում է իրեն պաշտոն չտալ, երբ հազարավորները հակառակն են երազում»։
Հաղթանակ Պողոսյանի հումորային հաղթանակները
      Երբ ես հեռուստատեսություն եկա, գործընկերներիցս շատերը կենդանի լեգենդ էին` իրենց սուր խոսքի, իրենց դիպուկ ու տպավորիչ հումորի շնորհիվ։ Հաղթանակ Պողոսյանը համով պատմությունների իսկական վարպետ էր։ Պատերազմի բովով անցած այս զարմանալի կենսուրախ մարդը, որ երկար տարիներ գլխավորել էր գյուղատնտեսական հաղորդումների բաժինը, ինքն էր շարունակ կատակներ անում և բարեհոգաբար թույլ տալիս, որ իրեն վերագրվեն հումորային մեծաթիվ պատմություններ։ Ասում են, որ նա է եղել ռադիոյում տարածված «Լրաբեր-օղի բեր» հայտնի բառախաղի հեղինակը։ Շատ ավելի դիպուկ խոսքեր է նա գտել իր ապաշնորհ աշխատակիցներից մեկին կշտամբելու համար. «Այ տղա, երբ ես եմ գնում որևէ գյուղ ռեպորտաժ պատրաստելու, արդյունքում մի ոչխար է պակասում, իսկ երբ դու ես գնում՝ մեկն ավելանում է»։ Այս մի պատմությանն էլ անձամբ եմ ներկա եղել։ Նկարահանող խմբի լրիվ կազմով՝ չորս հոգով, գտնվում էինք Վայքի շրջանի հեռավոր գյուղերից մեկում։ Կոլտնտեսության նախագահն այնքան էր ոգևորվել Երևանից եկած հյուրերով և տեսախցիկի առջև այնքան ջանասիրաբար ու մանրակրկիտ էր պատմում տնտեսության հաջողությունների մասին, որ հետներս բերած ժապավենը լրիվ նկարահանեցինք-վերջացրինք։ Օպերատորը մոտեցավ Հաղթանակ Պողոսյանին և կամացուկ ականջին ասաց. «Ժապավենը վերջացավ»։ Իսկ նախագահը խոսում էր ու խոսում։ Դեմքի կեղծ զայրույթի արտահայտությամբ Հաղթանակ Մատվեյիչը գոռաց օպերատորի վրա. «Այ տղա, հասկացանք, բոլորս էլ սոված ենք, ուրեմն այս մարդը այդքան բան չի հասկանո՞ւմ, որ ամբողջ օրն աշխատել ենք, սոված կլինենք»։ Նախագահը շփոթահար վեր թռավ տեղից և մեզ ուղիղ իրենց տուն առաջնորդեց՝ ճանապարհին մի քանի անգամ ներողություն խնդրելով իր անուշադրության համար։ Մեզ դիմավորեց նախագահի կինը։ Ամուսինը կնոջն ասաց. «Այ կնիկ, շուտ արա, մի ձվածեղ սարքի հյուրերի համար»։ Այստեղ Հաղթանակ Մատվեյիչը կրկին փայլեց իր հնարամտությամբ. «Չէ, չէ, տիկին, ձվածեղն ուշ կլինի, ավելի լավ է` մի հա՛վ մորթեք»։
Փակ պահեք այդ  բերանը
    Գարեգին Առաջինը, որը նոր էր օծվել Ամենայն Հայոց Կաթողիկոս, ժամանել էր Մոսկվա, և հանդիպում պիտի ունենար Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդի հետ նրա նստավայրում, ուր և ուղղություն էին վերցրել մեզ հատկացված երկու ավտոմեքենաները։ Դրանցից մեկում կաթողիկոսի ու դեսպանի կողքին տեղ էի զբաղեցրել նաև ես։ Փողոցների խցանումների պատճառով մեքենան շարժվում էր շատ դանդաղ, և Վեհափառ Հայրապետն անհանգստանում էր, որ հանդիպումից ուշանում է։ Այդ անհանգստությունն էր պատճառը, որ Գարեգին Առաջինը անընդհատ կրկնում էր. «Ուշանում ենք, շատ ենք ուշանում, պարոն դեսպան, շատ ենք ուշանում»։ Ու երբ հերթական անգամ նա բարձրաձայնեց իր անհանգստությունը, Յուրի Մկրտումյանը, իհարկե, առանց հետին մտքի, մեխանիկորեն արտաբերեց իր կողմից հաճախ գործածվող բարեկամական կշտամբանքը. «Դե ուր որ է` կհասնենք, ա՛յ անխիղճ-անաստված»։ Մի պահ մեքենայում տիրեց քար լռություն։ Եվ առաջինն այն խախտեց ինքը` դեսպանը։ Նա սկսեց արդարանալ` բացատրելով, թե դա իր համար սովորական դարձած արտահայտություն է, թե խոսք էր` թռավ բերանից։ «Ուրեմն փակ պահեք այդ բերանը»,- հետևեց Վեհափառի պատասխանը։

 
Չիկարելիապրելհաճելի՝
չապրելովխելացի, բարոյական, արդարամիտ։
Էպիկուր
    Ճշմարիտ լրագրությունն ինձ համար բարձր նպատակ է
        Խաղացող մարզչի կարգավիճակում փորձելու եմ մնալ իմ հիմնադրած բուհում։ Իմ սկսած գործի ընթացքն ինձ հասկանալի դարձրեց, որ ասելիք կա։ Սա իր տեսակով եզակի կրթական հաստատություն է և լավ կազմակերպիչ պիտի ունենա։ Խնդիրը, որ ես դրել եմ իմ առջև, ինձ համար բարձր նպատակ է. պատրաստել ճշմարտությանը ծառայող լրագրող։ «Հեռուստատեսությունը պետք է ծառայի Աստծո ճշմարտությանը, և եթե հեռուստատեսության արածը դա չէ, այն ապագա չունի։ «Եվրասիա» հեռուստաակադեմիայի նախագահ, մեր ակադեմիայի պատվավոր անդամ Օլեգ Պոպցովը հաճախ էր կրկնում այս միտքը։ Այս դրույթի նկատմամբ մեր ուսանողները չափազանց զգայուն վերաբերմունք ունեն։ Նրանք ասում են, թե մեր հեռուստատեսությունից այդպիսի տպավորություն չեն ստանում։ Կարծում եմ` ամեն մի հեռուստաընկերություն իր չափով փորձում է հավատարիմ լինել իր առաքելությանը։ Եվ, այնուամենայնիվ, եթերի վիճակը, ճշմարիտ խոսքի առումով, մեզանում դեռևս գոհացուցիչ չէ։ Լինելով նման սկզբունքի ջատագովը` ես որպես անհատ, նաև որպես մասնագիտական բուհի ղեկավար, ամեն ինչ անելու եմ ռադիոյի և հեռուստատեսության ապագա կադրեր պատրաստելու գործընթացն ազատ լրագրության, ազատ խոսքի կայացմանը ծառայեցնելու համար։ Հետ քաշվել սկսած գործից, նշանակում է դավաճանել այդ սկզբունքին, կասեցնել այն ընթացքը, որի մեկնարկը տրվել է 10 տարի առաջ և որի առաջընթացը երաշխավորված է տասնամյա ակնառու հաջողություննորեվ և ապագայի ծրագրերով։ Համագործակցության բազմապիսի ծրագրերը, ակտիվ փոխառնչությունները նախկին ԽՍՀՄ հեռուստաընկերությունների հետ, հանդիպումները մեծ փորձ ու վաստակ ունեցող հեռուստատեսային գործիչների հետ, Օստանկինոյի բովով անցնելու` մեր ուսանողներին ընձեռված եզակի ու աննախադեպ հնարավորությունը (մենք այդպիսի հատուկ ծրագիր ունենք) այդպիսի երաշխիքներ են։ Այսօր կարող եմ խոսել նաեւ արդյունքների մասին։ Մեր բուհը տարեկան ավարտում է 50 հոգի։ Մեր ավելի քան 200 շրջանավարտներ աշխատանքի են անցել ռադիոյում և հեռուստատեսությունում։
Ասեմ ավելին. Երևանի պետական համալսարանի, մանկավարժական համալսարանի, Կինոյի ու թատրոնի ինստիտուտի և ռադիոյի և հեռուստատեսության ակադեմիայի շրջանավարտների շրջանում անցկացված հարցման արդյունքներով ամենակայացածը մերոնք են։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
«Մարդուիսկականկյանքնսկսվումէհիսունտարեկանում։
Այդտարիներինմարդըտիրապետումէայնբանին,ինչիվրա
խարսխվումենճշմարիտնվաճումները,ձեռքէբերումայն,
ինչկարելիէտալուրիշներին,ճանաչումայն, ինչկարելիէ
սովորեցնել, հարթումայն, ինչիվրակարելիէկառուցել»։
Բոք(ամերիկացիգրող)
 
                                          ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Խոհերհուշագրությանս, արածներիս  ու  չարածներիս  առիթով
       Տրվեցի հուշերիս, վերհիշեցի, վերապրեցի, հետահայաց տնտղեցի հախուռն, երեսունյոթ աշխատանքային տարիներս ու տեսա, որ հետևում բուռն, հագեցած կյանք է։ Ու հասկացա, որ ոչինչ ավարտված չէ, մտահղացումներս իրար հերթ չեն տալիս, եռանդս դեռ եռուն է։ Ու դեռ որքա՜ն բան կա անելու։ Այնքա՜ն շատ, որ... վախենում եմ՝ չհասցնեմ։
...Ճաշակեցի ամեն, ամեն բան։ Կյանքն ինքը ինձ դասեր տվեց, որ ոչ մի իմաստասերից, ոչ մի փիլիսոփայից չես առնի։ Հասկացա, որ անցողիկ է ամեն բան. և՛ երջանկությունը, և՛ դժբախտությունը, և՛ հաջողելն ու ձախողվելը։ Եվ կարևոր է կարողանալ մնայունի տերը լինել։ Միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա, ովքեր չեն թափանցում այս խորախորհուրդ ճշմարտության մեջ, փորձում են վատություն անել, վնասում են՝ չեն օգնում, նեղում են՝ չեն հուսադրում, անհանգստացնում են՝ չեն հանգստացնում։ Միշտ մտորել եմ՝ արժե՞ արդյոք այս կարճ կյանքում, որտեղ հետք պիտի թողնես որպես մարդ, որպես մեկը, որ աշխարհ է եկել հենց դրա համար՝ հետք թողնելու, այդպես հիշվել ու այդպես ապրել՝ անգույն, անիմաստ։
...Հինգ տասնամյակ գլորեցի (էն է, էն է՝ վեցերորդի շեմին եմ)։ Ապրեցի բուռն ստեղծագործական կյանքով, կատարվելիք ու անկատար ծրագրեր կազմեցի, նպատակներ ունեցա ու ձգտեցի-սլացա դրանց ընդառաջ։ Երբեք երկմտություն չունեցա՝ շեղվել-թեքվելու։ Առիթներ եղան, առաջարկներ՝ անդամագրվել այս կամ այս կուսակցությանը, այսինչ թիմ մտնել։ Գոհ եմ ինքս ինձնից. և ո՛չ մի գայթակղություն։ Չուզեցի կորցնել ազատությունս, մնացի ժողովրդի հետ։ Եղա բազմաթիվ երկրներում, շփվեցի հարյուրավոր մարդկանց հետ, բազում փորձություններ անցա, տվի ու ստացա, գտա ու կորցրի, բայց մի բան միշտ մնաց իմը և իմը՝ ազատությունս։ Մնացի իմ դեմքով, իմ նկարագրով, իմ սկզբունքներով։ Ու հիմա մարդկանց կարող եմ պարզերես ասել. «Էս ես եմ, ես էս եմ»։
Հուշագրության առաջին փորձիս առաջին նպատակը ապրածս տարիների և իմ արած գործի օրինակով սերունդներին ինչ-որ ԲԱՆ փոխանցելն է։ Բոլորը չէ, որ անցնում են այն ամենի միջով, որով լրագրողն է անցնում։ Լրագրողի պարագայում առնչությունները, փոխշփումներն անպատկերացնելի լայն են, և պետք է կարողանալ այդ ամենի մեջ գտնել քո ճիշտ ընթացքը, օգտագործել ճշմարիտ լրագրության բոլոր հնարավորությունները՝ յուրաքանչյուր իրադարձություն սերունդներինն ու պատմությանը դարձնելու համար։
Ավելի քան տասնամյա կրթամանկավարժական գործունեությունն ինձ տարել է գլխավոր նպատակիս իրագործման ճանապարհով։ Նոր սերնդի լրագրություն, նոր սերնդի լրագրող՝ ազնիվ, խղճի դեմ չգործող, գործարքներից հեռու, ճշմարտությանը գերի. ահա սա է իմ նշանակետը, սա՛ է լրագրողի մոդելը, որը ես փորձում եմ կյանքի կոչել իմ ղեկավարած բուհում այդ աշխատանքին ազնվորեն լծված աշխատակազմի հետ  միասին։ Իսկ գնահատականը կտա ժամանակը։                                                                                                                       
   
 
 
 

 

Академия телевидения и радио © 1995-2010
Ереван. пр.Тиграна Мец 67 а, тел. (+374 10) 55-75-85
Эл.почта: academy.tvr@gmail.com
Created by Planet.AM